Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.28/54(857) Հոդ.1356.16
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0704/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0704/02/09
2011 թ.

Նախագահող դատավոր`  Լ. Գրիգորյան

     Դատավորներ`  Գ. Մատինյան 
                                Ա. Թումանյան

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

 

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Միլենա Աղամալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Արթուր Մինասյանի և Միլենա Աղամալյանի` գումար բռնագանձելու, գրավադրված գույքից բաժնեմաս առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է 22.02.2007 թվականի թիվ 702-010Վ սպառողական վարկի ու թիվ 702-01ՕԳ բաժնեմասի և դրանով հաստատված իրավունքների գրավի պայմանագրերի պահանջների խախտման հիմքով Արթուր Մինասյանից և Միլենա Աղամալյանից համապարտության կարգով բռնագանձել 49.976.142,02 ՀՀ դրամ` որպես վարկի մնացորդ, ժամկետանց տոկոսագումար, ժամկետանց վարկի տոկոսագումար և տույժ, 23.500.000 ՀՀ դրամ վարկի մնացորդ գումարին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ թիվ 702-010Վ սպառողական վարկի պայմանագրի 18-րդ կետով նախատեսված տարեկան 42 տոկոս դրույքով, ինչպես նաև գրավի առարկա «Ռասկո» ԱՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում Էդուարդ Արաբխանյանին և Միլենա Աղամալյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 10 տոկոս բաժնեմասից առանձնացնել և բռնագանձումը տարածել Միլենա Աղամալյանի` 25.000.000 ՀՀ դրամ անվանական արժեքով 5 տոկոս բաժնեմասի, դրանով հաստատված իրավունքների, ինչպես նաև Արթուր Մինասյանին և Միլենա Աղամալյանին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 34.935.382,43 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, իսկ մնացած մասով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2009 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.09.2009 թվականի վճռի` հայցը մերժելու մասը, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության։ Վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 03.02.2010 թվականի որոշմամբ վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2009 թվականի որոշման դեմ Միլենա Աղամալյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը։

Գործի քննության ընթացքում Ընկերությունն ավելացրել է հայցապահանջի չափը և պահանջել է Արթուր Մինասյանից և Միլենա Աղամալյանից համապարտության կարգով բռնագանձել 58.034.388,59 ՀՀ դրամ։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.10.2010 թվականի որոշմամբ Միլենա Աղամալյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 27.07.2010 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է` որոշվել է Արթուր Մինասյանից և Միլենա Աղամալյանից համապարտության կարգով բռնագանձել 23.099.366,16 ՀՀ դրամ, իսկ 23.500.000 ՀՀ դրամ վարկի մնացորդի գումարը, 3.806.279,82 ՀՀ դրամ ժամկետանց տոկոսագումարը, 3.717.522,23 ՀՀ դրամ ժամկետանց վարկի տոկոսագումարը, 3.911.220,38 ՀՀ դրամ տույժը, նախապես վճարված 698.708 ՀՀ դրամ պետական տուրքը բռնագանձելու մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է։ Վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Միլենա Աղամալյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը, 130-րդ հոդվածի 3-րդ կետը, 132-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ պարբերությունը, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին կետը, 242-րդ հոդվածի 1-ին կետը, 434-րդ հոդվածի 1-ին կետը, 1184-րդ հոդվածի 1-ին կետը, 1188-րդ հոդվածի 1-ին կետը, 1189-րդ հոդվածի 1-ին կետը, 1224-րդ, 1227-րդ հոդվածները, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 110-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում։ Մասնավորապես` անտեսել է այն հանգամանքը, որ կողմերի միջև կնքված գրավի պայմանագրի 1-ին կետի 2-րդ պարբերությունից և 2-րդ կետից բխում է, որ վարկային պարտավորության խախտման դեպքում գրավառուն նախապատվության կարգով իր պահանջների բավարարում պետք է ստանա, և այդ նպատակով բռնագանձումը պետք է տարածվի ողջ գրավի առարկայի, այսինքն` «Ռասկո» ԱՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում գրավատուներին սեփականության իրավունքով պատկանող 50.000.000 ՀՀ դրամ անվանական արժեք ունեցող բաժնեմասի վրա ամբողջությամբ և ոչ թե միայն գրավի առարկայի մի մասի` բողոք բերած անձին պատկանող բաժնեմասի վրա։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գրավատուներից Էդուարդ Արաբխանյանի մահը չի կարող հիմք ծառայել գրավի պայմանագրի կնքման պահին վերջինիս պատկանող 5 տոկոս բաժնեմասի վրա բռնագանձում չտարածելու համար, քանի որ նրա մահով պարտավորությունը չի դադարել և գրավի պայմանագրով Էդուարդ Արաբխանյանի ստանձնած պարտավորությունների կատարումը կարող է տեղի ունենալ առանց վերջինիս մասնակցության, և այն անխզելիորեն կապված չէ նրա անձի հետ։ Էդուարդ Արաբխանյանի մահից հետո նրա ժառանգությունը ոչ ոք չի ընդունել, իսկ նրա վերջին բնակության վայրը Երևան քաղաքն է, հետևաբար, գրավի պայմանագրի կնքման պահին Էդուարդ Արաբխանյանին պատկանող բաժնեմասը համապարփակ իրավահաջորդության կարգով անցել է այլ անձի` Երևան համայնքին, որը և ներկայումս նշված բաժնեմասի սեփականատերն է։ Ընդ որում, գրավի պայմանագրի 32-րդ կետով հստակ սահմանվել է, որ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը պարտադիր է կողմերի իրավահաջորդների համար, հետևաբար, Էդուարդ Արաբխանյանին պատկանող բաժնեմասի նկատմամբ Ընկերության գրավի իրավունքը ներկայումս պահպանվում է, և գրավի պայմանագրում Էդուարդ Արաբխանյանին որպես իրավահաջորդ փոխարինել է Երևան համայնքը, որը և կրում է պայմանագրով Էդուարդ Արաբխանյանի ստանձնած բոլոր պարտավորությունները։ Հետևաբար, Երևան համայնքը, որպես պատասխանող, պետք է մասնակից դարձվեր սույն գործին:

 

2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին կետը, 382-րդ հոդվածի 4-րդ կետը, 437-րդ հոդվածի 3-րդ կետը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գրավի պայմանագիրը վերնագրված է «Բաժնեմասի և դրանով հավաստված իրավունքների գրավի պայմանագիր», սակայն այն, ըստ էության, խառը պայմանագիր է, քանի որ դրա 10.2-րդ, 10.7-րդ, 12-րդ և 25-րդ կետերը լիովին համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված երաշխավորության պայմանագրի հասկացությանը, հետևաբար նշված կետերի նկատմամբ ենթակա են կիրառման երաշխավորության պայմանագրի վերաբերյալ կանոնները։ Մասնավորապես` նշված օրենսգրքի 382-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` 23.02.2009 թվականի դրությամբ երաշխավորությունը, այն է` գրավի պայմանագրի վերոհիշյալ կետերի գործողությունը դադարել է, քանի որ 22.02.2007 թվականի վարկային պայմանագրով վարկը տրվել է օգտագործման 12 ամիս ժամկետով, այսինքն` երաշխավորությամբ ապահովված պարտավորության կատարման ժամկետը սահմանված է եղել մինչև 22.02.2008 թվականը։ Հետևաբար, Ընկերությունը կարող էր բողոք բերած անձի դեմ հայց հարուցել մինչև 23.02.2009 թվականը, մինչդեռ հայցը դատարան է ներկայացրել նշված ժամկետի ավարտից հետո` 08.04.2009 թվականին, ուստի 23.02.2009 թվականից հետո գրավի պայմանագրի 10.2-րդ, 10.7-րդ, 12-րդ և 25-րդ կետերը չէին կարող հիմք հանդիսանալ Արթուր Մինասյանի թույլ տված վարկային պարտավորության խախտման համար բողոք բերած անձի համապարտ պատասխանատվության առաջացման համար։

 

3) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին կետը և 372-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցագնից` 58.034.388,59 ՀՀ դրամից 30.728.108,77 ՀՀ դրամը (հայցագնի կեսից ավելին) կազմում են վճարման ենթակա տուժանքները, այսինքն` տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է վարկային պարտավորության խախտման հետևանքներին, որպիսի պայմաններում Դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի կիրառմամբ պետք է պակասեցներ տուժանքի չափը, ինչը, սակայն, չի արել։ Ընդ որում, թեև Միլենա Աղամալյանը երկու անգամ (18.01.2008 թվականին և 15.07.2008 թվականին) դիմել է Ընկերությանը` խնդրելով իր պահանջների ամբողջական բավարարում ստանալ գրավի առարկայի արժեքից, սակայն Ընկերությունն այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկել, որի հետևանքով էլ հենց առաջացել է վարկային պարտավորության խախտման հետևանքների և հաշվարկված տուժանքների միջև առկա անհամաչափությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.10.2010 թվականի որոշման` Արթուր Մինասյանից և Միլենա Աղամալյանից համապարտության կարգով 23.099.366,16 ՀՀ դրամ բռնագանձելու և վճիռը մնացած մասով օրինական ուժի մեջ թողնելու մասերը և գործն այդ մասերով ուղարկել նոր քննության։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործով Երևան համայնքը չի կարող լինել գրավատու Էդուարդ Արաբխանյանին պատկանող բաժնեմասի սեփականատերը, քանի որ Ընկերությունը` որպես պարտատեր, օրենքով սահմանված ժամկետում դիմում-պահանջ է ներկայացրել վերջինիս ժառանգներին և ժառանգության բացման վայրի նոտարին:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն պնդմանը, որ բռնագանձում չէր կարող տարածվել միայն գրավի առարկայի` Միլենա Աղամալյանին պատկանող բաժնեմասի վրա, ապա սույն վեճը լուծելիս դատարանները հաշվի են առել այն հանգամանքը, որ Էդուարդ Արաբխանյանի ժառանգությունը դեռևս ընդունված չէ, իսկ ՀՀ օրենսդրությունը հնարավորություն է ընձեռում, ինչպես նաև իրավունքի տեսանկյունից չի արգելում պահանջատիրոջը (գրավառուին) ընդհանուր գույքից (գրավից) առանձնացնել պարտապանի բաժինը` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

Տվյալ դեպքում Արթուր Մինասյանի պարտավորությունների չկատարման դեպքում Միլենա Աղամալյանի համապարտ պատասխանատվությունը ծագել է կողմերի միջև կնքված գրավի պայմանագրով, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ համապարտ պատասխանատվություն նախատեսված է ոչ միայն երաշխավորության, այլև քաղաքացիաիրավական այլ գործարքների դեպքերում:

Կողմերի միջև կնքված սպառողական վարկի պայմանագրով սահմանված ժամկետում Արթուր Մինասյանի կողմից վարկի գումարը չվճարելու հետևանքներն արտահայտվել են չվճարված գումարին այլ չափով տոկոսների հաշվարկելու և գանձելու ձևով: Ընդ որում, նշված պայմանագրի 18-րդ կետում նշված պարտավորությունների խախտման համար նախատեսված տոկոսների չափը համապատասխանել է պայմանագրի կնքման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությամբ դրամական պարտավորությունների խախտման համար դիսպոզիտիվ կերպով սահմանված դրույթին, իսկ տոկոսների չափը սահմանվել է կողմերի կամահայտնությամբ:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել դատական սխալ և գործում առկա ապացույցները հետազոտել է բազմակողմանի ու օբյեկտիվ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1) Ընկերության և Արթուր Մինասյանի միջև 22.02.2007 թվականին կնքված թիվ 702-010Վ սպառողական վարկի պայմանագրի համաձայն` Արթուր Մինասյանին տրամադրվել է 23.500.000 ՀՀ դրամ վարկ` տարեկան 26 տոկոս տոկոսադրույքով, 12 ամիս մարման ժամկետով (հատոր 1-ին, գ.թ. 10-11)։

2) Ի ապահովումն 22.02.2007 թվականի թիվ 702-010Վ սպառողական վարկի պայմանագրով Արթուր Մինասյանի ստանձնած պարտավորության կատարման` 22.02.2007 թվականի թիվ 702-01ՕԳ բաժնեմասի և դրանով հավաստված իրավունքների գրավի պայմանագրով Էդուարդ Արաբխանյանը և Միլենա Աղամալյանը գրավադրել են «Ռասկո» ԱՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում իրենց սեփականության իրավունքով պատկանող 50.000.000 ՀՀ դրամ անվանական արժեքով 10 տոկոս բաժնեմասը և դրանով հավաստված իրավունքները (այսուհետ` գրավի առարկա)։ Գրավի պայմանագրի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` վարկային պարտավորությունը խախտելու դեպքում գրավառուն իր պահանջները նախապատվության իրավունքով բավարարում է գրավի պայմանագրի 2-րդ կետում նշված գրավի առարկայի արժեքից։ Նույն պայմանագրի 12-րդ կետի համաձայն` գրավատուները և պարտապանը համապարտ պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ, վարկային պարտավորությամբ և պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար, իսկ 25-րդ կետի համաձայն` եթե գրավի առարկան իրացնելուց հետո ստացված գումարը բավարար չէ գրավառուի պահանջները բավարարելու համար, ապա գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալ գրավատուների և/կամ պարտապանի այլ գույքից (հատոր 1-ին, գ.թ. 12-13)։

3) Ըստ 23.02.2007 թվականի թիվ 000018 վկայագրի` ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Կենտրոնի տարածքային բաժնի կողմից 23.02.2007 թվականին «Ռասկո» ԱՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 10 տոկոս բաժնեմասի նկատմամբ գրանցվել է Ընկերության գրավի իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 16)։

4) Համաձայն 12.08.2008 թվականի թիվ ԱԱ 097936 մահվան վկայականի` Էդուարդ Արաբխանյանը 11.08.2007 թվականին մահացել է (հատոր 1-ին, գ.թ. 22)։

5) Էդուարդ Արաբխանյանի մահից հետո նրա ժառանգությունը չի ընդունվել, և այդ փաստը սույն գործով չի վիճարկվել։

6) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.09.2009 թվականի վճիռը 34.935.382,43 ՀՀ դրամ Արթուր Մինասյանից և Միլենա Աղամալյանից համապարտության կարգով բռնագանձելու մասով մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 99-104)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե գրավ դրված գույքն իրացնելուց ստացված գումարը բավարար չէ գրավառուի պահանջները բավարարելու համար, նա իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանների համապարտ պարտականության դեպքում պարտատերն իրավունք ունի, ինչպես բոլոր պարտապաններից համատեղ, այնպես էլ յուրաքանչյուրից պահանջել կատարելու պարտավորությունն ինչպես լրիվ, այնպես էլ պարտքի մի մասով։

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի 27.07.2010 թվականի վճռի` բռնագանձումը Միլենա Աղամալյանին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա տարածելու մասը, պատճառաբանել է, որ Միլենա Աղամալյանի վարկային պարտավորությունները չեն սահմանափակվել միայն գրավադրված գույքով։

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Արթուր Մինասյանի միջև 22.02.2007 թվականին կնքված թիվ 702-010Վ սպառողական վարկի պայմանագրով Արթուր Մինասյանին տարեկան 26 տոկոս տոկոսադրույքով տրամադրվել է 23.500.000 ՀՀ դրամ վարկ 12 ամիս մարման ժամկետով։ Ի ապահովումն նշված վարկային պայմանագրով Արթուր Մինասյանի ստանձնած պարտավորության կատարման` 22.02.2007 թվականի թիվ 702-01ՕԳ բաժնեմասի և դրանով հաստատված իրավունքների գրավի պայմանագրով Էդուարդ Արաբխանյանը և Միլենա Աղամալյանը գրավադրել են գրավի առարկան։ Գրավի պայմանագրի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` վարկային պարտավորությունը խախտելու դեպքում գրավառուն իր պահանջները նախապատվության իրավունքով բավարարում է գրավի պայմանագրի 2-րդ կետում նշված գրավի առարկայի արժեքից։ Նույն պայմանագրի 12-րդ կետի համաձայն` գրավատուները և պարտապանը համապարտ պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ, վարկային պարտավորությամբ և պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման համար, իսկ 25-րդ կետի համաձայն` եթե գրավի առարկան իրացնելուց հետո ստացված գումարը բավարար չէ գրավառուի պահանջները բավարարելու համար, ապա գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալ գրավատուների և/կամ պարտապանի այլ գույքից։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավադրված գույքը բաժանելի լինելու պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գրավառու-պարտատիրոջ կողմից գրավի առարկայի մի մասի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու որևէ արգելք չի նախատեսել։ Այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի ուժով գրավառու-պարտատերն իրեն պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում է իր հայեցողությամբ: Ավելին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին կետը պարտատիրոջն իրավունք է վերապահել համապարտ պարտապաններից յուրաքանչյուրից պահանջել լրիվ կամ մասնակիորեն կատարել պարտավորությունը, իսկ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը գրավ դնելիս ընդհանուր սեփականության մասնակիցներն օրենքի և գրավի պայմանագրի ուժով պարտատիրոջ առջև կրում են համապարտ պատասխանատվություն։

Տվյալ դեպքում Ընկերությունը դատարան ներկայացրած հայցադիմումով այլ պահանջների հետ միասին պահանջել է ընդհանուր սեփականություն հանդիսացող գրավի առարկայից առանձնացնելու սեփականության մասնակիցներից մեկի բաժինը և բռնագանձումը տարածել դրա վրա։

Հիմք ընդունելով օրենսդրի կարգավորումները և կողմերի միջև կնքված գրավի պայմանագրի պայմանները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունն իր պահանջները պետք է բավարարի նախ գրավի առարկայի արժեքից, որի անբավարարության դեպքում նոր միայն կարող է պակաս գումարն ստանալ պարտապանների այլ գույքից։ Դրանից հետևում է, որ քանի դեռ չի լուծվել գրավի ամբողջ առարկայի վրա բռնագանձում տարածելու հարցը և պարզ չէ, թե գրավի առարկայի իրացումից ստացված գումարն արդյոք բավարար չէ պարտատիրոջ պահանջները բավարարելու համար, պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում չի կարող տարածվել: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը գրավի ամբողջ առարկայի իրացման հարցը լուծված չլինելու պայմաններում օրինական ուժի մեջ է թողել Դատարանի վճռի` Միլենա Աղամալյանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելու մասը, ինչի հետևանքով խախտվել է վերջինիս` ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային իրավունքի նորմերով երաշխավորված սեփականության իրավունքը։

Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում Էդուարդ Արաբխանյանին պատկանող գրավի առարկայի բաժնեմասը համապարփակ իրավահաջորդության կարգով այլ անձի անցնելու և այդ կապակցությամբ վճռաբեկ բողոքում նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ փաստարկին հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`վերաքննիչ բողոքը (կամ դրա մասը) ենթակա է քննության, եթե բողոք բերող անձը տվյալ հարցի վերաբերյալ բողոքում արտահայտած իր դիրքորոշումը հայտնել է առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ։ Բացառություն է այն դեպքը, երբ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի դատական ակտերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա գործն ըստ էության լուծող դատական ակտերն անձը չի կարող բողոքարկել վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում։

Սույն գործի նյութերի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում նշված գրավի առարկայի` Էդուարդ Արաբխանյանին պատկանող բաժնեմասը համապարփակ իրավահաջորդության կարգով այլ անձի անցնելու վերաբերյալ փաստարկը Դատարանում չի վկայակոչել, ընդ որում, գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ բողոք բերող անձը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ Դատարանում իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից։ Չնայած բողոք բերած անձը նշված փաստարկը վերաքննիչ բողոքում նշել է, սակայն Վերաքննիչ դատարանը, վերը նշված պատճառաբանությունից ելնելով, դրան չի անդրադարձել և այն քննության առարկա չի դարձրել։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ փաստարկը չի կարող քննության առարկա դառնալ նաև Վճռաբեկ դատարանում։

Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան համայնքին գործի քննությանը մասնակից չդարձնելու հարցով վերջինիս կողմից բողոք չի բերվել, իսկ Ընկերության կողմից Երևան համայնքին գործին մասնակից չդարձնելը չի կարող դիտվել որպես նյութական կամ դատավարական իրավունքի խախտում, քանի որ Ընկերությունը Երևան համայնքի դեմ որևէ պահանջ չի ներկայացրել, իսկ որևէ այլ անձ չի կարող պարտադրել, որ նա նման պահանջ ներկայացնի:

 

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում։

Սույն գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 15.09.2009 թվականի վճիռը 34.935.382,43 ՀՀ դրամ բռնագանձելու մասով մտել է օրինական ուժի մեջ, որով հաստատվել է Ընկերության հանդեպ Արթուր Մինասյանի և Միլենա Աղամալյանի համապարտ պարտավորություն ունենալու հանգամանքը։ Հետևաբար, նշված հանգամանքը կրկին ապացուցման ենթակա չէ, իսկ Արթուր Մինասյանի կողմից թույլ տրված վարկային պարտավորության խախտման համար Միլենա Աղամալյանի` համապարտ պատասխանատվություն չկրելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկն անհիմն է։

3) Սույն որոշման առաջին հիմքում նշված պատճառաբանության հիման վրա Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում նաև վճռաբեկ բողոքի երրորդ հիմքին, քանի որ բողոք բերած անձը վարկային պարտավորության խախտման հետևանքների և հաշվարկված տուժանքների միջև անհամաչափության առկայության վերաբերյալ Դատարանում որևէ դիրքորոշում չի հայտնել։ Չնայած բողոք բերած անձը նշված փաստարկը վերաքննիչ բողոքում նշել է, սակայն Վերաքննիչ դատարանը, վերը նշված պատճառաբանությունից ելնելով, ըստ էության այն քննության առարկա չի դարձրել։ Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ փաստարկը չի կարող քննության առարկա դառնալ նաև Վճռաբեկ դատարանում:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի մասնակի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը բավարար է համարում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

 Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներովՎճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2010 թվականի որոշման` գումարի բռնագանձումը Միլենա Աղամալյանին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի վրա տարածելու մասը և այդ մասով այն փոփոխել. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի հայցը մերժել։ Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ։

2. «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար։

Միլենա Աղամալյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 692.981 (վեց հարյուր իննսուներկու հազար ինը հարյուր ութսունմեկ) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար։

 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ե. Սողոմոնյան