Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 191-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2011-12.09.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.09.01/21(404) Հոդ.332
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.07.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011403

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հուլիսի 2011 թ.

թիվ 191-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/12-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ հետապնդելով ապահովել ապահովագրական ընկերությունների միացման և վերակազմավորման ձևով վերակազմակերպման գործընթացի ամբողջականությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից այդ գործընթացի արդյունավետ վերահսկողությունը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 128-րդ հոդվածը, 130-րդ հոդվածի 2-րդ մասը, 5-րդ մասը, ինչպես նաև 132-րդ և 157-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովագրական ընկերության վերակազմակերպման կարգը» կանոնակարգ 3/12-ը` համաձայն Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. հուլիսի 22
ք. Երևան

 

 

Հավելված


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2011 թվականի հուլիսի 19-ի
թիվ 191-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/12

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական ընկերության վերակազմակերպման կարգը, ապահովագրական ընկերությունների միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից միացման պայմանագրի կնքմանը նախնական համաձայնությունն ստանալու մասին հայտարարության հրապարակման կարգը:

2. Սույն կանոնակարգը տարածվում է նաև վերաապահովագրական ընկերությունների նկատմամբ, եթե կոնկրետ դրույթի էությունից չի բխում, որ այն վերաբերում է ապահովագրական ընկերություններին:

3. Ապահովագրական ընկերությունը կարող է վերակազմակերպվել բացառապես մեկ այլ ապահովագրական ընկերության հետ միացման կամ վերակազմավորման միջոցով:

4. Ապահովագրական ընկերության վերակազմավորումն ընկերության կազմակերպական-իրավական ձևի փոփոխությունն է:

5. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն` պատվիրված նամակով, կամ առձեռն կամ ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, բացառությամբ սույն կանոնակարգի 2-րդ գլխով սահմանված ղեկավարների մասին տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն էլեկտրոնային տարբերակով Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով: Ընդ որում, ղեկավարների մասին տեղեկությունները ներկայացվում են էքսել (excel) ֆորմատով: Ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն ապահովագրական ընկերության իրավասու անձի կողմից և ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Ապահովագրական ընկերությունները միացման պայմանագիր կնքելու համար ստանում են Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը:

7. Միացման պայմանագրով միացող ապահովագրական ընկերության ապահովագրության և վերաապահովագրության պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև ապահովագրական ընկերության այլ պարտավորությունները՝ համաձայն փոխանցման ակտի փոխանցվում են միացման արդյունքում պահպանվող ապահովագրական ընկերությանը: Պահպանվող ապահովագրական ընկերությունը դառնում է փոխանցված ապահովագրության (վերաապահովագրության) և այլ պայմանագրերի կողմ և կրում է օրենքով և պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները:

8. Միացման պայմանագրի կնքմանը Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու նպատակով միացման մասին որոշման ընդունումից հետո տասը աշխատանքային օրվա ընթացքում միացող ապահովագրական ընկերությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.

1) «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով ներկայացված փաստաթղթերը, ընդ որում՝

ա. միացման նախնական համաձայնությունը ստանալու մասին դիմումը ներկայացվում է համաձայն Հավելված 1-ի,

բ. գործարքի էական պայմանները ներկայացվում են սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված միացման պայմանագրի նախագծում ներառման միջոցով,

գ. միացման արդյունքում պահպանվող ապահովագրական ընկերության առաջիկա երեք տարիների գործարար ծրագիրը ներկայացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 344-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական և ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզավորումը, ապահովագրական գործակալի հաշվառումը, Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցումը, ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ապահովագրական ընկերության գործունեության գործարար ծրագրի ձևը, ներկայացման կարգը և ժամկետները, ապահովագրական ընկերության և ապահովագրական բրոքերային ընկերության ղեկավարների ու պատասխանատու անձանց որակավորումը, ապահովագրական ընկերության ղեկավարներին, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության և որակավորման չափանիշները, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգը, ապահովագրական ընկերության ղեկավարների, ապահովագրական բրոքերի պատասխանատու անձանց թեկնածուների մասնագիտական որակավորման ստուգման թեմաների ցանկը» կանոնակարգ 3/01-ի (այսուհետ` Կանոնակարգ 3/01) Հավելված 9-ով սահմանված կարգով,

դ. պահպանվող ապահովագրական ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու մասին նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի դիմումը և այլ պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են համաձայն Կանոնակարգ 3/01-ի,

2) միացող և պահպանվող ապահովագրական ընկերությունների միջև կնքվող միացման պայմանագրի նախագիծը, որում ներառվում են՝

ա. միացող և պահպանվող ապահովագրական ընկերությունների անվանումները և գրանցման տվյալները,

բ. գործարքի էական պայմանները (միացման կարգը, պայմաններն ու ժամկետները, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, միացող ապահովագրական ընկերության բաժնետոմսերի (բաժնեմասերի) և այլ արժեթղթերի փոխարկման կարգը՝ բանաձևային կամ այլ ստանդարտ ձևով),

գ. միացող ապահովագրական ընկերությունների բաժնետոմսերի (բաժնեմասերի) դիմաց շահութաբաժիններ (շահույթ) ստանալու կարգը և պայմանները,

դ. համատեղ ժողովում քվեարկության կարգը,

ե. միացմանը մասնակցող ապահովագրական ընկերությունների համատեղ ժողովի գումարման ժամկետը, հրավիրման և անցկացման կարգը,

է. դրույթ կողմերի պարտավորության մասին, համաձայն որի՝ կողմերը կապահովեն, որպեսզի միացման պայմանագիրը Կենտրոնական բանկի հաստատմանը ներկայացնելու պահին առկա չլինեն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 130-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերը,

3) միացման հիմնավորումը, որտեղ նշվում է միացման անհրաժեշտությունը և նպատակը,

4) միացման մասին որոշման ընդունման օրվա դրությամբ պահպանվող ապահովագրական ընկերության ֆինանսական վիճակը՝ հաշվեկշիռը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 366-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների ձևերը, դրանցում ներառվող տեղեկատվությունը, ներկայացնելու կարգը և ժամկետները» կանոնակարգ 3/04-ի (այսուհետ` Կանոնակարգ 3/04) Հավելված 1-ով սահմանված թիվ 1 հաշվետվության ձևի, տեխնիկական պահուստների մեծությունը՝ համաձայն Կանոնակարգ 3/04-ի Հավելված 15-ով սահմանված թիվ 15 հաշվետվության ձևի, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը՝ համաձայն Կանոնակարգ 3/04-ի Հավելված 9-ով սահմանված թիվ 3 հաշվետվության ձևի,

5) աուդիտ իրականացնող անձի եզրակացությունը՝ միացման պայմանագրի նախագծի մասին, պահպանվող ապահովագրական ընկերության միացման արդյունքում «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված տնտեսական նորմատիվների պահանջներին համապատասխանության, տեխնիկական պահուստների համարժեքության մասին,

6) փոխանցման ակտի նախագիծը,

7) ապահովագրական ընկերության կանոնադրության փոփոխության դեպքում՝ պահպանվող ապահովագրական ընկերության նոր կանոնադրության նախագիծը կամ կանոնադրության փոփոխությունների ու լրացումների նախագիծը, պահպանվող ապահովագրական ընկերության ներքին կազմակերպական կառուցվածքը,

8) միացման արդյունքում պահպանվող ապահովագրական ընկերության ղեկավարների փոփոխության դեպքում պահպանվող ապահովագրական ընկերությունը պետք է ներկայացնի ղեկավարների մասին տեղեկատվությունը՝ համաձայն Կանոնակարգ 3/01-ի Հավելված 3-ի: Եթե տվյալ ղեկավարի համար նախկինում Կենտրոնական բանկ է ներկայացվել Կանոնակարգ 3/01-ի Հավելված 3-ով սահմանված ողջ տեղեկատվությունը, ապա Հավելված 3-ով սահմանված տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող է լրացվել միայն Հավելված 3-ի 2.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 2.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է,

9) միացմանը մասնակցող կողմերի հայեցողությամբ այլ էական տեղեկություններ, որոնք կարտացոլեն միացման առանձնահատկությունները:

9. Կենտրոնական բանկը կարող է պահանջել միացման վերաբերյալ այլ տեղեկատվություն՝ սույն կանոնակարգի 8-րդ կետում նշված տեղեկատվության հավաստիությունը ստուգելու համար, եթե դրա հավաստիության ստուգումը Կենտրոնական բանկի կողմից հնարավոր չէ:

10. Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունն ստանալու պահից՝ 30-օրյա ժամկետում, միացող ապահովագրական ընկերությունները Կենտրոնական բանկի խորհրդի կողմից միացման պայմանագրի հաստատման համար Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները.

1) միջնորդագիր՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,

2) միացման պայմանագիրը՝ ստորագրված միացող և պահպանվող ապահովագրական ընկերությունների գործադիր մարմնի ղեկավարի կողմից, որին կցվում է ապահովագրական ընկերությունների ընդհանուր ժողովների որոշումները կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք միացման պայմանագիրը հաստատելու մասին,

3) միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնությունն ստանալու համար Կենտրոնական բանկ ներկայացված սույն կանոնակարգի 8-րդ կետով նախատեսված փաստաթղթերն ու տեղեկությունները (բացառությամբ 5-րդ ենթակետի), եթե դրանցում տեղի են ունեցել փոփոխություններ:

11. Միացման պայմանագիրը հաստատելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է ընդունում միացող ապահովագրական ընկերության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին:

12. Միացման պայմանագիրը Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվելուց հետո տասնօրյա ժամկետում միացման մասին որոշում ընդունած ապահովագրական ընկերությունները Կենտրոնական բանկի գրանցմանն են ներկայացնում՝

1) միացման մասին որոշում ընդունած ապահովագրական ընկերությունների հաստատած փոխանցման ակտը՝ միացող և պահպանվող ապահովագրական ընկերությունների լիազորած անձանց ստորագրություններով և այդ ընկերությունների կնիքներով (առկայության դեպքում),

2) պահպանվող ապահովագրական ընկերության կանոնադրությունը կամ կանոնադրության լրացումները և փոփոխությունները՝ համաձայն Կանոնակարգ 3/01-ի,

3) պահպանվող ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխության դեպքում ֆիրմային անվանման փոփոխության գրանցման հայտը՝ համաձայն Կանոնակարգ 3/01-ի,

4) պահպանվող ապահովագրական ընկերության ղեկավարների կազմում փոփոխության դեպքում ղեկավարների գրանցման համար պահանջվող տեղեկությունները՝ համաձայն Կանոնակարգ 3/01-ի: Եթե տվյալ ղեկավարի համար նախկինում Կենտրոնական բանկ է ներկայացվել Կանոնակարգ 3/01-ի Հավելված 3-ով սահմանված ողջ տեղեկատվությունը, ապա Հավելված 3-ով սահմանված տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելիս կարող է լրացվել միայն Հավելված 3-ի 2.1 (Անուն, ազգանուն, հայրանուն), 2.3 (Ծննդյան ամսաթիվ) դաշտերը և բոլոր այն դաշտերը, որոնցում նախկինում ներկայացված տեղեկատվությունը փոփոխվել է:

13. Միացման արդյունքում լիցենզիայի վերաձևակերպման անհրաժեշտության դեպքում սույն կանոնակարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերի հետ միասին պահպանվող ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում լիցենզիայի վերաձևակերպման դիմումը՝ համաձայն Կանոնակարգ 3/01-ի:

14. Սույն կանոնակարգի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո Կենտրոնական բանկը 30-օրյա ժամկետում գրանցում է միացման մասին որոշում ընդունած ապահովագրական ընկերությունների հաստատած փոխանցման ակտը, պահպանվող ապահովագրական ընկերության կանոնադրությունը կամ կանոնադրության լրացումները և փոփոխությունները, պահպանվող ապահովագրական ընկերության ֆիրմային անվանման փոփոխության դեպքում ֆիրմային անվանման փոփոխությունը, ինչպես նաև ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները, եթե՝

1) միացման համար ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունը չեն հակասում օրենքներին կամ այլ իրավական ակտերին,

2) պահանջվող փաստաթղթերը և տեղեկատվությունը ներկայացվել են պատշաճ կարգով և ձևով կամ թերի չեն կամ դրանցում առկա չեն կեղծ, անարժանահավատ տվյալներ:

15. Կենտրոնական բանկը վերակազմակերպվող ապահովագրական ընկերության կանոնադրությունը կամ դրանում կատարված փոփոխությունները և լրացումները գրանցելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ միացված ընկերության գործունեության դադարման վերաբերյալ գրառում է կատարում ապահովագրական ընկերությունների գրանցման մատյանում:

16. Եթե սույն կանոնակարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ կամ 12-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնելուց հետո ներկայացված փաստաթղթերում (տեղեկություններում) կատարվել են փոփոխություններ, ապա միացող ապահովագրական ընկերությունները ներկայացնում են նաև փոփոխված փաստաթղթերը (տեղեկությունները) մինչև Կենտրոնական բանկի կողմից համապատասխանաբար միացման պայմանագրի կնքմանը նախնական համաձայնություն տրամադրելու կամ տրամադրումը մերժելու, միացման պայմանագիրը հաստատելու կամ հաստատումը մերժելու կամ 12-րդ կետով սահմանված փաստաթղթերի (տեղեկությունների) գրանցման կամ գրանցումը մերժելու մասին որոշման կայացումը:

17. Որոշակի տեղեկություններ ստանալու համար Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ միացման նախնական համաձայնության, միացման պայմանագրի հաստատման, գրանցման դիմումների (միջնորդագրերի) քննության ժամկետները կարող են կասեցվել, ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո միջնորդագրի քննության վերսկսման որոշման պահից ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և սույն կանոնակարգով սահմանված ժամկետների տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Միացող ապահովագրական ընկերությունները Կենտրոնական բանկի կողմից միացման պայմանագրի կնքման նախնական համաձայնությունն ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում միացման մասին հայտարարությունը հրապարակում են իրենց ինտերնետային կայքերում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում:

19. Միացող ապահովագրական ընկերությունները Կենտրոնական բանկի կողմից միացման պայմանագիրը չհաստատվելու պահից՝ եռօրյա ժամկետում այդ մասին հայտարարությունը հրապարակում են իրենց ինտերնետային կայքերում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում:

20. Միացող ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկի կողմից միացման պայմանագիրը հաստատելու պահից՝ հնգօրյա ժամկետում միացման մասին պատվիրված նամակով ծանուցում է ուղարկում ապահովադիրներին՝ ապահովագրության պայմանագրում նշված հասցեներով:

21. Հայտարարության և ծանուցման մեջ պետք է առնվազն նշվեն միացող ապահովագրական ընկերությունների գործունեության վայրերը, հեռախոսահամարները, ինտերնետային կայքի հասցեները, էլեկտրոնային հասցեները, ինչպես նաև ապահովագրության պայմանագիրը լուծելու՝ ապահովադրի իրավունքի և այդ իրավունքի իրականացման պայմանների, ժամկետների և կարգի մասին տեղեկություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

22. Ապահովագրական ընկերության վերակազմավորման դեպքում կազմակերպական-իրավական ձևը փոխած ապահովագրական ընկերությանն են անցնում վերակազմավորված ապահովագրական ընկերության իրավունքները և պարտականությունները:

23. Վերակազմավորվող ապահովագրական ընկերությունը գրանցման համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) վերակազմավորման մասին միջնորդագիրը (համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի)՝ վերակազմավորվող ընկերության կառավարման մարմնի լիազոր անձի ստորագրությամբ և ապահովագրական ընկերության կնիքով (առկայության դեպքում),

2) վերակազմավորման մասին ընդհանուր ժողովի որոշումը,

3) վերակազմավորման արդյունքում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները և վերակազմավորման պայմանները,

4) վերակազմավորվող ապահովագրական ընկերության հիմնադիրների ժողովի հաստատած կանոնադրությունը կամ դրանում կատարված փոփոխությունները և լրացումները՝ համաձայն Կանոնակարգ 3/01-ի,

5) փոխանցման ակտը,

6) վերակազմավորվող ապահովագրական ընկերությունում անձանց կողմից նշանակալից մասնակցություն ձեռք բերելու դեպքում՝ տեղեկություններ այդ անձանց մասին: Ընդ որում, վերակազմավորման միջնորդագրի հետ մեկտեղ վերակազմավորվող ապահովագրական ընկերությունը ներկայացնում է իր կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն ստանալու մասին նշանակալից անձի դիմումը և այլ պահանջվող փաստաթղթերը՝ համաձայն Կանոնակարգ 3/01-ի,

7) ղեկավարների կազմում փոփոխությունների դեպքում՝ ղեկավարների մասին տեղեկատվությունը՝ համաձայն Կանոնակարգ 3/01-ի,

8) ֆիրմային անվանման փոփոխության գրանցման հայտը՝ համաձայն Կանոնակարգ 3/01-ի,

9) լիցենզիայի վերաձևակերպման դիմումը՝ համաձայն Կանոնակարգ 3/01-ի:

24. Կենտրոնական բանկը կարող է պահանջել վերակազմավորման վերաբերյալ այլ տեղեկատվություն՝ սույն կանոնակարգի 23-րդ կետում նշված տեղեկատվության հավաստիությունը ստուգելու համար, եթե դրա հավաստիության ստուգումը Կենտրոնական բանկի կողմից հնարավոր չէ:

25. Կենտրոնական բանկը սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 30-օրյա ժամկետում գրանցում է վերակազմավորվող ապահովագրական ընկերությանը, եթե՝

1) վերակազմավորման համար ներկայացված փաստաթղթերը չեն հակասում օրենքներին կամ այլ իրավական ակտերին,

2) պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են պատշաճ կարգով և ձևով, թերի չեն կամ դրանցում առկա չեն կեղծ, անարժանահավատ տվյալներ:

26. Որոշակի տեղեկություններ ստանալու համար Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ միջնորդագրի քննության ժամկետը կարող է կասեցվել, սակայն ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո միջնորդագրի քննության վերսկսման որոշման պահից ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և 30-օրյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

27. Վերակազմավորվող ապահովագրական ընկերությունը Կենտրոնական բանկի կողմից գրանցման պահից՝ եռօրյա ժամկետում վերակազմավորման մասին հայտարարությունը հրապարակում է իր ինտերնետային կայքում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում:

 

Հավելված 1

 

«Ապահովագրական ընկերության վերակազմակերպման կարգը»

Կանոնակարգ 3/12-ի

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

(միացման նախնական համաձայնություն ստանալու)

 

 Հարգելի ——————————----------

__________________________________________________________________________
 Դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, գտնվելու վայրը

 

Համաձայն Ընդհանուր ժողովի —/—/20—թվականի թիվ – որոշման դիմում ենք միացման նախնական համաձայնություն ստանալու համար:

Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի թիվ 191-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների վերակազմակերպման կարգը» կանոնակարգ 3/12-ի՝ կից ներկայացնում ենք միացման նախնական համաձայնություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրանց ցանկը:

Առդիր՝———- էջ:

Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է դիմումի մերժմանը:

 

Դիմումը ներկայացնող անձինք՝

/պահպանվող ապահովագրական ընկերության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը/

 /միացող ապահովագրական ընկերության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը/

_____________________________________________________________________

 

__ _____________ 20—թ.

 

Հավելված 2

 

«Ապահովագրական ընկերության վերակազմակերպման կարգը»

Կանոնակարգ 3/12-ի

 

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ր

 

(միացման պայմանագիրը և կից փաստաթղթերը հաստատելու)

 

 Հարգելի ——————————----------

______________________________________________________________________________

 Դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, գտնվելու վայրը

 

Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի թիվ 191-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների վերակազմակերպման կարգը» կանոնակարգ 3/12-ի՝ միացման պայմանագիրը հաստատելու համար Ձեզ ենք ներկայացնում միացման պայմանագիրը և կից փաստաթղթերը:

Առդիր՝———- էջ:

Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է միջնորդագրի մերժմանը:

 

Դիմումը ներկայացնող անձինք՝

 

/պահպանվող ապահովագրական ընկերության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը/

 

/միացող ապահովագրական ընկերության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը/

_______________________________________________________________

 

__ _____________ 20—թ.

 

Հավելված 3

 

«Ապահովագրական ընկերության վերակազմակերպման կարգը»

Կանոնակարգ 3/12-ի

 

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ր

 

Վերակազմավորման

 

 Հարգելի ——————————----------
_____________________________________________________________________________________

 Դիմողի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, գտնվելու վայրը

 

Համաձայն «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հուլիսի 19-ի թիվ 191-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական ընկերությունների վերակազմակերպման կարգը» կանոնակարգ 3/12-ի՝ ներկայացնում ենք վերակազմավորման միջնորդագիրը և կից փաստաթղթերը:

Առդիր՝———- էջ:

Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը: Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է միջնորդագրի մերժմանը:

 

Դիմումը ներկայացնող անձ՝

/վերակազմավորվող ապահովագրական ընկերության իրավասու անձի անունը, ազգանունը, ստորագրությունը/

____________________________________________________________

 

__ _____________ 20—թ.