Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.63
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԼԴ/0136/01/10

ԼԴ/0136/01/10

Նախագահող դատավոր՝  Ս. Ավետիսյան

Դատավորներ`       Մ. Սիմոնյան

                          Ա. Խաչատրյան

 

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Դանիելյանի

 

Հ. Ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 

  2011 թվականի մայիսի 11-ին

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2011 թվականի փետրվարի 21-ի որոշման դեմ Լոռու մարզի դատախազության դատախազ Ս.Փիլոյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2009 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 19136409 քրեական գործը:

Նախաքննության մարմնի 2009 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Հասմիկ Ժորայի Մալխասյանը, Հակոբ Հայկի Սարգսյանը, Գառնիկ Արթուրի Բադալյանը, Դավիթ Աշոտի Պողոսյանը, Էմանուել Վաչիկի Հարությունյանը և Արթուր Գառնիկի Գասպարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ներգրավվել են որպես մեղադրյալներ:

2010 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ մեղադրյալ Գ.Բադալյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով:

2010 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ մեղադրյալ Հ.Մալխասյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

2010 թվականի ապրիլի 29-ին մեղադրյալ Է.Հարությունյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով:

2010 թվականի ապրիլի 29-ին մեղադրյալ Դ.Պողոսյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

2010 թվականի ապրիլի 29-ին մեղադրյալ Ա.Գասպարյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով:

2010 թվականի մայիսի 3-ին մեղադրյալ Հ.Սարգսյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

2010 թվականի մայիսի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 28-ի դատավճռով ամբաստանյալ Հ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման 8 (ութ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Ամբաստանյալ Հ.Մալխասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման 9 (ինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Ամբաստանյալ Գ.Բադալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման 8 (ութ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Գ.Բադալյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման 9 (ինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Ամբաստանյալ Ա.Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման 8 (ութ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Գասպարյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման 9 (ինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Ամբաստանյալ Դ.Պողոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել է ազատազրկման 8 (ութ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Ամբաստանյալ Է.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և դատապարտվել է ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

3. Մեղադրող Ս.Տոնոյանի, ամբաստանյալներ Ա.Գասպարյանի, Գ.Բադալյանի, Է.Հարությունյանի, պաշտպաններ` Գ.Հարությունյանի, Լ.Գոգինյանի, Կ.Գասպարյանի, Լ.Սիմոնյանի և Ռ.Հակոբյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը 2011 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ մեղադրող Ս.Տոնոյանի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ ամբաստանյալներ Ա.Գասպարյանի, Գ.Բադալյանի, Է.Հարությունյանի, պաշտպաններ` Գ.Հարությունյանի, Լ.Գոգինյանի, Կ.Գասպարյանի, Լ.Սիմոնյանի և Ռ.Հակոբյանի վերաքննիչ բողոքները բավարարել մասնակիորեն, այն է` բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 28-ի դատավճիռը, ամբաստանյալ Հ.Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերով և դատապարտել է ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ամբաստանյալ Հ.Մալխասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերով և դատապարտել է ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ամբաստանյալ Է.Հարությունյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 38-175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և դատապարտել է ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ամբաստանյալ Դ.Պողոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերով և դատապարտել է ազատազրկման 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ամբաստանյալ Գ.Բադալյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել է ազատազրկման ` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերով` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Գ.Բադալյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման 8 (ութ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Իսկ ամբաստանյալ Ա.Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերով, 324-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերով` 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Գասպարյանը վերջնական դատապարտվել է ազատազրկման 8 (ութ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի փետրվարի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Լոռու մարզի դատախազության դատախազ Ս.Փիլոյանը, որը Վճռաբեկ դատարանի 2011 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել, որ Հասմիկ Մալխասյանը և Հակոբ Սարգսյանը ստեղծել են կազմակերպված խումբ, որի կազմում ընդգրկվել են Արթուր Գասպարյանը, Գառնիկ Բադալյանը, Դավիթ Պողոսյանը, ովքեր կայուն խմբի կազմում նախապես միավորվել են Անահիտ Աղայանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու համար: 2009 թվականի ամռանը Ալավերդի քաղաքի բնակիչ Հակոբ Սարգսյանը վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից, բնակվել Վանաձոր քաղաքում և մտերիմ հարաբերությունների մեջ գտնվել իր բարեկամ Հասմիկ Մալխասյանի հետ: Հակոբ Սարգսյանը և Հասմիկ Մալխասյանը զբաղվել են մանրածախ առևտրով, որի ընթացքում Հակոբ Սարգսյանն օգտագործել է Հասմիկ Մալխասյանի անձնական օգտագործման «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան: Օգոստոս-նոյեմբեր ամիսներին Հասմիկ Մալխասյանը Հակոբ Սարգսյանին հայտնել է իր վաղեմի ծանոթ Անահիտ Աղայանի կողմից առևտրով զբաղվելու, մեծ գումարներ աշխատելու, Անահիտ Աղայանի և նրա քույր Վալյա Հարությունյանի հետ նախկինում ունեցած խնդիրների և նրանց պատճառով իր դատապարտվելու մասին և, նպատակ ունենալով վերջինիցս վրեժխնդիր լինել, առաջարկել է Անահիտ Աղայանի նկատմամբ կատարել ավազակային հարձակում: Իրականացնելով իրենց հանցավոր մտադրությունը` Հասմիկ Մալխասյանը և Հակոբ Սարգսյանն ստեղծել են կայուն խումբ, որի կազմում, Հասմիկ Մալխասյանի համաձայնությամբ, Հակոբ Սարգսյանն ընդգրկել է Դավիթ Պողոսյանին, Արթուր Գասպարյանին, Գառնիկ Բադալյանին, և նախապես պայմանավորվել հափշտակված գումարի բաժանման վերաբերյալ: Հասմիկ Մալխասյանը, Հակոբ Սարգսյանը, Դավիթ Պողոսյանը, Արթուր Գասպարյանը և Գառնիկ Բադալյանը հանդիպել են Հասմիկ Մալխասյանին պատկանող, Վանաձոր քաղաքի Տերյան փողոցի 14բ հասցեում գտնվող խանութում, պայմանավորվել կատարվելիք ավազակային հարձակման մանրամասների մասին, լուծել դերերի բաշխման հարցը: Արթուր Գասպարյանն ավազակային հարձակման համար օգտագործելու նպատակով պահանջել և Հակոբ Սարգսյանից ստացել է արցունքաբեր գազի գլանակը, որը հանձնվել է Դավիթ Պողոսյանին, իսկ Հասմիկ Մալխասյանից Արթուր Գասպարյանը պահանջել և ստացել է սպորտային գլխարկ: Հասմիկ Մալխասյանը խմբի անդամներին տեղեկացրել է Անահիտ Աղայանի բնակության վայրի, նրա կողմից վարած ավտոմեքենայի, երեկոյան տուն գնալու ժամի և նրա մոտ հնարավոր մեծ գումարների մասին, այնուհետև Հակոբ Սարգսյանին և Արթուր Գասպարյանին իր ավտոմեքենայով տարել և ցույց է տվել Անահիտ Աղայանի բնակության վայրը:

2009 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 19:00-ի սահմաններում Հակոբ Սարգսյանը, Դավիթ Պողոսյանը, Արթուր Գասպարյանը և Գառնիկ Բադալյանը Դավիթ Պողոսյանի կողմից վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ՄԴՄ 983 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել են Վանաձոր քաղաքի Երևան խճուղի թիվ 109 շենքի մոտ, որտեղ բնակվել է Անահիտ Աղայանը: Պայմանավորվածության համաձայն` Հակոբ Սարգսյանը և Գառնիկ Բադալյանը մնացել են շենքի մոտ, իսկ Դավիթ Պողոսյանը և Արթուր Գասպարյանը, հասնելով շքամուտքին, սպասել են Անահիտ Աղայանի տուն վերադառնալուն: Արթուր Գասպարյանը, Հասմիկ Մալխասյանից հեռախոսազանգով տեղեկանալով Անահիտ Աղայանի տուն վերադառնալու մասին, Դավիթ Պողոսյանի հետ պատրաստվել են ավազակային հարձակում կատարելուն: Անահիտ Աղայանը կանգնեցրել է ավտոմեքենան և մոտեցել շքամուտքին: Այդ ժամանակ Արթուր Գասպարյանը և Դավիթ Պողոսյանը Անահիտ Աղայանի գույքը հափշտակելու նպատակով հարձակվել են վերջինիս վրա և նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` Դավիթ Պողոսյանը որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ` արցունքաբեր գազով կուրացրել է վերջինիս, պատճառել առողջության թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, իսկ Արթուր Գասպարյանը փորձել է հափշտակել վերջինիս` 5.000 ՀՀ դրամ արժողության ձեռքի պայուսակը, սակայն, հանդիպելով Անահիտ Աղայանի դիմադրությանը, դիմել են փախուստի, որի ժամանակ Արթուր Գասպարյանի գլխից ընկել է Հասմիկ Մալխասյանի կողմից տրամադրված գլխարկը: Այնուհետև Դավիթ Պողոսյանը և Արթուր Գասպարյանը հանդիպել են Գառնիկ Բադալյանին, Հակոբ Սարգսյանին, Հասմիկ Մալխասյանին ու տեղեկացրել, որ չեն կարողացել պայուսակը հափշտակել: Նպատակ ունենալով վերջնականապես իրականացնել իրենց հանցավոր նպատակը Հակոբ Սարգսյանը կատարվելիք ավազակային հարձակման վերաբերյալ հայտնել է իր ծանոթ Էմանուել Հարությունյանին` խոստանալով նրան հափշտակված գումարից մասնաբաժին:

2009 թվականի նոյեմբերի 29-ին Հակոբ Սարգսյանը, Արթուր Գասպարյանը, Գառնիկ Բադալյանը, Հասմիկ Մալխասյանը և Էմանուել Հարությունյանը գտնվելով Հասմիկ Մալխասյանին պատկանող խանութում, պայմանավորվել են Անահիտ Աղայանի նկատմամբ կրկին կատարել ավազակային հարձակում: Այնուհետև, Հակոբ Սարգսյանը կանչել է Դավիթ Պողոսյանին և ժամը 19:00-ի սահմաններում Հակոբ Սարգսյանը Էմանուել Հարությունյանի, Դավիթ Պողոսյանի, Արթուր Գասպարյանի և Գառնիկ Բադալյանի հետ Դավիթ Պողոսյանի կողմից վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ՄԴՄ 983 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել են Չուխաջյան թաղամաս` նախօրոք իրենց հետ վերցնելով ոստիկանության նախկին ծառայող Հակոբ Սարգսյանի ոստիկանի համազգեստը: Հակոբ Սարգսյանն ավտոմեքենայից իջել է Զորավար Անդրանիկի և Նաիրի փողոցների խաչմերուկում, նախապես պայմանավորվածության համաձայն, ավազակային հարձակումից հետո իր ընկերներին և Հասմիկ Մալխասյանին դիմավորելու համար, իսկ Էմանուել Հարությունյանը, Դավիթ Պողոսյանը, Արթուր Գասպարյանը և Գառնիկ Բադալյանը հիշյալ ավտոմեքենայով գնացել են Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղի թիվ 109 շենքի բակ: Դավիթ Պողոսյանը մնացել է ավտոմեքենայում, խմբի արագ հեռացումն ապահովելու նպատակով Էմանուել Հարությունյանն սպասել է շենքի մոտ` տարածքը հսկելու համար, իսկ Արթուր Գասպարյանը, կրելով ոստիկանի գլխարկ, Գառնիկ Բադալյանի հետ մոտեցել են Անահիտ Աղայանին: Նախ Արթուր Գասպարյանը ներկայացել է ոստիկանության աշխատակից, ապա վերջինիս գույքը կրկին անգամ հափշտակելու նպատակով նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ` նույն արցունքաբեր գազով կուրացրել վերջինիս, Արթուր Գասպարյանը և Գառնիկ Բադալյանը հարձակվել են նրա վրա, ապա գետնին գցելով` ձեռքերով և ոտքերով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել Անահիտ Աղայանի մարմնի տարբեր մասերին, պատճառել առողջության թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով, որից հետո հափշտակել վերջինիս` 5.000 ՀՀ դրամ արժողության ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են Անահիտ Աղայանի անվամբ փաստաթղթեր, անձնագիր, կանացի հարդարման առարկաներ և դիմել փախուստի: Այնուհետև Էմանուել Հարությունյանը, Դավիթ Պողոսյանը, Արթուր Գասպարյանը և Գառնիկ Բադալյանը նույն ավտոմեքենայով հեռացել են դեպքի վայրից և պայմանավորվածության համաձայն` Հասմիկ Մալխասյանի և Հակոբ Սարգսյանի հետ հանդիպել Գուգարք համայնքի «Ասատուրի Աղբյուր» կոչվող վայրում և հայտնել, որ պայուսակում գումար չի եղել: Որից հետո, Արթուր Գասպարյանը և Գառնիկ Բադալյանը հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով այրել են Անահիտ Աղայանի իրերը, անձնագիրը, ոչնչացրել այն:

6. Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա է հետևյալ ձևակերպումը. «(…) հանցակցության դեպքում, յուրաքանչյուր քրեական գործով, ինչպես նախաքննական մարմինը, այնպես էլ դատարանը, պարտավոր են հիմնավորել և հստակ սահմանազատել հանցակցության մի ձևը մյուս ձևից, մինչդեռ, (…) ոչ միայն նախաքննական մարմինը, այլ նաև Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը տվյալ հարցին չեն անդրադարձել, ինչը հանգեցրել է դատական սխալի, այն է՝ կիրառվել է «կազմակերպված խումբ» առանձնապես որակյալ հատկանիշը, որը չի հաստատվել: (…) չնայած նրան, որ առաջին ատյանի դատարանը տվյալ հարցին չի անդրադարձել, այնուամենայնիվ հետազոտված ապացույցները և հաստատված փաստական հանգամանքները վերաքննիչ դատարանին հնարավորություն են տալիս առանց նոր փաստական տվյալներ հաստատելու գալ հետևության, որ սույն քրեական գործի շրջանակներում ավազակային հարձակումը կատարվել է նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց կողմից, այլ ոչ թե կազմակերպված կայուն խմբի կողմից»:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքաբերը նշել է, որ դատական ակտում շարադրված հետևությունները չեն համապատասխանում գործի փաստական հանգամանքներին և գործով ձեռք բերված ապացույցներին:

Ըստ նրա` սույն գործով կազմակերպված խմբի առկայությունը հաստատվել է մի շարք հանգամանքներով, մասնավորապես նրանով, որ Հ.Մալխասյանը տեղեկություններ է ունեցել տուժող Ա.Աղայանի կողմից գումար վաստակելու վերաբերյալ, նախկինում նրա հետ ունեցել է անախորժություններ, իր հանցավոր մտադրության մասին տեղյակ է պահել ամբաստանյալ Հ.Սարգսյանին, իսկ հետագայում ընդգրկել է նաև մյուս ամբաստանյալներին, նրանց միջև դերերի բաշխում իրականացրել, բացի այդ նախապես ձեռք է բերվել արցունքաբեր գլանակ, նախապես պայմանավորվածություն է եղել հափշտակված գումարը միմյանց մեջ բաժանելու շուրջ:

Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Վերաքննիչ դատարանը չի քննարկել համաձայնության և կայունության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը, այնինչ խմբի անդամների միջև առկա է եղել կայուն կապ, նախապես պայմանավորվածություն և առավել ծանր հանցագործություններ կատարելու վերաբերյալ հանաձայնություն: Բացի այդ, հանցավոր խմբի կայունության մասին է վկայում նաև անձանց կողմից համատեղ գործելու` համեմատաբար տևական ժամանակը, այն որ առաջին անգամ տուժող Ա.Աղայանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելուց և իրենց ակնկալած արդյունքին չհասնելուց հետո հանցավոր խումբը չի կազմալուծվել, այլ համալրվել է նոր անդամներով` հանցագործության կատարումն առավել դյուրին դարձնելու նպատակով:

8. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է պատժի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 2011 թվականի փետրվարի 21-ի որոշումը, Հ.Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել ազատազրկման 10 (տասը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, Հ.Մալխասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել ազատազրկման 10 (տասը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, Գ.Բադալյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` դատապարտելով ազատազրկման 9 (ինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Գ.Բադալյանին վերջնական դատապարտել ազատազրկման 10 (տասը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, Ա.Գասպարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` դատապարտելով ազատազրկման 9 (ինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Գասպարյանին վերջնական դատապարտել ազատազրկման 10 (տասը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, Դ.Պողոսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել ազատազրկման 9 (ինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, Է.Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով և դատապարտել ազատազրկման 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, իսկ արարքների որակման մասով օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 28-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

9. Բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակը Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքով սահմանված իրավունքի զարգացման գործառույթի իրացումն է: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցակցության ձևերի պարտադիր և այլընտրանքային հատկանիշների մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Այդ առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ամբաստանյալների արարքները պետք է որակել որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, այլ ոչ կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործություն:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն`

«(...)

2. Հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես` մինչև հանցագործության սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու մասին:

3. Հանցանքը համարվում է կազմակերպված խմբի կողմից կատարված, եթե դա կատարվել է այնպիսի անձանց կայուն խմբի կողմից, ովքեր նախապես միավորվել են մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելու համար:

(...)»:

Մեջբերված քրեաիրավական նորմերի վերլուծությունից երևում է, որ այն սահմանում է հանցակցության ձևը, այն է` հանցակիցների միջև գոյություն ունեցող համաձայնության բնույթը և հանցանքը համատեղ կատարելու եղանակը (հանցակցության և հանցակիցների մեկնաբանությունը տե՛ս mսtatis mսtandis Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարությունյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ՎԲ-48/08 որոշման 28-30-րդ կետերը):

12. ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համեմատական վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցակցության վերոնշյալ երկու ձևերը՝ նախնական համաձայնությամբ գործող անձանց խումբը և կազմակերպված խումբը, միմյանցից տարբերակելու համար էական նշանակություն ունեն հետևյալ երեք չափանիշները՝

ա) կայունությունը,

բ) միավորվածությունը,

գ) մեկ կամ մի քանի հանցանքներ կատարելը:

13. Կայունության հատկանիշն արարքը կազմակերպված խմբի կողմից որակելու համար անհրաժեշտ, հիմնական չափանիշն է:

Կազմակերպված խմբի կայունությունը դրսևորվում է խմբի ամրությամբ, անդամների կողմից իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ կազմակերպվածությամբ, խմբի անդամների ջանքերի համաձայնեցվածությամբ, խմբի մեկ կամ մի քանի անդամների կողմից մյուսներին ղեկավարելով, հատուկ, խմբի գործունեության համար անհրաժեշտ ներխմբային նորմերի առկայությամբ:

Անհրաժեշտ է ընդգծել, որ յուրաքանչյուր դեպքում կայունությունը բնութագրող վերոնշյալ հատկանիշները պետք է գնահատվեն գործի կոնկրետ հանգամանքների լույսի ներքո:

14. Կազմակերպված խմբի միավորվածության չափանիշը ենթադրում է մեկ կամ մի քանի հանցագործություններ կատարելու մշակված ծրագրերի առկայություն, այդ ծրագրերի ակտիվ իրականացում, ոտնձգությունը համատեղ կատարելու մշակված եղանակների առկայություն, դերերի՝ մշակված տեխնիկական բաշխում, հանցանքի կատարումը դյուրին դարձնելուն ուղղված՝ նախապես պայմանավորված գործողությունների կատարում, հանցանքի կատարման համար բարենպաստ պայմանների ստեղծում:

15. Կազմակերպված խումբն ստեղծվում է տևական ժամանակ հանցավոր գործունեությամբ զբաղվելու նպատակով, դրա ստեղծման նպատակը, որպես կանոն, մի շարք հանցանքներ, այդ թվում՝ համասեռ հանցագործություններ կատարելն է: ՀՀ քրեական օրենսդրությունը չի բացառել, սակայն, որ խումբը կարող է ստեղծվել մեկ, սակայն երկարատև և մանրակրկիտ պլանավորված հանցագործություն կատարելու նպատակով: Այս առումով կարևորվում են կազմակերպված խմբին բնորոշ վերոնշյալ երկու չափանիշները՝ կայունությունը և միավորվածությունը, քանի որ կազմակերպված խմբի յուրաքանչյուր անդամ գիտակցում է, որ կայուն և միավորված խմբի կազմի մեջ է մտնում, մասնակցում է խմբի անդամների փոխադարձ համաձայնությամբ կատարվող արարքներին կամ դրանց մի մասին:

16. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ սույն որոշման 12-15-րդ կետերում նշված և վերլուծված չափանիշների հետ մեկտեղ առկա են նաև նախնական համաձայնությամբ գործող անձանց և կազմակերպված խմբի տարբերակման լրացուցիչ չափանիշներ, որոնք պետք է հաշվի առնվեն հիմնական չափանիշները գնահատելիս: Դրանք են՝ կազմակերպված խմբի կողմից կատարվող հանցագործության երկարատև պլանավորումը, տևական ժամանակով հանցավոր գործունեությամբ զբաղվելու նպատակը, խմբի նյութատեխնիկական հագեցվածությունը, ընդհանուր ֆինանսական միջոցների առկայությունը և այլն:

17. Այսպիսով` կազմակերպված խմբին բնորոշ հիմնական առանձնահատկություններն են՝

ա) հանցանքի կատարմանը երկու կամ ավելի անձանց մասնակցությունը,

բ) մասնակից անձանց միջև առկա ամուր սուբյեկտիվ կապը, հանցանքը համատեղ կատարելու վերաբերյալ նախապես ձեռք բերված համաձայնությունը,

գ) հանցանքի կատարումը խմբի մեկ կամ մի քանի անդամների կողմից՝ այն պայմաններում, երբ խմբի մյուս անդամները կազմակերպել, դրդել կամ օժանդակել են հանցանքի կատարումը,

դ) հանցանքը համատեղ, միասնական ջանքերով կատարելը,

ե) յուրաքանչյուր անձի՝ հանցանքը համատեղ կատարելուն ուղղված դիտավորությունը,

զ) յուրաքանչյուրի գործողության համաձայնեցվածությունը մյուսի գործողության հետ, ինչն արտացոլում է հանցանքի կատարման վերաբերյալ նրանցից յուրաքանչյուրի տեղեկացվածությունը:

18. Նախնական համաձայնությամբ գործող անձանց պարագայում (ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մաս) հանցագործության մասնակիցները մինչև հանցանքի օբյեկտիվ կողմը կազմող գործողություններն սկսելը պայմանավորվում են հանցանքը համատեղ կատարելու մասին: Ընդ որում, համաձայնությունը ձեռք է բերվում խմբի անդամների կողմից գործողությունների համատեղ կատարման ուղղվածության, հանցագործության կատարման տեղի, ժամանակի, եղանակի և միջոցների, ինչպես նաև խմբի անդամների միջև դերաբաշխման շուրջ: Հանցակցության այս ձևում հանցագործության կատարման մեխանիզմների կոնկրետացումը թերի է և ոչ լիարժեք, թերի են նաև հանցակիցների միջև դերակատարման բաշխումը և պայմանները:

Ի համեմատ նախնական համաձայնությամբ խմբի՝ կազմակերպված խմբի պարագայում (ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մաս) առկա է կազմակերպվածության առավել բարձր աստիճան: Հանցակցության այս ձևը բնութագրվում է պլանավորվածությամբ, մանրակրկիտ նախապատրաստվածությամբ, ինչպես նաև հանցակիցների միջև դերերի բաշխմամբ ու անդամների մասնագիտացվածությամբ: Կազմակերպված խմբի անդամները ոչ թե պարզապես համաձայնության են գալիս հանցանքը համատեղ կատարելու մասին, ինչպես դա առկա է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցանք կատարելու դեպքում, այլ համաձայնություն են ձեռք բերում մեկ կամ մի քանի հանցագործություն համատեղ կատարելու շուրջ:

19. Սույն գործի նյութերից երևում է, որ տուժողի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մտադրությունը ծագել է ամբաստանյալ Հ.Մալխասյանի մոտ, իր այդ մտադրության մասին նա հայտնել է Հակոբ Սարգսյանին: Վերջիններս հանցանքի կատարմանը ներգրավել են Դ.Պողոսյանին, Ա.Գասպարյանին, Գ.Բադալյանին և նախապես պայմանավորվել հափշտակված գումարի բաժանման վերաբերյալ: Ավազակային հարձակման առաջին փորձն անհաջողությամբ ավարտվելուց հետո իրենց հանցավոր մտադրությունը վերջնականապես իրականացնելու նպատակով, Հակոբ Սարգսյանն ավազակային հարձակմանը մասնակից է դարձրել իր ծանոթ Է.Հարությունյանին` խոստանալով նրան հափշտակված գումարից մասնաբաժին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Վերլուծելով վերոնշյալ անձանց կողմից հանցանքի կատարման առանձնահատկությունները՝ Վերաքննիչ դատարանը գտել է, որ «(…) սույն քրեական գործի շրջանակներում ավազակային հարձակումը կատարվել է նախնական համաձայնության գալով մի խումբ անձանց կողմից, այլ ոչ թե կազմակերպված կայուն խմբի կողմից» (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

20. Մեջբերված փաստական տվյալների ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալները նախնական համաձայնություն են ունեցել ընդամենը մեկ հանցագործություն կատարելու վերաբերյալ, որը չի ենթադրել երկարատև ու բարդ նախապատրաստական աշխատանք: Նրանք այլ հանցագործություն չեն կատարել և այդ կապակցությամբ պայմանավորվածություն չեն ունեցել: Բացի այդ, ամբաստանյալների կողմից կատարված հանցագործությունը մանրամասն մշակված չի եղել. ինչի մասին է վկայում, մասնավորապես, ավազակային հարձակման առաջին փորձն անհաջողությամբ ավարտվելը: Էական է նաև այն հանգամանքը, որ խմբում հեշտությամբ նոր անդամ է ներգրավվել:

Այսպիսով, սույն գործով առկա չէ «կազմակերպված խմբի» կայունության հատկանիշը, որը դրսևովել է հետևյալում. բացակայել են խմբի անդամների ամուր և մշտական կապը, հանցագործության նախապատրաստության կամ կատարման առանձնահատուկ մեթոդների կիրառումը, խմբի անդամների անխախտ համաձայնությունը, կազմակերպվածության բարձր աստիճանը, հանցավոր գործունեությամբ տևական ժամանակով զբաղվելու նպատակը, հնարավոր է եղել խմբի կազմից դուրս գալ և խումբը համալրել նոր անդամներով:

21. Սույն որոշման 10-18-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 19-20-րդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավորված է Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ամբաստանյալների արարքները պետք է որակել որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, այլ ոչ կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործություն:

22. Սույն որոշման մեջ վկայակոչված հանցակցության ձևերի վերլուծության համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակցության ձևերից ամենավտանգավորին՝ հանցավոր համագործակցությանը և ընդգծել այն առանձնահատկությունները, որոնք հնարավորություն են տալիս այն տարբերել կազմակերպված խմբից:

23. Հասարակության և պետության համար առավել վտանգ ներկայացնող հանցակցության ձևը՝ հանցավոր համագործակցությունը, նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով, որի համաձայն՝ «Հանցանքը համարվում է հանցավոր համագործակցության կողմից կատարված, եթե դա կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու համար ստեղծված, համախմբված, կազմակերպված խմբի կողմից կամ նույն նպատակներով ստեղծված կազմակերպված խմբերի միավորմամբ, ինչպես նաև եթե դա կատարվել է այդպիսի համագործակցության անդամի (անդամների) կողմից ի կատարումն դրա հանցավոր նպատակների, ինչպես նաև հանցավոր համագործակցության առաջադրանքով դրա անդամ չհամարվող անձի կողմից»:

Մեջբերված քրեաիրավական դրույթի վերլուծությունից երևում է, որ հանցավոր համագործակցության բնութագրական առանձնահատկություններն են.

1. խմբի առավել մեծ կայունությունը և համախմբվածությունը,

2. առավել բարդ ներքին կառուցվածքը,

3. ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու հատուկ նպատակը:

24. Համախմբվածությունը հանցավոր համագործակցության սոցիալ-հոգեբանական բնութագիրն է, որն արտացոլում է հանցավոր նպատակների իրականացման համար մասնակիցների ընդհանրությունը:

Հանցավոր համագործակցության կայունությունը և համախմբվածությունը որոշվում է առավել երկար տևողությամբ հանցավոր գործունեությամբ զբաղվելու նպատակով և այն հանցագործությունների ծանրությամբ, որոնք նպատակ ունեն կատարել համագործակցության անդամները: Համախմբվածությունը, որով հանցավոր համագործակցությունը տարբերվում է կազմակերպված խմբից, բնութագրվում է նաև համագործակցության բարդ կառուցվածքով և առավել բարձր աստիճանի կազմակերպվածությամբ: Հանցավոր համագործակցությունը բնութագրվում է հիերարխիկ կառուցվածքով: Որպես կանոն, հանցավոր համագործակցությունն ունի ոչ թե մեկ հեղինակավոր կազմակերպիչ կամ ղեկավար, այլ կառավարվում է մի քանի անձանց կողմից, որոնցից մեկը, այնուամենայնիվ, համագործակցության պարագլուխն է: Բացի այդ, հանցավոր համագործակցությունն իր մեջ կարող է ընդգրկել մի քանի կազմակերպված խմբեր և հանդես գալ որպես դրանց միավորում, որը ղեկավարվում է մեկ ընդհանուր կենտրոնից:

 25. Հիմք ընդունելով սույն որոշման մեջ շարադրված իրավական հիմնավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքում նշված հիմքերով սույն գործով նյութական օրենքի էական խախտումներ թույլ չեն տրվել, այդ առումով Վերաքննիչ դատարանի որոշումը օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա վճռաբեկ բողոքը պետք է մերժել` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալներ Հակոբ Հայկի Սարգսյանի, Հասմիկ Ժորայի Մալխասյանի, Էմանուել Վաչիկի Հարությունյանի, Դավիթ Աշոտի Պողոսյանի, Գառնիկ Արթուրի Բադալյանի և Արթուր Գառնիկի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան

 

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան