ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Քաղ. Երևան |
18 հոկտեմբերի 2011 թ. |
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԵՆ ԽԱՌԱՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի,Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ`
դիմող Ա. Խառատյանի, դիմողի ներկայացուցիչներ Ա. Ղազարյանի և Ա. Զեյնալյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետ Ա. Մխիթարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Արմեն Խառատյանի դիմումի հիման վրա` «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը քաղաքացի Ա. Խառատյանի` 20.07.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի հուլիսի 7-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2006 թվականի հուլիսի 12-ին և ուժի մեջ է մտել 2006 թվականի օգոստոսի 5-ին:
Օրենքի` «Դատական ծառայության պաշտոնի նշանակումը և ազատումը» վերտառությամբ 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը սահմանում է. «Դատական ծառայության պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է ... սույն օրենքով նախատեսված դեպքում դատավորին կցված դատական ծառայության պաշտոններում` դատական դեպարտամենտի ղեկավարը` տվյալ դատավորի ներկայացմամբ»:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմող Ա. Խառատյանը 29.01.2010թ. դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանով` հիմնված դիմողի վերապատրաստման գնահատման արդյունքում քննական հանձնաժողովի կողմից տրված` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու վերաբերյալ եզրակացության վրա, ազատվել է ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի պաշտոնից` առանց համապատասխան դատավորի ներկայացման: Դիմողը 01.03.2010 թ. հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի հրամանն անվավեր ճանաչելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին: Վարչական դատարանն իր` 21.05.2010թ. վճռով բավարարել է Ա. Խառատյանի հայցը:
Հայցը բավարարելիս դատարանն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի մեկնաբանման արդյունքում եկել է այն համոզման, որ «դատավորին կցվող դատական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու իրավունքը վերապահված է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարին, սակայն այդ իրավունքը չի կարող դիտվել որպես հայեցողական, քանի որ դրա իրականացման համար ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը կաշկանդված է համապատասխան դատավորի ներկայացմամբ»:
ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը վճռաբեկ բողոք է ներկայացրել: ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 04.03.2011թ. որոշմամբ բեկանել է ՀՀ վարչական դատարանի վճիռը և Ա. Խառատյանի հայցը մերժել:
Մերժելով հայցը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատավորին կցված դատական ծառայողին զբաղեցրած պաշտոնից համապատասխան դատավորի ներկայացմամբ ազատելու կարգի սահմանումը հանդիսանում է որպես դատավորի գործունեության երաշխիք, միաժամանակ հանգել է այն եզրակացությանը, որ դատական ծառայողի որևէ իրավունք չի խախտվել, քանի որ դատավորին կցված դատական ծառայության պաշտոնում նշանակումը կամ պաշտոնից ազատումը դատավորի ներկայացմամբ կատարելու կարգի պահպանումն էական նշանակություն կարող է ունենալ միայն դատավորի համար` նրա գործունեության երաշխիքների տեսանկյունից, մինչդեռ իրեն կցված դատական ծառայողին առանց իր ներկայացման պաշտոնից ազատելու հանգամանքը դատավորի կողմից չի վիճարկվել, վերապատրաստման արդյունքների գնահատման քննական հանձնաժողովի եզրակացությունը դատական ծառայողի կողմից չի վիճարկվել:
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է հետևյալին. «… հակառակ մեկնաբանման պայմաններում, այն է` բոլոր դեպքերում դատական ծառայողին պաշտոնից ազատումը միայն դատավորի ներկայացումից կախվածության մեջ դնելը, կարող է ստեղծել մի իրավիճակ, երբ օրինակ` դատական ծառայության պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին չհամապատասխանող, կամ դատական կարգով անգործունակ, կամ սահմանափակ գործունակ, կամ անհայտ բացակայող ճանաչված …, կամ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով ազատազրկման դատապարտված … դատական ծառայողի պաշտոնից ազատման հարցը կախվածության մեջ կդրվի զուտ ընթացակարգային պահանջներից, այն է` դատավորի կողմից ազատման ներկայացումից, որն իրավակիրառ պրակտիկայի տեսանկյունից խոչընդոտներ կհարուցի դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար օրենքով նախատեսված պահանջների պահպանման հարցում»:
3. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում գտնում է, որ վիճարկվող նորմը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածին, քանի որ չի բավարարում «օրենքի որակին» ներկայացվող պահանջները, հստակ չէ, ձևակերպված է ոչ որոշակի: Նրա կարծիքով` «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքով դատական իշխանությունում պետական ծառայության տարրեր ամրագրելով` օրենսդիրը միաժամանակ պետք է այդ իրավակարգավորումներով չխախտեր դատավորի անկախության երաշխիքները, քանի որ դատական համակարգն իշխանության ինքնուրույն ճյուղ է: «Ելնելով այս հիմնարար մոտեցումից` օրենսդիրը պետք է տարանջատեր «դատավորին կցված» և «դատավորին չկցված» հասկացությունները և առաջինի հասկացության տակ ընկնող պետական ծառայողներին աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու հարցերում թույլատրեր դատավորի միջամտությունը, որը պետք է նպատակ հետապնդեր ապահովել, որպեսզի դատավորն իր սեփական հայեցողությամբ իր ռեսուրսները կարգավորելու որոշ ազատություն ունենա»:
Դիմողը նաև պնդում է, որ վիճարկվող նորմը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված բովանդակությամբ, հակասում է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 94-րդ և 97-րդ հոդվածներին` հետևյալ հիմնավորմամբ. վիճարկվող նորմը հնարավորություն չի տալիս օգտվել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով երաշխավորված դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքից, ինչպես նաև խախտում է դատավորի անկախության (տվյալ դեպքում` ներքին անկախության) սահմանադրական սկզբունքը:
4. Պատասխանող կողմը, առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ օրենքի վիճարկվող նորմը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
Անդրադառնալով դիմողի փաստարկներին` կապված օրենքի վիճարկվող նորմի իրավական անորոշության հետ, պատասխանողը գտնում է, որ օրենքի վիճարկվող նորմը ձևակերպված է բավարար հստակությամբ, քանի որ դատական ծառայության պաշտոնից ազատման հիմքերի առկայության դեպքում օրենքը պարտավորեցնում է դատավորին «ներկայացնել դատական ծառայողին պաշտոնից ազատման պահանջ»:
Անդրադառնալով դիմողի փաստարկներին` կապված իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանության շրջանակներում օրենքի վիճարկվող նորմի և ՀՀ Սահմանադրության 18, 19, 94 և 97-րդ հոդվածների միջև հնարավոր հակասության հետ, պատասխանողը, մատնանշելով իրավակիրառ պրակտիկայի կողմից խնդրո առարկա դրույթի վերաբերյալ տրված մեկնաբանությանն անդրադառնալու` ՀՀ Ազգային ժողովի իրավասության բացակայությունը, գտնում է, որ օրենքի վիճարկվող նորմը որևէ կերպ անձին չի զրկում իր իրավունքները և ազատությունները դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքներից: Որպես ապացույց` պատասխանողը մատնանշում է ՀՀ վարչական և ՀՀ վճռաբեկ դատարանների կողմից դիմողի բողոքները վարույթ ընդունելու հանգամանքը:
Օրենքի վիճարկվող նորմի և ՀՀ Սահմանադրության 94 և 97-րդ հոդվածների միջև հնարավոր հակասության վերաբերյալ դիմողի փաստարկների առնչությամբ պատասխանողը գտնում է, որ «դատավորին կցված դատական ծառայողների սահմանազատումը դատական այլ ծառայողներից և դատավորին կցված դատական ծառայության պաշտոններում նշանակելու կամ ազատելու` օրենքով սահմանված ընթացակարգի իմպերատիվ բնույթը, այն է` դատավորի ներկայացմամբ, ամբողջովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատավորների անկախության սկզբունքին»:
5. Սահմանադրական դատարանը, քննության առնելով կողմերի դիրքորոշումները, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջներից ելնելով` պարզելով գործի բոլոր հանգամանքները, գտնում է, որ վեճի առարկա իրավադրույթն ընթացակարգային բնույթի դրույթ է և կոչված է, մի կողմից, կանոնակարգելու դատական ծառայության պաշտոնում նշանակման կարգը, մյուս կողմից` լրացուցիչ երաշխիք ստեղծել դատավորի անկախ ու արդյունավետ գործունեության համար: Դատավորին կցված դատական ծառայության պաշտոններում նշանակումը և պաշտոնից ազատումը` տվյալ դատավորի ներկայացմամբ, դրույթը միանշանակ է, ունի իմպերատիվ բնույթ, չի բովանդակում օրենքի բաց կամ անորոշություն, հստակ սահմանում է իրավակարգավորման պայման: Վերջինս հանգում է նրան, որ այդ նշանակումը և ազատումը պետք է տեղի ունենան տվյալ դատավորի ներկայացմամբ: Ինչ վերաբերում է դատական հայեցողությանը, ապա այն ունի իր սահմանները և չի կարող փոխել իրավանորմի բնույթը կամ քննարկման առարկա դարձնել դրա նպատակահարմարության խնդիրը: Դատական հայեցողությունն ընտրություն կատարելու իրավասություն է` այնպիսի հնարավոր տարբերակների միջև, որոնք բոլորն էլ օրինական են: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի պահանջներից ելնելով` «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները»: Հստակ սահմանված է նաև, որ իրավական ակտի մեկնաբանությունը չպետք է փոխի դրա իմաստը:
Նկատի ունենալով, որ վեճի առարկա նորմի իմաստը հստակ է ու միանշանակ, այն ենթադրում է, որ դատավորին կցված դատական ծառայության պաշտոններում նշանակումը և պաշտոնից ազատումը պետք է տեղի ունենա տվյալ դատավորի ներկայացմամբ, ինչպես նաև հաշվի առնելով, որ նման իրավակարգավորումը հետապնդում է իրավաչափ նպատակ` նպաստելու դատավորի անկախությանը և գործունեության արդյունավետությանը, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ տվյալ նորմի իրավական բովանդակության և հստակության առումով առկա չէ սահմանադրաիրավական բնույթի վեճ: Ընդ որում, այդ դրույթը խելամտության կանխավարկածով կիրառելու դեպքում Սահմանադրությամբ ամրագրված որևէ իրավունքի ոտնահարման պատճառ չի կարող դառնալ:
6. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև արձանագրել. օրենքի համակարգային վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը դատավորի վճռորոշ մասնակցության սկզբունքը տարածել է նաև դատավորին կցված դատական ծառայության պաշտոնում նշանակման ընդհանուր կարգի վրա: Մասնավորապես, օրենսդիրն օրենքի 12 և 13-րդ հոդվածներում նախատեսում է համապատասխանաբար այն անձանց, ովքեր ունեն դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք, և այն անձանց, ովքեր չունեն նման իրավունք: Այդ պահանջներն ընդհանուր են բոլոր դատական ծառայողների համար: Սակայն բովանդակային առումով դրանք նույնական չեն, քանի որ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջները կարող են տարբեր լինել: Միայն նշված պահանջները բավարարելուց հետո անձը կարող է օրենքով սահմանված կարգով նշանակվել դատական ծառայության թափուր պաշտոնում: Այդ կարգն ամրագրված է օրենքի 15-րդ հոդվածում, որի 1-ին մասի համաձայն` «Դատական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցութային կարգով, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի»: Վերը նշված` ընդհանուր կարգից բացառություն կազմող կարգն ամրագրված է օրենքի նույն հոդվածի 3-րդ մասում և վերաբերում է բացառապես դատավորին կցված դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակմանը: Նշված նորմի համաձայն` «Դատավորին կցված դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է դատավորի ներկայացմամբ, առանց մրցույթի: Դատավորին կցվող դատական ծառայության թափուր պաշտոնում նշանակվող անձը պետք է համապատասխանի տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին»: Վերջինիս հետ մեկտեղ, օրենսդիրն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրել է դատավորի ևս մեկ հայեցողական լիազորություն, համաձայն որի` դատավորի առաջարկությամբ իրեն կցվող դատական ծառայության թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել օրենքով նախատեսված մրցութային կարգով: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձը նշանակվում է թափուր պաշտոնում` օրենքով նախատեսված կարգով:
Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը հանդիսանում է դատավորին կցված դատական ծառայության պաշտոնում նշանակելու և այդ պաշտոնից ազատելու կարգ սահմանող իմպերատիվ նորմ` սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի վիճարկվող նորմի դիսպոզիցիան դատավորի համար նախատեսում է նաև պարտականություն` դատավորին կցված դատական ծառայողին պաշտոնից ազատելու համապատասխան հիմքի առկայության դեպքում տվյալ դատական ծառայողին ներկայացնել ազատման: Այլ խնդիր է` դատավորի կողմից նշված պարտականության կատարումից տարաբնույթ պատճառներով հնարավոր հրաժարվելու հանգամանքը: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ տվյալ հարցի առավել մանրամասն իրավակարգավորման նպատակահարմարության խնդիրը կարող է քննության առարկա դառնալ օրենսդիր մարմնի իրավազորության շրջանակներում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` սահմանադրական դատարանը հիմնավոր չի համարում օրենքի վիճարկվող նորմի ենթադրյալ իրավական անորոշության վերաբերյալ պնդումը և արձանագրում է, որ օրենքի վիճարկվող նորմը ձևակերպված է բավարար հստակությամբ` իրավական որոշակիության սկզբունքին համահունչ, ինչը պետք է հաշվի առնվի իրավակիրառական պրակտիկայում: Իսկ ներկայացվող վեճը ոչ թե տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանն առնչվող սահմանադրականության խնդիր է բովանդակում, այլ վերաբերում է կոնկրետ գործով դատական հայեցողության իրավաչափության գնահատմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19, 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը` հաշվի առնելով սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, նկատի ունենալով, որ նման իրավակարգավորումը հետապնդում է իրավաչափ նպատակ` նպաստելու դատավորի անկախությանը և գործունեության արդյունավետությանը, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
18 հոկտեմբերի 2011 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|