Գլխավոր տեղեկություն
Համար
N 1462-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.01/27(410) Հոդ.1489
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.10.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հոկտեմբերի 2011 թվականի N 1462-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի N 246-Ն հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի N 1369-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝

1) ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պետական հաշվառումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում` պետական հիմնարկի միջոցների հաշվին.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների թիվը:

3. Հանձնարարել հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին, ինչպես նաև առաջարկել այլ պետական մարմինների ղեկավարներին, տեղական ինքնակառավարման մարմիններին և կազմակերպություններին ցուցաբերել ամենայն աջակցություն «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին իր գործառույթների իրականացման գործընթացում, հիմնարկի կողմից ներկայացված գրություններին և հարցումներին պատասխանել, ինչպես նաև ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել դրանք ստանալուց հետո առավելագույնը 20-օրյա ժամկետում:

4. Եթե սույն որոշման 3-րդ կետում նշված ժամկետներում նախագծի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեն ստացվում, ապա նախագիծն առանց դրանց կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 17-ի N ՆՀ-246-Ն հրամանագրով ստեղծված Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. հոկտեմբերի 18
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1462-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի (այսուհետ՝ լիազոր մարմին) «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը (այսուհետ` հիմնարկ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում գործող՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է:

2. Հիմնարկի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

3. Հիմնարկն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, միջազգային պայմանագրերով, այլ իրավական ակտերով ու համապատասխան միջազգային կամ օտարերկրյա կազմակերպության միջև ստորագրված վարկային կամ դրամաշնորհային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

4. Հիմնադրի և հիմնարկի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

5. Հիմնարկի անվանումն է`

1) հայերեն լրիվ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ.

2) ռուսերեն լրիվ՝ Государственное учреждение ''Бюро по реализации программ Национальный центр по урегулированию законодательства'' аппарата правительства Республики Армения.

3) անգլերեն լրիվ՝ State Agency ''National Centre for Legislative Regulation project implementation unit” at the Staff of the Government of the Republic of Armenia.

4) հայերեն կրճատ` ՀՀ ԿԱ «ՕԿԱԿ» ԾԻԳ ՊՀ.

5) ռուսերեն կրճատ` ГУ "БРПНЦУЗ" АП РА.

6) անգլերեն կրճատ` SA ''NCLRPIU'' SG RA:

6. Հիմնարկի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 1:

 

II. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության կարգավորող նորմատիվ իրավական ակտերի վերանայման արդյունքում դրանց կրճատման, ինչպես նաև հստակեցմանը և պարզեցմանն ուղղված աշխատանքների և ծրագրերի իրականացման ապահովումն է: Հիմնարկի գործունեության հիմնական ոլորտներն են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ու միջազգային վարկատու և դրամաշնորհային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին մշակված ծրագրերը և աշխատանքները, այդ թվում`

1) Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրին և շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ իրավական ակտերի գույքագրման, դասակարգման աշխատանքների, ինչպես նաև կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման, մասնավորապես, դրանցով սահմանված տնտեսապես ոչ արդյունավետ, աշխատատար, ծախսատար և աննպատակահարմար մեխանիզմների կրճատմանն ուղղված առաջարկությունների փաթեթի նախապատրաստման և պետական ծրագրերի իրականացման ապահովումը.

2) համապատասխան ոլորտի կարգավորող օրենսդրական դաշտի կրճատման, պարզեցման, հստակեցման և իրավաչափության վերաբերյալ առաջարկությունների փաթեթի ներկայացումը Հայաստանի Հանրապետության տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի քննարկմանը` միաժամանակ ներկայացնելով այդ առաջարկությունների փաթեթի կիրառման արդյունքի ֆինանսական գնահատականը.

3) կարգավորող օրենսդրական դաշտի արդյունավետ ընթացքի տեսանկյունից նոր կարգավորող օրենսդրական նորմերի ուսումնասիրումը և դրանց սահմանման նպատակահարմարության վերաբերյալ կարծիքի տրամադրումը.

4) օրենսդրական բարեփոխումների շրջանակում իր կողմից մշակված առաջարկությունների փաթեթով նախատեսված իրավական ակտերի նախագծերի մշակումը և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելը.

5) իր գործառույթների իրականացման ընթացքում` իրավական ակտերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթի ձևավորման, նախագծերի ուսումնասիրության և մշակման ժամանակ այլ պետական և ոչ պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը:

8. Հիմնարկի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման շրջանակներում աշխատանքների կատարման ընթացիկ ժամանակացույցի և ծրագրի նախահաշիվների կազմումը, եթե ծրագրի կամ դրա բաղադրիչներից մեկի իրականացումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված չէ երրորդ անձի.

2) ծրագրի իրականացման նպատակով մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը.

3) ծրագրով նախատեսված աշխատանքների որակի, ժամկետների և կատարման նկատմամբ հսկողությունը.

4) ծրագրով նախատեսված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների (այդ թվում` նաև խորհրդատվական) ձեռքբերումը, եթե ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

5) գործունեության համար անհրաժեշտ նախագծային աշխատանքների, փորձագիտական գնահատումների պատվիրումը.

6) ծրագրի իրականացման հետ կապված վճարումների ղեկավարումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից համապատասխան ծրագրում (ծրագրերում) նշված աշխատանքների պատվիրատուի գործառույթների իրականացումը.

8) ծրագրի շրջանակներում ապրանքների ու ծառայությունների ձեռքբերման նպատակով տեխնիկական առաջադրանքների պատրաստումը, մրցույթների անցկացումը, առաջարկների գնահատումն ու վերլուծումը, եթե դրանք ՀԳՄ-ի բացառիկ իրավասությունը չեն, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, կամ ծրագրի իրականացման պլանի համաձայն ծրագրի որևէ բաղադրիչի իրականացումը վերապահված չէ երրորդ անձի.

9) ծրագրի իրականացման հետ կապված պայմանագրերի նախագծերի նախապատրաստումն ու կնքումը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` համաձայն վարկատուի կանոնակարգի.

10) ծրագրի իրականացման մոնիթորինգը՝ ներառյալ համապատասխան միջազգային կամ օտարերկրյա վարկատու կազմակերպության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը.

11) վարկային և դրամաշնորհային ծրագրով նախատեսված մասհանումների համար անհրաժեշտ դիմումներ կազմելը և ներկայացնելը: Վարկառուի (ենթավարկառուի) կամ դրամաշնորհ ստացողի և հիմնարկի միջև կնքված պայմանագիրը կարող է առաջադրել այլ լրացուցիչ խնդիրներ և գործառույթներ.

12) երրորդ անձի հետ միասին ծրագիրը կամ դրա որևէ բաղադրիչն իրականացնելիս՝ սույն կետի 11-րդ ենթակետով նախատեսված գործառույթները երրորդ անձի հետ համատեղ իրականացնելը կամ այդ գործառույթների իրականացման նպատակով ներկայացուցիչ նշանակելը:

9. Հիմնարկն անցնում է տարեկան ներքին աուդիտ՝ «Ներքին աուդիտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հիմնարկը կարող է անցնել նաև արտաքին աուդիտ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:

 

III. ՀԻՄՆԱՐԿԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Հիմնարկի իրավունակությունը ծագում է նրա կանոնադրությունը հաստատելու մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

11. Հիմնարկի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և միջազգային պայմանագրերով:

12. Հիմնարկն իր հիմնադրի անունից, սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակներին համապատասխան, կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ:

13. Հիմնարկին պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, պետական հիմնարկն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից:

14. Հիմնարկն օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրերի իրականացման դեպքում օգտվում է տվյալ միջազգային համաձայնագրերով նախատեսված արտոնություններից:

15. Հիմնարկն ունի անվանում, հիմնադրի կողմից իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույք, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմ: Հիմնարկն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական և բանկային համակարգի միջոցով:

16. Հիմնարկն օրենքի սահմաններում, սույն կանոնադրությամբ նախատեսված ոլորտների և խնդիրների իրականացման համար, հիմնադրի անունից իրավունք ունի`

1) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.

2) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ:

17. Հիմնարկի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև՝ հիմնադրի որոշմամբ:

18. Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:

19. Հիմնարկը պարտավոր է`

1) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.

2) ապահովել կազմակերպության փաստաթղթերի (կազմակերպության կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, կազմակերպության ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը:

 

IV. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

20. Հիմնարկի կառավարումն իրականացնում են հիմնադիրը և լիազոր մարմինը: Հիմնարկի հիմնադրին է պատկանում հիմնարկի կառավարման և գործունեության մասին ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:

21. Հիմնարկի հիմնադրի լիազորություններն են`

1) հիմնարկի կառուցվածքի սահմանումը.

2) հիմնարկի գործունեության դադարման մասին որոշման ընդունումը.

3) հիմնարկի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը:

22. Լիազոր մարմինը`

1) կազմում և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում հիմնարկի աշխատողների թիվը.

2) տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու միջնորդությամբ դիմում է Հայաստանի Հանրապետության վարչապետին.

3) թեկնածուներ է առաջադրում մրցութային հանձնաժողովում ընդգրկելու համար.

4) հաստատում է, ըստ ծրագրի բաղադրիչների, ծրագրի տարեկան ծախսերի նախահաշիվը, հիմնարկի պահպանման ծախսերի տարեկան նախահաշիվը, այդ թվում՝ նաև աշխատավարձի ֆոնդը և հաստիքացուցակը` նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

23. Հիմնարկի բարձրագույն ղեկավար պաշտոնատար անձը հիմնարկի տնօրենն է, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Հիմնարկի տնօրենը և աշխատողները պաշտոնի են նշանակվում մրցութային կարգով՝ բացառությամբ սպասարկող անձնակազմի, որը սահմանվում է հիմնարկի հաստիքացուցակով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

24. Տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու միջնորդություն Հայաստանի Հանրապետության վարչապետին կարող է ներկայացնել նաև լիազոր մարմինը:

25. Հիմնարկի տնօրենը`

1) գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրության, հիմնադրի, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված հանձնարարականների համաձայն.

2) հաշվետու է հիմնադրին, Հայաստանի Հանրապետության վարչապետին և լիազոր մարմնին.

3) պատասխանատու է հիմնարկի գործունեության համար.

4) չի կարող զբաղեցնել այլ վճարովի պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

5) լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար: Հիմնարկի տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տնօրինում է հիմնարկի գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), գործարքներ է կնքում հիմնադրի անունից.

7) ներկայացնում է հիմնարկը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

8) գործում է առանց լիազորագրի.

9) տալիս է հիմնարկի անունից հանդես գալու լիազորագրեր.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

11) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում է դրանց կատարումը.

12) մրցութային կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնարկի աշխատողներին.

13) հիմնարկի աշխատողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

14) արձակում է աշխատանքային իրավահարաբերություններից բխող հրամաններ հիմնարկի աշխատողներին արձակուրդ տրամադրելու (հետ կանչելու), նրանց գործուղումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում իր գործուղումների վերաբերյալ.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

26. Հիմնադիրը հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

V. ՀԻՄՆԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

27. Հիմնարկը չունի հիմնադրից առանձնացված գույք: Հիմնարկի գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին:

28. Հիմնարկի գույքային իրավունքների օբյեկտներն են`

1) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.

2) աշխատանքները և ծառայությունները.

3) տեղեկատվությունը.

4) ոչ նյութական բարիքները:

29. Հիմնարկի տիրապետմանն ու օգտագործմանը կարող է պատկանել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել հիմնարկին: Հիմնարկի տնօրինությանը պատկանող գույքի թիվն ու արժեքը չի սահմանափակվում` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

30. Հիմնարկի գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

 

VI. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

41. Հիմնարկի գործունեությունը կարող է դադարել միայն հիմնադրի որոշմամբ:

42. Հիմնարկի հիմնադիրը կազմակերպության գործունեության դադարման մասին որոշմամբ նաև նշանակում է լուծարային հանձնաժողով, սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Հիմնարկի լուծարման ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսվանից:

43. Հիմնարկի գործունեությունը համարվում է դադարած` հիմնադրի սահմանած օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

հոկտեմբերի 13-ի N 1462-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

 Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժին

2. Գործերի կառավարման բաժին և քարտուղարություն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան