Գլխավոր տեղեկություն
Համար
N 125-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.09.2011-23.02.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.05.04/26(398) Հոդ.265
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.02.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 փետրվարի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 փետրվարի 2005 թվականի N 125-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 31-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում հողաշինարարության կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 16
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 3-ի N 125-Ն որոշման



Կ Ա Ր Գ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում հողաշինարարության կազմակերպումը:

2. Հողաշինարարությունը հողային հարաբերությունների կարգավորմանը, հողային պաշարների կառավարմանը, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարմանը, հողերի օգտագործման ու պահպանության կազմակերպմանը, հողերի մոնիթորինգին, հողաշինարարության տարածքային և ներտնտեսային ծրագրերի (փաստաթղթերի) կազմելուն նպատակաուղղված պետական միջոցառումների համալիր է, որն ապահովում է`

ա) հողերի արդյունավետ օգտագործման և պահպանման ծրագրավորումը և կազմակերպումը` անկախ սեփականության սուբյեկտներից ու տնտեսավարման ձևերից.

բ) գյուղատնտեսական հողերի պահպանման համապետական ու տարածքային ծրագրերի մշակումը.

գ) հողամասերի հանութագրումը, տեղանքում սահմանազատումն ու ամրացումը, հողամասերի հատակագծերի, հողամասերի (այդ թվում՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող) օտարմանը կամ օգտագործման տրամադրելուն վերաբերող փաստաթղթերի նախապատրաստումը.

դ) հանրապետական, մարզային, համայնքային, միջհամայնքային, ներտնտեսական հողաշինարարական և հողի օգտագործման ու պահպանության այլ նախագծերի մշակումը.

ե) խախտված հողերի վերականգնումը, հողաշերտերի` ջրային և հողմային հողատարումից, անապատացումից, ցեխաջրերից, փլուզումներից, ջրածածկումից, ճահճացումից, պնդացումից, աղակալումից, արտադրական և կենցաղային թափոնների, ռադիոակտիվ ու քիմիական նյութերի կողմից ախտահարումից պաշտպանումը, գյուղատնտեսական հողերը բարելավելու, նոր հողեր յուրացնելու, հողերը պահպանելու և դրանց բերրիությունը բարձրացնելու համապետական և տարածքային ծրագրերի, աշխատանքային նախագծերի մշակումը.

զ) հատուկ պահպանվող տարածքների տեղաբաշխման և դրանց սահմանագծման հիմնավորումը.

է) մարզերի, համայնքների վարչական սահմանների, սեփականատերերի և հողօգտագործողների հողամասերի սահմանների նկարագրումը, ամրացումը և փոփոխությունը.

ը) հողաշինարարության գծով տեղագրական, գեոդեզիական, քարտեզագրական, հողային, ագրոքիմիական, երկրաբուսաբանական, պատմական ու մշակութային և այլ հետազոտական ու հանութագրական աշխատանքների իրականացումը.

թ) հողային ֆոնդի պետական հաշվառումը, գույքագրումը և չօգտագործվող, ինչպես նաև ոչ արդյունավետ օգտագործվող կամ իրենց նպատակային նշանակությանն անհամապատասխան օգտագործվող հողերի բացահայտումը.

ժ) հողային պաշարների վիճակի ու դրանց օգտագործման կադաստրային և թեմատիկ քարտեզների ու ատլասների կազմումը.

ժա) անշարժ գույքի միասնական կադաստրի վարումը.

ժբ) հողերի որակական և քանակական փոփոխությունների նկատմամբ համակարգված դիտարկումների (մոնիթորինգ) իրականացումը.

ժգ) նոր հողամասերի կազմավորման, հողամասերի հանութագրման, սահմանազատման, միավորման և բաժանման, գոյություն ունեցող հողամասերի կարգավորման միջոցառումների իրականացումը.

ժդ) հողերի գոտևորման, հողօգտագործման և դրանց նկատմամբ սահմանափակումների կանոնակարգումը:

3. Հողաշինարարության օբյեկտներ են Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության մարզերի, Հայաստանի Հանրապետության համայնքների տարածքները, դրանց առանձին մասերը (հողատարածքները) և հողամասերը:

4. Հողաշինարարությունն իրականացվում է հողաշինարարական փաստաթղթերի հիման վրա, որոնք կազմվում են Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության մարզերի, Հայաստանի Հանրապետության համայնքների, ինչպես նաև առանձին հողամասերի և հողատարածքների համար: Հողաշինարարական փաստաթղթերի մշակման համար հիմք են հանդիսանում հողաշինարարության իրականացման մասին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, հողաշինարարություն իրականացնելու վերաբերյալ պայմանագրերը, ինչպես նաև դատարանի վճիռները:

5. Հայաստանի Հանրապետության տարածքում հողաշինարարությունն իրականացվում է համապետական ծրագրային փաստաթուղթ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության հողային պաշարների կառավարման գլխավոր սխեմայով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին և ընդգրկում է հողերի օգտագործման ու պահպանության համապետական համալիր միջոցառումներ, հողերի բնական գյուղատնտեսական շրջանացումը, դրանց տարածագնահատման գոտիները, մարզերի, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառային ֆոնդի հողերի սահմանազատումն ու նկարագրությունը, նոր հողերի յուրացման ռեզերվներն ու հնարավորությունները:

Հայաստանի Հանրապետության հողային պաշարների կառավարման գլխավոր սխեմայի կազմման, նախագծման առաջադրանքը պետք է բխի Հայաստանի Հանրապետության տարաբնակեցման գլխավոր նախագծից:

Հայաստանի Հանրապետության հողային պաշարների կառավարման գլխավոր սխեմայի գրաֆիկական մասերը ներկայացվում են 1:200000 մասշտաբի տեղագրական քարտեզի վրա:

6. Մարզի տարածքում (միջհամայնքային) հողաշինարարությունն իրականացվում է մարզերի հողային պաշարների կառավարման սխեմայի միջոցով, որը սահմանում է համայնքների վարչական սահմանների, հանգստի գոտիների, առողջարանային, պատմամշակութային արժեք ներկայացնող տարածքների, օգտակար հանածոների հանքավայրերի սահմանազատման հիմնավորումները, ճշգրտումն ու նկարագրությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Մարզի հողային պաշարների կառավարման սխեմայի կազմման առաջադրանքը պետք է բխի Հայաստանի Հանրապետության հողային պաշարների կառավարման գլխավոր սխեմայից, որում պետք է հաշվի առնվեն նաև մարզի տարածքային հատակագծման նախագծով սահմանված դրույթները:

Մարզի հողային պաշարների կառավարման սխեմայի գրաֆիկական մասերը ներկայացվում են 1: 25000 կամ 1: 50000 մասշտաբի տեղագրական քարտեզի վրա:

(6-րդ կետը խմբ. 25.08.11 N 1211-Ն)

7. Ներհամայնքային հողաշինարարությունն իրականացվում է համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների միջոցով` տարածքի կազմակերպման, հողերի արդյունավետ կառավարման, պահպանության և օգտագործման նպատակով` առանձին համայնքի տարածքում, համայնքի միջոցների հաշվին: Համայնքների հողերի գոտևորման և օգտագործման սխեմաները կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայում պարտադիր հաշվի են առնվում մարզի հողային պաշարների կառավարման սխեմայով սահմանված դրույթները:

8. Առանձին հողամասերի կամ հողատարածքների հողաշինարարությունն իրականացվում է հողաշինարարական նախագծերի միջոցով` հողօգտագործման սահմանների հանութագրման, ճշգրտման, նոր առաջացած հողամասերի սահմանների տեղադրման, ամրացման, հողամասերի (այդ թվում՝ պետական և համայնքային սեփականության) օտարման կամ օգտագործման տրամադրելու համար փաստաթղթերի նախապատրաստման, նոր հողերի յուրացման, հողերի միավորման, բազմամյա տնկարկների հիմնման, ցանքաշրջանառության կիրառման, խախտված հողերի վերականգնման, հողաշերտերն անապատացումից, ջրային և հողմային հողատարումից, ցեխաջրերից, փլուզումներից, ջրածածկումից, ճահճացումից, չորացումից, պնդացումից, աղակալումից, արտադրական և կենցաղային թափոնների, ռադիոակտիվ ու քիմիական նյութերի կողմից ախտահարումից պաշտպանելու և այլ հողապաշտպանական միջոցառումների իրականացման նպատակով` հողամասերի կամ դրանց մի մասի տարածքում` հողամասերի սեփականատերերի կամ հողօգտագործողի միջոցների հաշվին:

Սույն կետում նշված փաստաթղթերը կազմվում են համայնքի գոտևորման և օգտագործման սխեմաներով սահմանված դրույթներին համապատասխան:

Հողերի միավորման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերով սահմանված դրույթներին համապատասխան:

9. Հողաշինարարական փաստաթղթերը հաստատվում են պատվիրատուի կողմից:

10. Նոր հողամասերի կազմավորման, հողամասերի հանութագրման, հողամասերի հատակագծերի պատրաստման, սահմանազատման, միավորման և բաժանման, գոյություն ունեցող հողամասերի կարգավորման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, այլ հողաշինարարական փաստաթղթերի (բացառությամբ հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների) կազմին և բովանդակությանը, դրանց տեքստային և գրաֆիկական մասերին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:


II. ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ


11. Հողաշինարարությունը կազմակերպվում և իրականացվում է հետևյալ հիմնական փուլերով`

ա) հողաշինարարական փաստաթղթերի տեխնիկական առաջադրանքի կազմում և հաստատում.

բ) հողաշինարարական փաստաթղթերի կազմում և հաստատում.

գ) նախագծի իրականացում, հողամասերի սահմանների ամրացում, նախագծով սահմանված միջոցառումների իրականացում.

դ) նոր հողամասերի կազմավորման, հողամասերի հանութագրման, հողամասերի հատակագծերի պատրաստման, սահմանազատման, միավորման և բաժանման, սահմանների ամրացման և գոյություն ունեցող հողամասերի կարգավորման, հողահատկացման ելակետային փաստաթղթերի նախապատրաստման միջոցառումների իրականացում.

ե) հողօգտագործման և հողերի մոնիթորինգ (հողի վիճակի, նպատակային օգտագործման և գնի դիտարկումների, դրանց հետազոտությունների և հետախուզումների իրականացում), որը ներառում է նաև հողերի վրա ամրակայված գույքի մոնիթորինգը.

զ) հողաշինարարական փաստաթղթերի կիրարկման, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված պահանջների, հողային ֆոնդի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության ապահովում:


III. ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

 

12. Պատվիրատուն հողաշինարարական փաստաթղթերի մշակման համար կազմում է տեխնիկական առաջադրանք:

Տեխնիկական առաջադրանքի կազմին ու բովանդակությանը (բացառությամբ հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների) ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` համաձայնեցնելով սույն կարգի 10-րդ կետում նշված մարմինների հետ:

13. Հայաստանի Հանրապետության տարածքի, Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքների և դրանց առանձին հատվածների համար մշակվող հողաշինարարական փաստաթղթերի մշակման տեխնիկական առաջադրանքները ենթակա են համաձայնեցման` սույն կարգի 10-րդ կետում նշված մարմինների և մարզպետների հետ:

14. Համայնքների համար տեղական բյուջեների միջոցների հաշվին մշակվող հողաշինարարական փաստաթղթերի (բացառությամբ հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների) տեխնիկական առաջադրանքները ենթակա են համաձայնեցման` համապատասխան մարզպետի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ:

15. Առանձին տարածքների և հողամասերի հողաշինարարական նախագծերի առաջադրանքները համաձայնեցվում են համայնքների ղեկավարների հետ:

16. Սույն կարգի 13-րդ կետում նշված մարմիններն առաջադրանքն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում դրա վերաբերյալ առաջարկությունները և առարկությունները ներկայացնում են պատվիրատուին:

17. Համայնքի համար մշակվող հողաշինարարական փաստաթղթի առաջադրանքը կարող է սույն կարգի 14-րդ կետում նշված մարմիններ ներկայացվել միայն համայնքի ավագանու հավանությանն արժանանալուց հետո:

18. Պատվիրատուն սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերում նշված մարմինների առաջարկությունների ու առարկությունների հիման վրա լրամշակում և հաստատում է առաջադրանքը:


IV. ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ


19. Հողաշինարարական փաստաթղթերի առաջադրանքի հիման վրա աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմինների կողմից կամ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կապալառուի միջոցով:

20. Հողաշինարարական փաստաթղթերը կազմվում են հետևյալ հիմնական փուլերով`

ա) գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների իրականացում.

բ) հողագիտական, երկրաբուսաբանական և այլ հետազոտումներ ու հետախուզումներ.

գ) հողի որակական գնահատում (բոնիտում).

դ) հողերի հաշվառում` ըստ նպատակային նշանակության, սեփականության ձևերի.

ե) նախագծի կազմում և հաստատում:

21. Հայաստանի Հանրապետության հողային ռեսուրսների կառավարման գլխավոր սխեման և մարզերի հողերի կառավարման սխեմաները սույն կարգի 10-րդ կետում նշված մարմինների ու մարզպետների հետ համաձայնեցումից հետո հաստատվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

22. Առանձին տարածքների և հողամասերի հողաշինարարական նախագծերը համայնքի ղեկավարի հետ համաձայնեցումից հետո հաստատում է պատվիրատուն:

23. Հողաշինարարական փաստաթղթերը մշակվում են Հայաստանի Հանրապետությունում նորմատիվ իրավական ակտերով, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխան: Համապատասխանության մասին եզրակացությունը (բացառությամբ հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների) տալիս է հողաշինարարական փաստաթուղթը կազմող կապալառու կազմակերպությունը, որը նշված եզրակացության հավաստիության համար կրում է օրենքով սահմանված պատասխանատվություն:


 

V. ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ


24. Հողաշինարարական փաստաթղթերում ընդգրկված հողերի արդյունավետ օգտագործմանն ու պահպանությանը, նոր հողերի յուրացմանը և սույն կարգի 5, 6, 7 և 8-րդ կետերով նախատեսված մյուս միջոցառումներն իրականացվում են փաստաթղթերով սահմանված դրույթներին, նորմերին, պահանջներին, հանձնարարականներին, ինչպես նաև ժամկետներին համապատասխան` հողաշինարարության ոլորտի նորմատիվ ակտերով սահմանված կարգով:

25. Առանձին տարածքների և հողամասերի հողաշինարարական նախագծերն իրականացվում են լիազորված պետական մարմնի կամ հողաշինարարական աշխատանքներ կատարելու լիցենզիա ունեցող անձանց միջոցով` գեոդեզիական և հողաշինարարական մեթոդներով` նախագծով սահմանված դրույթներին համապատասխան:

26. Նախագծին համապատասխան կատարված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման և արտացոլվում են հողամասի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում, ինչպես նաև հողերի ընթացիկ հաշվառման տվյալներում:


 

VI. ՆՈՐ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ, ՀԱՆՈՒԹԱԳՐՄԱՆ, ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ, ՄԻԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԲԱԺԱՆՄԱՆ, ԱՌԿԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ


27. Նոր հողամասերի կազմավորման, հողամասերի հանութագրման, սահմանազատման, միավորման և բաժանման, առկա հողամասերի կարգավորման միջոցառումներն իրականացվում են լիազորված պետական մարմնի կամ համապատասխան լիցենզիա ունեցող անձանց միջոցով՝ հողամասի սեփականատիրոջ կամ նրա կողմից լիազորված անձի դիմումի (հայտի) հիման վրա:

28. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը ներառում է հետևյալ միջոցառումները՝

ա) հողամասի (հողամասերի) հանութագրում,

բ) հողամասի (հողամասերի) հատակագծերի նախապատրաստում,

գ) հողամասերի սահմանների տեղափոխում բնության մեջ և դրանց ամրացում,

դ) հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրելու՝ հրապարակային սակարկության կազմակերպման համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի փաթեթի նախապատրաստում:

Սույն կետին համապատասխան նախապատրաստված բոլոր փաստաթղթերը ներառվում են հողամասի հողաշինարարական գործում:

VII. ՀՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ


29. Հայաստանի Հանրապետությունում բոլոր հողերը մոնիթորինգի օբյեկտ են: Հողերի մոնիթորինգն իրականացվում է համատարած և ընտրանքային դիտարկումների ձևով` սահմանված ժամանակահատվածների համար:

30. Հողերի մոնիթորինգի խնդիրներն են`

ա) հողերի վիճակի փոփոխության ժամանակին բացահայտումը, այդ փոփոխությունների կանխատեսումը և բացասական գործընթացների հետևանքների կանխարգելման ու վերացման մասին հանձնարարականների մշակումը.

բ) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, հողերի արդյունավետ օգտագործման, հողաշինարարության, հողերի օգտագործման ու պահպանման նկատմամբ պետական վերահսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովումը:

31. Հողերի մոնիթորինգն իրականացվում է համապետական և տարածքային ծրագրերին համապատասխան:

VIII. ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ, ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ


32. Հողաշինարարական փաստաթղթերի կիրարկման, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված պահանջների, հողային ֆոնդի նպատակային օգտագործման նկատմամբ հսկողությունն ապահովվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, քաղաքացիների ու իրավաբանական անձանց կողմից հողերի նպատակային օգտագործմանը և պահպանությանն ուղղված հատուկ պահանջների, նորմերի, կանոնների կատարումն ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված դրույթներին համապատասխան:

33. Հայաստանի Հանրապետության հողային պաշարների կառավարման գլխավոր սխեմայի և մարզերի հողային պաշարների կառավարման սխեմաների իրականացման նկատմամբ հսկողությունն ապահովում են հողային ռեսուրսների կառավարման լիազոր մարմինները` իրենց իրավասությունների սահմաններում:

34. Համայնքների հողերի գոտևորման և օգտագործման սխեմաների իրականացման նկատմամբ հսկողությունն իրականացնում են համապատասխան մարզպետները:

35. Առանձին տարածքի կամ հողամասի հողաշինարարական նախագծի իրականացման նկատմամբ հսկողությունն ապահովում է համապատասխան համայնքի ղեկավարը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     

Մ. Թոփուզյան