Գլխավոր տեղեկություն
Համար
N 11-Ն
Տիպ
Համատեղ հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.12.28/71(874) Հոդ.411.14
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.10.2011
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10011523

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 հոկտեմբերի 2011 թ. N 11-Ն
ք. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

16 նոյեմբերի 2011 թ. N 934-Ն
ք. Երևան

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները,

 

Հրամայում ենք՝

 

1. Հաստատել`

«Ազգային համակարգող մարմնի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համագործակցության մեխանիզմներն ապահովող գործընթացները սահմանող» ստանդարտ ընթացակարգը` համաձայն հավելվածի:

 2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության պետ Ի. Աբգարյանին`

սույն հրամանը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ էկոնոմիկայի
ՆԱԽԱՐԱՐ

 

 

 Հավելված

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
18 հոկտեմբերի 2011 թ.
թիվ 11-Ն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի
16 նոյեմբերի 2011 թ.
թիվ 934-Ն
համատեղ հրամանով

 

 Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՍՏԱՆԴԱՐՏ

 

1. Սցենար

1) Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետությունից դուրս զբոսաշրջային խմբում վարակիչ հիվանդության, քիմիական, ճառագայթային ախտահարման կասկածելի կամ հաստատված դեպքի (այսուհետ` Դեպք) մասին փոխտեղեկատվության և փոխհամագործակցության ապահովում:

2. Ձեռնարկվող
 միջոցառումներ

1) Զբոսաշրջային օպերատորի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետությունից դուրս զբոսաշրջային խմբում Դեպք արձանագրելիս Դեպքի մասին հաղորդում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 588-Ա որոշմամբ սահմանված զբոսաշրջության ոլորտի պետական կարգավորումն իրականացնող լիազոր մարմնին (այսուհետ` Լիազոր մարմին) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմին ճանաչելու և միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի լիազորությունները սահմանելու մասին» N 809-Ն որոշմամբ սահմանված Միջազգային առողջապահական կանոնների հարցերով (այսուհետ` Կանոններ) Ազգային համակարգող մարմնին:
2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սանիտարական կարանտինային կետերի կողմից (այսուհետ` Սանիտարական կարանտինային կետ) առողջապահական միջոցառումների ձեռնարկում (բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող):

3. Անհրաժեշտ պարագաներ

1) Սանիտարական կարանտինային կետերի անհրաժեշտ պարագաներ
ա. անհատական պաշտպանիչ միջոցներ
բ. սարքավորումներ
գ. ախտահանող, միջատասպան, կրծողասպան նյութեր
դ. ուղևորի բնակավայրի հաստատման հասցեական քարտեր
ե. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի N 219-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված «Վարակիչ հիվանդության կասկածով ուղևորի (ուղևորների) և կոնտակտավորների ռեգիստր»:
2) Լիազոր մարմնի անհրաժեշտ պարագաներ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով հաստատված «Կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված՝ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի հաղորդման մասին ձև», հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին հաղորդման և գնահատման սխեմա:

4. Մասնակիցներ

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակիցներ
2) Զբոսաշրջային խմբի ղեկավար
3) Զբոսաշրջային օպերատոր
4) Լիազոր մարմնի Կանոնների հարցերով պատասխանատու

5. Անհրաժեշտ
պատրաստություններ

1) Սանիտարական կարանտինային կետերը պատրաստում են անհրաժեշտ պարագաները` կապի միջոցներ /հեռախոս, ֆաքս, համացանց, ռեգիստր, հաղորդման ձևեր, անհրաժեշտ սարքավորումներ, անհատական պաշտպանիչ միջոցներ, անհատական ախտահանող, միջատասպան, կրծողասպան նյութեր:

6. Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զբոսաշրջային խմբում վարակիչ հիվանդության կասկածով, քիմիական, ճառագայթային ախտահարման կասկածով ուղևորի հայտնաբերման ժամանակ Ազգային համակարգող մարմնի և զբոսաշրջային ոլորտի պետական լիազոր մարմնի փոխգործակցության քայլ առ քայլ նկարագրություն

1) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զբոսաշրջային խմբի ղեկավարը զբոսաշրջային խմբում կասկածելի կամ հաստատված Դեպքի մասին տեղեկանալուց հետո Դեպքի մասին զբոսաշրջային օպերատորին է հաղորդում հետևյալ տվյալները՝
ա. զբոսաշրջային խմբում գտնվող՝ հիվանդության կասկածով մարդկանց թիվը
բ. զբոսաշրջային խմբում գտնվող անձանց թիվը
գ. զբոսաշրջային խմբում գտնվող կոնտակտավորների թիվը
դ. ժամանման վայրը
ե. հանրային առողջության վտանգի բնույթը, եթե այն հայտնի է։
2) Զբոսաշրջային օպերատորը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի թիվ 219 որոշման պահանջների, Դեպքի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հաղորդում է Լիազոր մարմնի Կանոնների հարցերով պատասխանատուին և Ազգային համակարգող մարմնին:
3) Լիազոր մարմնի պատասխանատուն հաստատում է Դեպքի փաստը` հաղորդելով Ազգային համակարգող մարմնի պատասխանատուին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի «Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի և շահագրգիռ մարմինների համագործակցության մեխանիզմները և համակարգման ընթացակարգերը հաստատելու մասին» N 1138-Ն որոշման 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով հաստատված կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված՝ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի հաղորդման մասին ձևի և հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ ներկայացնող դեպքերի մասին հաղորդման և գնահատման սխեմայի:
4) Ազգային համակարգող մարմինը Դեպքի մասին տեղեկացնում է ժամանման վայրի Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում գործող սանիտարական կարանտինային կետին և, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի թիվ 219 որոշման պահանջների` հրահանգավորում է վերջինիս իրականացնել համապատասխան առողջապահական միջոցառումներ (բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող):
5) Դեպք հանդիսացող անձի և նրա կոնտակտավորների նկատմամբ սանիտարական կարանտինային կետի կողմից իրականացվում է.
ա. վարակիչ հիվանդության, քիմիական, ճառագայթային ախտահարումով կասկածելի ուղևորի զննում,
բ. զննման արդյունքում հայտնաբերված հիվանդության կասկածով ուղևորի մեկուսացում,
գ. հիվանդության կասկածով ուղևորի հոսպիտալացման կազմակերպում,
դ. կոնտակտավոր անձանց նկատմամբ հսկողության կազմակերպում:
6) Սանիտարական կարանտինային կետը Դեպքի մասին տեղեկացնում է տվյալ սանիտարական կարանտինային կետին կցված բուժկանխարգելիչ կազմակերպությանը, որն իրականացնում է վարակիչ հիվանդության, քիմիական, ճառագայթային ախտահարման կասկածով ուղևորների առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումը:
7) Բուժկանխարգելիչ կազմակերպությունը իրականացնում է ուղևորների համապատասխան առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև հիվանդ ուղևոր/ուղևորների հոսպիտալացում:
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի թիվ 219 որոշման պահանջների համաձայն բոլոր կոնտակտավոր ուղևորները, սանիտարական կարանտինային կետի առաջարկությամբ, լրացնում են բնակավայրի հաստատման հասցեական քարտեր:
9) Զբոսաշրջային խմբի ղեկավարը լրացված հասցեական քարտերը տրամադրում է սանիտարական կարանտինային կետի հերթապահ բուժաշխատողին:
10) Հանրային առողջապահական նպատակներով վարակի աղբյուրի կոնտակտավորների կողմից սանիտարական կարանտինային կետ են ներկայացվում՝
ա. ուղևորության վերջնակետի մասին տեղեկատվություն` անհրաժեշտության դեպքում նրա հետ կապ հաստատելու նպատակով.
բ. երթուղուն վերաբերող տվյալներ` մինչև ժամանումն ախտահարված, դրան հարակից տարածքում գտնվելու կամ վարակի, աղտոտման (բաղարկման) աղբյուրի հետ այլ հնարավոր շփումների պարզաբանման նպատակով.
գ. առողջապահական փաստաթղթերի ստուգման արդյունքները (պատվաստման կամ կանխարգելման միջազգային հավաստագիր, պատվաստումից ազատման հավաստագիր, բժշկական զննությունը և լաբորատոր հետազոտությունները հավաստող փաստաթուղթ):
11) Սանիտարական կարանտինային կետը ուղևորների և կոնտակտավորների տվյալները գրանցում է համակարգչում և արխիվացնում է «Վարակիչ հիվանդության կասկածով ուղևորների և կոնտակտավորների ռեգիստրում»` հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի
3-ի թիվ 219 որոշման թիվ 3 հավելվածով:
12) Ազգային համակարգող մարմինը Դեպքի մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի 6 օգոստոսի «Ազգային համակարգող մարմնի և առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդակցման կետերի միջև կանոնավոր կապի ապահովման կարգը հաստատելու մասին» N 913-Ն որոշման պահանջների համաձայն, եթե վերջինս իրենից ներկայացնում է հանրային առողջության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ:

7. Առանցքային գաղափարներ

1) Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս զբոսաշրջային խմբում վարակիչ հիվանդության, քիմիական, ճառագայթային ախտահարումով հիվանդների վաղ հայտնաբերման, կոնտակտավորների հսկողության և հակահամաճարակային միջոցառումների ժամանակին և արագ ձեռնարկման արդյունքում կանխվում է վարակիչ հիվանդությունների ներբերումը Հայաստանի Հանրապետություն, ինչպես նաև ապահովվում է զբոսաշրջային խմբի առողջ ուղևորների առողջության պահպանումը և անվտանգությունը: