Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.37
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0289/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0289/02/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝     Տ. Սահակյան

Դատավորներ՝  Կ. Հակոբյան 
                                     Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Տիգրան Ենոքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Տիգրան Ենոքյանի ընդդեմ պարտապան Սամվել Ստեփանյանի և պահանջատեր Լիլիա Ստեփանյանի՝ գույքը կալանքից (արգելանքից) ազատելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիգրան Ենոքյանը պահանջել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչի 24.12.2008 թվականի «գույքի վրա կալանք դնելու մասին» որոշմամբ սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Բ» թաղամասի 30 բնակելի տունը և հողամասն ազատել կալանքից (արգելանքից)։

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան) 03.06.2010 թվականի վճռով դիմումը բավարարել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.10.2010 թվականի որոշմամբ Դատարանի 03.06.2010 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է. Տիգրան Ենոքյանի դիմումը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Ենոքյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի փոփոխված 11-րդ արձանագրության 1-ին հոդվածը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի` 01.09.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով մերժվել է Լիլիա Ադունցի (Ստեփանյան) հայցն ընդդեմ Սամվել Ստեփանյանի և Տիգրան Ենոքյանի՝ տան և հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին։

Բացի այդ, ինչպես այդ դատական ակտով, այնպես էլ հետագայում հարուցված քրեական գործով կայացված դատավճռով հիմնավորվել է, որ Տիգրան Ենոքյանը վիճելի գույքի բարեխիղճ ձեռք բերող է և որևէ պարտավորություն չունի Լիլիա Ստեփանյանի նկատմամբ։ Մինչդեռ, քննիչի 24.12.2008 թվականի որոշմամբ կալանք է դրվել իր գույքի վրա, և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 05.08.2009 թվականի դատավճռով նշված արգելանքը չի վերացվել։

Իր սեփականության իրավունքի խախտումները վերացնելու համար դիմել է դատական պաշտպանության, ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասի, 437-րդ հոդվածի 2-րդ մասի, այնպես էլ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով սահմանված կարգով։ Չնայած Դատարանն իր դիմումը բավարարել է, սակայն Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ խախտվել է դիմումի քննության ենթակայության կարգը, քանի որ այն պետք է քննվեր քրեական դատավարության սահմանված կարգով և հակասելով ինքն իրեն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը։

Վերաքննիչ դատարանը, մերժելով իր դիմումը, թույլ է տվել սեփականատիրոջ իրավունքների խախտում, քանի որ նշված որոշման ուժի մեջ մտնելուց հետո Տիգրան Ենոքյանը կզրկվի իր գույքն արգելանքից հանելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանը, սխալ մեկաբանելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը, գտել է, որ այն կիրառելի չէ։

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.10.2010 թվականի որոշումը և «օրինական ուժ տալ Դատարանի 03.06.2010 թվականի վճռին կամ կայացնել իր իրավունքների խախտումը վերացնող դատական ակտ»։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

1. Լիլիա Ստեփանյանը 27.03.2004 թվականին նոտարական կարգով վավերացված լիազորագրով լիազորել է Սամվել Ստեփանյանին, որպես Լիլիա Ստեփանյանի ներկայացուցիչ, իր հայեցողությամբ ու իր կողմից սահմանված գնով ու պայմաններով վաճառել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում գտնվող տնամերձ հողամասի իրեն պատկանող բաժինը։

2. Լիլիա Ստեփանյանը 20.07.2005 թվականին հայտարարություն է տվել նոտարական գրասենյակ` վերոհիշյալ լիազորագիրը վերացնելու մասին, որը հաստատվել է նոտարի կողմից և այդ մասին 21.07.2005 թվականին տեղեկացրել է Սամվել Ստեփանյանին, և այդ փաստի վերաբերյալ վերջինս նշում է կատարել այդ հայտարարության տակ։

3. Սամվել Ստեփանյանի, Լիլիա Ստեփանյանի, որի անունից, համաձայն 27.03.2004 թվականի լիազորագրի, հանդես է եկել Սամվել Ստեփանյանը և Տիգրան Ենոքյանի միջև 24.07.2005 թվականին կնքվել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Բ» թաղամասի թիվ 30 հասցեի բնակելի տան և հողամասի առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի` Սամվել և Լիլիա Ստեփանյանները վաճառել են, իսկ Տիգրան Ենոքյանը գնել է վերը նշված հասցեի բնակելի տունը և հողամասը, և Տիգրան Ենոքյանի` պայմանագրից ծագող իրավունքը գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում, և նրա անվամբ 26.08.2005 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1500283 վկայականը։

4. Լիլիա Ստեփանյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Ենոքյանի, Լուսիկ Մատանյանի, Սամվել Ստեփանյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման և Արաբկիր նոտարական տարածքի նոտար Ս.Դանիելյանի` բնակելի տան և հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու և որպես անվավերության հետևանք սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, որը ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 01.09.2008 թվականի վճռով մերժվել է։

5. Լիլիա Ստեփանյանի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2008 թվականի որոշմամբ վերը նշված վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

6. Լիլիա Ստեփանյանի դիմումների հիման վրա Սամվել Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Թևանյանի 24.12.2008 թվականի որոշմամբ, դատարանի որոշմամբ գույքի բռնագրավումը և քաղաքացիական հայցն ապահովելու համար կալանք է դրվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Բ» թաղամասի թիվ 30 բնակելի տան և հողամասի վրա։

7. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2009 թվականի դատավճռի համաձայն` Սամվել Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման։

Նրա նկատմամբ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, և նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նշանակվել է փորձաշրջան` 2 տարի ժամկետով: Նույն դատավճռով վճռվել է Սամվել Ստեփանյանից հօգուտ Լիլիա Ստեփանյանի բռնագանձել քրեական գործով մեղադրանքի ծավալով որոշված գույքի արժեքի 1/2-ը և սույն գործով արգելադրված գույքի նկատմամբ դրված արգելանքը պահպանել մինչև Ս.Ստեփանյանի կողմից պարտավորության կատարումը։

8. Քրեական գործով տուժող Լ.Ստեփանյանի և նրա պաշտպան Ա.Արաբաջյանի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 11.11.2009 թվականի որոշմամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2009 թվականի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ բերված վերաքննիչ բողոքը մերժվել է։

9. Թիվ ԵԱՔԴ/0041/01/09 քրեական գործով Տիգրան Ենոքյանն ունեցել է վկայի կարգավիճակ (գ.թ. 5, 100):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը բաղկացած է 3 առանձին կանոններից, որի առաջին կանոնը ձևակերպում է գույքից անարգել օգտվելու իրավունքը, երկրորդը վերաբերում է գույքի առգրավման հարցերին և այդ առնչությամբ հստակ պայմաններ է սահմանում, իսկ երրորդ կանոնն ընդունում է, որ պետությունները, ի թիվս այլ իրավասությունների, իրավունք ունեն ընդհանուր շահից ելնելով վերահսկել գույքի օգտագործումը` այդ օրենքների կիրառման անհրաժեշտության պարագայում (Տես Սպորրոնգը և Լոնրոդն ընդդեմ Շվեդիայի գործով Եվրոպական դատարանի 23.09.1982 թվականի վճիռը, կետ 61)։

Գույքից անարգել օգտվելու միջամտությունը կարող է թույլատրելի համարվել, եթե`

1. նախատեսված է օրենքով

2. բխում է հանրային շահից

3. անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում:

Առաջին պայմանը ենթադրում է համապատասխան օրենքի առկայություն, որը նախատեսում է սեփականության օգտագործման սահմանափակումները: Այն միաժամանակ պետք է բավարարի թիվ 1 արձանագրությամբ և Եվրոպական դատարանի վճիռներով սահմանված պահանջները (տես Ջեյմսը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 1986 թվականի փետրվարի 21-ի վճիռը, կետ 67)։

Երկրորդ պայմանը սահմանում է, որ սեփականության իրավունքի իրականացման միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ` ելնելով ընդհանուր, հանրային շահից (տես Former king of Greece and others v Greece գործով Եվրոպական դատարանի 2000 թվականի նոյեմբերի 23-ի վճիռը, կետ 83)։

Երրորդ պայմանը նախատեսում է, որ գույքից անարգել օգտվելու միջամտությունը պետք է անհրաժեշտ լինի ժողովրդավարական հասարակությունում և ուղղված լինի իրավաչափ նպատակի հասնելուն: Անհրաժեշտ է բարենպաստ հավասարակշռություն ստեղծել հանրության շահից բխող պահանջմունքների և անհատի իրավունքների միջև: Նման բարենպաստ հավասարակշռությանը հնարավոր չէ հասնել այն դեպքերում, երբ գույքի սեփականատերը ստիպված է «անհատական և չափազանց մեծ անհարմարություններ» կրել: Կոնվենցիայի խախտում սկզբունքորեն տեղի չի ունենա, եթե առկա է կոնվենցիոն իրավունքին ավելի քիչ սահմանափակող միջոց քան այն, որն ընտրվել է որոշակի նպատակի հասնելու համար, սակայն երկու միջոցներն էլ դուրս չեն պետության հայեցողության թույլատրելի շրջանակից: Պետության հայեցողության թույլատրելի շրջանակները կախված են գործի հանգամանքներից, Կոնվենցիայով երաշխավորված իրավունքի տեսակից, միջամտության արդյունքում հետապնդվող իրավաչափ նպատակի բնույթից, ինչպես նաև միջամտության ծավալներից (Տես Fօrmer king օf Greece and օtհers v Greece գործով Եվրոպական դատարանի 2000 թվականի նոյեմբերի 23-ի վճիռը, կետ 89, Սկոլլոն ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 1995 թվականի սեպտեմբերի 28-ի վճիռը, կետ 32)։

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

Շարադրված սահմանադրական դրույթներից հետևում է, որ գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման` սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարևորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ: Դրանց սահմանափակման համար անհրաժեշտ է, որ հակակշիռ իրավական շահն ունենա բացառիկ նշանակություն: Սեփականության իրավունքի սահմանադրական արժեքի կարևորությամբ է պայմանավորված մասնավորապես ՀՀ Սահմանադրության մեջ (31-րդ հոդվածում) հետևյալ երաշխիքների ամրագրումը.

1) սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքից անձը կարող է զրկվել բացառապես օրենքով նախատեսված դեպքերում և օրենքով նախատեսված հիմքերով,

2) սեփականատիրոջ կամքին հակառակ սեփականության իրավունքը կարող է դադարեցվել միայն դատական կարգով` դատարանի որոշմամբ (տես՝ Վճռաբեկ դատարանի 27.08.2010 թվականի թիվ ԵՇԴ/0001/11/10 որոշումը):

Սույն գործով Դատարանը, պատճառաբանելով, որ քննիչի 24.12.2008 թվականի որոշմամբ գույքի բռնագրավումը և քաղաքացիական հայցն ապահովելու համար կալանք է դրվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Բ» թաղամասի թիվ 30 հասցեի բնակելի տան և հողամասի վրա, հետագայում Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.08.2010 թվականի դատավճռով գույքի բռնագրավում ընդհանրապես չի կիրառվել, իսկ արգելադրված գույքի նկատմամբ դրված արգելանքը պահպանվել է մինչև Սամվել Ստեփանյանի կողմից պարտավորության կատարումը, ինչպես նաև արձանագրելով, որ քննիչի որոշմամբ արգելադրված գույքի սեփականատերը Տիգրան Ենոքյանն է, հանգել է այն հետևության, որ Տիգրան Ենոքյանը որևէ պարտականություն կամ պատասխանատվություն չի կրում Սամվել Ստեփանյանի կողմից պահանջատեր Լիլիա Ստեփանյանին խարդախությամբ պատճառված նյութական վնասի վերականգման համար, որպիսի պայմաններում դիմումը ենթակա է բավարարման:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելու և այն փոփոխելու՝ դիմումը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ քրեական դատավարության շրջանակում քննիչի որոշմամբ գույքի վրա դրված կալանքը չի կարող վերացվել քաղաքացիական դատավարության կարգով: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 98-րդ հոդվածով սահմանված են քաղաքացիական դատավարության կարգով կիրառվող հայցի ապահովման միջոցները, որոնց շարքում նշված չէ գույքի վրա կալանք դնելը:

Վերը նշվածը հաշվի առնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է սույն գործով բողոքի հիմքում բարձրացված հարցին պատասխանելու համար պետք է քննարկման առարկա դարձվի հետևյալ իրավական հարցադրումը.

Քրեական գործով վարույթն ավարտվելուց հետո կալանքի (արգելանքի) տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում ո՞ր դատարանին է ընդդատյա շահագրգիռ անձի (գույքի սեփականատիրոջ կամ դրա օրինական տիրապետողի)՝ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ իրավունքի պաշտպանությունը:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցներն են պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը՝ արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով:

 «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ արգելանքը կիրառվում է՝ պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող՝ հայցվորին (պարտատիրոջը) պատկանող գույքի պահպանումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով, պարտապանի գույքի բռնագրավելու մասին դատարանի դատավճիռը կատարելու դեպքում:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը ներկայացվում է ընդդեմ պարտապանի և (կամ) պահանջատիրոջ: Եթե գույքի վրա արգելանք է դրվել դատավճռով գույքը բռնագրավելու կապակցությամբ, ապա որպես պատասխանող ներգրավվում են դատապարտյալը և համապատասխան ֆինանսական մարմինը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը քննում է այն ընդունելու օրվանից մեկամսյա ժամկետում:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գույքի վրա կիրառվող արգելանքը հարկադիր կատարման միջոցներից մեկն է, որը կիրառվում է ինչպես պարտապանի գույքի վրա բռնագանձումն ապահովելու և այն հետագայում պահանջատիրոջը հանձնելու կամ իրացնելու նպատակով (քաղաքացիական և քրեական գործերով), այնպես էլ պարտապանի գույքը բռնագրավելու մասին դատարանի դատավճիռը կատարելու դեպքում (քրեական գործերով):

Ընդ որում` օրենսդիրն այլ անձանց իրավունքների պաշտպանության նպատակով, արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելիության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձանց համար սահմանել է իրավունք` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան:

Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը թե քաղաքացիական, և թե քրեական գործերով երաշխավորում են արգելադրված գույքի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի իրավունքների պաշտպանությունը նաև այն դեպքում, երբ գործով վարույթն ավարտվել է: Ի դեպ, նախատեսվել են նաև այդ իրավունքի իրականացման մեխանիզմները, այն է` գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: Վերոնշյալից հետևում է, որ թե քաղաքացիական, և թե քրեական գործերի վարույթների ավարտից հետո շահագրգիռ անձը պետք է գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմի գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան, որն իրենից ենթադրում է համապատասխան պահանջի քննությունը քաղաքացիական դատավարության կարգով:

Սույն գործի փաստերի համաձայն՝ քրեական վարույթի ընթացքում քննիչի 24.12.2008 թվականի որոշմամբ, դատարանի որոշմամբ գույքի բռնագրավումը և քաղաքացիական հայցն ապահովելու համար կալանք է դրվել Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի «Բ» թաղամասի թիվ 30 բնակելի տան և հողամասի վրա: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 05.08.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած դատավճռով Սամվել Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նա դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: Նրա նկատմամբ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը և նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նշանակվել է փորձաշրջան` 2 տարի ժամկետով: Նույն դատավճռով վճռվել է Սամվել Ստեփանյանից հօգուտ Լիլիա Ստեփանյանի բռնագանձել քրեական գործով մեղադրանքի ծավալով որոշված գույքի արժեքի 1/2-ը և սույն գործով արգելադրված գույքի նկատմամբ դրված արգելանքը պահպանել մինչև Ս.Ստեփանյանի կողմից պարտավորության կատարումը։

ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի` 01.09.2008 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է այն փաստը, որ վեճի առարկա արգելադրված գույքի սեփականատերը Տիգրան Ենոքյանն է:

Հիմք ընդունելով վերը նշվածը և սույն գործի փաստերը համադրելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի ուժով Տիգրան Ենոքյանն իրավունք ունի քրեական վարույթի ավարտից հետո սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը կալանքից (արգելանքից) հանելու հայցով դիմելու ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` քաղաքացիական դատավարության կարգով գործը քննելու համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 03.06.2010 թվականի վճռին։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան