Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.50
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3141/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/3141/05/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝  Լ. Սոսյան 
Դատավորներ`                   Ա. Սարգսյան

                   Հ. Բեդևյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հենրիկ Առուստամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.04.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ոստիկանություն) հայցի ընդդեմ Հենրիկ Առուստամյանի` 50.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և ըստ Հենրիկ Առուստամյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ոստիկանության` 15.11.2009 թվականի թիվ ԱԲ 270727 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ոստիկանությունը պահանջել է Հենրիկ Առուստամյանի կողմից Ոստիկանության համապատասխան հաշվին 50.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ վճարման կարգադրություն արձակել:

ՀՀ վարչական դատարանի 26.03.2010 թվականի որոշմամբ արձակվել է Հենրիկ Առուստամյանի կողմից Ոստիկանության համապատասխան հաշվին 50.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հենրիկ Առուստամյանը պահանջել է անվավեր ճանաչել Ոստիկանության 15.11.2009 թվականի թիվ ԱԲ 270727 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի 08.09.2010 թվականի որոշմամբ վերացվել է 26.03.2010 թվականի վճարման կարգադրությունը և անցում է կատարվել հայցային վարույթի:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ`Դատարան) 30.11.2010 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ`Վերաքննիչ դատարան) 01.04.2011 թվականի որոշմամբ Ոստիկանության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 30.11.2010 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հենրիկ Առուստամյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, 27-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հակընդդեմ հայցը մերժել է հետևյալ հիմնավորմամբ. «գործում առկա լուսանկարներից ակնհայտ է, որ համարանիշի վրա կատարված են փոփոխություններ, այսինքն` համարանիշը չի համապատասխանում նշված ստանդարտին: Հետևաբար հիմնավոր է բողոք բերած անձի պնդումը, որ համարանիշի վրա կատարված փոփոխություններով խախտվել է 12.12.2006 թվականի ՀՀ ստանդարտը»: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի նշել ստանդարտին չհամապատասխանելու գեթ մեկ տվյալ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում համարանիշի որևէ պարամետրի շեղումը ստանդարտից կարող է պարզվել միայն մասնագիտական փորձաքննության եզրակացությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 30.11.2010 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ոստիկանության տեսուչի կողմից 2009 թվականի նոյեմբերի 15-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն այն մասին, որ վարորդն ավտոմեքենան «վարում էր ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով: Ճանապարհը չզիջեց երթևեկության առավելություն ունեցող տրանսպորտային միջոցին» (գ.թ. 2):

2) Ոստիկանության 2009 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 270727 որոշմամբ Հենրիկ Առուստամյանը` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, ենթարկվել է վարչական տույժի` տուգանքի 10.000 ՀՀ դրամի չափով (գ.թ. 2):

3) Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ տուգանքի գումարը չի վճարվել, տուգանքի գումարը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով հնգապատկվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ (տես` Դոնարա Սարգսյանն ընդդեմ Երևանի Կենտրոն թաղապետարանի, Հակոբ Կարապետյանի, երրորդ անձինք Իզաբել Փարսադանյանի, Բրաբիոն Շահինյանի` Երևանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի 13.10.1994 թվականի թիվ 37/38 որոշումը մասնակի անվավեր ճանաչելու և բնակարանի ամբողջ տարածքի նկատմամբ նոր որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.10.2009 թվականի թիվ ՎԴ/4166/05/08 որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դրանք կայացնելու կարգի, դրանց կառուցվածքի և բովանդակության, գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման, այն մասնակիցներին ուղարկելու, առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման վերաբերյալ լրացուցիչ դատական ակտի նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռի նկարագրական մասը պետք է պարունակի հայցադիմումի, դրա պատասխանի, գործին մասնակցող անձանց դիմումների և միջնորդությունների համառոտ շարադրանքը: Վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տես ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Վարդենիսի հարկային տեսչությունն ընդդեմ «Պապ Գերասիմ» ՍՊԸ-ի` 1.254.500 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ2/0083/05/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.10.2008 թվականի որոշումը):

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի համաձայն` տրանսպորտային միջոցի երթևեկությունն արգելվում է, եթե վարորդը տրանսպորտային միջոցը վարում է կեղծ, փոխված կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշներով (ժամանակավոր համարանիշների դեպքում` նաև ժամկետանց համարանիշներով) կամ առանց հաշվառման համարանիշների:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անընթեռնելի, ստանդարտին չհամապատասխանող կամ ինքնաշեն հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցները վարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

ՀՀ կառավարության 27.07.2006 թվականի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» թիվ 1400-Ն որոշմամբ և կից թիվ 1, 2, 3, 4 հավելվածներով սահմանված են տրանսպորտային միջոցների խմբերն ըստ դրանց հատկացվող հաշվառման համարանիշերի տեսակների, ինչպես նաև հաշվառման համարանիշերում կիրառվող տառերի, թվանշանների և մակագրությունների տեսակները, հաշվառման համարանիշերի առանձնացված հաշվառման համարանիշերում կիրառվող Հայաստանի Հանրապետության դրոշի և կաթողիկոսական զինանշանի ուրվապատկերների ու ժամանակավոր համարանիշերում գործողության ժամկետի նշման դաշտի եզրաչափերը և հաշվառման համարանիշերում հիմնագույները, տառերի թվանշանների ու մակագրությունների տեսակները:

Նույն որոշման 3-րդ կետի 3-րդ պարբերության համաձայն` հաշվառման համարանիշերի պատրաստման եղանակը և տեխնիկական չափորոշիչները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ստանդարտով: Նշված չափանիշները սահմանվում են «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ. Տիպեր և հիմնական չափեր. Տեխնիկական պահանջներ և շահագործման վերաբերյալ ցուցումներ» ստանդարտով:

Սույն գործում առկա Ոստիկանության 2009 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 270727 որոշմամբ Հենրիկ Առուստամյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով ավտոմեքենա վարելու համար ենթարկվել է վարչական տույժի` տուգանքի 10.000 ՀՀ դրամի չափով:

Դատարանը հակընդդեմ հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ Հենրիկ Առուստամյանի կողմից ներկայացված պետական համարանիշի լուսապատճենից երևում է, որ այն համապատասխանում է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներին ներկայացվող պահանջներին:

Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի վճիռը և մերժել է հակընդդեմ հայցը` պատճառաբանելով, որ գործում առկա լուսանկարներից ակնհայտ է, որ համարանիշի վրա կատարված են փոփոխություններ, այսինքն` համարանիշը չի համապատասխանում ՀՀ ստանդարտին:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը, գործում առկա լուսանկարներին նայելով, եզրակացրել են, որ պետական համարանիշը մի դեպքում համապատասխանում է ՀՀ ստանդարտին, մեկ այլ դեպքում` ոչ, այսինքն` չի հստակեցվել, թե որ թերության հետևանքով պետական համարանիշը չի համապատասխանում ՀՀ ստանդարտին: Մասնավորապես ՀՀ ստանդարտը կարող է վերաբերել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշի տիպերին, հիմնական չափերին, լուսաանդրադարձիչ նյութի տեսակին, թվանշանների և տառերի գծերի, ինչպես նաև համարանիշի եզրերի չափերին և այլ հատկանիշներին: Ուստի այս հարցի պարզումը պահանջում է հատուկ գիտելիքներ այս ոլորտում, համապատասխան մասնագետ ներգրավելու անհրաժեշտություն: Հետևաբար սույն գործի ելքի համար էական նշանակություն ունեցող այս հարցի պարզումն առաջացնում է գործի նոր քննության անհրաժեշտություն:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ համարանիշը չի համապատասխանում ՀՀ ստանդարտին, որոշմամբ չի նշել, թե ստանդարտի որ պահանջներին չի համապատասխանում համարանիշը, այսինքն` որոշումն այս առումով զուրկ է իրավական հիմնավորումից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ և´ Դատարանը և´ Վերաքննիչ դատարանը չեն ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները գործի լուծման համար կարևոր հիշյալ փաստը պարզելու ուղղությամբ` առանց նշելու այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև իրավական ակտի այն հոդվածը կամ հոդվածները, որոնք ենթակա են կիրառման սույն գործով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան