Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-992
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.10.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.12.01/27(410) Հոդ.1472
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
14.10.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2011

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Քաղ. Երևան

14 հոկտեմբերի 2011 թ.

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՋՐԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հուլիսի 14-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2011 թվականի սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային համաձայնագիրը (Վարկային համաձայնագիր) ստորագրվել է 2011 թվականի հուլիսի 14-ին:

2. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է վեց միլիոն հինգ հարյուր հազար (6.500.000) եվրո գումարի չափով վարկ, Վարկային համաձայնագրով սահմանված պայմաններով, Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում համայնքային ջրամատակարարման բարելավման և Տավուշի (Դիլիջան քաղաք) և Վայոց ձորի (Ջերմուկ քաղաք) մարզերում կեղտաջրերի մաքրման կայանների և կոյուղաջրերի կոլեկտորների վերակառուցման գործում օժանդակելու ծրագիր (Ծրագիր) իրականացնելու նպատակով:

Ծրագրի ավարտման ժամկետն է 2015 թվականի հունիսի 30-ը:

3. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) 24 հավասար կամ հնարավորինս հավասար կիսամյակային վճարումներով` յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին մարել վարկը` սկսած Վարկային համաձայնագրով սահմանված ժամկետից.

բ) յուրաքանչյուր տարվա ապրիլի 16-ին և հոկտեմբերի 16-ին վճարել հանձնառության վճար` տարեկան 0.5 տոկոս դրույքաչափով.

գ) վճարել 500.000 եվրո գումարի չափով կանխավճար.

դ) Վարկային համաձայնագրով սահմանված կարգով տրամադրել վարկային միջոցները «Հայջրմուղկոյուղի» ընկերությանը.

ե) եթե Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն այլ բան չի նախատեսում, տրամադրել Վարկային համաձայնագրի, համաֆինանսավորման և ցանկացած այլ տեխնիկական համագործակցության ֆինանսավորման միջոցներով գնված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների նկատմամբ կիրառվող ավելացված արժեքի հարկը և ֆինանսավորման համար անհրաժեշտ այլ միջոցներ.

զ) չփոխանցել, չփոփոխել, չեղյալ չհայտարարել օժանդակ վարկային համաձայնագրի որևէ դրույթ և չհրաժարվել դրա որևէ դրույթից:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2011 թվականի հոկտեմբերի 13-ին հավանություն է տվել սույն գործով քննության առարկա Վարկային համաձայնագրին:

Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրության համաձայն` Ծրագրի արդյունքում Ծրագրում նշված մարզերի բնակավայրերում էականորեն կավելանա ջրամատակարարման տևողությունը, կնվազեն ջրակորուստները, կապահովվի խմելու ջրի ստանդարտներին համապատասխան ջրամատակարարումը, Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների մեխանիկական մասի և կոյուղու կոլեկտորների վերականգնումը կնպաստի տարածաշրջանի բնապահպանական խնդիրների լուծմանը:

5. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին։

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2011 թվականի հուլիսի 14-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

14 հոկտեմբերի 2011 թ.
ՍԴՈ-992

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան