Գլխավոր տեղեկություն
Համար
N 1209-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.09.2011-06.01.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.11.04/55(721) Հոդ.1232
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.10.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2009 թվականի N 1209-Ն

 

«ԱՐԵՎԻԿ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԱՐԵՎԻԿ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ «ԱՐԵՎԻԿ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 13-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերի, ինչպես նաև Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազանների տարածքներում բնական էկոհամակարգերի, դրանց կենսաբանական և լանդշաֆտային բազմազանության, բնական պաշարների, բնության եզակի հուշարձանների, էնդեմիկ և հազվագյուտ կենդանիների միջսահմանային բնակության միջավայրերի պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ստեղծել «Արևիկ» ազգային պարկ` 34401.8 հեկտար ընդհանուր մակերեսով` ներառելով`

1) Մեղրիի անտառատնտեսության Լիճքի անտառապետության տարածքը (11914 հեկտար), այդ թվում` ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թվականի օգոստոսի 10-ի N 400 որոշմամբ ստեղծված «Բողաքար» (2728 հեկտար) արգելավայրը, ինչպես նաև «Արևիկ» ազգային պարկի ամբողջականությունն ապահովող Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները` 7975.8 հեկտար ընդհանուր մակերեսով.

2) Մեղրիի անտառատնտեսության Շվանիձորի անտառապետության տարածքը (14512 հեկտար):

2. Հիմնադրման միջոցով ստեղծել «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

3. Հաստատել`

1) «Արևիկ» ազգային պարկի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սահմանել, որ`

1) «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն է.

2) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները.

3) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում են պետական սեփականություն հանդիսացող «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մեղրիի անտառատնտեսություն» մասնաճյուղին նախկինում ամրացված՝ 5.319.213 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքերն ու շինությունները, ինչպես նաև Լիճքի անտառապետության (11914 հեկտար) և Շվանիձորի անտառապետության (14512 հեկտար) համապատասխան հողատարածքները, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողերը (7975.8 հեկտար)՝ ըստ անտառաշինական և հողաշինարարական նախագծերի` համաձայն N 3 հավելվածի, իսկ սեփականության իրավունքով` «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մեղրիի անտառատնտեսություն» մասնաճյուղի սեփականությունը հանդիսացող` նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող և պատմամշակութային նշանակություն չունեցող, 1.517.330 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.

4) «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Արևիկ» ազգային պարկի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, գույքագրման, հաշվառման, մոնիթորինգի, ինչպես նաև ազգային պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել`

1) սույն որոշման 4-րդ կետով նախատեսված` հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.

2) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Մեղրիի անտառատնտեսություն» մասնաճյուղի գործունեության դադարման պետական գրանցումը:

6. Թույլատրել «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) կենսառեսուրսների, այդ թվում՝ բույսերի և կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում.

2) բնափայտի, այդ թվում` երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում.

3) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպում.

4) կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում.

5) գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում.

6) հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.

7) «Արևիկ» ազգային պարկին վերաբերող գովազդի կազմակերպում.

8) գիտական, գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում.

9) անշարժ և շարժական գույքի` վարձույթով ժամանակավոր օգտագործման տրամադրում.

10) հուշանվերների արտադրություն և ցուցահանդես-վաճառքների կազմակերպում:

7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

1) «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո երկամսյա ժամկետում ապահովել դրա պետական գրանցումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Արևիկ» ազգային պարկի սահմանների ճշգրտման, ինչպես նաև «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող հողերի սահմանների հստակեցման, գործառնական գոտևորման և քարտեզագրման միջնաժամկետ ծախսային ծրագիրը.

3) «Արևիկ» ազգային պարկի հողաշինարարական և անտառաշինական քարտեզների հիման վրա 2010 թվականի ընթացքում` սահմանված կարգով ապահովել «Արևիկ» ազգային պարկի տարածքի քարտեզագրումը, գոտևորման սխեմայի կազմումը, ազգային պարկի ու դրա պահպանման գոտու սահմանների ճշտումը և դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո` հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2010 թվականի հունվարի 1-ը օրենքով սահմանված կարգով հաստատել «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառուցվածքը, հաստիքացուցակը և գործունեության ծախսերի նախահաշիվը:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հայտի հիման վրա` սույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող հողերի սահմանների ճշտման, գործառնական գոտևորման և քարտեզագրման միջնաժամկետ ծախսային ծրագրի և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ու պահպանման 2010 թվականի ծախսերի վերաբերյալ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2009 թ. հոկտեմբերի 28

Երևան

 

 

 

Հավելված N 1 
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1209-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԱՐԵՎԻԿ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Արևիկ» ազգային պարկը (այսուհետ՝ պարկ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի (Մեղրու տարածաշրջան) Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջին` Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ջրհավաք ավազաններում` Մեղրիի անտառատնտեսության և «Բողաքար» արգելավայրի բազայի վրա: Այն ընդգրկում է Մեղրի գետի ջրհավաք ավազանի վերին, միջին հատվածները` Տաշտուն գյուղից մինչև Լեհվազի և Վահրավարի գյուղական համայնքների վարչական սահմաններից դուրս` Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերի վրա գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողերը` 34401.8 հեկտար ընդհանուր մակերեսով:

2. «Արևիկ» ազգային պարկի ստեղծման նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի ջրային ու ցամաքային բնական էկոհամակարգերի զարգացման բնականոն ընթացքի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության և պատմամշակութային եզակի հուշարձանների, բնության ժառանգության պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, ինչպես նաև բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումը.

2) Մեղրիի լեռնաշղթայի հարավային լեռնալանջերի և Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան լանջերի տարածքներում հանդիպող էնդեմիկ, հազվագյուտ և անհետացման վտանգված վայրի բույսերի ու կենդանիների տեսակների, գենոֆոնդի և դրանց ապրելավայրի (աճելավայրի) պահպանությունը.

3) բնական լանդշաֆտների, դրանց առանձին տարրերի բնական գործընթացների և երևույթների գիտական ուսումնասիրությունը՝ ուղղված պարկի տարածքի բնական էկոհամակարգերում ընթացող գործընթացների կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու բնության պահպանության գիտական հիմունքների մշակմանը, պարկին հարակից տարածքների համար բնության պահպանության և օգտագործման արդյունավետ ձևերի մշակման համար բազայի ապահովմանը.

4) պարկի մոնիթորինգի կազմակերպման ու իրականացման, կադաստրի և բնության տարեգրության վարման, տարածաշրջանի բնության թանգարանի կազմակերպման համար բազայի ապահովումը.

5) գիտաճանաչողական զբոսաշրջության զարգացման նախադրյալների ապահովումը.

6) բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար համապատասխան նախադրյալների ապահովումը:

3. Պարկի տարածքում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողերը` ներառյալ ջրերը, ընդերքը, կենդանական և բուսական աշխարհը:

4. Պարկի տարածքի հողերի և բնական պաշարների օգտագործումն ու պահպանությունը, հողային հարաբերությունները, ինչպես նաև քաղաքաշինական գործունեությունը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Պարկի տարածքն ըստ պահպանության և օգտագործման ռեժիմի, գործառնական նշանակության և էկոլոգիական, գիտական, ռեկրեացիոն, տնտեսական, պատմամշակութային ու գեղագիտական արժեքների բաժանվում է հետևյալ տարածագործառնական գոտիների`

1) արգելոցային.

2) արգելավայրային.

3) ռեկրեացիոն.

4) տնտեսական:

6. Պարկի անվանումն է`

1) հայերեն լրիվ՝ «Արևիկ» ազգային պարկ.

2) հայերեն կրճատ՝ «Արևիկ» ԱՊ.

3) ռուսերեն լրիվ՝ "Национальный парк Аревик".

4) ռուսերեն կրճատ՝ ПН "Аревик".

5) անգլերեն լրիվ՝ "Arevik" National Park".

6) անգլերեն կրճատ՝ "Arevik" NP:

 

II. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՌԵԺԻՄԸ

 

7. Պարկի արգելոցային գոտու տարածքում արգելվում են`

1) ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով, և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) տնտեսական և բնակելի օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունն ու շահագործումը` բացառությամբ արգելոցային գոտու գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների (անտառապահի տնակ, արգելափակոց, սահմանանշան և այլն) և ճանապարհների շինարարության.

3) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

4) որսորդությունը, ձկնորսությունը.

5) կենդանիների և բույսերի նոր տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծումը և օգտագործումը, ինչպես նաև առանձին տեսակների թվի մեծացման կամ պակասեցման նպատակով կատարվող որևէ աշխատանք.

6) բույսերի, ծաղիկների, պտուղների և սերմերի մթերումը` բացի արգելոցային գոտու տարածքի գիտական հետազոտությունների համար նախատեսված հավաքածուների հավաքից.

7) անտառահատումները, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ` բացառությամբ պարկի և դրա աշխատողների կարիքների համար հատկացված հողակտորներում սահմանված կարգով խոտհնձի և մեղվաբուծության.

8) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

9) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության ու շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

10) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, որոնք առաջացնում են հողային ծածկույթի խախտում.

11) օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

12) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

13) այլ ցանկացած գործունեություն, որը խախտում է պարկի արգելոցային գոտու բնական համակարգերն ու օբյեկտները կամ սպառնում դրանց պահպանությանը:

8. Պարկի արգելոցային գոտու տարածքում թույլատրվում են`

1) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը.

2) պարկի կառավարման պլաններով սահմանված երթուղիներով ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

3) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը:

9. Պարկի արգելոցային գոտու տարածք մուտքը թույլատրվում է «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի կամ դրա լիազորված պետական կառավարման մարմնի կողմից տրված անցագրերով:

10. Պարկի արգելավայրային գոտում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անասունների արածեցումը.

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

9) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

10) արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների օգտագործումը.

11) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.

12) այլ ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրային գոտու էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

11. Պարկի արգելավայրային գոտում թույլատրվում են`

1) մարդածին գործունեության հետևանքով էկոհամակարգի հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող միջոցառումների իրականացումը.

2) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքները.

3) ճանաչողական զբոսաշրջությունը.

4) տարածքին բնորոշ վայրի բույսերի և կենդանիների, այդ թվում` հազվագյուտ և անհետացող տեսակների վերարտադրությանը նպատակաուղղված միջոցառումների իրականացումը.

5) գիտահետազոտական ուսումնասիրությունները:

12. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անասունների արածեցումը.

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ այլ թունավոր նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.

8) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտմամբ), օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

9) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

10) արդյունագործական նպատակով բուսական և կենդանական աշխարհի օբյեկտների և դրանց արգասիքների օգտագործումը.

11) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:

13. Պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում թույլատրվում են`

1) քաղաքացիների հանգիստը.

2) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը (այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

3) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

4) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

5) սիրողական և մարզական ձկնորսությունը՝ այդ նպատակով առանձնացված վայրերում.

6) ռեկրեացիայի նպատակով հողերն օրենքով սահմանված կարգով վարձակալության տրամադրելը և համապատասխան սպասարկման ծառայությունների կազմակերպումը.

7) սանիտարական և խնամքի հատումները.

8) էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.

9) սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման ու վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումները.

10) տրանսպորտային միջոցների մուտքն ու կանգառը՝ այդ նպատակով առանձնացված վայրերում.

11) վրանների տեղադրումը` դրանց համար առանձնացված վայրերում:

14. Պարկի տնտեսական գոտու տարածքում արգելվում են`

1) ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

2) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.

3) անտառահատումները (բացառությամբ սանիտարական և խնամքի հատումների).

4) բույսերի և կենդանիների նոր տեսակների, ինչպես նաև կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված` գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծման և կլիմայավարժեցման աշխատանքները.

5) թունաքիմիկատների օգտագործումը` բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.

6) էկոլոգիապես վնասակար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումների և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.

7) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը.

8) ընդերքի շահագործումը` պայթեցման միջոցով.

9) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.

10) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում:

15. Պարկի տնտեսական գոտու տարածքում թույլատրվում են`

1) էկոլոգիապես մաքուր մեթոդներով գյուղատնտեսական արտադրությունը.

2) տարածքին բնորոշ հազվագյուտ և արժեքավոր վայրի բույսերի ու կենդանիների վերարտադրությունը.

3) զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը.

4) պարկի պահպանության ռեժիմներով չարգելված արտադրության կազմակերպման նպատակով հողերի վարձակալությունը.

5) օրգանական պարարտանյութերի և բուսական ու կենդանական տեսակների վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական ծագում ունեցող պայքարի միջոցների օգտագործումը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքի, ջրային, բուսական և կենդանական ռեսուրսների օգտագործումը, այդ թվում՝ արդյունագործական ձկնորսությունը.

7) բնական էկոհամակարգերի, կենսաբազմազանության, լանդշաֆտների, բնության ժառանգության գիտական ուսումնասիրությունները, հաշվառումը, գույքագրումը, մոնիթորինգը (այդ թվում՝ գյուղատնտեսական, արտադրության, զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).

8) ուսումնական հաստատությունների կրթադաստիարակչական և ուսումնաարտադրական պրակտիկաների անցկացումը.

9) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.

10) սանիտարական և խնամքի հատումները.

11) տրանսպորտային միջոցների երթևեկությունն ընդհանուր օգտագործման ճանապարհներով և ջրային ուղիներով:

16. Պարկի տարածքի օգտագործումը վճարովի է (բացառությամբ կրթադաստիարակչական միջոցառումների և գիտական ուսումնասիրությունների), և այն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ՊԱՀՊԱՆՄԱՆ (ԲՈՒՖԵՐԱՅԻՆ) ԳՈՏԻՆ

 

17. Պարկի պահպանման գոտին ընդգրկում է Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի վերին հոսանքների, ինչպես նաև Մեղրիի լեռնաշղթայի հարավային լեռնալանջերի ջրհավաք ավազանի ջրբաժան գծերով սահմանափակված տարածքները:

 

IV. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՏՈՒ ՌԵԺԻՄԸ

 

18. Պարկի պահպանման գոտու տարածքում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

19. Պարկի պահպանման գոտու տարածքում ընդգրկված` սեփականատերերի հողամասերի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

V. ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

20. Պարկի պահպանությունն իրականացնում է «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2 
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1209-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԱՐԵՎԻԿ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող բնապահպանական, գիտահետազոտական, գիտաճանաչողական (էկոկրթական) կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին, սույն կանոնադրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

2. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ հիմնադիր):

3. Կազմակերպության կանոնադրությունը դրա հիմնադիր փաստաթուղթն է:

4. Կազմակերպությունը «Արևիկ» ազգային պարկի (այսուհետ՝ պարկ) տարածքում ապահովում է պարկի կանոնադրությամբ ամրագրված պահանջների կատարումը:

5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն, ռուսերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, կարող է ունենալ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Կազմակերպության անվանումն է՝

1) հայերեն լրիվ՝ «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ՝ «Արևիկ» ազգային պարկ» ՊՈԱԿ.

3) ռուսերեն լրիվ՝ "Национальный парк Аревик” государственная некоммерческая организация.

4) ռուսերեն կրճատ՝ ГНО НП "Аревик".

5) անգլերեն լրիվ՝ "Arevik" National Park" State Non-Commercial Organization.

6) անգլերեն կրճատ՝ "Arevik" NP SNCO:

7. Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղ. Մեղրի:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

8. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը պարկի տարածքում գտնվող էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, ինչպես նաև պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է: Այդ նպատակով կազմակերպությունը`

1) ապահովում է Զանգեզուրի լեռնաշղթայի Մեղրի լեռնաբազուկի հարավային լանջերին` Մեղրի, Շվանիձոր և Նյուվադի գետերի ավազանների ու դրանց հարակից տարածքներում էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության պահպանությունը, կազմակերպում և իրականացնում է դրանց գիտական ուսումնասիրությունը.

2) կազմակերպում և իրականացնում է բնական էկոհամակարգերի ու դրանց առանձին բաղադրիչների, բուսական և կենդանական աշխարհի հաշվառումն ու նախապատրաստում կադաստրի վարման համար անհրաժեշտ նյութերը.

3) իրականացնում է էկոլոգիական մոնիթորինգ և կազմակերպում բնության թանգարանի գործունեությունը: Թանգարանում պահպանվում ու ցուցադրվում են պարկի և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի էկոհամակարգերին և դրանց տարրերին վերաբերող ցուցանմուշներ, հավաքածուներ ու տեղեկատվություն.

4) կանխարգելում է մարդու գործունեության հետևանքով պարկի բնական էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող գործընթացները և իրականացնում խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումներ.

5) կազմակերպում է ճանաչողական զբոսաշրջություն.

6) իրականացնում է հակահրդեհային միջոցառումներ.

7) ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարկի կանոնադրությամբ սահմանված դրույթների պահանջների կատարումը.

8) իր իրավասության սահմաններում իրականացնում է բնակչության էկոլոգիական կրթությանն ու դաստիարակությանն ուղղված միջոցառումներ.

9) ծրագրում և կազմակերպում է գիտահետազոտական աշխատանքներ.

10) անդամակցում է միջազգային բնապահպանական կազմակերպություններին, մասնակցում միջազգային բնապահպանական ծրագրերին.

11) պատրաստում ու հրատարակում է գիտական և գիտաճանաչողական գրականություն ու տեղեկատվական նյութեր.

12) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

9. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

1) կենսառեսուրսների, այդ թվում՝ բույսերի ու կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում.

2) բնափայտի, այդ թվում` երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում.

3) ճանաչողական զբոսաշրջության կազմակերպում.

4) կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում.

5) գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում.

6) հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում.

7) պարկին վերաբերող գովազդի կազմակերպում.

8) գիտական, գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում.

9) հուշանվերների արտադրություն և ցուցահանդես-վաճառքների կազմակերպում.

10) անշարժ և շարժական գույքի` վարձույթով ժամանակավոր օգտագործման տրամադրում:

10. Ըստ գործառնական գոտիների՝ կազմակերպության գործունեության հիմնական տեսակներն են՝

1) արգելոցային գոտու տարածքում`

ա. էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների գույքագրումն ու հաշվառումը,

բ. մոնիթորինգի կազմակերպումն ու իրականացումը,

գ. ճանաչողական զբոսաշրջության հետ կապված վճարովի ծառայությունների մատուցումը.

2) արգելավայրային գոտու տարածքում`

ա. սանիտարական և խնամքի ծառահատումների արդյունքում ստացվող փայտանյութի մթերումն ու իրացումը,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` բուսական և կենդանական պաշարների մթերումը և դրանց իրացումը,

գ. զբոսաշրջության կազմակերպումը.

3) ռեկրեացիոն գոտու տարածքում՝

ա. քաղաքացիների հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների կազմակերպումը,

բ. քաղաքացիների հանգստի կազմակերպումը,

գ. անշարժ և շարժական գույքի` վարձույթով ժամանակավոր օգտագործման տրամադրումը,

դ. սանիտարական և խնամքի ծառահատումների արդյունքում ստացվող փայտանյութի մթերումն ու իրացումը,

ե. տարածքում՝ տրանսպորտային միջոցների մուտքի և կանգառի նպատակով հատուկ առանձնացված և կահավորված վայրերում տրանսպորտային միջոցների կանգառի (պահպանության) գծով վճարովի ծառայությունների մատուցումը.

4) տնտեսական գոտու տարածքում`

ա. պարկերի արգելոցային, արգելավայրային և հանգստի գոտիներին անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղադրումը,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկրեացիոն սպասարկմանը նպաստող՝ էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպումն ու իրացումը, այդ մթերքների վերամշակումը,

գ. ջրային, բուսական և կենդանական պաշարների օգտագործումը,

դ. սանիտարական և խնամքի ծառահատումների արդյունքում ստացվող փայտանյութի մթերումն ու իրացումը,

ե. հուշանվերների արտադրությունը և ցուցահանդես-վաճառքների կազմակերպումը:

11. Կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորված պետական մարմինը, կոլեգիալ կառավարման մարմինը (այսուհետ՝ խորհուրդ) և գործադիր մարմինը՝ տնօրենը:

(12-րդ կետը փոփ. 08.09.11 N 1310-Ն)

13. Կազմակերպության հիմնադիրն ունի դրա գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնականապես լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

14. Հիմնադրի լիազորությունները սահմանվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

14.1. Խորհուրդը կազմված է հինգ անդամից, որոնցից մեկն ընտրվում է կազմակերպության ընդհանուր ժողովի կողմից: Խորհրդի անհատական կազմը հաստատվում է լիազորված պետական մարմնի կողմից:

(14.1 կետը լրաց. 08.09.11 N 1310-Ն)

15. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են՝

1) սահմանված կարգով կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի կամ ներկայացուցչությունների ստեղծումը.

2) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.

3) կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

4) կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

5) կազմակերպության տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.

6) կազմակերպության գործունեության մասին հաշվետվությունները լսելը և դրա գործունեության վերստուգման արդյունքները քննարկելը.

7) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

8) կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

9) կազմակերպության լուծարման հանձնաժողովի ստեղծումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

10) պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

11) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործառույթների իրականացումը:

15.1. Խորհրդի լիազորություններն են`

1) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված կազմակերպության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ պետական կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ ներկայացնելը.

2) ազգային պարկի հողամասերի վարձակալության, կառուցապատման իրավունքի և հողամասի նկատմամբ կնքվող այլ պայմանագրերին ու դրանցում կատարվող փոփոխություններին համաձայնություն տալը և կազմակերպության կողմից վարձակալության կամ օգտագործման իրավունքով հանձնվող գույքի, այդ թվում` հողամասի նվազագույն վարձավճարների, ինչպես նաև հողամասերի կառուցապատման իրավունքի դիմաց նվազագույն վճարների չափերի հաստատումը.

3) կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ վերահսկողության իրականացումը.

4) հիմնադրի կողմից սահմանված կարգով կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունների սահմանումը.

5) կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

6) իր աշխատակարգի հաստատումը.

7) սահմանված կարգով լիազորված պետական մարմին կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

8) կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերի, ներքին կարգապահական և այլ կանոնների հաստատումը.

9) կազմակերպության գործադիր մարմնի հաշվետվությունների հաստատումը.

10) կազմակերպության տարեկան հաշվապահական և այլ հաշվետվությունների քննարկումը.

11) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորությունների իրականացումը:

(15.1 կետը լրաց. 08.09.11 N 1310-Ն)

15.2. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, գործադիր մարմնի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով:

(15.2 կետը լրաց. 08.09.11 N 1310-Ն)

15.3. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

(15.3 կետը լրաց. 08.09.11 N 1310-Ն)

15.4. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք:

(15.4 կետը լրաց. 08.09.11 N 1310-Ն)

15.5. Տնօրենն իրավունք ունի մասնակցելու խորհրդի նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

(15.5 կետը լրաց. 08.09.11 N 1310-Ն)

16. Կազմակերպության ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը: Կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի, լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն՝ օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի, լիազորված պետական մարմնի կամ խորհրդի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

(16-րդ կետը խմբ. 08.09.11 N 1310-Ն)

17. Տնօրենի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման՝ օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

18. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքների:

19. Տնօրենի պաշտոնում նշանակված անձը գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:

20. Տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազորված պետական մարմնի և խորհրդի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

(20-րդ կետը փոփ. 08.09.11 N 1310-Ն)

21. Տնօրենի բացակայության դեպքում, նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն, այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:

22. Տնօրենի տեղակալները պաշտոնի են նշանակվում լիազորված պետական մարմնի կողմից՝ տնօրենի ներկայացմամբ։

23. Տնօրենը՝

1) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.

3) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ ու նշանակում կարգապահական տույժեր.

5) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

6) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

7) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

8) հաստատում է պետական կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.

9) նշանակում է պետական կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարներին, նրանց տալիս համապատասխան լիազորություններ.

10) օրենքով և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

11) ապահովում է կազմակերպության գործունեության մասին համապատասխան հաշվետվությունների կազմումը և դրանք սահմանված կարգով ներկայացնում լիազորված պետական մարմին.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է միջոցներ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից պարկի ռեժիմների խախտման հետևանքով բնությանը պատճառված վնասը հատուցելու համար.

13) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

24. Պարկի պահպանությունն իրականացվում է կազմակերպության պահպանության ծառայության պահպանության բաժնի և տեղամասային տեսուչների միջոցով: Պահպանության բաժնի ղեկավարն ի պաշտոնե նաև տնօրենի տեղակալն է:

25. Պահպանության ծառայության աշխատողները՝

1) ապահովում են պարկի կանոնադրությամբ սահմանված բնապահպանական նորմերի և կանոնների կատարումը պարկի տարածքում.

2) ստուգում են պարկի տարածքներ մուտք գործող անձանց անցագրերը.

3) կանխում են պարկի տարածքներում բնապահպանական և բնօգտագործման ռեժիմները խախտող ցանկացած գործողություն.

4) կազմում են պարկի ռեժիմների խախտումների մասին արձանագրություններ, դրանք ներկայացնում տնօրենին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց ընթացք տալու համար.

5) իրավախախտողի անձը խախտման վայրում պարզելու անհնարինության դեպքում կարող են նրան բերել մոտակա ոստիկանության բաժին.

6) օրենքով սահմանված դեպքերում վերցնում են պարկի ռեժիմները խախտող անձանց` իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող իրերն ու փաստաթղթերը.

7) ապահովում են պարկի պահպանման գոտու տարածքներում գտնվող ֆիզիկական անձանց և կազմակերպությունների կողմից պարկի կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարումը:

26. Պահպանության ծառայության աշխատողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի պահելու, կրելու, օգտագործելու ծառայողական զենք, զինամթերք, ռետինե ձողեր, ինքնապաշտպանության միջոցներ (արցունքաբեր գազ, զրահաթիկնոց) և կրելու համազգեստ:

27. Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ պահպանության ծառայության աշխատողների առողջությանը և գույքին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

28. Կազմակերպության կողմից իրականացվող գիտական հետազոտություններն ուղղվում են պարկի տարածքի բնական էկոհամակարգերի ուսումնասիրմանը, բնականոն գործընթացի և երևույթների դիտանցին, դրանց կանխատեսմանն ու գնահատմանը, բուսական և կենդանական աշխարհի գենոֆոնդի պահպանմանը, էկոլոգիական իրավիճակի գնահատմանն ու կանխատեսմանը, ինչպես նաև բնական պաշարների արդյունավետ օգտագործման և բնության պահպանության գիտական հիմունքների մշակմանը։

29. Գիտահետազոտական աշխատանքները կազմակերպում է կազմակերպության գիտության բաժինը, որի ղեկավարն ի պաշտոնե նաև տնօրենի տեղակալն է:

30. Կազմակերպության գիտության բաժինը՝

1) կազմակերպում և իրականացնում է պարկի էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների ուսումնասիրությունը.

2) մշակում և կատարելագործում է բնապահպանական և բնօգտագործման մեթոդները.

3) հազվագյուտ և անհետացող տեսակների վերարտադրության նպատակով կազմակերպում է փորձարարական և այլ գիտահետազոտական աշխատանքներ.

4) պարկի տարածքում կազմակերպում և իրականացնում է շրջակա միջավայրի մոնիթորինգը.

5) պատրաստում և հրատարակում է գիտահետազոտական ու գիտաճանաչողական նյութեր:

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

31. Կազմակերպությունն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով օգտագործում (տիրապետում) է իրեն ամրակցված գույքը:

32. Կազմակերպության ֆինանսական միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված տրանսֆերտներից և կազմակերպության կողմից միջոցառումների իրականացման ու տարբեր ծառայությունների մատուցման և սահմանված կարգով հողերի` ժամանակավոր վարձակալության տրամադրման դիմաց վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ մուտքերից:

33. Կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է իր կանոնադրական նպատակներին համապատասխան:

34. Պարկի տնտեսական և ռեկրեացիոն գոտիների տարածքներում հողամասերը կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրվել` հանգստի կազմակերպման նպատակով, մինչև 25 տարի ժամկետով, հիմնական շինությունների կառուցապատման դեպքում` մինչև 60 տարի ժամկետով: Տնտեսական գոտում բազմամյա տնկարկների հիմնման և մշակման համար գյուղատնտեսական հողատեսքերը կարող են վարձակալության իրավունքով տրամադրվել մինչև 25 տարի ժամկետով, վարելահողերը` մինչև 10 տարի ժամկետով, խոտհնձի համար` մինչև 5 տարի ժամկետով, իսկ վայրի կենդանիների վերարտադրության և պահպանման նպատակով` մինչև 50 տարի ժամկետով: Կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս` վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները կհանդիսանան Հայաստանի Հանրապետության սեփականությունը:

35. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, բանկային հաշիվներ՝ Հայաստանի Հանրապետության արժույթով և (կամ) արտարժույթով:

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

36. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել կամ լուծարվել հիմնադրի որոշմամբ և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով: Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3 
ՀՀ կառավարության 2009 թվականի
հոկտեմբերի 15-ի N 1209-Ն որոշման

 

«ԱՐԵՎԻԿ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան