Գլխավոր տեղեկություն
Համար
N 414-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2011-12.05.2013)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.10.12/56(859) Հոդ.368
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
07.09.2011
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 սեպտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60011428

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

7 սեպտեմբերի 2011 թ.
ք. Երևան

N 414-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԱԶԱՏ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետը, 2-րդ կետի ե), ի) ենթակետերը, 6‑րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և 27-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից այլ օպերատորներին հանրային ամրակցված հեռախոսացանցի խողովակների ազատ թողունակության վարձակալության տրամադրման կանոնները` համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից այլ օպերատորներին հանրային ամրակցված հեռախոսացանցի խողովակների ազատ թողունակության վարձակալության վճարները` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

 

Հավելված N 1

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի
2011 թվականի սեպտեմբերի 7-ի
N 414-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԱԶԱՏ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

Սույն կանոնները սահմանում են հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից այլ օպերատորներին հանրային ամրակցված հեռախոսացանցի խողովակների ազատ թողունակության վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույն կանոններում օգտագործվող հասկացությունները սահմանվում են հետևյալ կերպ`

Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.

Գերիշխող օպերատոր` օպերատոր, որը Հանձնաժողովի կողմից ճանաչվել է հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող.

Օպերատոր` ցանկացած անձ, որը Հանձնաժողովի կողմից լիազորված է տիրապետել և շահագործել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցը` էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցելու նպատակով.

խողովակի ազատ թողունակություն` պահանջվող հասցեների միջև հանրային ամրակցված հեռախոսացանցի գծի ենթակառուցվածքի մաս կազմող խողովակի ուղղահայաց կտրվածքի մակերեսի 70 տոկոսի չօգտագործված մասը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2. Ցանկացած Գերիշխող օպերատոր, որը տիրապետում է հանրային ամրակցված հեռախոսացանցին, պարտավոր է վարձակալական հիմունքներով ցանկացած այլ Օպերատորի տրամադրել հանրային ամրակցված հեռախոսացանցի խողովակների ազատ թողունակությունը: Եթե խողովակի ազատ թողունակությունը սպառված չէ և որևէ Օպերատորի կողմից հայտ է ներկայացվել ազատ թողունակության վարձակալության համար, ապա որպես խողովակի ազատ թողունակություն կարելի է օգտագործել խողովակի ուղղահայաց կտրվածքի մինչև 75 տոկոսը` ներառյալ պահանջվող թողունակությունը:

3. Գերիշխող օպերատորը պարտավոր է հավասար վերաբերմունք ցուցաբերել հանրային ամրակցված հեռախոսացանցի խողովակների ազատ թողունակությունը վարձակալությամբ օգտագործել ցանկացող Օպերատորների նկատմամբ:

4. Այլ անձանց կողմից խողովակների ազատ թողունակության վարձակալության պայմանները և պահանջները պետք է նույնանման լինեն Գերիշխող օպերատորի կամ վերջինիս հետ փոխկապակցված անձանց կողմից խողովակների ազատ թողունակության վարձակալության պայմաններին ու պահանջներին:

5. Խողովակների ազատ թողունակության վարձակալության համար սահմանվող վճարի մեծությունը պետք է համաչափ լինի այդ ենթակառուցվածքը կառուցելու և պահպանելու համար Գերիշխող օպերատորի կրած ծախսերին:

6. Հանրային ամրակցված հեռախոսացանցի խողովակների ազատ թողունակության վարձակալության համար դիմող Օպերատորը պետք է տեխնիկական պայմանների առկայության ստուգման ծառայության համար 50 000 դրամ նախավճար փոխանցի Գերիշխող օպերատորի հաշվեհամարին:

7. Տրամադրված տեխնիկական պայմանները գործում են տրամադրման օրվանից հաշված 6 ամսվա ընթացքում:

8. Գծի ենթակառուցվածքով անցնող մալուխների տեղադրման, պահպանման և սպասարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Գերիշխող օպերատորի և Օպերատորի միջև կնքվող վարձակալության պայմանագրով:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԱԶԱՏ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ (ՄԵՐԺՈՒՄԸ)

 

9. Ցանկացած Օպերատոր, որը ցանկանում է վարձակալել որևէ Գերիշխող օպերատորի խողովակների ազատ թողունակությունը, պարտավոր է վարձակալության դիմում (այսուհետ` դիմում) ներկայացնել Գերիշխող օպերատորին, որն իր մեջ ներառում է Օպերատորի` ազատ թողունակություն ունեցող խողովակների վարձակալության մտադրության, պահանջվող թողունակության օգտագործման մասին տեղեկություններ` գտնվելու վայրերի (հասցեների) և վարձակալության ժամկետի նշումով: Դիմումին կից պետք է ներկայացվեն`

1) Գերիշխող օպերատորի բանկային հաշվեհամարին վճարված տեխնիկական պայմանների առկայության ստուգման ծառայության համար նախավճարի անդորրագրի պատճենը,

2) հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիայի պատճենը:

10. Գերիշխող օպերատորը, դիմումն ստանալու պահից 14 օրվա ընթացքում պարտավոր է ուսումնասիրել այն և լրացուցիչ շինարարական աշխատանքներ չպահանջվելու դեպքում Օպերատորին տրամադրել տեխնիկական պայմաններ, կամ դիմումը մերժելու մտադրության դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնել Օպերատորին և Հանձնաժողովին: Գերիշխող օպերատորը տեխնիկական պայմանները մշակում և Օպերատորին է տրամադրում ըստ դրանց նվազ ծախսատար տարբերակների:

11. Ազատ թողունակության առկայության դեպքում տեխնիկական պայմանների վերաբերյալ Օպերատորի համաձայնությունն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, Գերիշխող օպերատորը պարտավոր է Օպերատորի հետ կնքել խողովակների ազատ թողունակության վարձակալության պայմանագիր:

12. Խողովակների ազատ թողունակության վարձակալման տրամադրման համար լրացուցիչ շինարարական աշխատանքներ պահանջվելու դեպքում Գերիշխող օպերատորը` դիմումն ստանալու պահից 14 օրվա ընթացքում, պարտավոր է այդ մասին կամ դիմումը մերժելու մտադրության մասին գրավոր տեղյակ պահել Օպերատորին և Հանձնաժողովին:

13. Լրացուցիչ շինարարական աշխատանքներ պահանջվելու դեպքում Գերիշխող օպերատորը խողովակների ազատ թողունակության վարձակալության դիմում ներկայացրած Օպերատորին տրամադրում է տեխնիկական պայմաններ և ներկայացնում նախահաշիվ` խողովակների ազատ թողունակության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար` դիմումն ստանալու պահից 30 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր տեղեկացնելով Հանձնաժողովին:

14. Տրամադրված տեխնիկական պայմաններին և ներկայացված նախահաշվին Օպերատորի համաձայնության դեպքում` դրանք տրամադրելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, կնքվում է խողովակների ազատ թողունակության վարձակալության պայմանագիր:

15. Տրամադրված տեխնիկական պայմաններին և ներկայացված նախահաշվին Օպերատորի անհամաձայնության դեպքում` դրանք ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում, Օպերատորը և Գերիշխող օպերատորը բանակցում են տարաձայնությունների վերացման շուրջ: Եթե բանակցությունների արդյունքում Օպերատորը համաձայնում է տրամադրված տեխնիկական պայմաններին և ներկայացված նախահաշվին, ապա բանակցությունների ավարտին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է խողովակների ազատ թողունակության վարձակալության պայմանագիր: Բանակցությունների արդյունքում համաձայնության չգալու դեպքում կողմերից յուրաքանչյուրը կարող է դիմել Հանձնաժողով:

16. Օպերատորի կողմից խողովակների ազատ թողունակության ապահովման համար անհրաժեշտ լրացուցիչ շինարարական աշխատանքների դիմաց Գերիշխող օպերատորին կատարված վճարումը ձևակերպվում է որպես խողովակների ազատ թողունակության վարձակալության կանխավճար, հաշվանցվում է վարձակալության ծառայության արժեքի դիմաց և վարձակալության ծառայության մատուցման առաջին ամսից հաշվարկվում է որպես ծառայության մատուցման վճարի մաս: Խողովակների ազատ թողունակության վարձակալության ծառայությունից Օպերատորի հրաժարվելու դեպքում սույն կետի համաձայն ձևակերպված վարձակալության կանխավճարը չի վերադարձվում:

17. Գերիշխող օպերատորը իրավասու է մերժել օպերատորի դիմումը, եթե Հանձնաժողովին ապացուցի, որ`

1) խողովակների ազատ թողունակությունը սպառված է.

2) խողովակների ազատ թողունակությունը կսպառվի դիմումն ստանալու օրվանից հետո երեք տարվա ընթացքում:

18. Դիմումը մերժելու դեպքում Գերիշխող օպերատորը պարտավոր է Օպերատորին և Հանձնաժողովին ներկայացնել դիմումը մերժելու պատճառ հանդիսացող ապացույցները:

19. Եթե դիմումը մերժելու հիմք է հանդիսանում սույն կանոնների 17-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանը, ապա դիմումը մերժելու հիմքի ապացույց կարող է համարվել նաև Հանձնաժողովի 2008 թվականի նոյեմբերի 5-ի` «Հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից հանրային ամրակցված հեռախոսացանցի գծերի ենթակառուցվածքների գտնվելու վայրի և առկա թողունակության մասին տեղեկությունների տրամադրման մասին» N 593-Ն որոշման 1-ին կետով սահմանված` Գերիշխող օպերատորի կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկությունները: Եթե դիմումը մերժելու հիմք է նաև սույն կանոնների 17-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանը, ապա Գերիշխող օպերատորը պարտավոր է Հանձնաժողով ներկայացնել հիմքեր առ այն, որ Օպերատորի կողմից ենթակառուցվածքի պահանջված հատվածում ազատ թողունակությունը սպառված է կամ կսպառվի իր կարիքների համար դիմումի ամսաթվից հետո երեք տարվա ընթացքում:

20. Հանձնաժողովը, ուսումնասիրելով Գերիշխող օպերատորի կողմից ներկայացված դիմումը մերժելու պատճառ հանդիսացող ապացույցները, հաշվի առնելով սեփական նախաձեռնությամբ կատարված ուսումնասիրությունները, ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ընդունել Գերիշխող օպերատորի կողմից ներկայացված` դիմումը մերժելու բավարար հիմքերի առկայությունը և թույլատրել Գերիշխող օպերատորին` մերժել դիմումը.

2) մերժել Գերիշխող օպերատորի կողմից ներկայացված` դիմումը մերժելու բավարար հիմքերի առկայությունը և սահմանել տեխնիկական պայմանների տրամադրման և պայմանագրի կնքման նոր ժամկետ:

 

 

Հավելված N 2

 

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի
2011 թվականի սեպտեմբերի 7-ի
N 414-Ն որոշմամբ

 

Վ Ճ Ա Ր Ն Ե Ր

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԵՋ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՑԱՆՑԻ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԻ ԱԶԱՏ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

1. Հանրային ամրակցված հեռախոսացանցի շահագործման մեջ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորների կողմից այլ օպերատորներին հանրային ամրակցված հեռախոսացանցի խողովակների ազատ թողունակության վարձակալության ամսական վճարներն են.

1) մինչև 25 մմ տրամագիծ ունեցող յուրաքանչյուր մալուխի տեղադրման դեպքում՝ 16.67 դրամ/մետր՝ առանց ավելացված արժեքի հարկի և 20.0 դրամ/մետր՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) 25,1-45 մմ տրամագիծ ունեցող յուրաքանչյուր մալուխի տեղադրման դեպքում՝ 30.0 դրամ/մետր՝ առանց ավելացված արժեքի հարկի և 36.0 դրամ/մետր՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) 45,1-65 մմ տրամագիծ ունեցող յուրաքանչյուր մալուխի տեղադրման դեպքում՝ 43.33 դրամ/մետր՝ առանց ավելացված արժեքի հարկի և 52.0 դրամ/մետր՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) 65 մմ-ից մեծ տրամագիծ ունեցող յուրաքանչյուր մալուխի տեղադրման դեպքում՝ 56.67 դրամ/մետր՝ առանց ավելացված արժեքի հարկի և 68.0 դրամ/մետր՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: