Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.65
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ՇԴ/0008/11/10

ՇԴ/0008/11/10

Նախագահող դատավոր՝  Ս. Համբարձումյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

  2011 թվականի մայիսի 11-ին

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ դիմող Էրիկ Իգորի Եղինյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի հուլիսի 14-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Է.Եղինյանը դիմում է ներկայացրել Շիրակի մարզի դատախազին այն մասին, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ընթացքում` 2010 թվականի ապրիլի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես խցում, այնպես էլ զբոսանքի ժամանակ դաժան ծեծի, բռնությունների է ենթարկվել դատապարտյալներ Հ.Հակոբյանի, Ս.Գասպարյանի և Ա.Մելքոնյանի կողմից, որոնք, իր կարծիքով, թմրամիջոց օգտագործած վիճակում են եղել:

Շիրակի մարզի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Բ. Պողոսյանի 2010 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Է.Եղինյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:

Վերոգրյալ որոշման դեմ Է.Եղինյանը 2010 թվականի հոկտեմբերի 19-ին բողոք է ներկայացրել Շիրակի մարզի դատախազություն, որը Շիրակի մարզի դատախազ Դ. Սարգսյանի 2010 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մերժվել է:

2. 2010 թվականի նոյեմբերի 25-ին Է.Եղինյանը Շիրակի մարզի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Բ.Պողոսյանի 2010 թվականի հոկտեմբերի 5-ի և Շիրակի մարզի դատախազ Դ. Սարգսյանի 2010 թվականի նոյեմբերի 1-ի որոշումների դեմ բողոք է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 26-ի որոշմամբ Է.Եղինյանի բողոքը մերժվել է:

3. Է.Եղինյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Է.Եղինյանը:

2011 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը Է.Եղինյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Դիմող Է.Եղինյանը պատիժ է կրում ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում (տե՛ս Նյութեր, էջ 1):

6. Առաջին ատյանի դատարանը Է.Եղինյանի բողոքով որոշում է կայացրել 2011 թվականի հունվարի 26-ին (տե՛ս Նյութեր, էջ 57):

7. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Է.Եղինյանի վերաքննիչ բողոքը, որը թվագրված է 2011 թվականի հունվարի 31-ով, Վերաքննիչ դատարանում մուտք է եղել 2011 թվականի փետրվարի 11-ին (տե՛ս Նյութեր, էջ 71-80):

8. Վերաքննիչ դատարանը Է.Եղինյանի բողոքը թողել է առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ. «Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.01.2011թ. որոշման դեմ դատապարտյալ Է.Եղինյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ քրեական դատարան է ներկայացվել 2011թ. փետրվարի 11-ին` ընդհանուր իրավասության դատարանի որոշման հրապարակման պահից հետո` տասնվեցերորդ օրը, հետևաբար այն ժամկետանց է և պետք է թողնվի առանց քննության» (տե՛ս Նյութեր, էջ 82):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:

Բողոքաբերը, մասնավորապես, նշել է, որ իր բողոքը Վերաքննիչ դատարանն առանց քննության է թողել ժամկետանց լինելու պատճառաբանությամբ, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով` ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին հանձնված է մինչև ժամկետը լրանալը:

Ի հիմնավորումն իր փաստարկի՝ բողոքաբերը վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 2011 թվականի փետրվարի 24-ի տեղեկանքը, որի համաձայն. «ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Էրիկ Իգորի Եղինյանը 31.01.2011թ. օրվա պատասխանատու հերթապահին է հանձնել երկու փակ ծրար, որոնք նույն օրը գրանցվել են համապատասխան մատյանում: Ծրարներից մեկը հասցեագրված էր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանին, մյուսը` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին: Ծրարները առաքվել են հասցեատերերին»:

Վերոշարադրյալից բողոքաբերը հետևություն է արել այն մասին, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, դրա արդյունքում ոտնահարվել են իր՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության ու «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված՝ արդար դատական քննության իրավունքները:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, մանրակրկիտ չքննելով գործի հանգամանքները և չառաջնորդվելով արդարադատության մատչելիության սկզբունքով, թույլ է տվել դատական սխալ, որն էականորեն ազդել է գործի ելքի վրա:

10. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի փետրվարի 14-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի բողոքի քրեադատավարական ժամկետների հաշվարկման վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ սույն գործով դիմողի բողոքը ժամկետանց է:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն`

«1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:

2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:

3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում է վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին: (…):

4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, իսկ կալանքի տակ գտնվող կամ բժշկական հաստատությունում տեղավորված անձանց համար, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնված է մինչև ժամկետը լրանալը: Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով, իսկ կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնելու ժամանակը` այդ հաստատությունների գրասենյակների կամ պաշտոնատար անձանց կատարած նշումով: (…)»:

13. Նախորդ կետում մեջբերված իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ քրեադատավարական ժամկետները քրեական վարույթի պատշաճ ընթացքն ապահովող կարևոր նախադրյալներից են: Դրանք իրենցից ներկայացնում են օրենքով սահմանված որոշակի ժամանակահատված, որի ընթացքում դատավարությանը ներգրավված անձինք իրավունք ունեն կամ պարտավոր են կատարել որոշակի քրեադատավարական գործողություն:

Հաշվի առնելով բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին հանձնելու առանձնահատկությունները` օրենսդիրը սահմանել է, որ ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը կալանավորվածներին պահելու վայրի կամ բժշկական հաստատության վարչակազմին են հանձնված մինչև ժամկետը լրանալը: Ընդ որում, ժամկետի հաշվարկման այս կանոնի կապակցությամբ օրենքը որևէ տարբերակում չի դնում այն դեպքերի միջև, երբ բողոքաբերն անազատության մեջ է պահվում տվյալ քրեական վարույթի շրջանակում, թե դրանից դուրս: Այդպիսի տարբերակումը չի կարող իրավաչափ լինել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված` ժամկետի հաշվարկման հատուկ կարգը նպատակ է հետապնդում հարթել այն անհավասարությունը, որը փաստացի առկա է գործողությունների լիակատար ազատություն ունեցող և այդ ազատությունը չունեցող (կալանքի տակ կամ բժշկական հաստատությունում լինելու պատճառով) անձանց միջև` անկախ այդ անձանց դատավարական կարգավիճակից:

14. ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատապարտյալն իր առաջարկությունները, դիմումները և բողոքները կարող է ներկայացնել ամեն օր ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Գրավոր բողոքները ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում ուղարկվում են հասցեատերերին»:

«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ «(…) Դատախազին, դատավորին, մարդու իրավունքների պաշտպանին, պաշտպանին, ձերբակալվածներին պահելու վայրերի և կալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններին հասցեագրված առաջարկությունները, դիմումները և բողոքները կնքված փաթեթով մեկ օրվա ընթացքում ուղարկվում են հասեցատիրոջը: (…)»:

Շարադրված դրույթների վերլուծությունից երևում է, որ դրանք առնչվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ ազատությունից զրկված անձանց բողոքների և այլ փաստաթղթերի ժամկետների հաշվարկման կարգին, քանի որ սահմանում են դրանց ուղարկման ժամկետը: Նշված օրենսդրական դրույթների տրամաբանությունից բխում է, որ ազատությունից զրկված անձանց բողոքները և այլ փաստաթղթերը համապատասխան հիմնարկներից հասցեատիրոջն ուղարկվում են ամենաուշն այդ բողոքների և այլ փաստաթղթերի ներկայացման օրվան հաջորդող օրը՝ այդ մասին համապատասխան նշագրում կատարելով ուղարկվող բողոքի, այլ փաստաթղթի կամ ծրարի վրա: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ նշագրման բացակայության դեպքում դատարանը պարտավոր է ճշտել բողոքի կամ այլ փաստաթղթի ուղարկման ժամկետը:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի համաձայն`

«1. Վերաքննիչ բողոք բերվում են` (…)

3) (….), իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելուց հետո տասնօրյա ժամկետում:

2. Ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, որի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`

«Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման կամ բերվել է 3754-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»:

Վերոգրյալ քրեադատավարական նորմերի վերլուծությունից բխում է, որ գործն ըստ էության չլուծող ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել դրանք հրապարակվելուց հետո տասնօրյա ժամկետում, և որ սահմանված ժամկետի չպահպանման դեպքում ենթակա է կիրառման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասով և 381-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնը:

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմող Է.Եղինյանը պատիժ է կրում ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանը Է.Եղինյանի բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2011 թվականի հունվարի 26-ին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Է.Եղինյանի վերաքննիչ բողոքը, որը թվագրված է 2011 թվականի հունվարի 31-ով, Վերաքննիչ դատարանում մուտք է եղել 2011 թվականի փետրվարի 11-ին (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, Է.Եղինյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում մուտք լինելու օրը` 2011 թվականի փետրվարի 11-ը, դիտելով որպես բողոքը ներկայացնելու օր, գտել է, որ այն ժամկետանց է և թողել է առանց քննության (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

17. Սույն որոշման 12-15-րդ կետերում շարադրված իրավական հիմնավորումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 16-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է դիմող Է.Եղինյանի՝ այլ գործով դատապարտյալ լինելու և ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու հանգամանքը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը չի ստուգել վերաքննիչ բողոքը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հանձնելու ժամկետը, ավելին, վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանում մուտք լինելու օրը դիտել է որպես բողոք ներկայացնելու օր և սխալ հետևության հանգել դիմողի կողմից վերաքննիչ բողոքարկման համար սահմանված ժամկետը բաց թողնելու վերաբերյալ:

18. Սույն որոշման նախորդ կետում շարադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված չէ Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ սույն գործով դիմողի բողոքը ժամկետանց է:

19. Ելնելով սույն որոշման 12-18-րդ կետերում շարադրված վերլուծությունից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, քանի որ դրա արդյունքում սահմանափակվել է դիմողի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն՝ հիմք է կայացված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի հունվարի 26-ի որոշման դեմ դիմող Էրիկ Իգորի Եղինյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի փետրվարի 14-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան
 

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան