Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.28/54(857) Հոդ.1356.29
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0110/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0110/02/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝     Կ. Հակոբյան

Դատավորներ՝  Տ. Սահակյան
                                    Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 1-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Պարգև Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Պարգև Հարությունյանի ընդդեմ Շողիկ Կարապետյանի, Միշա, Արթուր և Արտակ Բեյբությանների` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Շողիկ Կարապետյանի, Միշա, Արթուր և Արտակ Բեյբությանների ընդդեմ Պարգև Հարությունյանի` վտարման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Պարգև Հարությունյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 112,0 քմ մակերեսով բնակելի տան և 63,7 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Շողիկ Կարապետյանը, Միշա, Արթուր և Արտակ Բեյբությանները պահանջել են Պարգև Հարությունյանին և նրա ընտանիքին վտարել սեփականության իրավունքով իրենց պատկանող Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 1 հասցեի բնակելի տնից:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 13.08.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.10.2010 թվականի որոշմամբ Շողիկ Կարապետյանի, Միշա, Արթուր և Արտակ Բեյբությանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 13.08.2010 թվականի վճիռը և փոփոխվել. հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` Պարգև Հարությունյանին Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 1 հասցեի տնից վտարելու մասին` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Պարգև Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ և 187-րդ հոդվածերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Պարգև Հարությունյանի կողմից չի հիմնավորվել գույքը որպես սեփականը և 10 տարի անընդմեջ տիրապետելու փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Շողիկ Կարապետյանը, Միշա, Արթուր և Արտակ Բեյբությանները չեն հրաժարվել վիճելի գույքից:

Մինչդեռ, գործում առկա փաստաթղթերով հիմնավորվում է վիճելի գույքը Պարգև Հարությունյանի կողմից տասը տարի բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետելու փաստը, ինչպես նաև գույքից Շողիկ Կարապետյանի, Միշա, Արթուր և Արտակ Բեյբությանների հրաժարվելու հանգամանքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 13.08.2010 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Հայկական ԽՍՀ Երևան քաղաքի Մաշտոցի շրջգործկոմի թիվ 1 թաղային կոմիտեի 04.04.1991 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Պարգև Հարությունյանը մշտական գրանցված է Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 1 բնակարանում (հ. 1-ին գ. թ. 95):

2. ՀՀ ոստիկանության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի 13.07.2010 թվականի թիվ 42-136/ա տեղեկանքի համաձայն` Պարգև Հարությունյանը 04.01.1983 թվականից հաշվառված բնակվում է Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 1 տանը (հ. 2-րդ գ. թ. 13):

3. Հայկ Բարսեղյանի և Եպրաքսի Ավետիսյանի 14.03.2010 թվականի հայտարարությունների համաձայն` Պարգև Հարությունյանը գնել է Երևանի Եղիազարյան փողոցի 1 տան մի մասը և ապրում է տվյալ հասցեում 1968 թվականից (հ. 1-ին գ. թ. 96-97):

4. Թաղային կոմիտեի նախագահի 05.10.2009 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Պարգև Հարությունյանը բնակվում է Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 1 տանը և նշված հասցեի տունը կառուցել է 1968 թվականին անօրինական, որից հետո շինարարություն չի կատարել (հ. 1-ին գ. թ. 10):

5. 18.04.2008 թվականին Պարգև Հարությունյանի` որպես Եղիազարյան 1 հասցեի բաժանորդի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի միջև կնքվել է «Էլեկտրական էներգիայի մատակարարման» թիվ 0930928 պայմանագիրը (հ. 2-րդ գ. թ. 20):

6. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշեն տարածքային ստորաբաժանման ղեկավարի 28.10.2009 թվականի ԱԳ-5582 գրության համաձայն` Պարգև Հարությունյանի բանավոր հայտարարությամբ և ըստ չափագրման արդյունքների` Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 1 հասցեում նրա կողմից փաստացի օգտագործվում է 112,0 քմ մակերեսով բնակելի տուն և 63,7 քմ մակերեսով հողամաս (բնակելի տան տակ) (հ. 1-ին գ. թ. 12, 80):

7. 29.08.1973 և 28.08.1974 թվականների թիվ 320218 և 052352 ապահովագրական վկայագրերի համաձայն` կնքվել է Երևանի Շահումյան 25-րդ փողոցի (ներկայիս` Եղիազարյան) թիվ 1 հասցեում գտնվող տնային գույքի ապահովագրության պայմանագիր (հ. 1-ին գ. թ. 92-93):

8. Սեփականության իրավունքի գրանցման 30.09.2009 թվականի թիվ 2675236 վկայականի համաձայն` Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 1 տան 5/8-րդ մասի նկատմամբ գրանցված է Միշա Բեյբությանի սեփականության իրավունքը, և երեք 1/8-րդական մասերի նկատմամբ` Շողիկ Կարապետյանի, Արթուր և Արտակ Բեյբությանների սեփականության իրավունքները (հ. 1-ին գ. թ. 106-107):

9. Շողիկ Կարապետյանը, Միշա, Արթուր և Արտակ Բեյբությանները վեճի առարկա գույքի գույքահարկի, հողի հարկի, մատուցված ծառայությունների վճարումները կատարել են սկսած 2009 թվականից (հ. 1-ին գ. թ. 112-136):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ 17.06.1998 թվականի թիվ ՀՕ-229 օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` օրենսգրքի 187-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 01.01.1999 թվականից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն), ընդ որում, տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքը տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից` այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը:

Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն.

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ. Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով.

(Տես Մարուսյա Աբրահամյանը, Ռուբիկ Սիմոնյանն ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջի մասին և հակընդդեմ հայցի` Միխաել Սիմոնյանի սեփականության իրավունքի գրանցման վկայականը մասնակի անվավեր ճանաչելու, ձեռքբերման վաղեմության ուժով փաստացի տիրապետմամբ զբաղեցրած հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը, ինչպես նաև Լենա Աբգարյանն ընդդեմ Մկրտիչ Համբարձումյանի, Գրիգոր Գորոյանի` ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և հակընդդեմ հայցի` Մկրտիչ Համբարձումյանի ընդդեմ Լենա Աբգարյանի, Անահիտ Գևորգյանի և Գոռ Մահտեսյանի` ապօրինի զբաղեցրած տարածքից վտարելու և հաշվառումից հանելու պահանջի մասին թիվ 3-342 (ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 23.05.2008 թվականի որոշումը):

Դատարանը հայցի բավարարման և հակընդդեմ հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ գործում առկա նյութերով հաստատվում է Պարգև Հարությունյանի կողմից ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերումը, ինչպես նաև Շողիկ Կարապետյանի, Միշա, Արթուր և Արտակ Բեյբությանների իրավանախորդի կողմից վեճի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու փաստը:

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ գործում առկա նյութերով հաստատվում է Շողիկ Կարապետյանի, Միշա, Արթուր և Արտակ Բեյբությանների կողմից վեճի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքից չհրաժարվելու հանգամանքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Պարգև Հարությունյանը չի հիմնավորել իր կողմից գույքը 10 տարի անընդմեջ տիրապետելու փաստը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել քաղաքացիական գործում առկա ապացույցների պատշաճ գնահատում, մասնավորապես` Հայկական ԽՍՀ Երևան քաղաքի Մաշտոցի շրջգործկոմի թիվ 1 թաղային կոմիտեի 04.04.1991 թվականին տրված տեղեկանքի, ՀՀ ոստիկանության Մաշտոցի անձնագրային բաժանմունքի 13.07.2010 թվականի թիվ 42-136/ա տեղեկանքի, թաղային կոմիտեի նախագահի 05.10.2009 թվականին տրված տեղեկանքի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշեն տարածքային ստորաբաժանման ղեկավարի 28.10.2009 թվականի ԱԳ-5582 գրության, Հայկ Բարսեղյանի և Եպրաքսի Ավետիսյանի 14.03.2010 թվականի հայտարարությունների, 29.08.1973 և 28.08.1974 թվականների թիվ 320218 և 052352 ապահովագրական վկայագրերի պատշաճ գնահատում:

Նշված ապացույցներով հաստատվում է այն փաստական հանգամանքը, որ Պարգև Հարությունյանը մշտական բնակվում է Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 1 բնակարանում 1968 թվականից, որտեղ և հաշվառվել է 04.01.1983 թվականին:

Այսպիսով` նշված փաստական հանգամանքներով հերքվում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Պարգև Հարությունյանը վիճելի գույքը չի տիրապետել ավելի քան 10 տարի անընդմեջ:

Պարգև Հարությունյանը գույքը տիրապետել է բացահայտ, այն չի տիրապետել որևէ անձից գաղտնի: Այսինքն` տվյալ դեպքում առկա է նաև գույքի բացահայտ տիրապետման փաստը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, համաձայն որի գործով չի հիմնավորվել վեճի առարկա գույքի տիրապետման բարեխղճությունը, ինչպես նաև որպես սեփական գույք տիրապետելու փաստը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ քննության առարկա չի դարձվել: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ Բալաբեկ Բեյբությանը 1968 թվականին Պարգև Հարությունյանին Երևանի Եղիազարյան փողոցի թիվ 1 հասցում հատկացրել է 63,7 քմ մակերեսով հողամաս, առանձին բնակելի տարածք, վերջինս հաշվառվել ու բնակվել է նշված տարածքում, կառուցել է նոր շինություններ, բացի այդ, սույն գործում առկա են 29.08.1973 և 28.08.1974 թվականների թիվ 320218 և 052352 ապահովագրական վկայագրեր:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը պետք է ուղարկել նոր քննության վեճի առարկա գույքի տիրապետման բարեխղճության հարցը գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի և պատշաճ քննության նպատակով:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.10.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան