Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԽ-19-Ո-25
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.10.24/24(407).1 Հոդ.1465.8
Ընդունող մարմին
Արդարադատության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.09.2011
Ստորագրող մարմին
Արդարադատության խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

  ԱԽ-19-Ո-25

 2011 թ. 

 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

 

մասնակցությամբ ԱԽ անդամներ`

 

Վ. Աբելյանի, Գ. Բադիրյանի,

Ռ. Բարսեղյանի,Կ. Բաղդասարյանի,

Ա. Թումանյանի,Գ. Խանդանյանի,

Ա. Խաչատրյանի,Մ. Մակյանի,

Մ. Մարտիրոսյանի, Հ. Փանոսյանի

 

մասնակցությամբ դատավոր`

Ա. Հովսեփյանի

 

ՀՀ արդարադատության նախարար`

 Հ. Թովմասյանի

 

քարտուղարությամբ`


Շ. Վարդանյանի

 

2011 թվականի սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Արամ Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.

ՀՀ արդարադատության նախարարի 12.08.2011 թվականի թիվ 125-Ա հրամանով Դատարանի դատավոր Ա. Հովսեփյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Արտակ Խաչատրյանի դիմումը:

 

2. Կարգապահական խախտման վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարի եզրակացությունը.

Ըստ եզրակացության՝

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 12.08.2011թ. 125-Ա հրամանի համաձայն` Դատարանի դատավոր Ա. Հովսեփյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել քաղաքացի Արամ Լալայանի ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանի դիմումը: Նշված դիմումում վերջինս հայտնել է, որ Դատարանում (դատավոր Ա. Հովսեփյան) քննված թիվ ԱՐԴ/0188/02/2011թ. քաղաքացիական գործով (ըստ հայցի Գայանե Հարությունյանի ընդդեմ Արամ Լալայանի` ալիմենտի պահանջի մասին) դատարանից չի ստացել ո'չ հայցը վարույթ ընդունելու մասին որոշումը, ո'չ հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշումը և ո'չ էլ վճիռը, հետևապես դատարանի նման վարքագիծը մեկնաբանում է որպես դատական ակտը սահմանված ժամանակամիջոցում բողոքարկելու իրավունքից զրկելու միտում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մուրադյանին հասցեագրված Դատարանի դատավոր Ա. Հովսեփյանի բացատրագրի, ներկայացված թիվ ԱՐԴ/0188/02/2011թ. քաղաքացիական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել են հետևյալ փաստական հանգամանքները.

2011թ. մարտի 3-ին Գայանե Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան (դատավոր Ա. Հովսեփյան) ընդդեմ Արամ Լալայանի` ալիմենտի պահանջի մասին: Նույն օրը Դատարանը կայացրել է որոշում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:

2011թ. ապրիլի 5-ին Դատարան է մուտքագրվել Ա. Լալայանի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխան:

2011թ. ապրիլի 4-ին Ա. Լալայանի կողմից հարուցվել է հակընդդեմ հայց` երեխայի տեսակցության ժամերը որոշակիացնելու պահանջով:

2011թ. ապրիլի 8-ին Դատարանը կայացրել է որոշում հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին:

2011թ. ապրիլի 21-ին Դատարանը հրապարակել է վճիռը:

Դատավոր Արամ Հովսեփյանի բացատրագրի և թիվ ԱՐԴ/0188/02/2011թ. քաղաքացիական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում գտնում ենք, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արամ Հովսեփյանի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ է տրվել դատավարական օրենքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ հետևյալ պատճառաբանությամբ.

1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` դատական ակտը, որով ըստ էության չի լուծվում գործը, կայացվում է որոշման ձևով:

Առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն.

 1) դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու ամսաթիվը, վեճի առարկան.

2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը).

3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում.

4) շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.

5) եզրահանգումը քննարկվող հարցով.

6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում:

Թիվ ԱՐԴ/0188/02/2011թ. քաղաքացիական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ գործում առկա է Ա. Լալայանին հասցեագրված պատվիրված նամակը փոստային ծառայության կողմից 2011թ. մարտի 16-ին ընդունելու վերաբերյալ թիվ 040864614 անդորրագիրը (գ.թ. 7) և նամակը Ա. Լալայանին 2011թ. մարտի 19-ին հանձնելու մասին ծանուցագիրը (գ.թ. 11): Սակայն նշված երկու փաստաթղթերի առկայությունը դեռևս չի ապացուցում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի 2011թ. մարտի 3-ի որոշումը (գ.թ. 1) պատասխանողին ուղարկելու փաստը, քանի որ գործում առկա չէ այն գրության պատճենը, որը կհաստատեր հայցադիմումը վարույթ ընդունելու մասին Դատարանի որոշումը կողմին ուղարկելու փաստը: Ավելին, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը Դատարանը կայացրել է 2011թ. մարտի 3-ին, հետևապես, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի, այն պետք է կողմերին ուղարկեր կայացման պահից եռօրյա ժամկետում` մինչև 2011թ. մարտի 8-ը:

Միաժամանակ գործում առկա է Դատարանին վերադարձման ենթակա «Ստորագրություն» վերնագրված մի փաստաթուղթ (գ.թ. 6), որի բովանդակությունը վերաբերում է 2011թ. ապրիլի 8-ի ժամը 14.30-ին նշանակված դատական նիստին Ա. Լալայանին որպես պատասխանող ներկայանալու վերաբերյալ ծանուցագիրը հանձնելու և այն ստանալու հետ: Նշված փաստաթուղթն ամբողջությամբ լրացված և ստորագրված չէ, և այն կարող է վկայել միայն Ա. Լալայանին դատական նիստին ներկայանալու վերաբերյալ դատական ծանուցագիր ուղարկելու մասին:

Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը չուղարկելու դեմ դատավոր Ա. Հովսեփյանը ներկայացրել է բացատրություն, այն է` «Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը 03.03.2011թ. ստացել է Գայանե Հարությունյանի հայցադիմումը ալիմենտի բռնագանձման պահանջի մասին: Նույն օրը որոշում է կայացվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Հաջորդ օրը բոլոր դատավարական փաստաթղթերը ուղարկվել են կողմերին: Անհասկանալի է, թե ինչպես է, որ հայցվորը ստացել է ուղարկված բոլոր դատավարական փաստաթղթերը, իսկ պատասխանողը դրանց հետ չի ստացել միայն վարույթ ընդունելու մասին որոշումը: Առավել քան զարմանալի է այն պնդումը, թե իբր Ա. Լալայանը դատարանում խնդրել է իրեն տրամադրել գործը վարույթ ընդունելու մասին որոշումը, իսկ նրան տրամադրվել է գործի հետ առնչություն չունեցող ինչ-որ ուրիշ որոշում, իսկ նա տեղում չի ճշտել դա, այլ գնացել է տուն և այդ մասին բողոք գրել»:

 Դատարանի վերոնշված հարցադրումները` հայցվորի կողմից բոլոր դատավարական փաստաթղթերը ստանալը կամ չստանալը, որևէ կապ չունի պատասխանողի կողմից հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալու հետ և չի կարող վկայել նշված որոշումը պատասխանողին ուղարկելու փաստի հետ:

 Գտնում ենք, որ Դատարանի կողմից չի ներկայացվել պատշաճ ապացույց վիճարկվող որոշումը պատասխանողին ուղարկելու մասին:

 Իսկ ինչ վերաբերում է բոլոր դատավարական փաստաթղթերը` հայցադիմումը վարույթ ընդունելու մասին 2011թ. մարտի 3-ի որոշման հաջորդ օրը կողմերին ուղարկելուն, ապա գործում առկա թիվ 040864614 և 039499454 (գ.թ. 9) անդորրագրերը (Ա. Լալայանին և Գ. Հարությունյանին հասցեագրված պատվիրված նամակները փոստային ծառայության կողմից ընդունելու մասին), որոնք փոստային ծառայության կողմից կնքված են 2011թ. մարտի 16-ի ամսաթվով:

 ՀՀ արդարադատության նախարարությունում կազմակերպված Ա. Լալայանի ներկայացուցիչ Ա. Խաչատրյանի ընդունելության ժամանակ վերջինս հայտնել է, որ Դատարանից ստացել է միայն հայցադիմումի պատճենը, նախազգուշացում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում` օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված իրավական հետևանքների մասին և դատական ծանուցագիր:

 Կարելի է ասել, որ Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի համաձայն, պատասխանողին ուղարկել է միայն վերոնշյալ փաստաթղթերը:

 Վերոշարադրյալից բխում է, որ պատասխանողին չի ուղարկվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, որով և խախտվել է քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի պահանջը:

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածը սահմանում է.

«1. Պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

2. Հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:

3. Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`

1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.

2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.

3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով հայցվորին:

Վերոնշյալից հետևում է, որ հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով: Հակընդդեմ հայցը հանդիսանում է լրիվ ինքնուրույն հայց և դրանով պատասխանողը դառնում է հայցվոր: Հետևապես, հակընդդեմ հայցի ընդունումը ևս կարող է մերժվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածով նախատեսված հիմքերով, ինչպես նաև 96-րդ հոդվածով նախատեսված պայմանների բացակայությամբ` առանձին որոշում կայացնելու ձևով:

Օրենքը դատարանի համար սահմանում է իմպերատիվ պահանջ` հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշումը հայցադիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ պետք է պատշաճ ձևով ուղարկվի հայցվորին (գործով սկզբնական պատասխանողին): Իսկ դատարանի այն գործողությունները, որոնք ապահովում են «Պատշաճ ձևով» ուղարկումը, սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով: Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:

Ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձևով):

Տվյալ գործով Դատարանը 2011թ. ապրիլի 8-ին կայացրել է հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հակընդդեմ հայց հարուցելու պայմանների բացակայության պատճառաբանությամբ: Ըստ դատավորի ներկայացրած բացատրության` «Դատարանը 2011թ. ապրիլի 7-ին ստացել է Ա. Լալայանի հակընդդեմ հայցը, որի ընդունումը մերժելու մասին որոշումը հաջորդ օրը դատական նիստի սկզբում հրապարակվել է (եզրափակիչ մասը), որտեղ անմիջապես ես Ա. Լալայանին ասել եմ, որ որոշման օրինակը և կից փաստաթղթերը կարող է ստանալ նիստից դուրս գալիս դատավորի օգնականից (այս ամենը ձայնագրված է և պարզ լսվում է): Ա. Լալայանը հակընդդեմ հայցը` կից փաստաթղթերով օգնականից ստացել է, բայց որոշումը, իբր չի ստացել»: Սակայն այն հանգամանքը, որ Դատարանի կողմից Ա. Լալայանին առաջարկվել է նիստից հետո ստանալ որոշման օրինակը, Դատարանին չի ազատում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով հայցվորին ուղարկելու պարտականությունից: Բացի այդ, Դատարանը նշում է, որ Ա. Լալայանը ստացել է հակընդդեմ հայցը` կից փաստաթղթերով, սակայն թիվ ԱՐԴ 0188/02/2011թ. քաղաքացիական գործով չի ներկայացվել այդ փաստը հաստատող որևէ ապացույց, որը սույն պարագայում կարող էր լինել հանձնման մասին ստացականը:

Տվյալ գործով պատասխանողին պատշաճ ձևով չի ուղարկվել հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշումը, որով խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը:

3) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածը սահմանում է. « Բոլոր ապացույցները հետազոտելուց հետո նախագահողը գործին մասնակցող անձանց հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում ներկայացնել լրացուցիչ նյութեր` դրանք հետազոտելու միջնորդությամբ: Նման միջնորդությունների բացակայության դեպքում նախագահողը գործի քննությունը հայտարարում է ավարտված, և դատարանը հայտարարում է վճռի հրապարակման վայրն ու ժամանակը:

Վճիռը կազմում և ստորագրում է դատական նիստը նախագահողը: Դատարանի վճիռը հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում:

Դատարանի վճիռը հրապարակելիս նիստը նախագահողը պարզաբանում է վճիռը բողոքարկելու կարգը:

Հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք են` կողմերը, երրորդ անձինք և դիմողները` սույն օրենսգրքի երրորդ բաժնով նախատեսված գործերով:

Տվյալ գործով վճիռը հրապարակվել է 2011թ. ապրիլի 21-ին: Գործով ներկայացված դատական նիստի արձանագրության ձայնային կրիչի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վճռի հրապարակմանը ներկա են եղել հայցվորը, նրա ներկայացուցիչը և պատասխանող Ա. Լալայանի ներկայացուցիչ Ա. Խաչատրյանը: Նույն օրը հայցվորը ստացել է վճռի օրինակը: Վճռի օրինակը պատվիրված նամակով ուղարկվել է Ա. Խաչատրյանին` գործում առկա է պատվիրված նամակը փոստային ծառայության կողմից ընդունելու վերաբերյալ 2011թ. ապրիլի 23-ին տրված թիվ 042991037 անդորրագիրը (գ.թ. 37): Ծրարը 2011թ. ապրիլի 29-ին վերադարձվել է «Բացակայում է» գրառմամբ (գ.թ. 38):

Նախ անհրաժեշտ է նշել, որ վճռի օրինակը վճիռը հրապարակելուց անմիջապես հետո չի տրամադրվել պատասխանողի ներկայացուցչին, որը ներկա է եղել դատական նիստին, բացի այդ, գործին մասնակցող անձինք են կողմերը` հայցվորը և պատասխանողը, հետևապես վճռի օրինակը Դատարանը պետք է պատշաճ ձևով ուղարկեր նաև պատասխանողին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն` (…) բողոքարկել դատական ակտերը (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն` 1) գործին մասնակցող անձինք (…):

Դատարանի կողմից դրսևորված անգործությունը, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատարանի` իր կայացրած դատական ակտերը սահմանված ժամկետում գործին մասնակցող անձանց ուղարկելու կոնկրետ պահանջ, հանգեցնում է վերջիններիս իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման ոչ արդյունավետությանը, զրկում է դատական ակտերը (սույն գործով դատարանի վճիռը) բողոքարկելու` օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքից:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

 Հետևաբար` Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի, 91-րդ հոդվածի 2-րդ մասի, 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության խախտումները միաժամանակ հանգեցնում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի ոտնահարման:

 Այսպիսով, ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արամ Հովսեփյանի կողմից իր վարույթում քննված թիվ ԱՐԴ 0188/02/2011թ. քաղաքացիական գործով թույլ է տրվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի, 91-րդ հոդվածի 2-րդ մասի, 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության պահանջների ակնհայտ և կոպիտ խախտումներ բովանդակող արարք, որը ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմք է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար»:

 

 3. Դատավորի բացատրագրում բերված փաստարկները ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

«Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը 03.03.2011թ. ստացել է Գայանե Հարությունյանի հայցադիմումը ալիմենտի բռնագանձման պահանջի մասին: Նույն օրը որոշում է կայացվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Հաջորդ օրը բոլոր դատավարական փաստաթղթերը ուղարկվել են կողմերին: Անհասկանալի է, թե ինչպես է, որ հայցվորը ստացել է ուղարկված բոլոր դատավարական փաստաթղթերը, իսկ պատասխանողը դրանց հետ չի ստացել միայն վարույթ ընդունելու մասին որոշումը: Առավել քան զարմանալի է այն պնդումը, թե իբր Ա. Լալայանը դատարանում խնդրել է իրեն տրամադրել գործը վարույթ ընդունելու մասին որոշումը, իսկ նրան տրամադրվել է գործի հետ առնչություն չունեցող ինչ-որ ուրիշ որոշում, իսկ նա տեղում չի ճշտել դա, այլ գնացել է տուն և այդ մասին բողոք գրել:

Դատարանը 2011թ. ապրիլի 7-ին ստացել է Ա. Լալայանի հակընդդեմ հայցը, որի ընդունումը մերժելու մասին որոշումը հաջորդ օրը դատական նիստի սկզբում հրապարակվել է (եզրափակիչ մասը), որտեղ անմիջապես ես Ա. Լալայանին ասել եմ, որ որոշման օրինակը և կից փաստաթղթերը կարող է ստանալ նիստից դուրս գալիս դատավորի օգնականից (այս ամենը ձայնագրված է և պարզ լսվում է): Ա. Լալայանը հակընդդեմ հայցը` կից փաստաթղթերով օգնականից ստացել է, բայց որոշումը, իբր չի ստացել:

Վճռի հրապարակման օր է նշանակվել ապրիլի 20-ը, սակայն տեխնիկական պատճառներով չի հրապարակվել: Հայտարարվել է, որ վճիռը կհրապարակվի հաջորդ օրը` ապրիլի 21-ին, և եթե կողմերը ներկա չլինեն, այն կուղարկվի նրանց փոստով:

21.04.2011թ. վճիռը հրապարակվել է: Հայցվորը ներկա է եղել և անմիջապես ստացել է այն: Նույն օրը փոստով վճիռը ուղարկվել է պատասխանողի լիազոր ներկայացուցչին, ինչպես որ ուղարկվել էր մյուս դատավարական փաստաթղթերը: Ծրարը ապրիլի 29-ին ետ է վերադարձվել «բացակայում է» գրառմամբ և գտնվում է գործում:

Պատասխանողը դատաքննության ընթացքում վիրավորվել է այն բանի համար, որ հակընդդեմ հայցի ընդունումը մերժվել է, քանի որ չկարողացավ ընկալել, որ ալիմենտի պահանջին հակընդդեմ հայց չի լինում և պնդում էր իրենը: Ա. Լալայանի բողոքի իսկությունը և ուղղվածությունը պարզելու համար արժե մի փոքր ներկայացնել նրա նկարագիրը: Դա այն անձնավորությունն է, որ չի ընդունում օրենքի այն պահանջը, որ մեկ երեխայի համար նրանից պետք է բռնագանձել ալիմենտ վաստակի և այլ եկամուտների 1/4 մասը և պահանջում է, որ սահմանվի 1/8 մաս, քանի որ հետագայում երեխա պիտի ունենա նոր ամուսնությունից: Չի ընդունում նաև կայուն դրամական գումարով որոշված ալիմենտի չափը` պահանջելով այն սահմանել 3000 դրամ այն դեպքում, երբ օրենքով այն չի կարող պակաս լինել 10.000 ՀՀ դրամից:

Դիմողի իրավունքները չեն խախտվել, քանի որ նա ցանկացած պահի կարող է դիմել դատարան նշանակված ալիմենտի չափը պակասեցնելու հայցով, եթե նման հիմքեր հետագայում կունենա:

Այսպիսով, դատարանի կողմից չեն խախտվել քաղաքացիական գործով պատասխանող, դիմումատու Արամ Լալայանի իրավունքները, դրանք մտացածին են և ակնհայտ անհիմն: Սույն գործով չկան դատավարական, առավել ևս նյութաիրավական նորմերի խախտումներ»:

 

4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստերը.

1) 2011թ. մարտի 3-ին Գայանե Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան (դատավոր Ա. Հովսեփյան) ընդդեմ Արամ Լալայանի` ալիմենտի պահանջի մասին: Նույն օրը Դատարանը կայացրել է որոշում հայցադիմումը վարույթ ընդունելու մասին:

2) 2011թ. ապրիլի 5-ին Դատարան է մուտքագրվել Ա. Լալայանի կողմից ներկայացված հայցադիմումի պատասխան:

3) 2011թ. ապրիլի 6-ին Ա. Լալայանի կողմից ներկայացվել է հակընդդեմ հայց` երեխայի տեսակցության ժամերը որոշակիացնելու պահանջով:

4) 2011թ. ապրիլի 8-ին Դատարանը կայացրել է որոշում հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին:

5) Թիվ ԱՐԴ/0188/02/2011թ. քաղաքացիական գործի նյութերում առկա չէ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատասխանողին հանձնելու մասին ապացույցը:

6) Գործում բացակայում է հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշումը Ա. Լալայանին ուղարկելու փաստը հաստատող ապացույցը:

 7) Գործում առկա է 21.04.2011 թվականին կայացված դատական ակտը Ա. Լալայանի ներկայացուցիչ Ա. Խաչատրյանին ուղարկված պատվիրված նամակը, որը փոստային ծառայության կողմից ընդունվել է 2011թ. ապրիլի 23-ին (թիվ 042991037 անդորրագիրը): Ծրարը 2011թ. ապրիլի 29-ին վերադարձվել է «Բացակայում է» գրառմամբ:

 

5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննարկելով Դատարանի դատավոր Արամ Հովսեփյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով ՀՀ արդարադատության նախարարի զեկույցը, դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավորը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, որում նշվում են նաև գործի քննության ժամանակը և վայրը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում:

Խորհուրդը, ուսումնասիրելով գործի նյութերը, պարզեց, որ գործի նյութերում բացակայում է ապացույց այն մասին, որ պատասխանող Ա. Լալայանին ուղարկվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավոր Ա. Հովսեփյանը թույլ է տվել դատավարական օրենքի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի խախտում, սակայն նշված խախտման համար դատավոր Ա. Հովսեփյանը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հիմքով հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է հանդիսանում դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը: Տվյալ դեպքում դատավոր Ա. Հովսեփյանի կողմից թույլ տրված դատավարական օրենքի նորմի խախտումը ակնհայտ և կոպիտ չէ, քանի որ Խորհուրդը որպես այդպիսին դիտում է արդարադատություն իրականացնելիս ՀՀ Սահմանադրության, օրենքների նորմերի այնպիսի էական խախտումները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել անձանց՝ վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների կոպիտ սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը: Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն, Ա. Լալայանին է ուղարկվել հայցադիմումի օրինակը, իսկ վերջինս էլ դրա վերաբերյալ սահմանված ժամկետում ներկայացրել է պատասխան` դրանով իրացնելով դատական պաշտպանության իր իրավունքը, որի հետևանքով ապահովվել է նաև կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքը:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի խախտման հիմքով դատավոր Ա. Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, անհիմն է և ենթակա է մերժման:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն.

«1. Պատասխանողն իրավունք ունի մինչև գործով վճիռ կայացնելը հակընդդեմ հայց հարուցել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

2. Հակընդդեմ հայցը հարուցվում է հայց հարուցելու ընդհանուր կանոններով:

3. Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`

ա) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.

բ) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը.

գ) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծումը»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով հայցվորին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն.

«… Հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան»:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք են` կողմերը, երրորդ անձինք և դիմողները` սույն օրենսգրքի երրորդ բաժնով նախատեսված գործերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն` բողոքարկել դատական ակտերը:

Պատասխանող Ա. Լալայանը, օգտվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածով իրեն վերապահված իրավունքից, 06.04.2011թ. հակընդդեմ հայց է ներկայացրել Դատարան: Դատարանը, ուսումնասիրելով նշված հակընդդեմ հայցը, 08.04.2011թ. որոշում է կայացրել հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին:

Խորհուրդը, ուսումնասիրելով գործի նյութերը, պարզեց, որ գործում բացակայում է հակընդդեմ հայցի ընդունումը մերժելու մասին որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգին համապատասխան Ա. Լալայանին հանձնելու փաստը հաստատող ապացույցը:

Միևնույն ժամանակ Խորհուրդը պարզեց նաև, որ պատասխանող Ա. Լալայանը և նրա ներկայացուցիչը վճռի հրապարակմանը ներկա չեն եղել: Նման պայմաններում դատավոր Ա. Հովսեփյանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածը, պարտավոր էր վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել պատասխանող Ա. Լալայանին: Մինչդեռ Դատարանի կողմից Ա. Լալայանին այն չի ուղարկվել: Գործում առկա է ապացույց այն մասին, որ վճիռը պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ, ուղարկվել է Ա. Լալայանի ներկայացուցիչ Ա. Խաչատրյանին, սակայն վճիռը նրան չի հանձնվել` հանրապետությունից վերջինիս բացակայելու պատճառաբանությամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքը արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (Տես` Կրեուզն ընդդեմ Լեհաստանի (Kreuz v. Poland), թիվ 28249/95, 2001 թվականի հունիսի 19, կետ 52,Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (Z. and Others v. The United Kingdom), թիվ 29392/95, 91-93-րդ կետեր): Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում (տե՛ս Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի, թիվ 26737/95, 1997 թվականի դեկտեմբերի 19, կետ 33, Թինելի էնդ Սանզ ՍՊԸ-ն ու այլոք և ՄաքԷլդաֆն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 20390/92, 21322/92, 1998թ. հուլիսի 10, կետ 72 և Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 34791/97, 37):

 

Այսպիսով, Խորհուրդը գտնում է, որ դատավոր Ա. Հովսեփյանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի և 124-րդ հոդվածի խախտումներ: Նշված խախտումները Խորհուրդը որակում է որպես դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումներ, քանի որ Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի և 124-րդ հոդվածի վերը նշված պահանջները չպահպանելը հանգեցրել է Ա. Լալայանի` ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված անձի արդար դատաքննության տարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի խախտմանը:

Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ մասի և 124-րդ հոդվածի խախտումների հիմքով դատավոր Ա. Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, հիմնավոր է և ենթակա է բավարարման:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը արձանագրում է, որ ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հովսեփյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք են հանդիսանում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 153-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Խորհուրդը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել: ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Հովսեփյանին հայտարարել նախազգուշացում:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Արդարադատության

խորհրդի անդամներ`

Վ. Աբելյան

Գ. Բադիրյան

Ռ. Բարսեղյան

Կ. Բաղդասարյան

Ա. Թումանյան

Գ. Խանդանյան

Ա. Խաչատրյան

Մ. Մակյան

Մ. Մարտիրոսյան

Հ. Փանոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան