ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հոկտեմբերի 2011 թվականի N 1550-Ն
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ, ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրել Ուսուցման ազգային հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ):
2. Հաստատել հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:
3. Սահմանել, որ հիմնադրամի անունից հանդես եկող կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է:
4. Հիմնադրամի աշխատանքների համար անհրաժեշտ միջոցների հատկացման նպատակով հիմնադրամին տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 22000.0 հազ. դրամ, որից՝ 2020.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով, և 19980.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն N 2 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 4-րդ կետում նշված գումարը հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
7. Լիազորել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին նշանակել հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել հիմնադրամի պետական գրանցումը և դրա հիմնադրի` օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը.
2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմի նախագիծը:
9. Սահմանել, որ սույն որոշմամբ ստեղծվող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. նոյեմբերի 4 |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1550-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ուսուցման ազգային հիմնադրամը (այսուհետ՝ հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է կրթական, սոցիալական և այլ հանրօգուտ նպատակներ:
2. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր): Հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է:
3. Հիմնադիրը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան` օրինականության, ինքնակառավարման, իրավահավասարության, կամավորության, ղեկավարման կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
4. Հիմնադրամի անվանումն է՝
1) հայերեն լրիվ՝ Ուսուցման ազգային հիմնադրամ.
2) հայերեն կրճատ` ՈՒԱՀ.
3) ռուսերեն լրիվ՝ Национальный фонд обучения.
4) ռուսերեն կրճատ` нфо.
5) անգլերեն լրիվ` National Training Fund.
6) անգլերեն կրճատ` NTF:
5. Հիմնադրամի իրավաբանական հասցեն է` քաղ. Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3:
6. Հիմնադրամը կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, հիմնարկներ, ինչպես նաև՝ հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ, որոնք գործում են հիմնադրամի անունից` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած կանոնադրություններին համապատասխան:
7. Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին:
8. Հիմնադրամն ունի խորհրդանիշ, որի նկարագրությունը հաստատում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:
9. Հիմնադրամն ունի իր՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն անվանումներով կլոր կնիք՝ հիմնադրամի խորհրդանիշով: Հիմնադրամն ունի նաև անկյունադրոշմ և ձևաթուղթ: Հիմնադրամի ձևաթուղթը պարունակում է նշումներ հիմնադրամի անվանման, խորհրդանիշի, գտնվելու վայրի, կապի միջոցների, համարների և հասցեների մասին:
10. Հիմնադրամը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
11. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացելու Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:
12. Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում: Տարբեր աղբյուրներից, ինչպես նաև իր տնտեսական գործունեությունից ստացված միջոցներն օգտագործվում են միայն սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
13. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար: Հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև հիմնադրամի պետական գրանցումը ծագած` նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:
II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
14. Հիմնադրամի նպատակներն են`
1) անձանց մասնագիտական գիտելիքների, աշխատանքային կարողությունների և հմտությունների ձևավորման միջոցով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացումը և աղքատության նվազեցմանը նպաստելը.
2) զբաղվածների, գործազուրկների, աշխատանք փնտրողների մասնագիտական գործունեության ապահովման համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների ու հմտությունների զարգացմանը միտված և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող վերապատրաստման, որակավորման բարձրացման ու վերաորակավորման դասընթացների (այսուհետ` դասընթացներ) կազմակերպմանն աջակցելը՝ ցկյանս ուսումնառության սկզբունքներին համապատասխան.
3) բոլորի համար աշխատանքային հմտությունների, կարողությունների և գիտելիքների կատարելագործման հավասար հնարավորությունների ապահովմանն աջակցելը` նպաստելով անհատի մասնագիտական առաջխաղացմանը և (կամ) աշխատանքի տեղավորմանը.
4) մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում սոցիալական գործընկերության զարգացմանը նպաստելը՝ դասընթացների կազմակերպման և իրականացման գործընթացում ներգրավելով գործատուներին կամ նրանց ներկայացուցիչներին.
5) որակի հավաստագրման մեխանիզմներին և միջազգային չափանիշներին համապատասխան` անկախ հավաստագրման համակարգի ներդրմանն աջակցելը.
6) մասնագիտությունների և դրանց որակավորումների մասնագիտական բնութագրերի ձևավորմանն ու մասնագիտական պետական կրթական չափորոշիչների մշակմանն աջակցելը.
7) մեծահասակների կրթության հիմնախնդիրների լուծմանն աջակցելը.
8) մասնագիտական կողմնորոշման համակարգի կայացմանն ու արդյունավետ գործունեությանը նպաստելը.
9) աշխատաշուկայի ու մասնագիտական կրթության և ուսուցման փոխհարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործմանն օժանդակելը.
10) մասնագիտական կրթություն և ուսուցում տրամադրող կազմակերպությունների արդյունավետ ցանցի ձևավորմանը նպաստելը:
15. Իր նպատակների իրականացման համար հիմնադրամը`
1) կատարում է աշխատաշուկայի պահանջարկի ուսումնասիրություններ և դրանց զարգացման կանխատեսման վերաբերյալ վերլուծություններ ու հրապարակումներ.
2) աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կազմակերպում և իրականացնում է զբաղվածների, գործազուրկների, աշխատանք փնտրողների դասընթացներ.
3) աջակցում է դասընթացների ժամանակակից ուսումնամեթոդական փաստաթղթերի, դասավանդման մեթոդների ու նյութերի մշակմանը և ուսուցումն իրականացնող կազմակերպություններն ապահովում է տեխնիկական, մասնագիտական ու մեթոդական աջակցությամբ ու խորհրդատվությամբ.
4) իրականացնում է հիմնադրամի կողմից ֆինանսավորվող բոլոր դասընթացների մոնիթորինգ և գնահատում.
5) իրականացնում է դասընթացների դրամաշնորհային աջակցություն.
6) իրականացնում է ներդրումների ներգրավման աշխատանքներ.
7) համագործակցում է մասնագիտական ուսումնական հաստատությունների, հանրապետական զբաղվածության ծառայությունների, գործատուների և նրանց միությունների հետ, մասնակցում է կրթական, գործարար ու պետական հատվածների համագործակցության ձևավորման գործընթացին.
8) իրականացնում է հիմնադրամի նպատակների իրագործման համար լրացուցիչ ֆոնդերի հայթայթման միջոցառումներ:
16. Հիմնադրամը կարող է, սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան, զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`
1) հետազոտական, տեղեկատվական, փորձագիտական, վերլուծական և խորհրդատվական աշխատանքների կազմակերպում ու իրականացում.
2) թարգմանչական և հրատարակչական գործունեության իրականացում.
3) ուսումնամեթոդական նյութերի մշակում և դասընթացների կազմակերպում.
4) ցուցահանդեսների և տոնավաճառների կազմակերպում.
5) գործարարությանն աջակցող ծառայությունների և գործարար ծրագրերի մշակման ծառայությունների մատուցում:
17. Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով կարող է ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:
III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
18. Հիմնադրամի շահառուներն են Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության և ուսուցման, զբաղվածության ապահովման բնագավառներում և աշխատաշուկայում, ինչպես նաև հիմնադրամի կազմում գործող և (կամ) ներառված իրավաբանական ու ֆիզիկական անձինք:
IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
19. Հիմնադրամում ներդրում կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև իրավասու պետական մարմինների պահանջով հիմնադրամը պարտավոր է 5-օրյա ժամկետում նրանց ընձեռել կանոնադրության, դրանում կատարվող լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Հիմնադրամը պարտավոր է այդ անձանց պահանջով նրանց տրամադրել կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող դրա պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել: Նշված փաստաթղթերն իրավասու պետական մարմիններին տրամադրվում են անվճար:
20. Հիմնադրամին օգնություն ցուցաբերող անձինք (այդ թվում՝ հիմնադրամի հիմնադիրը) իրավունք ունեն`
1) մասնակցելու հիմնադրամի գործունեությանը.
2) հիմնադրամի կառավարման մարմինների կողմից, ինչպես նաև կնքված պայմանագրերով սահմանված պայմաններով, հիմնադրամի խնդիրներին ու նպատակներին համապատասխան, ստանալու խորհրդատվական, փորձագիտական, միջնորդական, գիտատեխնիկական և այլ օգնություն.
3) հիմնադրամի միջոցով ստեղծելու և զարգացնելու երկկողմ ու բազմակողմ կապեր.
4) ցանկացած ժամանակ դադարեցնելու հիմնադրամի աշխատանքներին իրենց մասնակցությունը:
21. Հիմնադրամը վարում է իր գործունեությանն աջակցող անձանց ռեեստր:
22. Հայաստանի Հանրապետության պետական կրթական քաղաքականությանը վերաբերող հարցերում հիմնադրամը խորհրդակցում է մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) հետ:
23. Հիմնադրամի կողմից կազմակերպվող դասընթացների պատվիրատուները կարող են այդ դասընթացների կազմակերպման բոլոր փուլերում մասնակցել և վերահսկել ծառայությունների մատուցման ընթացքը:
V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
24. Հիմնադրամի մարմիններն են`
1) հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը` հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).
2) հիմնադրամի ընթացիկ գործունեությունը ղեկավարող կառավարիչը` հիմնադրամի տնօրենը:
25. Խորհուրդը բաղկացած է 9 անդամից, որի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը`
1) մեկին` իր հայեցողությամբ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից.
2) մեկին` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջադրմամբ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից.
3) մեկին` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջադրմամբ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից.
4) երկուսին` Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի առաջադրմամբ, Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներից.
5) երկուսին` Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահի առաջադրմամբ, Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներից.
6) երկուսին` Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի առաջադրմամբ, արհեստակցական միությունների ներկայացուցիչներից:
26. Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո` եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են խորհրդի բոլոր անդամները, ապա՝ դրա հաջորդ օրվանից: Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորությունների ժամկետը 2 տարի է, իսկ հաջորդ կազմերի անդամներինը` 4 տարի:
27. Խորհրդի իրավասությանն են պատկանում`
1) հիմնադրամի ռազմավարական և տարեկան ծրագրերի հաստատումը.
2) հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների ու հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.
3) վերապատրաստումների վերաբերյալ հայտարարվող և անցկացվող մրցույթների մասին կանոնակարգի մշակումն ու հաստատումը.
4) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
5) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.
6) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.
7) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.
8) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
9) խորհրդի նախագահի, տնօրենի և սույն կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
10) սույն կանոնադրությամբ նախատեսված հիմնադրամի այլ մարմինների ձևավորումը.
11) սույն կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխությունը, կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու մասին որոշումների ընդունումը.
12) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.
13) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
14) տարեկան մեկ անգամ տնօրենի հաշվետվությունները լսելը.
15) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
16) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.
17) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.
18) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.
19) տնօրենի աշխատանքային պայմանների և տնօրենի թեկնածուի նկատմամբ պահանջների սահմանումը.
20) իր կազմից խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությունը.
21) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:
28. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր.
2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում դրանք.
3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.
4) տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր.
5) օրենքով նախատեսված դեպքերում խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ:
29. Հիմնադրամի տնօրենի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը: Հիմնադրամի տնօրենը`
1) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը.
2) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.
3) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.
4) գործում է առանց լիազորագրի.
5) տալիս է լիազորագրեր.
6) կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.
7) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.
8) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.
9) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
10) սահմանված կարգով աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատողներին.
11) հիմնադրամի աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.
12) հաշվետու է խորհրդին.
13) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի մինչև 20 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված գործարքներ կատարելու մասին:
30. Հիմնադրամի տնօրենն այլ կազմակերպություններում կարող է զբաղեցնել վճարովի պաշտոններ՝ միայն խորհրդի համաձայնությամբ:
VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
31. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ գումարվող հերթական նիստերի միջոցով: Խորհրդի արտահերթ նիստ գումարում է խորհրդի նախագահը` իր կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդի քարտուղարը 3 աշխատանքային օրվա ընթացքում խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և ժամկետի մասին գրավոր տեղեկացնում է խորհրդի անդամներին:
32. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ՝ բացառությամբ օրենքով կամ սույն կանոնադրության 34-րդ կետով նախատեսված դեպքերի: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
33. Եթե խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր), գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
34. Խորհրդի նախագահի, հիմնադրամի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, վերակազմակերպման, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ հաստատման մասին որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
35. Խորհրդի անդամները կարող են նիստերին մասնակցել նաև ուղիղ հեռակապի միջոցով:
36. Խորհրդի որոշմամբ՝ նիստերը կարող են կազմակերպվել հարցումների միջոցով` օգտվելով համացանցի (ինտերնետ) հնարավորություններից: Այդ դեպքում խորհրդի որոշումներն ընդունվում են նիստի օրակարգի մասին համացանցի միջոցով 10 օր առաջ տեղեկացված և 7 օրվա ընթացքում իրենց դիրքորոշումը ներկայացրած անդամների քվեարկությամբ:
37. Խորհրդի նիստերին պարտադիր մասնակցում է հիմնադրամի տնօրենը` խորհրդակցական ձայնի իրավունքով:
38. Հիմնադրամի տնօրենը որոշումներն ընդունում է ինքնուրույն` ելնելով խորհրդի որոշումներից և հիմնադրամի շահերից:
39. Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք:
40. Խորհրդի նիստերի արձանագրությունների և որոշումների նախագծերի վերջնական տարբերակները համաձայնեցվում են խորհրդի անդամների հետ, որից հետո դրանք ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:
VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ
41. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
42. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են՝
1) հիմնադրամի ներդրումը.
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվություններն ու նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.
3) հիմնադրամի կողմից իրականացվող վերապատրաստումներին մասնակցող՝ զբաղված համարվող քաղաքացիների կողմից վերապատրաստման դասընթացների գնի սահմանված տոկոսի չափով կատարվող համաֆինանսավորումը.
4) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.
5) դրամաշնորհները.
6) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.
7) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, մարզական, զվարճալի և այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).
8) օրենքով չարգելված այլ միջոցներ:
43. Հիմնադրամի սեփականությունն է համարվում իր կողմից ստեղծված, ձեռք բերված կամ այլ քաղաքացիների, կազմակերպությունների կողմից հանձնված ունեցվածքը` ներառյալ դրամական միջոցները, բաժնետոմսերը, այլ արժեթղթեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքները:
44. Հիմնադրամի ամբողջ ունեցվածքը, տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները համարվում են նրա սեփականությունը և չեն կարող որպես շահույթ հատկացվել հիմնադրամի հիմնադրին: Հիմնադրամը տնօրինում, օգտագործում և տիրապետում է իր ունեցվածքը` միայն այդ գույքի նշանակությանը համապատասխան և միայն սույն կանոնադրությամբ սահմանված հիմնադրամի նպատակների իրականացման համար:
45. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների աշխատավարձի փոխհատուցման համար: Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից որոշակի նպատակներով հիմնադրամին տրված նվիրաբերությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով` միայն նվիրաբերողի համաձայնությամբ: Հանգանակությունից ստացված միջոցները կարող են ծախսվել միայն այն նպատակով, որը հայտարարվել էր նախապես:
46. Հիմնադրամի ծախսերն են՝
1) կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը.
2) վարչակառավարչական ծախսերը:
47. Կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը հիմնադրամի բյուջեում պետք է արտահայտված լինեն առանձին` ըստ նպատակների (ծրագրերի) ու օգտագործման եղանակների և (կամ) այն սուբյեկտների, որոնց միջև բաշխվելու են միջոցները: Այդ ծախսերում ներառվում են նաև հիմնադրամի գույքի պահպանման, ավելացման և վերանորոգման, ինչպես նաև կապի, կոմունալ-կենցաղային, էլեկտրաէներգիայի ու շինարարության ծախսերը:
48. Վարչակառավարչական ծախսերը ներառում են հիմնադրամի կառավարման, հիմնադրամի աշխատողների աշխատավարձի, ինչպես նաև հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերը և չեն կարող գերազանցել հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերի 10 տոկոսը:
49. Հիմնադրամի կողմից իրականացվող վերապատրաստումների միավորի գինը պետք է արտացոլի ընթացիկ շուկայական իրավիճակը, մասնավորապես, վարչակառավարչական ծախսերի մեծությունը պետք է սահմանվի այնպիսի մակարդակով, ինչը թույլ կտա հիմնադրամի կողմից իրականացվող վերապատրաստումների միավորի գինը սահմանել նմանատիպ ծառայությունների մատուցման համար հայաստանյան շուկայում ձևավորված գնից ոչ բարձր մակարդակում: Հիմնադրամը պետք է նպատակ դնի որակյալ վերապատրաստումների իրականացումը` ծախսային և նպատակային առումով առավել արդյունավետ եղանակով:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
50. Հիմնադրամն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ:
51. Տնօրենը պատասխանատվություն է կրում հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններն օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված՝ պետական կառավարման մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև հիմնադրամի մարմիններին և այլ անձանց տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
52. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերի հաշվառումը կատարվում է հիմնադրամի այլ ծախսերից` առանձնացված կարգով:
53. Հիմնադրամի ֆինանսական գործունեության վերստուգումը կատարվում է անկախ աուդիտորի կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ: Անկախ աուդիտորն ընտրվում է մրցութային կարգով և հաստատվում խորհրդի կողմից:
54. Խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ:
55. Հիմնադրամը պարտավոր է յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին և հաշվետվության հրապարակումից հետո 30 օրվա ընթացքում` դրա մասին գրավոր ծանուցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ
56. Հիմնադրամի կանոնադրության մեջ կարող է փոփոխություններ և լրացումներ կատարել ինչպես հիմնադիրը, այնպես էլ՝ խորհուրդը` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին:
57. Եթե կանոնադրության՝ անփոփոխ ձևով պահպանումը կարող է առաջացնել այնպիսի հետևանքներ, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, կամ կանոնադրությունը չի փոփոխում նրա իրավասություն ունեցող մարմինը կամ փոփոխությունները պետք է վերաբերեն հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին, ապա փոփոխություններ կատարելու իրավունքն իրականացնում է դատարանը` հիմնադրամի մարմինների կամ հիմնադրի կամ օրենքի համաձայն ստեղծված հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի դիմումի հիման վրա:
X. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
58. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել՝ միայն հիմնադրամի միացման և միաձուլման ձևով:
59. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է խորհրդի որոշմամբ:
60. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:
61. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե՝
1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
2) հիմնադրամն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.
3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.
4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.
5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.
6) հիմնադրամն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ.
7) «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:
62. Հիմնադրամի լուծարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
63. Հիմնադրամի լուծարմամբ պայմանավորված՝ պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, հիմնադրամի մնացած գույքն ուղղվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
64. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած՝ պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի N 1550-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն | |||
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | ||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||
տարի |
տարի | ||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | |||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Նկարագրությունը | ||
Ը009 |
ԾՏ01 | ||
Շահառուների քանակը |
1.0 |
||
Գումարը (հազ. դրամ) |
x |
22000.0 | |
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
միանվագ |
||
Շահառուների ընտրության չափանիշները | |||
Ուսուցման ազգային հիմնադրամ | |||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | |||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.12.2011, N 1728-Ն | 15.12.2011, N 1550-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|