ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1643/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1643/02/09 |
Նախագահող դատավոր` Դ. Խաչատրյան | |
Դատավորներ` Ն. Տավարացյան Ա. Պետրոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի հուլիսի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վոլոդյա Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Համայակ Ոսկանյանի ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքը ճանաչելու և ապօրինի զավթած հողամասից վտարելու պահանջների մասին և ըստ Վոլոդյա Հակոբյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Համայակ Ոսկանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր) ձեռքբերման վաղեմության ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան Համայակ Ոսկանյանը պահանջել է ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 հասցեի 378 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, իսկ Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի 156,6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ և վտարել Վոլոդյա Հակոբյանին ապօրինի զավթած հողամասից:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան Վոլոդյա Հակոբյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի 5,4 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.09.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է ճանաչել Համայակ Ոսկանյանի սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 հասցեում գտնվող 376,22 քմ մակերեսով (շինություններից ազատ 256,7 քմ մակերեսով հողամաս, շինություններով ծանրաբեռնված 116,8 քմ մակերեսով հողամաս և միջնապատով ծանրաբեռնված 2,72 քմ մակերեսով հողամաս) օրինական հողամասի նկատմամբ: Վոլոդյա Հակոբյանին վտարել ապօրինի զբաղեցրած 2,72 քմ մակերեսով հողամասից: Հայցը մնացած մասով և հակընդդեմ հայցը մերժվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.12.2010 թվականի որոշմամբ Դատարանի 29.09.2010 թվականի վճռի դեմ Վոլոդյա Հակոբյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 29.09.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վոլոդյա Հակոբյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համայակ Ոսկանյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ, 187-րդ, 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ, 53-րդ, 118-րդ, 123-րդ, 130-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ 07-0857 եզրակացությամբ նշվել է, որ Վոլոդյա Հակոբյանը տիրապետում է 157,1 քմ մակերեսով հողամաս, ապա, եթե դրանից հանվի սեփականության իրավունքով գրանցված հողամասի չափը156,6 քմ, ուստի ստացվում է, որ Վոլոդյա Հակոբյանն օրինական հողամասից ավել զբաղեցնում է ընդամենը 0,5 քմ մակերեսով հողամաս։ Ընդ որում նույն եզրակացությունը թիվ ԵԷԴ/0033/02/08 քաղաքացիական գործի քննության ժամանակ արդեն իսկ գնահատվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 24.07.2009 թվականի որոշմամբ և տվյալ որոշմամբ հաստատվել է, որ Վոլոդյա Հակոբյանը 2,72 քմ մակերեսով հող չի զավթել, որպիսի հիմքով Համայակ Ոսկանյանի պահանջը Վոլոդյա Հակոբյանից ապօրինի զավթած հողամասը վերադարձնելու մասին, մերժվել է։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.04.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 06-1045 վճռով Վոլոդյա Հակոբյանը ճանաչվել է Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի, Շամամ Ղուկասյանի ժառանգական գույքի100,1 քմ մակերեսով շինության, 156,6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ փաստացի տիրապետող ժառանգ։ Տվյալ վճռով հաստատվել է, որ Վոլոդյա Հակոբյանի ծնողները 1943 թվականին Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում կառուցել են տուն, որը հաշվառվել է մոր` Շամամ Ղուկասյանի անվամբ։ Այդ ժամանակվանից տանը կից հողամասի շուրջ կառուցել են վիճելի միջնապատը, որով հողամասն առանձնացրել են Համայակ Ոսկանյանի հողամասից և հողամասի նման բաժանումը, առանց որևէ փոփոխության պահպանվել է 1943 թվականից մինչև օրս: 02.03.1955 թվականին Երևանի Մոլոտովյան շրջսովետի գործկոմի կոմունալ բաժնի կողմից Շամամ Ղուկասյանի անվամբ տրվել է թիվ 125 անկետան, որում հողի մակերեսը նշվել է 162,0 քմ, նույն թվականից սկսած հողի հարկը վճարվել է 162,0 քմ մակերեսով հողի համար, որն էլ 1991 թվականի հունվարի 29-ի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դարձել է Շամամ Ղուկասյանի սեփականությունը:
Այսինքն, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ վճռից հետևում է, որ Վոլոդյա Հակոբյանն ավելի քան 60 տարիների ընթացքում անընդմեջ, բարեխիղճ և բացահայտ, որպես սեփական գույք տիրապետել և օգտագործել է Շամամ Ղուկասյանին պատկանող 5,4 քմ մակերեսով հողամասը և հանգել է այն հետևության, որ վիճելի հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով ամրագրված պահանջները բավարարող պատշաճ ապացույցներ չեն ներկայացվել:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը բազամակողմանի լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա հետևյալ ապացույցները`
ա/ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 06.04.2006 թվականի վճռի համաձայն Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի 162 քմ մակերեսով հողամասը կադաստրային գործում առկա փաստաթղթերի համաձայն պատկանել է Շամամ Ղուկասյանին,
24.07.2007 թվականին Կադաստրի հանձնաժողովի կողմից թիվ 14 և թիվ 16 հասցեների հողամասերի չափագրումների և կազմված հատակագծերի համաձայն` Վոլոդյա Հակոբյանն օգտագործում է 162,0 քմ հողամաս,
բ/ Կադաստրի 18.05.2007 թվականի գրությունը, որով հավաստվում է, որ թիվ 16 տան բնակչի կողմից հողամասի որոշակի հատված չի զավթվել:
Տվյալ դեպքում` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կադաստրի 18.05.2007 թվականի գրությունը և փորձագետի եզրակացությունն իրարամերժ ապացույցներ են, սակայն Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու է ապացույցներից հիմք ընդունվել փորձագետի եզրակացությունը։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանում հետազոտված ապացույցներով հիմնավորվել է, որ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիմքով Համայակ Ոսկանյանի սեփականությանն է անցել 378 քմ հողամաս, այլ ոչ թե 376,22 քմ մակերեսով հողամաս, իսկ Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած 24.07.2009 թվականի ԵԷԴ/0033/02/08 որոշմամբ հաստատվել է, որ գործում առկա չեն բավարար ապացույցներ այն մասին, որ Վոլոդյա Հակոբյանի կողմից ապօրինի կերպով է զբաղեցվել Համայակ Ոսկանյանին պատկանող հողամասը: Ընդ որում նշված ԵԷԴ/0033/02/08 քաղաքացիական գործով գործի քննության ընթացքում Համայակ Ոսկանյանի կողմից որպես իր պահանջի հիմնավորում ներկայացվել են նույն ապացույցները, ինչ որ սույն քաղաքացիական գործով, այդ թվում«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի 14.02.2007 թվականի թիվ 07-0857 եզրակացությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.12.2010 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը, կատարելով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, քաղաքացիական գործում առկա վերաբերելի ապացույցներով, տեղատեսությամբ հաստատված հանգամանքների հիմքով իրավացիորեն Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը հիմնավորող ապացույցներ, հանգամանորեն նշել է այն բոլոր փաստերի մասին, որոնք ենթակա չեն քննարկման և գնահատման, քանի որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 24.07.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ ԵԷԴ/0033/02/08 որոշմամբ արդեն իսկ քննվել են, և արդյունքում հաստատված է համարվել, որ Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքն արդեն իսկ հաստատված սահմաններով և չափերով գրանցվել է Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա որոշման և 06.04.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի հիմքով: Այսինքն` Վոլոդյա Հակոբյանը փաստացի տիրապետող և որպես ժառանգությունն ընդունած ժառանգ է ճանաչվել, և նրա սեփականության իրավունքը ստացել է պետական գրանցում Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում Շամամ Ղուկասյանին պատկանող օրինական համարվող 57,0 քմ մակերեսով շինության և 156,6քմ մակերեսով հողամասի նկատմամբ։ Ավելին, Վոլոդյա Հակոբյանը երբևիցե չի վիճարկել կամ պահանջել իր իրավունքի ճանաչումը 162,0 քմ հողամասի նկատմամբ։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. 05.04.2007 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն10.01.2006 թվականին մահացած Պետրոս Ոսկանյանի գույքի նկատմամբ ժառանգ է Համայակ Ոսկանյանը: Ժառանգական գույքը բաղկացած է Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 հասցեում գտնվող անշարժ գույքից: Ամբողջ անշարժ գույքը բաղկացած է 101,8 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունից և 378 քմ մակերեսով հողամասից (հատոր 3-րդ, գ.թ. 96)։
2. Համայակ Ոսկանյանին հասցեագրված Կադաստրի 18.05.2007 թվականի թիվ ՖԲ-4/2037 գրության համաձայն ուսումնասիրվել է Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 տան կադաստրային գործի նյութերը: Ուսումնասիրությունից պարզվել է, որ «նշված հասցեին հատկացվել է 378 քմ մակերեսով (27x14) հողամաս: Չափագրումից պարզվել է, որ չի պահպանվել հողամասի երկարությունը և այն կազմում է 27,5 քմ: Հողամասի լայնությունը, որն ըստ նախկին հատակագծի կազմում է 14 գմ, պահպանվել է տան ճակատային մասում, իսկ հողամասի հետնամասում, ըստ չափագրման այն կազմում է 13,8 գմ: Տեղեկացնում ենք, որ այդ հատվածում Ձեր հողամասը սահմանակից է աջ կողմից թիվ 12, իսկ ձախ կողմից թիվ 16 տներին: Հողամասի սահմանը դեպի թիվ 12 տուն իրենից ներկայացնում է ցանկապատ, որի աջ կամ ձախ տեղափոխումը բերում է երկարության փոփոխման: Իսկ մինչև թիվ 12 տան շինությունները չափագրման դեպքում կապահովվի 14 գմ և հողամասը կհամապատասխանի նախկին հատակագծին, այն է կունենա ուղղանկյան տեսք: Ինչ վերաբերվում է թիվ 16 տան բնակչի կողմից Ձեր հողամասի որոշակի հատվածի զավթմանը, հայտնում ենք, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ավելին նշված հասցեի հողամասը նախկինում ունենալով 6 գմ լայնություն, համաձայն ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.04.2006 թվականի վճռի ստացել է իրավունքների պետական գրանցում այդ մասում 5,7 գմ-ով» (հատոր 3-րդ, գ.թ. 70)։
3. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ Հմ 07-0857 եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Վոլոդյա Հակոբյանի կողմից փաստացի օգտագործվում է 157,1 քմ մակերեսով հաղամաս, որից 2,72 քմ մակերեսով հողամասն իրենից ներկայացնում է հատկացվածից 156,6 քմ մակերեսով հողամասից Վոլոդյա Հակոբյանի կողմից ավել օգտագործվող տարածք, որը Վոլոդյա Հակոբյանը զավթել է թիվ 14 հասցեին հատկացված հողամասից (հատոր 1-ին, գ.թ. 35-45)։
4. Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.02.2009 թվականի ԵԷԴ/0033/02/08 վճռով Վոլոդյա Հակոբյանի հայցն ընդդեմ Համայակ Ոսկանյանի պատի վրա կառուցված պատը քանդելուն պարտավորեցնելու պահանջի մասին, մերժվել է, իսկ Համայակ Ոսկանյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, հողի սահմանը ճշգրտելու, ապօրինի զավթած հողամասը վերադարձնելու և 9,2 մետր երկարությամբ պատը կառուցելու պահանջների մասին, բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 12-17)։
5. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2009 թվականի ԵԷԴ/0033/02/08 որոշմամբ (օրինական ուժի մեջ է մտել 30.09.2009 թվականին) Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.02.2009 թվականի ԵԷԴ/0033/02/08 վճռի դեմ Վոլոդյա Հակոբյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 06.02.2009 թվականի վճռի հակընդդեմ հայցը բավարարելու մասը և Համայակ Ոսկանյանի հակընդդեմ հայցը մերժվել է: Վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ: Նշված որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հաստատված է համարել հետևյալ հանգամանքները.
ա. գործով առկա չէ որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ պատը հանդիսանում է Վոլոդյա Հակոբյանի սեփականությունն ամբողջությամբ.
բ. վիճելի պատի ստորին հատվածը, որն ընդհանուր է Հայցվորի և Պատասխանողի համար, օգտագործում են երկու կողմերը: Փորձագիտական եզրակացության համաձայն շինությունների սպասարկման և շահագործման անվտանգությունից ելնելով, զուտ շինարարատեխնիկական տեսանկյունից Նոր Արեշ թիվ 14 և թիվ 16 հասցեներում գտնվող բնակելի տները բաժանող պատը պետք է թողնվի կողմերի ընդհանուր օգտագործմանը.
գ. գործով առկա չեն բավարար ապացույցներ այն մասին, որ Վոլոդյա Հակոբյանի կողմից ապօրինի կերպով զավթվել է Համայակ Ոսկանյանին պատկանող հողամասը.
դ. Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքը գրանցվել է Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա որոշման և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.04.2006 թվականի վճռին համապատասխան, որով Վոլոդյա Հակոբյանը ճանաչվել է որպես իր մոր Շամամ Ղուկասյանի ժառանգությունն ընդունած ժառանգ.
ե. 12.05.2006 թվականին տրված սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 1515820 վկայականից ակնհայտ է, որ Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքը գրանցվել է 156,6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ և սույն գործում բացակայում է որևէ ապացույց, որով հաստատվում է 2,72 քմ մակերեսով հողի նկատմամբ Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքի գրանցման փաստը: Հետևաբար, 2,72 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքի գրանցում չլինելու պայմաններում անհիմն է դառնում հակընդդեմ հայցվոր Համայակ Ոսկանյանի պահանջը (հատոր 1-ին, գ.թ. 58-64)։
6. ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.04.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 06-1045 վճռով Վոլոդյա Հակոբյանը ճանաչվել է իր մոր Շամամ Ղուկասյանի Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի 57 քմ մակերեսով շինության և 156,6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, իսկ 43,1 քմ մակերեսով ինքնակամ շինության նկատմամբ ճանաչվել է Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքը: Նշված վճռով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հաստատված է համարել հետևյալ հանգամանքները.
ա. Վոլոդյա Հակոբյանի մայրը Շամամ Ղուկասյանը, իր ամուսնու հետ միասին 1944 թվականի ներքին առուվաճառքի պայմանագրով Մանուկ Սիմոնյանից գնել է Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 տան ըստ հատակագծի 6,0X27,0=162,0 քմ հողատարածքը:
բ. Մոլոտովյան շրջսովետի կոմունալ բաժնի կողմից 02.03.1955 թվականին Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում Շամամ Ղուկասյանի անվամբ տրվել է թիվ 125 անկետա (հատոր 3-րդ, գ.թ. 54-57), որում հողի մակերեսը գրված է 6,0X27,0=162,0 քմ հող, որին կից տրվել է նաև հաստատված հատակագիծ։
գ. Շամամ Ղուկասյանի անվամբ կազմված կադաստրային գործում առկա է (հատոր 3-րդ, գ.թ. 58-64) Երևանի քաղխորհրդի տեխնիկական բյուրոյի տնատիրության գույքագրման քարտը, կառույցի գույքագրման թիվ 19912 քարտը, 09.03.1955 թվականի տարածքի հաշվարկման թիվ 19912 գիրքը, Երևանի Մոլոտովյան շրջխորհրդի կոմունալ բաժնի կողմից Շամամ Ղուկասյանի անվամբ 02.03.1955 թվականին տրված թիվ 125 անկետան և դրան կից թիվ 19912 հատակագիծը, ըստ որոնց վերջինիս ունեցած հողի մակերեսը կազմում է 162 քմ, իսկ կառույցի չափը` 57 քմ, ինչպես նաև նույն բաժնի կողմից կազմված թիվ 19912 տնատիրության ամփոփիչ գնահատման ակտը:
դ. 14.09.1955 թվականին Շամամ Ղուկասյանը դիմել է ժողդատարան իր կողմից Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող 162 քմ հողամասի վրա կառուցված 57 քմ անօրինական շինություններն օրինականացնելու խնդրանքով: Դատարանի կողմից հայցը բավարարվել է:
ե. Շամամ Ղուկասյանը մահացել է 26.09.1997 թվականին: Այդ օրվանից հայցվորը որպես տիրապետող ժառանգ տիրապետել և օգտագործել է մորը պատկանող ժառանգական գույքը, վճարել հողի հարկը (հատոր 3-րդ, գ.թ. 49-50)։
7. Երևանի քաղաքապետի 20.04.2005 թվականի թիվ 834-Ա և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.04.2006 թվականի թիվ 06-1045 վճռի հիման վրա Կադաստրի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-005-004-048 մատյանի թիվ 027 համարի տակ 17.05.2006 թվականին գրանցվել է Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքը Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի 156,6 քմ մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա գտնվող անշարժ գույքի նկատմամբ (հատոր 3-րդ, գ.թ. 51-53)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս։
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին։
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը։
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին։
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը։
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում։ Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես´ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը)։
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ գործում առկա փորձագետի եզրակացությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի իմաստով գործի լուծման համար ունի էական նշանակություն, քանի որ դրանով հաստատվում է վիճարկվող 2,72 քմ հողատարածքը Համայակ Ոսկանյանին պատկանելու հանգամանքը: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ գործում առկա չեն այնպիսի ապացույցներ, որոնք ոչ արժանահավատ կդարձնեն փորձագետի եզրակացությունը կամ կանտեսեն դրա ապացուցողական նշանակությունը:
Սույն գործի փաստերի համաձայն` Համայակ Ոսկանյանին հասցեագրված Կադաստրի 18.05.2007 թվականի թիվ ՖԲ-4/2037 գրությամբ նշվել է, որ Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 14 տան կադաստրային գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նշված հասցեին հատկացվել է 378 քմ մակերեսով (27x14) հողամաս: Չափագրումից պարզվել է, որ չի պահպանվել հողամասի երկարությունը և այն կազմում է 27,5 գմ: Հողամասի լայնությունը, որն ըստ նախկին հատակագծի կազմում է 14 գմ, պահպանվել է տան ճակատային մասում, իսկ հողամասի հետնամասում, ըստ չափագրման այն կազմում է 13,8 գմ: Այդ հատվածում հողամասը սահմանակից է աջ կողմից թիվ 12, իսկ ձախ կողմից` թիվ 16 տներին: Հողամասի սահմանը դեպի թիվ 12 տուն իրենից ներկայացնում է ցանկապատ, որի աջ կամ ձախ տեղափոխումը բերում է երկարության փոփոխման: Իսկ մինչև թիվ 12 տան շինությունները չափագրման դեպքում կապահովվի 14 գմ և հողամասը կհամապատասխանի նախկին հատակագծին, այն է կունենա ուղղանկյան տեսք: Ինչ վերաբերվում է թիվ 16 տան բնակչի կողմից Համայակ Ոսկանյանի հողամասի որոշակի հատվածի զավթմանը, ապա այն չի համապատասխանում իրականությանը: Ավելին, նշված հասցեի հողամասը նախկինում ունենալով 6 գմ լայնություն, համաձայն ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.04.2006 թվականի թիվ 06-1045 վճռի ստացել է իրավունքների պետական գրանցում այդ մասում 5,7 գմ-ով:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել Կադաստրի 18.05.2007 թվականի թիվ ՖԲ-4/2037 գրությունը, որևէ կերպ չի պատճառաբանել դրա մերժումը, ինչպես նաև չի արտահայտել որևէ դիրքորոշում նշված ապացույցի վերաբերյալ։
Ավելին, «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի թիվ Հմ 07-0857 եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն` Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Վոլոդյա Հակոբյանի կողմից փաստացի օգտագործվում է 157,1 քմ մակերեսով հողամաս, որից 2,72 քմ մակերեսով հողամասն իրենից ներկայացնում է հատկացվածից` 156,6 քմ մակերեսով հողամասից Վոլոդյա Հակոբյանի կողմից ավել օգտագործվող տարածք, որը Վոլոդյա Հակոբյանը զավթել է թիվ 14 հասցեին հատկացված հողամասից:
Նշված փորձաքննության եզրակացության պարզ թվաբանությունից հետևում է, որ Վոլոդյա Հակոբյանին հատկացված` 156,6 քմ մակերեսով հողամասի և փաստացի օգտագործվող 157,1 քմ մակերեսով հողամասի տարբերությունը կազմում է ընդամենը 0,5 քմ մակերեսով հողամաս: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ եզրակացությունում առկա են հակասություններ:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր չէ Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ սույն գործում առկա չեն այնպիսի ապացույցներ, որոնք ոչ արժանահավատ կդարձնեն փորձագետի եզրակացությունը կամ կանտեսեն դրա ապացուցողական նշանակությունը:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
Սույն գործում առկա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2009 թվականի թիվ ԵԷԴ/0033/02/08 օրինական ուժի մեջ մտած որոշմամբ Համայակ Ոսկանյանի հակընդդեմ հայցը` Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, հողի սահմանը ճշգրտելու, ապօրինի զավթած հողամասը վերադարձնելու և 9,2 մետր երկարությամբ պատը կառուցելու պահանջների մասին, մերժվել է: Նշված որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը հաստատված է համարել, որ գործով առկա չէ որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ պատը հանդիսանում է Վոլոդյա Հակոբյանի սեփականությունն ամբողջությամբ, և գործով առկա չեն բավարար ապացույցներ այն մասին, որ Վոլոդյա Հակոբյանի կողմից ապօրինի կերպով զավթվել է Համայակ Ոսկանյանին պատկանող հողամասը:
Այսինքն, սույն քաղաքացիական գործով և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 24.07.2009 թվականի թիվ ԵԷԴ/0033/02/08 որոշմամբ վեճի առարկան նույն` 2,72 քմ մակերեսով հողամասն է:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով այն հանգամանքը, որ Վոլոդյա Հակոբյանի կողմից Համայակ Ոսկանյանին պատկանող հողամասն ապօրինի կերպով զավթելու փաստը բացակայում է, կրկին ապացուցման ենթակա չէ:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ գործում առկա ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.04.2006 թվականի թիվ 06-1045 վճռով չի հաստատվել վիճելի հասցեի 162 քմ հողամասը Շամամ Ղուկասյանին պատկանելու հանգամանքը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ`
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 06.04.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած թիվ 06-1045 վճռով Վոլոդյա Հակոբյանը ճանաչվել է իր մոր` Շամամ Ղուկասյանի Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեի 57 քմ մակերեսով շինության և 156,6 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ, իսկ 43,1 քմ մակերեսով ինքնակամ շինության նկատմամբ ճանաչվել է Վոլոդյա Հակոբյանի սեփականության իրավունքը: Նշված վճռով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ`
ա. Վոլոդյա Հակոբյանի մայրը` Շամամ Ղուկասյանն իր ամուսնու հետ միասին 1944 թվականի ներքին առուվաճառքի պայմանագրով Մանուկ Սիմոնյանից գնել է Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 տան ըստ հատակագծի 6,0X27,0=162,0 քմ հողատարածքը,
բ. Մոլոտովյան շրջսովետի կոմունալ բաժնի կողմից 02.03.1955 թվականին Երևանի Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում Շամամ Ղուկասյանի անվամբ տրվել է թիվ 125 անկետա, որում հողի մակերեսը գրված է 6,0X27,0=162,0 քմ հող, որին կից տրվել է նաև հաստատված հատակագիծ,
գ. Շամամ Ղուկասյանի անվամբ կազմված կադաստրային գործում առկա է Երևանի քաղխորհրդի տեխնիկական բյուրոյի տնատիրության գույքագրման քարտը, կառույցի գույքագրման թիվ 19912 քարտը, 09.03.1955 թվականի տարածքի հաշվարկման թիվ 19912 գիրքը, Երևանի Մոլոտովյան շրջխորհրդի կոմունալ բաժնի կողմից Շամամ Ղուկասյանի անվամբ 02.03.1955 թվականին տրված թիվ 125 անկետան և դրան կից թիվ 19912 հատակագիծը, ըստ որոնց վերջինիս ունեցած հողի մակերեսը կազմում է 162 քմ, իսկ կառույցի չափը57 քմ, ինչպես նաև նույն բաժնի կողմից կազմված թիվ 19912 տնատիրության ամփոփիչ գնահատման ակտը,
դ. 14.09.1955 թվականին Շամամ Ղուկասյանը դիմել է ժողդատարան իր կողմից Նոր Արեշ 3-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող 162 քմ հողամասի վրա կառուցված 57 քմ անօրինական շինություններն օրինականացնելու խնդրանքով: Դատարանի կողմից հայցը բավարարվել է,
ե. Շամամ Ղուկասյանը մահացել է 26.09.1997 թվականին: Այդ օրվանից հայցվորը որպես տիրապետող ժառանգ տիրապետել և օգտագործել է մորը պատկանող ժառանգական գույքը, վճարել հողի հարկը:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված նյութական իրավունքի նորմերի խախտված լինելու մասին վճռաբեկ բողոք բերած անձի պնդումներին, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածների խախտված լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց քննարկմանը չի անդրադառնում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|