Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2005.08.19/5(16) Հոդ.1356.5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.07.2011
Ստորագրող մարմին
Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
01.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ1/0012/02/08

Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ1/0012/02/08
2011 թ.

Նախագահող դատավոր`  Ա. Պետրոսյան

     Դատավորներ`  Ա. Խառատյան 
                                Կ. Չիլինգարյան 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արամ Դավթյանի և «Վանք» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2009 թվականի որոշման դեմ` ըստ Արամ Դավթյանի և Ընկերության հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության և «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի՝ ապօրինի քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կիրառելու, չհեռանալու մասին ստորագրություն վերցնելու, ոչ ողջամիտ ժամկետում դատաքննության, անմարդկային վերաբերմունքի հետևանքով պատճառված վնասի հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արամ Դավթյանը, պատճառաբանելով, որ ապօրինի քրեական հետապնդման ենթարկվելու, որպես խափանման միջոց կալանք կիրառելու, չհեռանալու մասին ստորագրություն վերցնելու, իր նկատմամբ ոչ ողջամիտ ժամկետներում դատաքննություն իրականացնելու, անմարդկային վերաբերմունքի հետևանքով վնասներ է կրել, պահանջել է Հայաստանի Հանրապետությունից բռնագանձել 226.443.431 ՀՀ դրամ, որից 70.000.000 ՀՀ դրամ գումարը՝ որպես բարոյական վնասի հատուցում:

Դիմելով դատարան՝ «Վանք» ՍՊԸ-ն պահանջել է բռնագանձել «Հայաստանի երկաթուղային ճանապարհ» ՀՆՊՁ-ի (իրավահաջորդ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ) կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառով իրեն պատճառված վնասները՝ 57.063.769 ՀՀ դրամ գումարի չափով։

ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.05.2008 թվականի վճռով Արման Դավթյանի հայցը բավարարվել է մասնակիորեն` Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Արամ Դավթյանի բռնագանձվել է 7.000.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանին վճարվելիք գումար, իսկ մնացած մասով հայցը՝ այդ թվում՝ 70.000.000 ՀՀ դրամ բարոյական վնասի հատուցման պահանջը, մերժվել է։ «Վանք» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի՝ 57.063.761 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին մերժվել է: Միաժամանակ վճռվել է Ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 1.141.275 ՀՀ դրամ, իսկ Արամ Դավթյանից` 4.388.869 ՀՀ դրամ` որպես չվճարված պետական տուրք։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.11.2009 թվականի որոշմամբ Արամ Դավթյանի և «Վանք» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.05.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։ Միաժամանակ որոշվել է Ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 1.711.913 ՀՀ դրամ, իսկ Արամ Դավթյանից` 6.583.484 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրք։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արամ Դավթյանը և Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ դատարանի 10.02.2010 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։

Վճռաբեկ դատարանի 28.06.2010 թվականի որոշմամբ գործի վարույթը կասեցվել է` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը լուծելու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու հիմքով:

ՀՀ սահմանադրական դատարանի 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասը, այնքանով, որքանով չի սահմանում այլ սուբյեկտներից բացի, արդարացվածին` իրավասու պետական մարմինների և պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության) հետևանքով պատճառված վնասի հատուցման հայցերով պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ արտոնություն նախատեսող դրույթ` արգելափակելով անձի սահմանադրական իրավունքի իրացումը, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասին և 20-րդ հոդվածի 5-րդ մասին հակասող և անվավեր:

Վճռաբեկ դատարանի 19.01.2011 թվականի որոշմամբ թիվ ՀՔԴ1/0012/02/08 քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 3-րդ հոդվածը, 5-րդ հոդվածի 5-րդ կետը, 6-րդ հոդվածի 1-ին կետը, 13-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը, 66-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, իր որոշմամբ պարզելով, որ Արամ Դավթյանին ապօրինի դատապարտելու, որպես խափանման միջոց կալանք կիրառելու, ոչ ողջամիտ ժամկետում դատաքննության, անմարդկային վերաբերմունքի և սեփական հիմնարկի գույքի վրա ապօրինի կալանք դնելու և արդյունքում թանկարժեք ջերմաքարշերի կտրտելու հետևանքով խախտվել է նրա իրավունքը, ոչ թե վերականգնել է խախտված իրավունքը, այլ ավելին, որոշել է իրենից որպես պետական տուրք գանձել 6.583.484 ՀՀ դրամ, իսկ Ընկերությունից` 1.711.913 ՀՀ դրամ:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պետական տուրքի վճարումն Արամ Դավթյանի պարագայում խախտված իրավունքը վերականգնելու համար նախատեսված ծախս է, որը վճարելու դեպքում նա կկրի նյութական վնաս: Այսինքն ստացվում է արդարացվածն իր իրավունքը վերականգնելու համար պետք է կատարի ծախս, որի արդյունքում կկրի վնաս, որն անտրամաբանական է: Վերաքննիչ դատարանը, նշելով, որ կալանքի տակ գտնվելու հետևանքով Արամ Դավթյանի առողջությանը պատճառվել է վնաս, միաժամանակ նշել է, որ վնասի չափը չի հիմնավորվել: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արամ Դավթյանն իր 30.000.000 ՀՀ դրամի պահանջը հիմնավորել է նրանով, որ նա դեռևս 15 տարի ի վիճակի էր աշխատելու, իսկ աշխատունակության կորստի պատճառով չստացած եկամուտների և հատուկ խնամքի համար անհրաժեշտ է տարեկան 2.000.000 ՀՀ դրամ, որը ամսական կազմում է 167.000 ՀՀ դրամ: Ավելին, գործում առկա եզրակացությամբ ապացուցվել է, որ իր մոտ առկա հիվանդությունը համարվում է դժվար բուժվող և հաճախակի միանգամից կրկնվող, և «Գորիս» քրեակատարողական հիմնակի անմարդկային պայմանների պատճառով այն չի բուժվել և մնացորդային երևույթների պատճառով խիստ խանգարվել է իր կոորդինացիան, որի պատճառով ինքն այլևս ի վիճակի չէ կատարել որևէ ֆիզիկական աշխատանք:

Բաց թողնված օգուտի մասով Վերաքննիչ դատարանը չի գնահատել այն հանգամանքը, որ Արամ Դավթյանն Ընկերության ոչ միայն տնօրենն է, այլ նաև հիմնադիրը, որը հաստատվել է դեռևս Դատարանում: Իսկ այն, որ Ընկերության շահույթը հիմնադիրներինն է, ապացուցման կարիք չունի, դա հանրահայտ հանգամանք է: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ մինչև քրեական գործ հարուցելն Ընկերությունն ուներ պայմանագիր և գույք: Քրեական գործի հարուցումով կալանք էր դրվել գույքի վրա, հետագայում քրեական վարույթի ընթացքում կալանքի տակ գտնվող թանկարժեք ջերմաքարշերի կտրտումը մետաղի ջարդոնի նպատակով ամբողջովին ոչնչացրել է Արամ Դավթյանի բիզնեսը, և եթե ջերմաքարշերը չկտրտվեին, ապա բաց թողնված օգուտի պահանջ չէր լինի, քանի որ ջերմաքարշերը շահագործվում են մինչև 25 տարի:

Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել նաև «Զեփյուռ» ՓԲԸ-ին վճարվելիք գումարները՝ որպես վնաս դիտելու փաստարկները: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը պատշաճ չի հետազոտել ներկայացված փաստարկները և ապացույցները, մասնավորապես՝ 31.03.1997 թվականի թիվ 17/97 պայմանագրի համաձայն՝ պատասխանող ՀՀ երկաթուղի ՀՆՊՁ-ն պարտավորություն է ունեցել ամսական 66.000 ՀՀ դրամ վճարել Ընկերությանը, որից էլ Ընկերությունը պարտավորվել է ամսական 45.000 ՀՀ դրամ վճարել «Զեփյուռ» ՓԲԸ-ին, որը սակայն 1999 թվականից Ընկերության կողմից չի կատարվել քրեական գործի հարուցման հետևանքով:

Վերաքննիչ դատարանը մերժել է նաև 7 տարիների ընթացքում տևած քրեական հետապնդման արդյունքում կատարված 4.000.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջը՝ պատճառաբանելով, որ առաջացած ծախսերի վերաբերյալ քաղաքացիական գործում ապացույցներ առկա չեն: Մինչդեռ գործում առկա է Արամ Դավթյանի անձնագիրն առգրավված լինելու վերաբերյալ արձանագրությունը, որը նրան զրկել է ազատ տեղաշարժման և աշխատանքի հնարավորությունից: Այդ 4.000.000 ՀՀ դրամն իրեն կալանավայրում ապօրինի պահելու, 7 տարի շարունակ հանրապետության տարբեր քաղաքների դատարաններ այցելելու, իր վնասված առողջության պատճառով հատուկ սննդի և դեղորայքի ծախսն է: Անձնագիրն իր մոտ լինելու դեպքում հնարավորություն կունենար աշխատելու և վնաս չէր կրի:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև փաստաբանների հետ կնքված պայմանագրերը, որտեղ նշված է, որ վճարումը պետք է կատարվի գործով վարույթի ավարտից հետո՝ հաշվի չառնելով, որ օրենքը վնաս է համարում նաև այն ծախսերը, որ պետք է կատարի խախտած իրավունքը վերականգնելու համար:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը մերժել է նաև Ընկերության կողմից 57.063.769 ՀՀ դրամ` որպես պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման դիմաց չվճարված գումարի մասով պատճառված վնասի պահանջը` հայցային վաղեմության ժամկետների լրանալու պատճառաբանությամբ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել ներկայացված 31.03.1997 թվականի թիվ 17/97 պայմանագիրը, որով հետաձգվել են նախկին պայմանագրային պարտավորությունների կատարումը:

Ինչ վերաբերում է 70.000.000 ՀՀ դրամ բարոյական վնասը մերժելուն, ապա Վերաքննիչ դատարանը նշել է, որ այդ մասով վճիռը չի բողոքարկվել, որի արդյունքում չի անդրադարձել վերաքննիչ բողոքի այդ փաստարկին: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է վերաքննիչ բողոքի այն փաստարկը, որով նշվել է. «դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել հայցվորի ցուցմունքները 70.000.000 ՀՀ դրամ գումարի պահանջի մասով, ինչպես նաև հաշվի չի առել հայցվորի վկայակոչած Եվրոպական դատարանի Լաբիտան ընդդեմ Իտալիայի գործով 06.04.2000 թվականի վճիռը, որպես նախադեպ, որն ընձեռում է արդարացի փոխհատուցման հնարավորություն»:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2009 թվականի որոշումը՝ վերականգնելով իր և Ընկերության խախտված իրավունքները` համապատասխան հատուցում տրամադրելով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «Վանք» ՍՊԸ-ն և «Հայաստանի երկաթուղային ճանապարհ» ՀՆՊՁ-ն 25.10.1995 թվականին կնքել են պայմանագիր, համաձայն որի՝ պատվիրատուն՝ «Հայաստանի երկաթուղային ճանապարհ» ՀՆՊՁ֊-ն հանձնարարել է, իսկ կատարողը՝ «Վանք» ՍՊԸ-ն ստանձնել է թվով 6 հատ ջերմաքարշի ապամոնտաժման, վերանորոգման, տեղափոխման, մոնտաժման և գործարկման-կարգավորման աշխատանքների կատարումը 96.000.000 ՀՀ դրամով։ Նախահաշվի համաձայն՝ մեկ ջերմաքարշի ապամոնտաժման, վերանորոգման, տեղափոխման, մոնտաժման և գործարկման-կարգավորման արժեքը 19.200.218 ՀՀ դրամ է (1-ին հատոր, գ.թ. 11-12)։

2) «ՀՀ երկաթուղային ճանապարհ» ՀՆՊՁ-ն «Վանք» ՍՊԸ-ին 27.10.1995 թվականին հանձնման-ընդունման ակտով հանձնել է 16 հատ ջերմաքարշեր: Պայմանագրի հիման վրա մեկ ջերմաքարշը Կապանում ապամոնտաժվել և տեղափոխվել է Երևան, մոնտաժվել, կարգաբերվել, 24.12.1996 թվականին փորձարկվել և հանձնվել պատվիրատուին՝ «Երկաթուղի» ՀՆՊՁ-ին, որի դիմաց վերջինս վճարել է 18.625.400 ՀՀ դրամ և մնացել պարտք` 574.815 ՀՀ դրամ (1-ին հատոր, գ.թ. 15, 17):

 3) «ՀՀ Երկաթուղի» ՀՆՊՁ-ի տնօրեն՝ Վ. Ասրիյանցը 24.02.1997 թվականին գրությամբ առաջարկել է, ֆինանսների բացակայության պատճառով ժամանակավորապես դադարեցնել ջերմաքարշերի տեղափոխումը Կապանից, վարձակալել պահակներ` ստանձնելով վարձակալած պահակներին վարձատրելու պարտականություն (1-ին հատոր, գ.թ. 22)։

4) «Հայաստանի երկաթուղային ճանապարհ» ՀՆՊՁ-ն և «Վանք» ՍՊԸ-ն 31.03.1997 թվականին կնքել են Կապանի կայարանում ջերմաքարշերի պահպանման պայմանագիրը, համաձայն որի՝ «Հայաստանի երկաթուղային ճանապարհ» ՀՆՊՁ-ն, ի դեմս գլխավոր տնօրեն Դ. Վ. Ասրիյանի, հանձնարարել է կատարողին՝ «Վանք» ՍՊԸ-ին, ի դեմս գլխավոր տնօրեն Արամ Դավթյանի, կազմակերպել ջերմաքարշերի պահպանությունը մինչև Երևան քաղաք ջերմաքարշերի տեղափոխման աշխատանքների ավարտը (1-ին հատոր, գ.թ. 18, 2-րդ հատոր, գ.թ. 31-32)։

5) «Վանք» ՍՊԸ-ն և «Զեփյուռ» ԲԲԸ-ն 01.01.1998 թվականին կնքել են պահատվության պայմանագիր, համաձայն որի՝ «Զեփյուռ» ԲԲԸ-ն պարտավորվել է իր տարածքում պահպանել երկու ապամոնտաժված ջերմաքարշերը, իսկ «Վանք» ՍՊԸ-ն պարտավորվել է դրա դիմաց վճարել ամսական 45.000 ՀՀ դրամ (1-ին հատոր, գ.թ. 19)։

6) «Վանք» ՍՊԸ-ն և «Զեփյուռ» ԲԲԸ-ն 03.01.2002 թվականին կազմել են ակտ, համաձայն որի՝ «Զեփյուռ» ԲԲԸ-ի և «Վանք» ՍՊԸ-ի միջև կնքված պահատվության պայմանագրի «Վանք» ՍՊԸ-ն 01.01.2002 թվականի դրությամբ «Զեփյուռ» ԲԲԸ-ին պարտք է 2.160.000 ՀՀ դրամ (2-րդ հատոր, գ.թ. 17)։

7) «ՀՀ երկաթուղի շարժակազմ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը 1999 թվականին և 2001 թվականին ընդունել է «Վանք» ՍՊԸ-ի հանդեպ ունեցած՝ իրենց իրավահաջորդության կարգով «ՀՀ Երկաթուղի» ՀՆՊՁ-ից փոխանցված 574.815 ՀՀ դրամի չափով կրեդիտորական պարտքը և հայտնել, որ հարուցված քրեական գործի ունեցվածքի վրա դրված արգելանքների պատճառով պարտքին կանդրադառնան դրանց պարզաբանումից հետո (2-րդ հատոր, գ.թ. 35-36)։

8) «Վանք» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Դավթյանի նկատմամբ 03.07.2000 թվականին հարուցվել է քրեական գործ 1961 թվականի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով և 1914-րդ հոդվածով (1-ին հատոր, գ.թ. 24)։

9) Արամ Դավթյանի նկատմամբ 08.11.2000 թվականին կայացվել է որոշում ՀՀ քրեական օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և 1914-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այն բանի համար, որ նա հանդիսանալով «Վանք» ՍՊԸ-ի նախագահ, կատարել է խարդախություն, այն է 25.10.1995 թվականին պայմանագիր է կնքել «ՀՀ Երկաթուղի» ՀՆՊՁ-ի հետ 6 ջերմաքարշ Կապան տեղափոխելու մասին, որից հետո 1996 թվականի ընթացքում մի քանի իրավաբանական և ֆիզիկական անձանց միջոցով կազմակերպել է 1 ջերմաքարշի փոխադրում, պատվիրատուից ստացել է 186.000.000 ՀՀ դրամ, սակայն ելնելով շահադիտական դրդումներից, չարաշահելով կատարողների վստահությունը, պայմանավորված գումարները ոչ լրիվ կամ ընդհանրապես չվճարելու նպատակով, կատարողական ակտ չկազմելու, գործարքների և կատարված աշխատանքների վերաբերյալ սահմանված կարգով հաշվապահական ձևակերպումներ չկատարելու, ծախսերի վերաբերյալ չհիմնավորված, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով տիրացել է նրանց վճարման ենթակա 11.658.331 ՀՀ դրամ գումարին։ Միաժամանակ, 01.01.1998 թվականին «Զեփյուռ» ԲԲԸ-ի հետ կնքելով 2 ջերմաքարշերի պահպանության պայմանագիր, «ՀՀ Երկաթուղի» ՀՆՊՁ-ից ստացել է ջերմաքարշերի պահպանության համար սահմանված գումարները, և չարաշահելով պահառուի վստահությունը՝ տիրացել է «Զեփյուռ» ԲԲԸ-ին վճարման ենթակա 540.000 ՀՀ դրամ գումարին։ Բացի այդ, Արամ Դավթյանը դիտավորյալ չի կատարել Կապանի շրջանային ժողովրդական դատարանի վճիռը 534.400 ՀՀ դրամ հարկի գումար բռնագանձելու մասին (1-ին հատոր, գ.թ. 25-26)։

10) 08.11.2000 թվականին Արամ Դավթյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 09.11.2000 թվականին Արամ Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Կալանավորվել է 15.11.2000 թվականին, իսկ 12.01.2001 թվականին կալանքի ժամկետը երկարացվել է 1 ամսով մինչև 15.02.2001 թվականը (1-ին հատոր, գ.թ. 27-28)։

11) Արամ Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը 29.01.2001 թվականին վերացվել է՝ առողջական վիճակից ելնելով, և խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Արամ Դավթյանը սույն քրեական գործով կալանքի տակ է գտնվել 15.11.2000 թվականից մինչև 29.01.2001 թվականը՝ 2 ամիս 14 օր (2-րդ հատոր, գ.թ. 71)։

12) Քրեական գործի մասը կարճելու մասին 21.02.2001 թվականի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով և 89-րդ հոդվածի 1-ին, 4-րդ մասերով Արամ Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արարքում հանցակազմի բացակայության պատճառով (1-ին հատոր, գ.թ. 36-37):

13) Արամ Դավթյանի նկատմամբ 21.02.2001 թվականին մեղադրանքը փոփոխվել և առաջադրվել է նոր մեղադրանք՝ 1961 թվականի խմբագրության ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով և 1914-րդ հոդվածով, այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Վանք» ՍՊԸ-ի տնօրեն, Կապանի երկաթուղային կայարանի և «Զեփյուռ» ԲԲԸ-ի տարածքներում գտնվող ջերմաքարշերի պահպանությունը կազմակերպելու համար 1997 թվականի մարտի 31-ին Ընկերության անունից պայմանագիր է կնքել «ՀՀ Երկաթուղի» ՀՆՊՁ-ի հետ, որի համաձայն՝ 1997 թվականի ապրիլ ամսից մինչև 1998 թվականի դեկտեմբեր ամիսը դրամարկղային ելքի օրդերներով պարբերաբար ստացել է 1.056.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, սակայն չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, չի կազմակերպել ջերմաքարշերի պահպանությունը, նշված գումարը չի մուտքագրել «Վանք» ՍՊԸ-ի դրամարկղ և այն յուրացրել է, որի հետևանքով ջերմաքարշերը ենթարկվել են թալանի, և պետությանը պատճառվել է 29.000.879 ՀՀ դրամ նյութական վնաս։ Բացի այդ, հանդիսանալով պաշտոնատար անձ, դիտավորյալ չի կատարել Կապանի շրջ. ժող. դատարանի 08.09.1997թվականի «Վանք» ՍՊԸ-ից 545.088 ՀՀ դրամ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու մասին վճիռը՝ խոչընդոտներ է ստեղծել հարկադիր կատարողի համար (1-ին հատոր, գ.թ. 38-39)։

14) Արամ Դավթյանի նկատմամբ 08.05.2001 թվականին կայացվել է խափանման միջոցը փոխելու մասին որոշում, խափանման միջոց է ընտրվել կալանք, և նրա նկատմամբ 19.06.2001 թվականին հայտարարվել է հետախուզում, Արամ Դավթյանը հայտնաբերվել և ձերբակալվել է 27.06.2001 թվականին (2-րդ հատոր, գ.թ. 72, 73)։

15) Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 18.07.2001 թվականին Արամ Դավթյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով և 1914-րդ հոդվածով քրեական գործի վարույթը կարճել է, քրեական հետապնդումը դադարեցրել՝ «Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 12.06.2001 թվականի ՀՀ Ազգային ժողովի որոշման 3-րդ կետի համաձայն, մեղադրողի կողմից քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հայտարարության հիմքով։ Միաժամանակ Արամ Դավթյանի նկատմամբ ընտրված կալանք խափանման միջոցը վերացվել է, և նա ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Արամ Դավթյանը 27.06.2001 թվականից մինչև 18.07.2001 թվականը՝ 22 օր, գտնվել է նախնական կալանքի տակ (1-ին հատոր, գ.թ. 59-60), (2-րդ հատոր, գ.թ. 45-46)։

16) ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 05.09.2001 թվականի որոշմամբ Արամ Դավթյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա բեկանել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 18.07.2001 թվականի որոշումը և գործը վերադարձրել է նույն դատարան՝ նոր դատաքննության (2-րդ հատոր, գ.թ. 49-52)։

17) Արամ Դավթյանի բացարկի հիման վրա քրեական գործը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանից ուղարկվել է Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարան։ Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 23.01.2003 թվականին և 03.03.2003 թվականին հետախուզում հայտարարելու մասին և խափանման միջոցը փոխելու և կալանք ընտրելու մասին որոշումների հիման վրա Արամ Դավթյանը 18.02.2005 թվականին երրորդ անգամ կալանավորվել է տեղափոխվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ (2-րդ հատոր, գ.թ. 74)։

18) Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 22.02.2005 թվականի որոշմամբ Արամ Դավթյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով և 1914-րդ հոդվածով քրեական գործի վարույթը կարճվել է, և դադարեցվել քրեական հետապնդումը՝ ՀՀ Ազգային ժողովի վերը նշված 12.06.2001 թվականի համաներման ակտի համաձայն։ Արամ Դավթյանը 18.02.2005 թվականից մինչև 22.02.2005 թվականը՝ 4 օր, գտնվել է նախնական կալանքի տակ (2-րդ հատոր, գ.թ. 57-58)։

19) ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 25.04.2005 թվականի որոշմամբ Արամ Դավթյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի հիման վրա բեկանել է Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 22.02.2005 թվականի որոշումը և գործը վերադարձրել նույն դատարան՝ ըստ էության քննության առնելու (1-ին հատոր, գ.թ. 77-78)։

20) Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանը քրեական գործը դատաքննության նշանակելու մասին որոշմամբ 07.03.2001 թվականի «ՀՀ քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 90-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը համապատասխանացրել է 90-րդ հոդվածի 1-ին մասին, միաժամանակ 1961 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասով և 1914-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքները համապատասխանացրել է 18.04.2003 թվականից ընդունված գործող ՀՀ քրեական օրենսգրքին, համապատասխանաբար՝ 179-րդ հոդվածի 1-ին մասին և 353-րդ հոդվածին։

21) Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանը 18.05.2006 թվականին դատավճռով Արամ Դավթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով արդարացրել է և ճանաչել անպարտ, իսկ 18.05.2006 թվականի որոշմամբ քրեական գործը 179-րդ հոդվածի 1-ին մասով ուղարկել է լրացուցիչ նախաքննության (2-րդ հատոր, գ.թ. 58)։

22) ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 29.06.2006 թվականին մեղադրողի և ամբաստանյալի վերաքննիչ բողոքների հիման վրա բեկանել է Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 18.05.2006 թվականի գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու մասին որոշումը և գործն ուղարկել է նույն դատարան՝ նոր դատաքննության (2-րդ հատոր, գ.թ. 59-62)։

23) Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանն այլ կազմ չունենալու պատճառով քրեական գործի քննությունը հանձնել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանին, որը 24.05.2007 թվականի դատավճռով Արամ Դավթյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով։ Միաժամանակ «ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Աժ 07.07.2006 թվականի որոշման կիրառմամբ Արամ Դավթյանն ազատվել է պատժի կրումից (1-ին հատոր, գ.թ. 72-74)։

24) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն Արամ Դավթյանի վերաքննիչ բողոքի հիման վրա 20.08.2007 թվականին բեկանել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 24.05.2007 թվականի դատավճիռը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, այն է` Արամ Դավթյանի մասնակցությունը կատարված հանցագործությանն ապացուցված չլինելու և նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու, մեղադրողի կողմից Արամ Դավթյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հայտարարության հիման վրա քրեական գործի վարույթը կարճել է (2-րդ հատոր, գ.թ. 63-66):

25) Գործում առկա գործը դատաքննության նախապատրաստելու դատական նիստի արձանագրության համաձայն ՝ Դատարանը հայցվորի հետ քննարկել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և նշել ապացուցում պահանջող փաստերը: Մասնավորապես արձանագրությամբ՝ 2-րդ հարցով դատարանը նշել է, եթե ծագել է վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունքը, ապա ինչ տեսակի վնասներ է կրել Արամ Դավթյանը, իսկ 3-րդ հարցով՝ կոնկրետ ի՞նչ չափով և ի՞նչ ծավալով վնաս է կրել Արամ Դավթյանը: Միաժամանակ արձանագրությամբ նշվել է, որ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն, ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխում է հետևյալ կերպ՝ 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված փաստերի ապացուցման պարտականությունը դրվել է հայցվոր Արամ Դավթյանի վրա, որից հետո սահմանվել է ապացույցներ ներկայացնելու ժամկետ՝ մինչև դատաքննությունն սկսելը (2-րդ հատոր, գ.թ.132-134):

26) Դատաբժշկական փորձագետի 22.01.2001 թվականի թիվ 08 եզրակացությամբ Արամ Դավթյանի մոտ հաստատվել է հիվանդության առկայություն, որը հետևանք է նախկինում կրած իշեմիկ ինսուլտ` «գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, վերտեբրոբազիլյար ավազանում, բուլբար երևույթներով, վալենբերգ Զախարչենկոյի սիմպտոմատիկայով հաճախակի սրացումներով» ախտորոշմամբ հիվանդության: Փորձաքննության պահին առկա հիվանդությունը համարվում է դժվար բուժվող և հաճախակի, միանգամից կրկնվող, ունի կյանքի համար վտանգավոր բարդություններ և Արամ Դավթյանի գտնվելը նախաքննական շրջանում կալանքի տակ անհամատեղելի է նրա ունեցած հիվանդությունների հետ (1-ին հատոր, գ.թ. 30-31):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը, որոշելու համար վճռաբեկ բողոքի հիմքի հիմնավորվածությունը, բողոքի սահմաններում անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցերին

ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու դեպքում վնասի հատուցման կանոններին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից բարոյական վնասի հատուցման վերաբերյալ դիրքորոշման պարտադիրությանը ՀՀ դատարանների համար բարոյական վնասի հատուցման հարցը լուծելիս

սույն գործով պետական տուրքի լուծման հարցերին:

1. Ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու դեպքում վնասի հատուցման կանոնները:

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից ապօրինի զրկման կամ ապօրինի խուզարկության դեպքում օրենքով սահմանված հիմքերով և կարգով պատճառված վնասի հատուցման:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն նույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

Վերոնշյալ նորմերից հետևում է, որ պետական մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով անձին ազատությունից ապօրինի զրկելու դեպքում վնասի հատուցման իրավունքը սահմանադրական սկզբունք է, որն ամրագրված է նաև միջազգային իրավական ակտերով:

Բացի այդ, Միավորված Ազգերի Կազմակերպության 09.12.1988 թվականի «Որևէ ձևով ձերբակալվող կամ կալանավորվող անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածուի» (հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 09.12.1988 թվականի 43/173 բանաձևով) 35-րդ սկզբունքով սահմանվել է դիրքորոշում այն մասին, որ պետական պաշտոնատար անձի գործողությունների կամ զանցառությունների հետևանքով պատճառված վնասը` ի խախտումն սույն սկզբունքների բովանդակած իրավունքների, ենթակա է հատուցման` պատասխանատվության կիրառվող նորմերի համաձայն, որոնք նախատեսված են ներքին օրենսդրությամբ:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքի կենսագործումը պետք է դիտարկել իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների սկզբունքի լույսի ներքո հատկապես այն դեպքում, երբ անձը վնաս է կրել պետական մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով:

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը հիմնավորվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով: Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորվել է այն դիրքորոշումը, որ ազատությունից անօրինական զրկված անձի փոխհատուցման իրավունքը պետք է ապահովված լինի որոշակիության բավարար աստիճանով (տե'ս, Ռեհբոկն ընդդեմ Սլովենիայի (Reհbօck v. Slօvenia) գործով Եվրոպական դատարանի 11.11.2000 թվականի վճիռը, կետ 92): Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է նաև, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետը կիրառելի է այն փոխհատուցումների նկատմամբ, որոնք կապված են 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի խախտման հետևանքով ազատությունից զրկելու հետ (տե´ս, Վասսինկն ընդդեմ Նիդերլանդների գործով Եվրոպական դատարանի 27.09.1990 թվականի վճիռը, կետ 38, Wassink v. tհe Netհerlands, jսdgment օf 27 September 1990, Series A nօ. 185-A, p. 14, § 38): Փոխհատուցման իրավունքը, որը նախատեսված է 5-րդ հոդվածի 5-րդ կետով, ենթադրում է, որ Կոնվենցիայի վերոնշյալ կետերից մեկի խախտումը հաստատվել է կամ ներպետական մարմինների, կամ Կոնվենցիոն ինստիտուտների կողմից (տե´ս, Ն. Սին ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանի 18.12.2002 թվականի վճիռը, կետ 49, N.C. v. ITALY, Applicatiօn nօ. 24952/94, p. 49): Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում այն դեպքում, երբ օրենսդրությունը սահմանում է փոխհատուցման իրավունքը, սակայն պրակտիկայում անձը չի ստանում փոխհատուցում, այսինքն` այդ իրավունքը բավականաչափ հստակ չէ (տե´ս, Սակիկը և ուրիշներն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանի 26.11.1997 թվականի վճիռը, կետեր 55-61):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ նորմերի ապահովման նպատակով օրենսդրությունը բավարար որոշակիությամբ սահմանում է ազատությունից ապօրինի զրկման դեպքում պատճառված վնասի հատուցման հիմքերը և կարգը:

Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` արդարացվածն իրավունք ունի պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված գույքային հատուցում ամբողջ ծավալով` հաշվի առնելով հնարավոր բաց թողնված օգուտները: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` արդարացվածը որպես հատուցում իրավունք ունի ստանալ` աշխատավարձը, թոշակը, նպաստները, այլ եկամուտներ, որոնցից նա զրկվել է, ինչպես նաև վճարված դատական ծախսերը, փաստաբանին վճարված գումարները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից։ Քաղաքացուն հետաքննության, նախաքննության, դատախազության մարմինների ապօրինի գործունեությամբ պատճառված վնասը, որը չի հանգեցրել սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված հետևանքներին, հատուցվում է սույն օրենսգրքի 1063-րդ հոդվածում նախատեսված հիմքերով և կարգով։

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ելնելով արդարացվածի կարգավիճակի առանձնահատկություններից, վերջինիս իրավական և փաստական վիճակի վերականգնման անհրաժեշտությունից և սահմանադրական և միջազգային իրավական դրույթներից, օրենսդիրը սահմանել է ապօրինի կերպով ազատությունից զրկված արդարացվածին հասցված վնասների ամբողջ ծավալով հատուցման կանոնը: Ընդ որում, հատուցվում են այն վնասները, որոնք ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու հետևանք են:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդիրը սահմանում է այն վնասները, որոնք պետք է հատուցվեն:

Մասնավորապես, վերոնշյալ նորմերի համադրումը ցույց է տալիս, որ արդարացվածն իրավունք ունի պահանջելու հատուցելու`

աշխատավարձը

թոշակը

նպաստները

վճարված դատական ծախսերը

փաստաբանին վճարված գումարները

հնարավոր բաց թողնված օգուտները

այլ եկամուտ, որից անձը զրկվել է:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարացվածի վնասի հատուցման առկայության և չափի նկատմամբ տարածվում են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված վնասի հատուցման կանոնները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ նմանատիպ գործերով վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։

Փաստորեն, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից՝ հայցվորի մոտ վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը (տե´ս, «Սասնա-Մանանա» ՍՊԸ-ն ընդդեմ Դանիել Ղասաբօղլյանի` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին թիվ ԵՔԴ/0086/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը։ Այդ տեղեկությունները հաստատվում են՝ 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի հանգամանքները, որոնք պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Սույն գործում առկա` գործը դատաքննության նախապատրաստելու դատական նիստի արձանագրության համաձայն՝ Դատարանը հայցվորի հետ քննարկել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և սահմանել հայցվորի կողմից ապացուցում պահանջող փաստերը: Մինչդեռ, Արամ Դավթյանի կողմից վնասի չափը հիմնավորող որևէ ապացույց (բացառությամբ փաստաբանին վճարված գումարի մասից) գործի քննության ընթացքում չի ներկայացվել:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արամ Դավթյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի ուժով չի ապացուցել իր պահանջի հիմքում ընկած հանգամանքները:

Ինչ վերաբերում է 40.250.000 ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության հատուցման վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ նշված պահանջը մասնակի բավարարելու հիմքում դատարանները դրել են փաստաբանի խելամիտ վարձատրությունը, մինչդեռ նշված պատճառաբանության վերաբերյալ բողոք բերած անձը որևէ հակափաստարկ չի ներկայացրել:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով նաև Ընկերության կողմից 57.063.769 ՀՀ դրամ` որպես պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման դիմաց չվճարված գումարի մասով պատճառված վնասի պահանջը` հայցային վաղեմության ժամկետների լրանալու պատճառաբանությամբ, պատշաճ չի գնահատել ներկայացված 31.03.1997 թվականի թիվ 17/97 պայմանագիրը, որով հետաձգվել են նախկին պայմանագրային պարտավորությունների կատարումը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Հայաստանի երկաթուղային ճանապարհ» ՀՆՊՁ-ի և «Վանք» ՍՊԸ-ի 31.03.1997 թվականի Կապանի կայարանում ջերմաքարշերի պահպանման պայմանագիրը բավարար չէ հայցային վաղեմության ժամկետի ընդհատված լինելը հաստատված համարելու համար, քանի որ դրանում բացակայում է նախկին պայմանագրային պարտավորությունների կատարումը հետաձգելու վերաբերյալ որևէ տեղեկություն։

 

2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից բարոյական վնասի հատուցման վերաբերյալ դիրքորոշման պարտադիրությունը ՀՀ դատարանների համար բարոյական վնասի հատուցման հարցը լուծելիս:

Անդրադառնալով Արամ Դավթյանի վճռաբեկ բողոքի` բարոյական վնասի բռնագանձման պահանջի հիմնավորումներին, մասնավորապես այն փաստարկին, որ Եվրոպական դատարանի վճիռներով նախադեպ է ստեղծվել պատճառված բարոյական վնասը փոխհատուցելու վերաբերյալ, ինչն էլ ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով պարտադիր է դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն` եթե դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:

Ինչ վերաբերում է բողոք բերող անձի կողմից վկայակոչված` Լաբիտան ընդդեմ Իտալիայի գործին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Եվրոպական դատարանը պատճառված բարոյական վնասը փոխհատուցում է համապատասխան լիազորության առկայության շրջանակում, այսինքն` բարոյական վնասի փոխհատուցում սահմանելը դատարանի լիազորությունն է, և հենց այդ դատարանն էլ իրավասու է կիրառել այն: Մինչդեռ, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է ոչ թե Եվրոպական դատարանի այս կամ այն լիազորությունները ներպետական ատյաններում կիրառելու, այլ նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ դատական ակտի հիմնավորումների (այդ թվում` օրենքի մեկնաբանությունների) պարտադիր լինելու պահանջ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բարոյական վնասի հատուցման պահանջի մասով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի կարգով սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը բարոյական վնասի հատուցումը որպես պատասխանատվության տեսակ չի նախատեսում, որպիսի հիմքով վեճը ենթակա չէ դատարանում քննության։

 

3. Սույն գործով պետական տուրքի լուծման հարցերը:

Ինչ վերաբերում է սույն գործով Արամ Դավթյանի կողմից հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար պետական տուրք գանձելու հարցին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը պետք է համարել լուծված հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ սահմանադրական դատարանի 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասը, այնքանով, որքանով չի սահմանում այլ սուբյեկտներից բացի, արդարացվածին` իրավասու պետական մարմինների և պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության) հետևանքով պատճառված վնասի հատուցման հայցերով պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ արտոնություն նախատեսող դրույթ` արգելափակելով անձի սահմանադրական իրավունքի իրացումը, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասին և 20-րդ հոդվածի 5-րդ մասին հակասող և անվավեր:

Վերաքննիչ դատարանը, Արամ Դավթյանի վերաքննիչ բողոքը մերժելով, որոշել է Արամ Դավթյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 6.583.484 ՀՀ դրամ` որպես պետական տուրք: Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշումը, գտնում է, որ պետական տուրքի բռնագանձման մասով Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է բեկանել:

Այսպիսով, պետական տուրքի գանձման մասով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի նշված հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2009 թվականի որոշման` Հայաստանի Հանրապետությունից հօգուտ Արամ Դավթյանի 70.000.000 ՀՀ դրամ բարոյական վնաս բռնագանձելու, Արամ Դավթյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության 6.583.484 ՀՀ դրամ պետական տուրք բռնագանձելու մասերը: Արամ Դավթյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության 6.583.484 ՀՀ դրամ` որպես պետական տուրք բռնագանձելու մասով այն փոփոխել. պետական տուրքի հարցը համարել լուծված:

70.000.000 ՀՀ դրամ բարոյական վնաս բռնագանձելու մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել: Մնացած մասով որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան