Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2005.08.19/5(16) Հոդ.1356.62
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
11.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
11.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵՇԴ/0090/01/10

ԵՇԴ/0090/01/10

Նախագահող դատավոր՝  Մ. Սիմոնյան

դատավորներ`        Ս. Ավետիսյան

                          Ա. Խաչատրյան

 

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

 
մասնակցությամբ
մեղադրող

Ժ. Սահակյանի

 

  2011 թվականի մայիսի 11-ին

 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Երվանդ Ռաֆիկի Մելքոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2011 թվականի մարտի 1-ի որոշման դեմ մեղադրող Ժ.Սահակյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի հունիսի 28-ին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 11116910 քրեական գործը:

2010 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ Երվանդ Ռաֆիկի Մելքոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2010 թվականի սեպտեմբերի 1-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Երվանդ Մելքոնյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության մեջ, և Ե.Մելքոնյանն արդարացվել է արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

3. Մեղադրող Ժ.Սահակյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2011 թվականի մարտի 1-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2011 թվականի մարտի 1-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրող Ժ.Սահակյանը:

2011 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը մեղադրող Ժ.Սահակյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Ե.Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար.

Ե.Մելքոնյանը, աշխատելով «Թագուհի» տաքսի ծառայությունում որպես վարորդ, 2010 թվականի հունիսի 20-ին Արագածոտնի մարզի Ոսկևազ գյուղ ուղևոր տեղափոխելուց հետո Երևան վերադառնալիս` ժամը 22-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 25-26 կմ հատվածում ճանապարհից ոչ հեռու` դաշտում գտնելու միջոցով, ապօրինի կերպով ձեռք է բերել գործարանային արտադրության 12մմ տրամաչափի «ԻԺ-43Ե» տեսակի 9358665 համարի հրազեն հանդիսացող որսորդական ողորկափող հրացանից փողերի կարճեցմամբ կարճափողի վերափոխված հրացանը, որն իր հետ բերել է Երևան և պահել իրեն վստահված «Ռենո» մակնիշի Տ 3039 պետհամարանիշի տաքսի մեքենայի մեջ: 2010 թվականի հունիսի 27-ին` ժամը 530-ի սահմաններում, Երևանի Բագրատունյաց պողոտայի 16/1 շենքի մոտ ոստիկանության աշխատակիցների կողմից հրացանը հայտնաբերվել է նշված ավտոմեքենայի բեռնախցիկից և առգրավվել։

6. Համաձայն թիվ 1609 փորձագետի եզրակացության` «Ներկայացված կարճեցված փողերով հրացանը հանդիսանում է գործարանային արտադրության 12 տրամաչափի «ԻԺ-43Ե» մոդելի «9358665» համարի որսորդական ողորկափող հրացանից փողերի կարճեցմամբ կարճափողի վերափոխված հրացան /աբրեզ/, որը պիտանի է կրակոցներ կատարելու համար և հանդիսանում է հրազեն» (տե՛ս Քրեական գործ, էջ 21):

7. Առաջին ատյանի դատավճռի համաձայն` «Փորձագետ Ուդումյանն իր ցուցմունքներում հաստատելով եզրակացության ճշտությունը հայտնեց, որ փորձաքննությանը ներկայացված փողերը կարճեցված ողորկափող հրացանը և դրա զարկիչ մեխանիզմը գործարանային արտադրության են, դետալները չեն փոխվել, այլ միայն կարճեցվել են փողերը, որը հանդիսանում է հրազեն: Բացի այդ, փորձագետ Ուդումյանը նշեց նաև, որ տվյալ դեպքում, հրազեն հանդիսացող հրացանը, փողերը կարճեցնելու դեպքում, չի դադարում ողորկափող լինելուց» (տե՛ս Քրեական գործ, էջ 195):

8. Առաջին ատյանի դատարանը, Ե.Մելքոնյանի նկատմամբ կայացնելով արդարացման դատավճիռ, պատճառաբանել է, որ «Տվյալ դեպքում ամբաստանյալ Մելքոնյանը գտնելու եղանակով ապօրինի ձեռք է բերել ողորկափող հրազեն, այսինքն ողորկափող հրացանի փողերը կարճեցնելու դեպքում այն մնում է հրազեն, սակայն չի դադարում ողորկափող լինելուց, իսկ օրենքի տառացի մեկնաբանմամբ ողորկափող հրազենի ձեռք բերելը, պահելը, իրացնելը կամ փոխադրելը քրեորեն պատժելի չէ (տե՛ս Քրեական գործ, էջ 196):

9. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, պատճառաբանել է, որ «Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն չի նախատեսում ապօրինի կերպով ողորկափող հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, իրավացիորեն գտել է, որ Ե.Մելքոնյանի արարքում բացակայում է հանցակազմը և ճանաչել ու հռչակել է Ե.Մելքոնյանի անմեղությունը ու կայացրել է արդարացման դատավճիռ» (տե՛ս Քրեական գործ, էջ 229):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որն առաջացրել է և այլ նմանատիպ գործերով նույնպես կարող է առաջացնել ծանր հետևանքներ, քանի որ հանցանք կատարած անձը խուսափել է քրեական պատասխանատվությունից:

10. Բողոքի հեղինակը նշել է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը հիմնավորված և օրինական չեն, կայացվել են նյութական իրավունքի նորմերի խախտումներով: Ե.Մելքոնյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելով` դատարանները խախտել են ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ և 7-րդ հոդվածներով սահմանված` օրինականության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքները:

Ի հիմնավորումն իր փաստարկի` բողոքի հեղինակը նշել է, որ դատարաններն արդարացման դատավճռի հիմքում դրել են հանցագործության առարկայի` ողորկափող հրազեն լինելու հանգամանքը, որի համար ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն նախատեսված չէ: Դրանով դատարաններն անտեսել են այդ առարկայի մեջ կատարված կառուցվածքային փոփոխությունները, ինչի արդյունքում որսորդական ողորկափող հրազենը կորցրել է գործարանային արտադրությամբ այդ նպատակի համար նախատեսված համապատասխան տեխնիկական հատկանիշները ու դառնալով սովորական հրազեն` ձեռք է բերել մարտական հատկություններ: Կառուցվածքային փոփոխությունների շնորհիվ կարճափող հրացանը հեշտությամբ կարելի է քողարկել և թաքցնել հագուստի տակ:

Ըստ բողոքաբերի` դատարաններն անտեսել են նաև նմանատիպ հանգամանքներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն բազմաթիվ դատական ակտերը, որոնցով նույնատիպ հրազենը դիտվել է որպես հանցագործության առարկա և այն ապօրինի կերպով պատրաստող, ձեռք բերող և պահող անձինք մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել են:

11. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի 2011 թվականի մարտի 1-ի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն չի նախատեսում ապօրինի կերպով ողորկափող հրազեն և դրա փամփուշտները ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:

13. ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն` «(…) Մարդուն չի կարելի հանցագործության համար մեղավոր ճանաչել, եթե արարքի կատարման պահին գործող օրենքով այն հանցագործություն չի համարվել: (…)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, հանցագործություն չի համարվել: (…)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` «Քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն`

«1. Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են միայն քրեական օրենքով:

2. Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է»:

ՀՀ քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործություն է համարվում մեղավորությամբ կատարված` հանրության համար վտանգավոր այն արարքը, որը նախատեսված է սույն օրենսգրքով: (…)»

14. Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ անձին հանցագործություն կատարելու մեջ մեղավոր ճանաչելու միակ հիմքը կատարման պահին նրա արարքի` օրենքով սահմանված կարգով հանցագործություն համարվելն է: Այսինքն` արարքը կարող է որպես հանցագործություն նախատեսվել միայն քրեական օրենքով, և ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի այլ կերպ, քան քրեական օրենքով ուղղակիորեն նախատեսված հանցանք կատարելու համար: Այսպիսով` չկա հանցագործություն, չկա պատիժ, եթե արարքն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով (nսllսm crimen, nսlla pօena sine lege):

15. Վերոնշյալ սկզբունքն իր արտացոլումն է գտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում, որի համաձայն` բացառապես օրենքի հիման վրա կարող է որոշվել հանցագործության առկայությունը և դրա համար պատիժ սահմանվել (nսllսm crimen, nսlla pօena sine lege): Մասնավորապես, արգելելով նախատեսված հանցագործությունների սահմանների ընդլայնումն ի հաշիվ այն գործողությունների, որոնք նախկինում հանցագործություն չեն համարվել` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածը նաև սահմանում է, որ քրեական օրենքը չպետք է ի վնաս մեղադրյալի տարածական մեկնաբանվի, օրինակ` մեկնաբանվի անալոգիայի կիրառմամբ (տե՛ս Կաֆկարիսն ընդդեմ Կիպրոսի գործով (KAFKARIS v. CYPRUS) 2008 թվականի փետրվարի 12-ի վճիռը, գանգատ թիվ 21906/04, կետ 138):

16. Սույն որոշման 13-15-րդ կետերում մեջբերված սահմանադրական, կոնվենցիոն և օրենսդրական դրույթների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ այդ դրույթներով սահմանված երաշխիքը (nսllսm crimen, nսlla pօena sine lege), հանդիսանալով օրենքի գերակայության անքակտելի տարր, առաջնային տեղ է զբաղեցնում ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված պաշտպանության համակարգում, որից որևէ շեղում չի թույլատրվում: Nսllսm crimen, nսlla pօena sine lege սկզբունքից հետևում է, որ ցանկացած հանցագործություն և պատիժ պետք է հստակ ամրագրված լինի օրենքով: Այդ օրենքը չի կարող տարածական մեկնաբանվել, և այն չի կարող կիրառվել անալոգիայով:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն`

«1. Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը պատժվում է [համապատասխան պատժով]:

(…)»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը: (…)»:

18. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի կանոններով մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն քրեական պատասխանատվություն է նախատեսում ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար: Հոդվածի դիսպոզիցիան բացառություն է նախատեսում ողորկափող հրազենի և դրա փամփուշտների ձեռքբերման, իրացման, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասում առկա այս բացառության տառացի մեկնաբանությունից Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ այն հնարավորություն չի ընձեռում անձին քրեական պատասխանատվության ենթարկել ընդհանրապես ողորկափող հրազեն ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար` անկախ այն հանգամանքից, թե այդ ողորկափող հրազենի փողերը կարճեցված են, թե ոչ: Բանն այն է, որ փողերը կարճեցված որսորդական հրացանը չի դադարում ողորկափող հրազեն լինելուց և դարձյալ հանդիսանում է այդպիսին: Իսկ եթե անտեսվի օրենսդրորեն ամրագրված բացառության` բառերի տառացի նշանակությունը և օրենքը մեկնաբանվի դրանում պարունակվող բառերի տառացի նշանակությունից ավելի լայն, անձը քրեական պատասխանատվության կենթարկվի քրեական օրենքով չնախատեսված հանցանքի համար: Նման մեկնաբանությունն անթույլատրելի է, քանի որ այդ դեպքում կխախտվեն ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և ՀՀ քրեական օրենսգրքի` սույն որոշման 13-րդ կետում շարադրված դրույթները:

19. Սույն որոշման նախորդ կետում շարադրված՝ Վճռաբեկ դատարանի հետևությունը հիմնավորվում է նաև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և նախկին` 1961 թվականի մարտի 7-ի քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմերի համեմատական վերլուծությամբ:

Այսպես` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առանց համապատասխան թույլտվության հրազեն (բացի ողորկափող որսորդականից), ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր կրելը, պահելը, ձեռք բերելը, պատրաստելը կամ վաճառելը` պատժվում է [համապատասխան պատժով] (…)»:

Մեջբերված դրույթի վերլուծությունից երևում է, որ նախկին օրենսգրքով քրեական պատասխանատվություն էր սահմանվում առանց համապատասխան թույլտվության զենք, ռազմամթերք կամ պայթուցիկ նյութեր կրելու, պահելու, ձեռք բերելու, պատրաստելու կամ վաճառելու համար` բացառությամբ ողորկափող որսորդականից:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի համեմատական վերլուծությունից երևում է, որ օրենսդիրը նախկին օրենսգրքում սահմանած բացառությունը` «բացի ողորկափող որսորդականից», գործող օրենսգրքում սահմանել է այլ կերպ` «բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից»: Այսինքն, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ որսորդական ողորկափող հրացանի փողերի կարճեցման հետևանքով այն դադարում էր ողորկափող որսորդական հրացան լինելուց և վերածվում էր հրազենի, որի կրելը, պահելը, ձեռք բերելը, պատրաստելը կամ վաճառելը հանգեցնում էր քրեական պատասխանատվության: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ որսորդական ողորկափող հրացանի փողերի կարճեցման հետևանքով այն չի դադարում ողորկափող հրազեն լինելուց, որի կրելու, պահելու, ձեռք բերելու, պատրաստելու կամ վաճառելու համար քրեական պատասխանատվություն չի նախատեսվում: Ուստի, տրամաբանական է, որ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում, հիմք ընդունելով փորձագետի եզրակացությունը, իրավակիրառ մարմիններն արձանագրում էին, որ փողերը կարճեցրած հրացանն այլևս զուտ որսորդական հրացան չէ, և փողերը կարճեցրած հրացան կրելու, պահելու, ձեռք բերելու, պատրաստելու կամ վաճառելու դեպքում անձին քրեական պատասխանատվության էին ենթարկում:

20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար քրեական պատասխանատվություն սահմանող՝ ՀՀ նախկին և գործող քրեական օրենսգրքերի համապատասխան հոդվածների ձևակերպումներում ողորկափող հրազենի վերաբերյալ բացառության առումով առկա է էական բովանդակային տարբերություն: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածի հիման վրա անձը ենթակա էր քրեական պատասխանատվության կարճեցրած փողերով որսորդական ողորկափող հրացան կրելու, պահելու, ձեռք բերելու, պատրաստելու կամ վաճառելու համար, մինչդեռ գործող քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածը ողորկափող հրազենի դեպքում նմանատիպ գործողությունների համար քրեական պատասխանատվություն չի սահմանում:

21. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ե.Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել հրազեն հանդիսացող որսորդական ողորկափող, փողերը կարճեցված հրացան պահելու համար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Փորձագետի եզրակացության և փորձագետի` Առաջին ատյանի դատարանում տրված ցուցմունքի համաձայն` Ե.Մելքոնյանի մոտից հայտնաբերված կարճեցված փողերով հրացանը հանդիսանում է հրազեն, այն և դրա զարկիչ մեխանիզմը գործարանային արտադրության են, դետալները չեն փոխվել, այլ միայն կարճեցվել են փողերը: Հրազեն հանդիսացող հրացանը փողերը կարճեցնելու դեպքում չի դադարում ողորկափող լինելուց (տե՛ս սույն որոշման 6-7-րդ կետերը):

Առաջին ատյանի դատարանը Ե.Մելքոնյանի նկատմամբ կայացրել է արդարացման դատավճիռ՝ պատճառաբանելով, որ օրենքի տառացի մեկնաբանմամբ ողորկափող հրազեն ձեռք բերելը, պահելը, իրացնելը կամ փոխադրելը քրեորեն պատժելի չէ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել է անփոփոխ՝ պատճառաբանելով, որ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն գտել է, որ Ե.Մելքոնյանի արարքում բացակայում է հանցակազմը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

22. Սույն որոշման 13-20-րդ կետերում շարադրված իրավական վերլուծության լույսի ներքո գնահատելով սույն որոշման 21-րդ կետում շարադրված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավաչափ է Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն չի նախատեսում ապօրինի կերպով ողորկափող հրազեն և դրա փամփուշտները ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:

23. Ելնելով սույն որոշման 13-22-րդ կետերում շարադրված հիմնավորումներից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհրաժեշտ է թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Երվանդ Ռաֆիկի Մելքոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 28-ի արդարացման դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2011 թվականի մարտի 1-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

 

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան