Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2005.08.19/5(16) Հոդ.1356.35
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0199/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0199/02/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝     Ա. Խառատյան

Դատավորներ՝   Կ. Չիլինգարյան
                                    Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

 

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2010 թվականի որոշման դեմ` ըստ Դավիթ Ասատրյանի հայցի ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի` բաժնային սեփականություն հանդիսացող բնակարանից բաժինը բնեղենով առանձնացնելու պահանջի մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Դավիթ Ասատրյանը պահանջել է Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի 30-րդ շենքի թիվ 4 բնակարանից բնեղենով առանձնացնել իր, Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի բաժնեմասերը` միաժամանակ հայտնելով, որ համաձայն է Սվետլանա Ասատրյանից և Արթուր Գասիսյանից ստանալ իր բաժնեմասի շուկայական արժեքը, իսկ վերջիններիս կողմից հատուցման անհնարինության դեպքում պատրաստ է վճարել նրանց բաժնեմասի շուկայական արժեքը:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.07.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է` վճռվել է պատասխանողներին թույլատրել վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում 7.810.000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում տրամադրել Դավիթ Ասատրյանին` դադարեցնելով վերջինիս սեփականության իրավունքը Երևանի Իսակովի փողոցի (պողոտայի) 30-րդ շենքի թիվ 4 բնակարանի նկատմամբ, վճռի եզրափակիչ մասի 1-ին կետում նշված ժամկետում և չափով փոխհատուցումը պատասխանողների կողմից չտրամադրվելու դեպքում Դավիթ Ասատրյանին թույլատրել 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո 10-օրյա ժամկետում 3.125.000-ական ՀՀ դրամի չափով փոխհատուցում վճարել Սվետլանա Ասատրյանին և Արթուր Գասիսյանին` դադարեցնելով վերջիններիս սեփականության իրավունքը Երևանի Իսակովի փողոցի (պողոտայի) 30-րդ շենքի թիվ 4 բնակարանի նկատմամբ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.11.2010 թվականի որոշմամբ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 27.07.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սվետլանա Ասատրյանը և Արթուր Գասիսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Դավիթ Ասատրյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, ակնհայտորեն իրազեկ լինելով դատաքննությանը ներկայանալու, ապացույցներ ներկայացնելու և առարկություններ հայտնելու Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի ցանկության մասին, այնուամենայնիվ վերջիններիս բացակայությամբ լսել է Դավիթ Ասատրյանին և ավարտել է դատաքննությունը, ինչի արդյունքում անհնարին է դարձրել Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի կողմից ապացույցներ ներկայացնելու և առարկություններ հայտնելու հնարավորությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի սեփականության իրավունքը ոտնահարելու առումով Դատարանի կողմից թույլ տրված առերևույթ դատական սխալի հետևանքով նրանք զրկվել են իրենց միակ օթևանից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 25.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքն անհիմն է, իսկ Վերաքննիչ դատարանը Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի վերաքննիչ բողոքը մերժել է արդարացիորեն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 01.02.2010 թվականի անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2707429 վկայականի համաձայն` Երևանի Իսակովի 30-րդ շենքի թիվ 4 բնակարանի նկատմամբ Շահումյանի շրջգործկոմի 13.01.1994 թվականի թիվ 2124, Երևանի քաղաքապետի 24.10.2007 թվականի թիվ 4392-Ա որոշումների, 21.07.2008 թվականի թիվ 5480, 17.06.2009 թվականի թիվ 3967 և թիվ 3968 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերի հիման վրա ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-007-4-9 մատյանի 095 համարի տակ գրանցված է Դավիթ Ասատրյանի` 1/2 բաժնեմասով, Սվետլանա Ասատրյանի` 1/5 բաժնեմասով, և Արթուր Գասիսյանի` 1/5 բաժնեմասով, բաժնային սեփականության իրավունքը (հատոր 1, գ.թ. 5-7):

2) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 30.06.2010 թվականի փորձագետի թիվ 09931007 եզրակացության «Հետևություններ» բաժնի 1-ին կետի համաձայն` Երևանի Իսակովի փողոցի (պողոտայի) 30-րդ շենքի թիվ 4 հասցեում գտնվող բնակարանից Դավիթ Ասատրյանին հասանելիք 1/2 բաժնեմասը տեխնիկապես առանձնացնել մյուս համասեփականատերեր Սվետլանա Ասատրյանին և Արթուր Գասիսյանին հասանելիք 1/5 բաժնեմասերից հնարավոր չէ` պահպանելով տարածքների ըստ նպատակային նշանակության օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում գործող նորմատիվ ակտերի պահանջները (հատոր 1, գ.թ. 44-52):

3) Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի կողմից Դավիթ Ասատրյանի բաժնի արժեքը վճարելու համաձայնության վերաբերյալ որևէ ապացույց սույն գործի նյութերում առկա չէ:

4) Դատարանի կողմից 19.07.2010 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագրերը Սվետլանա Ասատրյանին և Արթուր Գասիսյանին են ուղարկվել «ք. Երևան, Իսակովի 30շ., 4բն.» հասցեով, որպիսի ծանուցագրերը վերջիններս ստացել են 10.07.2010 թվականին (հատոր 1, գ.թ. 54-61):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում` բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:

Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարելու իր բաժնի արժեքը:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` նույն հոդվածի համաձայն, բաժնային սեփականության մասնակցին բնեղենով առանձնացվող գույքի անհամաչափությունը բաժնային սեփականության իրավունքում նրա բաժնին վերացվում է նրան համապատասխան դրամական գումար վճարելով կամ այլ փոխհատուցումով:

Բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը կարող են այդ մասնակցի համաձայնությամբ նրան փոխհատուցում վճարել: Այն դեպքերում, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի, դատարանը կարող է նաև այդ սեփականատիրոջ համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մյուս մասնակիցներին թույլատրել վճարելու փոխհատուցում:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն հոդվածին համապատասխան` փոխհատուցումն ստանալու պահից սեփականատերը կորցնում է ընդհանուր գույքում բաժնի նկատմամբ իրավունքը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նույն հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժին առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության դեպքում դատարանն իրավունք ունի վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են նույն օրենսգրքի 197 հոդվածի կանոններով:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել իր բաժինը միայն այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակիցների միջև բացակայում է ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնություն:

Միաժամանակ, այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ այդպիսի առանձնացումն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարել իր բաժնի արժեքը միայն նրանց համաձայնությամբ, քանի որ այդպիսի համաձայնության բացակայությունը կհանգեցնի կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության սկզբունքի խախտման, հետևաբար նաև անձի սեփականության իրավունքի խախտման:

Վերոգրյալ համաձայնության պարտադիր լինելը հաստատվում է նաև այն հանգամանքով, որ բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելու փոխարեն մյուս սեփականատերերը նրան փոխհատուցում վճարելու իրավունք ունեն նույնպես միայն նրա համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ սեփականատիրոջ բաժինն աննշան է, չի կարող իրապես առանձնացվել և ընդհանուր գույքի օգտագործման մեջ այդ սեփականատերն էական շահ չունի:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ Դատարանը, նկատի ունենալով, որ վիճելի բնակարանի բաժնային սեփականության մասնակիցների միջև բացակայում է բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու վերաբերյալ համաձայնություն, ինչպես նաև վիճելի բնակարանից տեխնիկապես հնարավոր չէ առանձնացնել Դավիթ Ասատրյանին հասանելիք 1/2 բաժնեմասը Սվետլանա Ասատրյանին և Արթուր Գասիսյանին հասանելիք 1/5 բաժնեմասերից, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 3-5-րդ կետերով սահմանված հաջորդ նախապայմանը, որը վերաբերում է բաժնային սեփականության իրավունքում բաժնի դիմաց համապատասխան դրամական գումարի վճարմանը կամ այլ փոխհատուցմանը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով այն հանգամանքները, որ վիճելի բնակարանի բաժնային սեփականության մասնակիցների միջև բացակայում է բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու վերաբերյալ համաձայնություն, ինչպես նաև վիճելի բնակարանից տեխնիկապես հնարավոր չէ առանձնացնել Դավիթ Ասատրյանին հասանելիք 1/2 բաժնեմասը Սվետլանա Ասատրյանին և Արթուր Գասիսյանին հասանելիք 1/5 բաժնեմասերից, անտեսել է այն հանգամանքը, որ նման պայմաններում Դատարանն իրավասու չէր Սվետլանա Ասատրյանին և Արթուր Գասիսյանին պարտավորեցնել փոխհատուցում տրամադրել Դավիթ Ասատրյանին, քանի որ այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակցի բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով կամ այդպիսի առանձնացումն անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարել իր բաժնի արժեքը միայն նրանց համաձայնությամբ, ինչը տվյալ դեպքում առկա չէ:

Միաժամանակ, Դատարանը վճռի եզրափակիչ մասի 2-րդ կետով նույն մասի 1-ին կետում նշված ժամկետում և չափով փոխհատուցումը Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի կողմից չտրամադրվելու դեպքում Դավիթ Ասատրյանին թույլատրել է նույն մասի 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո 10-օրյա ժամկետում փոխհատուցում վճարել Սվետլանա Ասատրյանին և Արթուր Գասիսյանին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, կայացնելով պայմանով վճիռ, անտեսել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նման տեսակի վճիռ կայացնելու լիազորություն իրեն վերապահված չէ, քանի որ այդպիսի տեսակի վճռի կայացումը կարող է հանգեցնել դատական ակտի որոշակիության սկզբունքի խախտման, որպիսի սկզբունքը թեև քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված չէ, սակայն այն իրավական հասկացություն է և միջազգայնորեն ճանաչված սկզբունք ու ենթադրում է, որ դատական ակտը պետք է լինի որոշակի` այն պետք է ձևակերպվի հստակ և հասկանալի, դրա բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դատավարության մասնակիցների համար ակնառու և ակնհայտ լինի, թե իրենց ինչ իրավունք է տրամադրվում, իրենց որ իրավունքն է սահմանափակվում, իրենց ինչ իրավունքից են զրկում կամ իրենց վրա ինչ պարտականություն է դրվում:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածը, ինչպես նաև անտեսել է Դատարանի կողմից թույլ տրված վերը նշված խախտումը:

 

Ինչ վերաբերում է բողոք բերած անձանց փաստարկին այն մասին, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, ակնհայտորեն իրազեկ լինելով դատաքննությանը ներկայանալու, ապացույցներ ներկայացնելու և առարկություններ հայտնելու Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի ցանկության մասին, այնուամենայնիվ վերջիններիս բացակայությամբ լսել է Դավիթ Ասատրյանին և ավարտել է դատաքննությունը, ինչի արդյունքում անհնարին է դարձրել Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի կողմից ապացույցներ ներկայացնելու և առարկություններ հայտնելու հնարավորությունը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ մասով վճռաբեկ բողոքն անհիմն է, իսկ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները հիմնավոր են, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի կողմից 19.07.2010 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագրերը բողոք բերած անձանց են ուղարկվել վերջիններիս բնակության վայրի հասցեով` «ք. Երևան, Իսակովի 30շ., 4բն.», և նրանք այդ ծանուցագրերը ստացել են 10.07.2010 թվականին, սակայն դատական նիստին չեն ներկայացել: Այսինքն` բողոք բերած անձինք պատշաճ կարգով ծանուցվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին և նրանք որևէ կերպ չեն զրկվել ապացույցներ ներկայացնելու և առարկություններ հայտնելու հնարավորությունից:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանով ներկայացված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան