Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.27/53(856).1 Հոդ.1356.25
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.07.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0235/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0235/02/10
2011 թ.

Նախագահող դատավոր՝     Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝  Ա. Խառատյան
                                    Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի հուլիսի 29-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարդիթեր Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.12.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Վարդիթեր Հովհաննիսյանի հայցի ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Արտաշատի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ Մարտին Պետրոսյանի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և ըստ Մարտին Պետրոսյանի հայցի ընդդեմ Վարդիթեր Հովհաննիսյանի` հողամասն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Վարդիթեր Հովհաննիսյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքն Արտաշատ քաղաքի 03-001-0003-0013 կադաստրային համարը կրող 570քմ մակերեսով տնամերձ հողամասի նկատմամբ ժառանգության հիմքով և անվավեր ճանաչել Մարտին Պետրոսյանի անվամբ 14.12.2009 թվականին 0,057հա տնամերձ հողամասի նկատմամբ կատարված պետական գրանցումը:

Դիմելով դատարան՝ Մարտին Պետրոսյանը պահանջել է Վարդիթեր Հովհաննիսյանի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնել օրենքով սահմանված կարգով իրեն հատկացված սեփականության իրավունքով պատկանող Արտաշատի Կամոյի 14ա հասցեում գտնվող 570քմ տնամերձ հողամասը:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 09.07.2010 թվականի որոշմամբ նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.09.2010 թվականի վճռով Վարդիթեր Հովհաննիսյանի հայցը բավարարվել է, իսկ Մարտին Պետրոսյանի հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.12.2010 թվականի որոշմամբ Մարտին Պետրոսյանի և Արտաշատի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 14.09.2010 թվականի վճիռը և փոփոխվել է` Վարդիթեր Հովհաննիսյանի հայցը մերժվել է, իսկ Մարտին Պետրոսյանի հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդիթեր Հովհաննիսյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարտին Պետրոսյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ կետը, 53-րդ, 209-րդ, 211-րդ հոդվածները, 221-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ, 280-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Արտաշատի «Նորվզլու» պայմանական անունով թաղամասից 400քմ մակերեսով թիվ 40 հողակտորը հատկացվել է Հրանտ Մանուկյանին, որն ընտանիքի հետ, մասնավորապես` Վարդիթեր Հովհաննիսյանի հետ 1995 թվականից բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել է այն, տնկել է պտղատու ծառեր, հոգացել է դրանց պահպանման խնդիրները, կառուցել է շինություն, ինչի վերաբերյալ դատարանին են ներկայացվել գրավոր հայտարարություններ: Նշված ապացույցներն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ 1992 թվականին Մարտին Պետրոսյանին հատկացված հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցման նպատակով վերջինս դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արտաշատի տարածքային ստորաբաժանմանը շուրջ 18 տարի անց և այդ ժամանակահատվածում որևէ գործողություն չի իրականացվել նշված հողամասի նկատմամբ իրավունքը պահպանելու կապակցությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.12.2010 թվականի որոշումը և փոփոխել` օրինական ուժ տալ Դատարանի 14.09.2010 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Վարդիթեր Հովհաննիսյանը և Հրանտ Մանուկյանն ամուսնացել են 18.01.1978 թվականին (հատոր 1-ին, գ.թ.31):

2. ՀՀ պատգամավորների Արտաշատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 16.04.1992 թվականի թիվ 16 արձանագրության որոշմամբ Արտաշատի Կամոյի փողոցի վրա նոր հատկացված տնամերձ հողերից 5-րդ հողակտորը հատկացվել է Մարտին Պետրոսյանին` անհատական բնակելի տուն կառուցելու համար և տրվել է Կամոյի փողոց թիվ 14ա փոստային հասցեն (հատոր 1-ին, գ.թ.72-74):

3. ՀՀ պատգամավորների Արտաշատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 31.05.1995 թվականի թիվ 14 արձանագրության որոշմամբ Արտաշատի «Նորվզլու» պայմանական անունով թաղամասից հատկացվել է Հրանտ Մանուկյանին հողակտոր` բնակարանային շինարարության համար և 1995 թվականի հունիսին Հրանտ Մանուկյանին տրվել է թիվ 36 միասնական օրդերը` 400քմ մակերեսով թիվ 40 հողակտորի վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ.15-16):

4. 14.12.2009 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2433202 վկայականի համաձայն`Արտաշատի Կամոյի փողոց թիվ 14ա հասցեում գտնվող 0,057հա մակերեսով տնամերձ հողամասի սեփականատերը Մարտին Պետրոսյանն է, հիմք` ՀՀ պատգամավորների Արտաշատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 16.04.1992 թվականի թիվ 16 արձանագրության որոշումը և հատակագիծը (հատոր 1-ին, գ.թ. 75-77):

5. Վարդիթեր Հովհաննիսյանին հասցեագրված Արտաշատի քաղաքապետի 14.04.2010 թվականի թիվ 025/166 գրությամբ հայտնվել է, որ Հրանտ Մանուկյանին «Նորվզլու» պայմանական անունով թաղամասում հատկացված թիվ 36 միասնական օրդերում նշված թիվ 40 հողակտորը գոյություն չունի (հատոր 1-ին, գ.թ.36):

6. Արտաշատի քաղաքապետի խորհրդականի 24.06.2010 թվականի թիվ 025/173ա գրության համաձայն` «Արտաշատ քաղաքի Կամո փողոցի անվանակոչման մասին քաղաքապետարանում տեղեկություններ չեն պահպանվել, իսկ Ազատամարտիկների փողոցն անվանակոչվել է Արտաշատի քաղաքային խորհրդի գործկոմի 27.04.1995թ. թիվ 11 արձանագրության որոշմամբ»: «Թե ինչ պատճառով Մարտին Պետրոսյանի կողմից ժամանակին չի մուծվել նշված հողի հարկը, չենք կարող ճշգրիտ պատասխանել, հնարավոր է այն հանգամանքը, որ իրեն թույլ չեն տվել մշակել հողակտորը: Հողի հարկը սկսած 1992թ ամբողջությամբ մուծվել է Մ.Պետրոսյանի կողմից 2009թ-ին: Քաղաքապետարանում պահպանվել է ինչպես 1992թ Կամոյի փողոցում հատկացված թվով 10 հողակտորների, այնպես էլ 1995թ հատկացված «Նորվզլու» պայմանական թաղամասի, հետագայում Ազատամարտիկների փողոցի թվով 36 հողակտորների հատակագծերը, որոնք գրությանը կից ներկայացվում է դատարան» (հատոր 1-ին, գ.թ. 83):

7. Մարինե Բադալյանը, Հռիփսիկ Ալոյանը, Հակոբ Արամյանը, Հենրիկ Հովհաննիսյանը երաշխավորագրերով հայտնել են, որ «Կամոյի փողոցի N 5 տնամերձ հողամասը տրվել է 1995թ Հրանտ Միքայելի Մանուկյանին: Մենք որպես այդ փողոցի բնակիչներ երաշխավորում ենք և հաստատում, որ այդ հողատարածքը տարիներ շարունակ մշակել, զբաղվել են ծառատնկմամբ, աճեցրել են խաղողի վազեր և բանջարեղեն» (հատոր 1-ին, գ.թ.17, 30):

8. 17.06.2010 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն` Դատարանը մերժել է սույն գործով երրորդ անձ Մարտին Պետրոսյանի ներկայացուցչի միջնորդությունը վկա հրավիրելու մասին (հատոր 2-րդ, գ.թ.61):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության …:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Նշված նորմերի համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուս անձի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի կիրառման վերաբերյալ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես` դրանք են.

1) Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2) Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը: Այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3) Տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4) Տիրապետումը պետք է լինի բացահայտ: Այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե'ս ըստ հայցի Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյանների և Քնարիկ Աղազարյանի` բնակտարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և բնակելի տնից վտարելու պահանջի մասին, ըստ հակընդդեմ հայցի Մանվել Սարիբեկյանի և Քնարիկ Աղազարյանի ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, ինչպես նաև ըստ Մանվել Սարիբեկյանի և Քնարիկ Աղազարյանի հայցի ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների` հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 10.10.2007 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Այդ տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանը վկա կանչում է կողմի միջնորդությամբ:

Սույն քաղաքացիական գործով ներկայացվել են հայտարարություններ, որոնց համաձայն` Մարինե Բադալյանը, Հռիփսիկ Ալոյանը, Հակոբ Արամյանը, Հենրիկ Հովհաննիսյանը հայտնել են, որ «Կամոյի փողոցի N 5 տնամերձ հողամասը տրվել է 1995թ Հրանտ Միքայելի Մանուկյանին: Մենք որպես այդ փողոցի բնակիչներ երաշխավորում ենք և հաստատում, որ այդ հողատարածքը տարիներ շարունակ մշակել, զբաղվել են ծառատնկմամբ, աճեցրել են խաղողի վազեր և բանջարեղեն»:

Սույն գործով երրորդ անձ Մարտին Պետրոսյանի ներկայացուցիչը ներկայացրել է միջնորդություն վերոնշյալ հայտարարությունները ստորագրած անձանց սույն քաղաքացիական գործով նշված հանգամանքների վերաբերյալ վկայություն տալու համար ներգրավելու մասին:

Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետը, նշված միջնորդությունը մերժել է:

ՀՀ քաղաքացիական դատավարության 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը միջնորդության մերժման հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետը, չի հիմնավորել այն հանգամանքը, որ որևէ օրենքով առկա է անշարժ գույքի տիրապետման և օգտագործման փաստը նաև վկաների ցուցմունքներով հաստատելու արգելք կամ սահմանափակում:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատարանները միջոցներ չեն ձեռնարկել պարզելու համար գործում առկա հայտարարություններով արձանագրված փաստերի հավաստիությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.12.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան