Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.32
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1434/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1434/02/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝     Ն. Հովսեփյան

Դատավորներ՝  Ա. Մկրտչյան
                                    Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արսեն և Անուշավան Միրզոյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Նորիկ Տեր-Գրիգորյանի ընդդեմ Անուշավան և Արսեն Միրզոյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նորիկ Տեր-Գրիգորյանը պահանջել է Անուշավան Միրզոյանից բռնագանձել 10.200.000 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ` որպես պարտավորության խախտման հետևանք և Անուշավան ու Արսեն Միրզոյաններից համապարտությամբ բռնագանձել 20.061 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ` որպես պարտավորության խախտման հետևանք:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 24.02.2011 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Անուշավան Միրզոյանից հօգուտ Նորիկ Տեր-Գրիգորյանի բռնագանձվել է 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ, իսկ հայցը` Անուշավան և Արսեն Միրզոյաններից համապարտությամբ 20.061 ԱՄՆ դոլար գումար բռնագանձելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ` որպես պարտավորության խախտման հետևանք հաշվարկելու պահանջների մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.04.2011 թվականի որոշմամբ Նորիկ Տեր-Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 24.02.2011 թվականի վճիռը մասնակիորեն՝ Անուշավան և Արսեն Միրզոյաններից համապարտությամբ 20.061 ԱՄՆ դոլար գումար բռնագանձելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ` որպես պարտավորության խախտման հետևանք հաշվարկելու պահանջների մասով բեկանվել և փոփոխվել է՝ հայցն այդ մասով բավարարվել է, իսկ Դատարանի 24.02.2011 թվականի վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արսեն և Անուշավան Միրզոյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նորիկ Տեր-Գրիգորյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ, 878-րդ և 887-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն առանց պարզելու, թե արդյոք պարտավորություն իրականում գոյություն ունի, անդրադարձ է կատարել այդ պարտավորությունների կատարմանը:

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել ապացույցների պատշաճ գնահատում: Մինչդեռ ապացույցների պատշաճ ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանը կհանգեր այն եզրակացությանը, որ որևէ ապացույցով չի հաստատվում Անուշավան և Արսեն Միրզոյանների կողմից 20.061 ԱՄՆ դոլար վերցնելու հանգամանքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 22.04.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.02.2011 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ գնահատել է գործում գտնվող բոլոր ապացույցները և հանգել է ճիշտ եզրահանգման այն մասին, որ Արսեն և Անուշավան Միրզոյանները չեն կատարել ոչ միայն 16.08.2007 թվականին նոտարական կարգով փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունը, այլ նաև 15.07.2008 թվականին հասարակ գրավոր ձևով կնքված փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունը և չեն վերադարձրել իրենից վերցրած գումարը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունի հետևյալ փաստը`

15.07.2008 թվականին Նորիկ Տեր-Գրիգորյանի և Արսեն ու Անուշավան Միրզոյանների միջև հասարակ գրավոր ձևով կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Նորիկ Տեր-Գրիգորյանը պարտավորվել է Արսեն և Անուշավան Միրզոյաններին տրամադրել 20.061 ԱՄՆ դոլար: Նշված պայմանագրի 2-րդ կետի համաձայն`Նորիկ Տեր-Գրիգորյանը պարտավորվել է փոխառության պայմանագրի ստորագրման պահից մեկ օրվա ընթացքում տրամադրել փոխառության գումարը (գ. թ. 11):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Ըստ նույն հոդվածի 2-րդ կետի` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ:

Սույն գործի փաստերի համաձայն`15.07.2008 թվականին Նորիկ Տեր-Գրիգորյանի և Արսեն ու Անուշավան Միրզոյանների միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որի համաձայն` Նորիկ Տեր-Գրիգորյանը պարտավորվել է Արսեն և Անուշավան Միրզոյաններին տրամադրել 20.061 ԱՄՆ դոլար: Նշված պայմանագրի 2-րդ կետի համաձայն` Նորիկ Տեր-Գրիգորյանը պարտավորվել է փոխառության պայմանագրի ստորագրման պահից մեկ օրվա ընթացքում տրամադրել փոխառության գումարը:

Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Անուշավան և Արսեն Միրզոյանները Նորիկ Տեր-Գրիգորյանից փոխառությամբ գումար են վերցրել և չեն վերադարձրել:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ Անուշավան և Արսեն Միրզոյանները Նորիկ Տեր-Գրիգորյանից փոխառությամբ գումար են վերցրել և չեն վերադարձրել, չի կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, և որևէ կերպ չի հիմնավորել վերոգրյալ իր պնդումը:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 15.07.2008 թվականին կնքված փոխառության պայմանագրի համաձայն` փոխառության գումարը փոխատուի կողմից պետք է տրամադրվեր փոխառության պայմանագրի ստորագրման պահից մեկ օրվա ընթացքում: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով փոխառության պայմանագրի և դրա պայմանների, այն է` պայմանագրով նախատեսված գումարը տրամադրելու փաստը կարող էր հիմնավորվել փոխառուի տված ստացականով կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթղթով, որը սույն գործում բացակայում է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.04.2011 թվականի որոշման՝ Անուշավան և Արսեն Միրզոյաններից համապարտությամբ 20.061 ԱՄՆ դոլար գումար բռնագանձելու մասը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսներ` որպես պարտավորության խախտման հետևանք հաշվարկելու պահանջների մասը և այդ մասերով այն փոփոխել`հայցն այդ մասերով մերժել:

2. Նորիկ Տեր-Գրիգորյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 601,83 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար հետաձգված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան