Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.2
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1688/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1688/02/08

2011 թ.

Նախագահող դատավոր`  Ա. Պետրոսյան

     Դատավորներ`  Ա. Խառատյան
                                Կ. Չիլինգարյան

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուզաննա Թորոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռուզաննա Թորոսյանի ընդդեմ Նվեր Մկրտչյանի` ամուսնությունը լուծելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրեն հանձնելու պահանջների մասին և ըստ Նվեր Մկրտչյանի հակընդդեմ հայցի` երեխայի խնամքն ու բնակության վայրը նաև իր մոտ որոշելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ռուզաննա Թորոսյանը պահանջել է լուծել Նվեր Մկրտչյանի հետ ամուսնությունը և երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնել իրեն:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.09.2008 թվականի վճռով Ռուզաննա Թորոսյանի հայցը բավարարվել է։

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2008 թվականի լրացուցիչ վճռով սահմանվել է, որ «Ռուզաննա Թորոսյանի և Նվեր Մկրտչյանի ամուսնությունը լուծելուց հետո անչափահաս երեխան` Անդրանիկ Նվերի Մկրտչյանը` ծնված 06.02.2004 թվականին, պետք է ապրի մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.10.2009 թվականի որոշմամբ Նվեր Մկրտչյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 05.09.2008 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության։

Գործի նոր քննության ժամանակ հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Նվեր Մկրտչյանը պահանջել է երեխայի խնամքն ու բնակության վայրը որոշել նաև իր մոտ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.05.2010 թվականի վճռով Ռուզաննա Թորոսյանի հայցն ընդդեմ Նվեր Մկրտչյանի` ամուսնությունը լուծելու մասով բավարարվել է, իսկ «երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրեն հանձնելու պահանջների մասին և ընդհանրապես իր հետ բնակվելու վերաբերյալ» բավարարվել է մասնակիորեն: Միաժամանակ Դատարանը վճռել է «Նվեր Մկրտչյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Ռուզաննա Թորոսյանի` երեխայի խնամքն ու բնակության վայրը նաև իրեն հանձնելու պահանջների մասին, ժամկետի մասով բավարարել մասնակի: Սահմանել երեխայի խնամքի և դաստիարակության կարգ, այն է` Ռուզաննա Թորոսյանի և Նվեր Մկրտչյանի ամուսնությունը լուծելուց հետո նրանց անչափահաս երեխան` Անդրանիկ Նվերի Մկրտչյանը` ծնված 06.02.2004թ-ի փետրվարի 6-ին, յուրաքանչյուր տարվա օգոստոսի 15-ից մինչև հաջորդ տարվա հունիսի 15-ը պետք է ապրի մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ, իսկ յուրաքանչյուր տարվա հունիսի 15-ից մինչև օգոստոսի 15-ը պետք է ապրի հոր` Նվեր Մկրտչյանի հետ»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.12.2010 թվականի որոշմամբ Ռուզաննա Թորոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 27.05.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուզաննա Թորոսյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ, 61-րդ, 63-րդ, 64-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Երեխայի իրավունքների մասին» միջազգային կոնվենցիայի 3-րդ հոդվածը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, 42-րդ հոդվածի 1-ին մասը, 49-րդ հոդվածի 1-ին մասը, 53-րդ հոդվածը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 109-րդ հոդվածի 2-րդ կետը և 228-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման հիման վրա չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես. 06.02.2004 թվականին Ռուսաստանի Դաշնությունում ծնվել է Նվեր Մկրտչյանի և Ռուզաննա Թորոսյանի որդին` Անդրանիկ Մկրտչյանը: 13.06.2006 թվականին Նվեր Մրկտչյանը նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ թույլատրել է Անդրանիկ Մկրտչյանին մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ մեկնել Հայաստանի Հանրապետություն, իսկ 16.10.2006 թվականին ծնողների կողմից տրված համաձայնության հիման վրա 23.02.2007 թվականին Անդրանիկ Մկրտչյանին տրվել է Հայաստանի Հանրապետության անձնագիր: 2008 թվականի հունիս ամսին Նվեր Մկրտչյանը, գալով Երևան, երեխայի հետ զբոսնելու պատրվակով, առանց համապատասխան իրավական հիմքերի առկայության, ինչպես նաև մոր` Ռուզաննա Թորոսյանի համաձայնության բացակայության պայմաններում, երեխային տեղափոխել է Ռուսաստանի Դաշնություն: Հետագայում երեխային գտել են Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Պրեդգոռնի շրջանի Սուվորովկա ստանցիայի Կառլ Մարքսի փողոցի թիվ 61` Նվեր Մկրտչյանի բարեկամին պատկանող տանը:

Վերաքննիչ դատարանի կողմից չի գնահատվել նաև գործում առկա Երևանի Արաբկիր թաղապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 29.08.2008 թվականի ու Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 20.04.2010 թվականի հոգեբանի եզրակացությունները:

Բացի այդ, գործում առկա է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայքների ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2008 թվականի լրացուցիչ վճիռը, որով սահմանվել է, որ «Ռուզաննա Թորոսյանի և Նվեր Մկրտչյանի ամուսնությունը լուծելուց հետո անչափահաս երեխան` Անդրանիկ Նվերի Մկրտչյանը` ծնված 06.02.2004 թվականին, պետք է ապրի մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ», ուստի այս հիմքով գործի վարույթը պետք է կարճվեր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 02.12.2010 թվականի որոշումը, հայցը բավարարել, իսկ հակընդդեմ հայցի մասով գործի վարույթը կարճել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 06.02.2004 թվականին Ռուսաստանի Դաշնությունում ծնվել է Նվեր Մկրտչյանի և Ռուզաննա Թորոսյանի որդին` Անդրանիկ Մկրտչյանը (հատոր 1-ին, գ.թ.10)։

2) Անդրանիկ Մկրտչյանի հայրը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է (բնակվում է Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզի Խանտի-Մանսիյսկ ինքնավար տարածքի Սուրգութ քաղաքում), իսկ մայրը` Ռուզաննա Թորոսյանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է (բնակվում է Երևանի Քեռու փողոցի թիվ 50 տանը) (հատոր 1-ին, գ.թ.54)։

3) 13.06.2006 թվականին Նվեր Մկրտչյանը նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ թույլատրել է որդուն` Անդրանիկ Մկրտչյանին, մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ մեկնել Հայաստանի Հանրապետություն (հատոր 4-րդ գ.թ.43)։

4) Ծնողների համաձայնության հիման վրա 23.02.2007 թվականին Անդրանիկ Մկրտչյանին տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր (հատոր 1-ին, գ.թ.13):

5) ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչի 24.11.2008 թվականի «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշմամբ Նվեր Մկրտչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ չունենալով սահմանված փաստաթղթեր և պատշաճ թույլտվություն` անչափահաս երեխա Անդրանիկ Մկրտչյանին ՀՀ «Գոգավան» հսկիչ-անցագրային կետով տեղափոխել է Վրաստանի Հանրապետություն (հատոր 4-րդ, գ.թ.69):

6) ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչի 03.11.2009 թվականի «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ «Համաներում հայտարարելու մասին» որոշման հիմքով Նվեր Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճվել է (հատոր 4-րդ, գ.թ.81):

7) Երևանի Արաբկիր թաղապետարանի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի 29.08.2008 թվականի եզրակացության համաձայն` «Ռուզաննա Թորոսյանն ունի բոլոր բավարար կենսապայմանները և մարդկային արժանիքները` իր անչափահաս որդու` Անդրանիկ Նվերի Մկրտչյանի (ծնվ. 06.02.2004թ.) խնամքն ու դաստիարակությունը լիարժեք իրականացնելու համար» (հատոր 1-ին, գ.թ.47):

8) Երևանի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի 10.05.2010 թվականի որոշման համաձայն` հանձնաժողովը նպատակահարմար է գտել, որ «Անդրանիկ Նվերի Մկրտչյանը (ծնվ. 06.02.2004թ.) բնակվի մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ (Երևանի Քեռու փողոցի թիվ 50 տուն հասցեում), իսկ նրա խնամքը ծնողները պարտավոր են իրականացնել հավասար» (հատոր 4-րդ, գ.թ.78):

 

 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը:

Սույն գործով Դատարանը հայցը և հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելիս պատճառաբանել է, որ «երեխան հիմնականում պետք է բնակվի մոր մոտ, իսկ ամառային արձակուրդների որոշ ժամանակահատվածում` հոր հետ», ուստի «ստեղծված պայմաններում հնարավոր չէ որոշակի ժամկետով կամ ընդհանրապես երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնել ծնողներից մեկին», և վճռի եզրափակիչ մասում սահմանել է երեխայի խնամքի և դաստիարակության կարգ:

Վերաքննիչ դատարանը Ռուզաննա Թորոսյանի վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «հակընդդեմ հայցը մերժելու դեպքում Նվեր Մկրտչյանը ստիպված կլիներ երեխային տեսակցելու համար յուրաքանչյուր անգամ պետությունից պետություն մեկնել», ինչը «կարող է անհարկի սահմանափակել Նվեր Մկրտչյանի երեխայի խնամքով ու դաստիարակությամբ զբաղվելու իրավունքը»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցադրմանը` արդյոք ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում, ամուսնալուծությունից հետո ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում (տվյալ դեպքում տարբեր պետություններում) Դատարանն իրավունք ուներ երեխայի ապրելու վայրը որոշել երկու տարբեր երկրներում գտնվող ծնողների մոտ` առաջնորդվելով միայն ծնողներից մեկի` երեխայի խնամքին և դաստիրակությանը մասնակցելու իրավունքի ապահովման անհրաժեշտությամբ:

 «Երեխայի իրավունքների մասին» 1989 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 3-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Դատարանները երեխայի իրավունքները շոշափող ցանկացած գործ քննելիս առաջնայնությունը պետք է տան երեխայի շահերի առավել ապահովմանը: Կոնվենցիայով պետությունը պարտավորվում է օրենսդրական, վարչական միջոցներ ձեռնարկել երեխայի շահերի ապահովման համար, սահմանել երեխայի խնամարկյալների, ծնողների իրավունքների և պարտականությունների ծավալը, հետևել պետական և պատկան մարմինների գործունեությանը տվյալ իրավահարաբերություններում միտված երեխայի բարեկեցությանն անհրաժեշտ պաշտպանությանը և հոգատարությանը:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` ծնողական իրավունքները չեն կարող իրականացվել երեխաների շահերին հակառակ։ Երեխաների շահերի ապահովումը պետք է լինի ծնողների հիմնական հոգածության առարկան:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` ամուսինների միջև համաձայնության բացակայության դեպքում դատարանը պարտավոր է` ա) որոշել, թե ամուսնալուծությունից հետո ծնողներից ում հետ պետք է ապրեն երեխաները:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ երեխաների ծնողներից մեկի հետ ապրելու հարցը դատարանը որոշում է` առաջնորդվելով երեխայի լավագույն շահերով: Մասնավորապես, տարբեր երկրներում բնակվող ծնողների երեխայի ապրելու վայրը որոշելիս դատարանը պետք է հաշվի առնի այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են` ծնողների կողմից նախապես որոշված երեխայի բնակության վայրը, երեխայի տարիքը, կրթության վայրը, համապատասխան երկրի և այդտեղ բնակվող ծնողի հետ երեխայի կապվածությունը հիմնավորող այլ հանգամանքներ, ինչպես նաև երեխայի ապրելու վայրի պարբերաբար փոփոխության հնարավոր բացասական հետևանքները երեխայի հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման և դաստիարակության վրա:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը չէր կարող երեխայի ապրելու վայրը որոշել երկու տարբեր երկրներում գտնվող ծնողների մոտ` առաջնորդվելով միայն ծնողներից մեկի` երեխայի խնամքին և դաստիարակությանը մասնակցելու իրավունքի ապահովման անհրաժեշտությամբ, առանց հաշվի առնելու երեխայի լավագույն շահը:

Մասնավորապես, դատարանները, ղեկավարվելով միայն Նվեր Մկրտչյանի շահերի պաշտպանության անհրաժեշտությամբ, անտեսել են սույն գործի հետևյալ փաստական հանգամանքները, այն է` դեռևս 13.06.2006 թվականին Նվեր Մրկտչյանը նոտարական կարգով վավերացված համաձայնությամբ թույլատրել է որդուն` Անդրանիկ Մկրտչյանին, մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ մեկնել Հայաստանի Հանրապետություն: Հետագայում ծնողների համաձայնությամբ 23.02.2007 թվականին Անդրանիկ Մկրտչյանին տրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր: Այսպիսով մինչ սույն գործի քննությունը ծնողներն արդեն իսկ իրենց գործողություններով համաձայնվել են երեխայի բնակության վայրը որոշել մոր մոտ` Երևան քաղաքում (Երևանի Քեռու փողոցի թիվ 50 տուն): 2008 թվականի հունիս ամսին Նվեր Մկրտչյանը, գալով Երևան երեխայի հետ զբոսնելու պատրվակով, առանց երեխայի մոր` Ռուզաննա Թորոսյանի համաձայնության երեխային տեղափոխել է Հայաստանի Հանրապետությունից դուրս և չի վերադարձրել, ինչի հիման վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության քննիչի 24.11.2008 թվականի որոշմամբ Նվեր Մկրտչյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ինչն էլ հետագայում «Համաներում հայտարարելու մասին» որոշմամբ կարճվել է: Երևանի Արաբկիր վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի 29.08.2008 թվականի եզրակացության համաձայն`«Ռուզաննա Թորոսյանն ունի բոլոր բավարար կենսապայմանները և մարդկային արժանիքները` իր անչափահաս որդու` Անդրանիկ Նվերի Մկրտչյանի (ծնվ. 06.02.2004թ.) խնամքն ու դաստիարակությունը լիարժեք իրականացնելու համար», իսկ 10.05.2010 թվականի եզրակացության համաձայն` հանձնաժողովը նպատակահարմար է գտել, որ «Անդրանիկ Նվերի Մկրտչյանը (ծնվ. 06.02.2004թ.) բնակվի մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ (Երևանի Քեռու փողոցի թիվ 50 տուն հասցեում), իսկ նրա խնամքը ծնողները պարտավոր են իրականացնել հավասար»:

Այսպիսով, սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ելնելով Անդրանիկ Մկրտչյանի լավագույն շահերից` նա պետք է ապրի մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին։ Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար։ Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին։ Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք:

Նույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողն իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը։

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ անկախ այն հանգամանքից, թե երեխան ծնողներից ում հետ է ապրելու և հետագայում նրա բնակության վայրը որտեղ կորոշվի, երկու ծնողներն էլ ունեն հավասար հնարավորություն մասնակցելու երեխայի դաստիարակությանն ու զարգացմանը: Տվյալ դեպքում որևէ հանգամանք չի կարող արգելել և ոչ ոք չպետք է խոչընդոտի Նվեր Մկրտչյանին շփվել Անդրանիկ Մկրտչյանի հետ, մասնակցել նրա խնամքին ու դաստիարակությանը, քանի որ սույն վեճի կարգավորման առարկան երեխայի ապրելու հարցի որոշումն է:

 

Ինչ վերաբերում է գործի վարույթը կարճելու պահանջի վերաբերյալ բողոքի հիմքին, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Դատարանը կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ:

Սույն գործով որպես նախադատելի դատական ակտ Ռուզաննա Թորոսյանը նշել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.09.2008 թվականի լրացուցիչ վճիռը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լրացուցիչ վճիռը չի կարող համարվել օրինական ուժի մեջ մտած վճիռ, քանի որ Վերաքննիչ դատարանի 25.10.2009 թվականի որոշմամբ գործն ըստ էության լուծող դատական ակտը` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.09.2008 թվականի վճիռը, բեկանվել է, և քաղաքացիական գործն ուղարկվել է նոր քննության։ Այսինքն` հիմնական դատական ակտը բեկանված լինելու պայմաններում դրա լրացմանն ուղղված լրացուցիչ վճիռը չի կարող համարվել օրինական ուժի մեջ մտած ինքնուրույն դատական ակտ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 5-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

 Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2010 թվականի որոշման` Ռուզաննա Թորոսյանի հայցը մասնակիորեն մերժելու և Նվեր Մկրտչյանի հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու մասերն անփոփոխ թողնելու մասերը և դրանք փոփոխել` որոշել, որ 06.02.2004 թվականին ծնված Անդրանիկ Նվերի Մկրտչյանը պետք է ապրի մոր` Ռուզաննա Թորոսյանի հետ, իսկ Նվեր Մկրտչյանի հակընդդեմ հայցը մերժել: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Նվեր Մկրտչյանից հօգուտ Ռուզաննա Թորոսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի և 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարներ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան