Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.13
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2519/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2519/02/09
2011 թ.

Նախագահող դատավոր`  Տ. Սահակյան

     Դատավորներ`  Կ. Հակոբյան
                                Տ. Նազարյան

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

 

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վիգեն Ղահրեմանու վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Գագիկ Սուքիասյանի, Հարություն Սուքիասյանի ընդդեմ Վիգեն Ղահրեմանու՝ սեփականատիրոջ խախտված իրավունքները վերականգնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Գագիկ և Հարություն Սուքիասյանները պահանջել են պարտավորեցնել Վիգեն Ղահրեմանուն ապամոնտաժել Երևանի Ն. Զարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 տան տանիքի կառուցվածքն այնպես, որ այն վտանգ չհանդիսանա իրենց սեփականությունը հանդիսացող` Երևանի Ն. Զարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7 տան համար:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 01.12.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.03.2011 թվականի որոշմամբ Դատարանի 01.12.2010 թվականի վճռի դեմ Վիգեն Ղահրեմանու բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վիգեն Ղահրեմանին:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 277-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, որպես գործի համար էական նշանակություն ունեցող ապացույց հաշվի է առել միայն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) 21.07.2010 թվականի թիվ 10-0769 եզրակացությունը:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, և անտեսել է «ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի 15.09.2010 թվականի թիվ 36-4/573 գրությունը, որի համաձայն՝ Երևանի Արաբկիր համայնքում ձյան շերտի առավելագույն բարձրությունը կազմում է 16 սմ, իսկ տեղումների միջին ինտենսիվությունը՝ 0,23 մմ րոպե: Այսինքն՝ Ծառայության մասնագետների տրամադրած տեղեկատվությունը փաստում է, որ Արաբկիր համայնքում այնպիսի տեղումներ չեն գրանցվում, որոնք կարող են վտանգ ստեղծել Երևանի Ն. Զարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7 տան համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի Ն. Զարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 7 տունը սեփականության իրավունքով պատկանում է Գագիկ և Հարություն Սուքիասյաններին (հատոր 1-ին, գ.թ. 18-20):

2) Երևանի Ն. Զարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 տունը սեփականության իրավունքով պատկանում է Վիգեն Ղահրեմանուն (հատոր 1-ին, գ.թ. 34-36):

3) Երևանի քաղաքապետարանի 02.12.2005 թվականի թիվ 218 շինարարության թույլտվության համաձայն՝ Երևանի Ն. Զարյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում թույլատրվել է իրականացնել 4 հարկանի, նկուղով և մանսարդային հարկով բնակելի տան շինարարական աշխատանքներ (ՃՀԱ 14.04.2005 թվականի թիվ 18-08/1-Ա-82, նախագիծ 06.09.05 թվական, հ.18-05/Ա-269/1-186 ) (հատոր 1-ին, գ.թ. 72-73):

4) Կազմակերպության 21.07.2010 թվականի թիվ 10-0769 փորձագիտական եզրակացության հետազոտական մասի համաձայն՝

-Երևանի Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում կառուցված շինությունը հինգ վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկով շինություն է, որը կառուցված է թեք տեղանքում և Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեին հարակից հատվածում այն ունի 21,1 մ բարձրություն։

-Երևանի Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում կառուցված շինության տանիքի և Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեի հողաշեն տան տանիքների նիշերի տարբերությունը կազմում է 14,2 մ։

-Երևանի Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում կառուցված շինության տանիքի ջրահեռացումն իրականացվում է Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում առկա շինությանը հարող պատի ուղղությամբ տեղակայված 0,32 մ խորությամբ մետաղե ջրհորդանի և շինության երկու անկյուններում տեղակայված 0,15 մ տրամագծով մետաղական խողովակների միջոցով։

-Հորդառատ անձրևների (մեկ ժամում 0,25 մ-ից ավել) ժամանակ, չափագրմամբ Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում կառուցված շինության տանիքի ջրահեռացման իրականացման վերաբերյալ ձեռք բերած տվյալների հիման վրա կատարված շինարարատեխնիկական և հիդրավլիկ հաշվարկների արդյունքում պարզվել է, որ կարող է առաջանալ անձրևաջրերի արտահոսք Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 շենքի տանիքից դեպի Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում առկա շինություն։

-0,32 մ-ից ավել ձյան շերտի առկայության պայմաններում, չափագրմամբ Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում կառուցված շինության տանիքի ջրահեռացման իրականացման վերաբերյալ ձեռք բերած տվյալների հիման վրա կատարված շինարարատեխնիկական և հիդրավլիկ հաշվարկների արդյունքում պարզվել է, որ կառաջանա ձյան շերտի սահք Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 շենքի տանիքից դեպի Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում առկա շինություն։

Նույն եզրակացության հետևություններ մասի համաձայն՝ երկու շինությունների իրար հարակից լինելու և երկու շինությունների տանիքների նիշերի տարբերությունը (ազատ անկման արագացման հաշվառմամբ) հաշվի առնելով և վերը՝ սույն եզրակացության հետազոտական մասում, թվարկված պայմաններում ջրերի արտահոսքը և ձյան շերտի սահքը կարող են վտանգ սպառնալ Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում առկա շինության տանիքին (հատոր 2-րդ, գ.թ. 4-8):

5) Վիգեն Ղահրեմանու ներկայացուցչին հասցեագրված «ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Ծառայություն) 15.09.2010 թվականի թիվ 36-4/573 գրության համաձայն՝ Երևանի Արաբկիր համայնքի տարածքում ձյան շերտի տասնօրյակային միջին բարձրությունը կազմում է 7-10 սմ, միջին առավելագույնը` 16 սմ, տեղումների միջին ինտեսիվությունը` 0.23 մմ/րոպե (հատոր 2-րդ, գ.թ. 25):

5) Հարություն Սուքիասյանի ներկայացուցչին հասցեագրված Ծառայության 01.11.2010 թվականի թիվ 36-4/725 գրության համաձայն՝ ըստ Երևանի Արաբկիր օդերևութաբանական կայանի տվյալների՝ 2010 թվականի հոկտեմբեր ամսվա տեղումների քանակը 77.8 մմ է, որը կազմում է նորմայի 243% (հատոր 2-րդ, գ.թ. 30):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Այդ տեղեկությունները հաստատվում են՝ 1. գրավոր և իրեղեն ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով։

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով ապացույցի հասկացությունը, սպառիչ սահմանել է դրանց տեսակները, այն է՝ գրավոր և իրեղեն ապացույցները, փորձագետների եզրակացությունները, վկաների ցուցմունքները, գործին մասնակցող անձանց ցուցմունքները: Ընդ որում, դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ, ինչպես նաև պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին:

Սույն գործով վերաքննիչ բողոքը մերժելիս Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է սույն վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող հարցի պարզաբանման համար թույլատրելի և վերաբերելի ապացույց, այն է՝ Կազմակերպության 21.07.2010 թվականի թիվ 10-0769 եզրակացությունը և արձանագրել է, որ Դատարանի դիրքորոշումը հայցի բավարարման առումով իրավաչափ է և դատական ակտը բեկանելու բավարար հիմքեր առկա չեն:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Կազմակերպության 21.07.2010 թվականի թիվ 10-0769 փորձագիտական եզրակացության հետազոտական մասի համաձայն՝ հորդառատ անձրևների (մեկ ժամում 0,25 մետրից ավել) ժամանակ, չափագրմամբ Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում կառուցված շինության տանիքի ջրահեռացման իրականացման վերաբերյալ ձեռք բերած տվյալների հիման վրա կատարված շինարարատեխնիկական և հիդրավլիկ հաշվարկների արդյունքում պարզվել է, որ կարող է առաջանալ անձրևաջրերի արտահոսք Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 շենքի տանիքից դեպի Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում առկա շինություն։ 0,32 մետրից ավել ձյան շերտի առկայության պայմաններում, չափագրմամբ Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 հասցեում կառուցված շինության տանիքի ջրահեռացման իրականացման վերաբերյալ ձեռք բերած տվյալների հիման վրա կատարված շինարարատեխնիկական և հիդրավլիկ հաշվարկների արդյունքում պարզվել է, որ կառաջանա ձյան շերտի սահք Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 9 շենքի տանիքից դեպի Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում առկա շինություն։ Նույն եզրակացության հետևություններ մասի համաձայն՝ երկու շինությունների իրար հարակից լինելու և երկու շինությունների տանիքների նիշերի տարբերությունը (ազատ անկման արագացման հաշվառմամբ) հաշվի առնելով և վերը՝ սույն եզրակացության հետազոտական մասում թվարկված պայմաններում ջրերի արտահոսքը և ձյան շերտի սահքը կարող են վտանգ սպառնալ Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում առկա շինության տանիքին:

Ծառայության 15.09.2010 թվականի թիվ 36-4/573 գրության համաձայն՝ Երևանի Արաբկիր համայնքի տարածքում ձյան շերտի տասնօրյակային միջին բարձրությունը կազմում է 7-10 սմ, միջին առավելագույնը` 16 սմ, տեղումների միջին ինտենսիվությունը` 0.23 մմ/րոպե: Նույն Ծառայության մեկ այլ՝ 01.11.2010 թվականի թիվ 36-4/725 գրության համաձայն՝ ըստ Երևանի Արաբկիր օդերևութաբանական կայանի տվյալների՝ 2010 թվականի հոկտեմբեր ամսվա տեղումների քանակը 77.8 մմ է, որը կազմում է նորմայի 243%-ը:

Վերոգրյալներից ելնելով և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, այն է` Ծառայության 15.09.2010 թվականի թիվ 36-4/573 և 01.11.2010 թվականի թիվ 36-4/725 գրությունները, ինչպես նաև չի պատճառաբանել, թե ինչու է այդ ապացույցները մերժում: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը համոզիչ և հիմնավոր չէ:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ նշված գրություններով արձանագրված ելակետային տվյալները տարբերվում են 21.07.2010 թվականի թիվ 10-0769 եզրակացությունում նշված տվյալներից և չեն գերազանցում եզրակացության հետազոտական մասի տվյալները, որոնց առկայության պայմաններում միայն կարող է ջրերի արտահոսքը և ձյան շերտի սահքը վտանգ սպառնալ Ն. Զարյան 1-ին նրբանցքի թիվ 7 հասցեում առկա շինության տանիքին:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան
Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան