Գլխավոր տեղեկություն
Համար
N 1241-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.09.2011-22.03.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.09.14/52(855) Հոդ.1315
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 օգոստոսի 2011 թվականի N 1241-Ն

 

«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ ու 36-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը (քաղ. Երևան, Մոլդովական 70/1) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ 170.315.018 դրամ արժեք, 20949.41 քառ. մետր մակերես և 2.642487 հեկտար հողամաս ունեցող գույքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացվող գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

5. Ստեղծել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

6. Հաստատել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

7. Սահմանել, որ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`

1) Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված ուղեգրերի հիման վրա հանրակացարանային սենյակներում բնակեցման աշխատանքների իրականացումը.

2) հանրակացարաններում բնակվողների սպասարկման գործառույթների իրականացումը:

8. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը`

1) գրանցել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն.

2) իր զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասով ամրացնել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

9. Սահմանել, որ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում պետական սեփականություն հանդիսացող հողեր, նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք:

10. Թույլատրել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` տարածքի` վարձակալությամբ տրամադրում:

11. «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը:

12. Սահմանել, որ «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման, կնիքի, դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ծախսերը կատարվում են սեփական միջոցների հաշվին:

13. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացված գումարը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով հատկացնել «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

14. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերությունը.

3) լուծարման գործընթացը սահմանված կարգով իրականացնելու նպատակով ստեղծել լուծարային հանձնաժողով և դրա կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետում նշված մարմինների ներկայացուցիչներին:

15. Սահմանել, որ «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ հանձնաժողովը պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը հանձնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 2
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է (այսուհետ` կազմակերպություն):

2. Կազմակերպությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշմամբ` հիմնադրման միջոցով:

3. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

4. Հիմնադրի և կազմակերպության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

5. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն ու անգլերեն անվանմամբ կլոր կնիք:

6. Կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

7. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և հաշիվներ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

8. Կազմակերպության անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

2) հայերեն կրճատ` «Հանրակացարաններ» ՊՈԱԿ.

3) անգլերեն լրիվ` «Hanrakacaranner» State Non Comertion Organization.

4) անգլերեն կրճատ` «hanrakacaranner» SNCO:

9. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մոլդովական 70/1:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

10. Կազմակերպության գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված ուղեգրերի հիման վրա հանրակացարանային սենյակներում բնակեցման, հանրակացարաններում բնակվողների սպասարկման աշխատանքների կատարումն է:

11. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության «Տարածքի՝ վարձակալությամբ տրամադրում» տեսակը:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

12. Կազմակերպության իրավունակությունը ծագում է օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

13. Կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն կանոնադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով:

14. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:

15. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի, իսկ հիմնադիրը` կազմակերպության պարտավորությունների համար:

16. Կազմակերպության իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով:

17. Կազմակերպությունը պարտավոր է`

1) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.

2) ապահովել կազմակերպության փաստաթղթերի պահպանումը:

18. Կազմակերպության պահպանման տարեկան ծախսերի նախահաշիվը, դրանում առանձին ծախսատեսակների նորմատիվները (ներառյալ աշխատավարձը) և հաստիքացուցակը հաստատվում են լիազորված պետական մարմնի կողմից:

 

 IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

19. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը և գործադիր տնօրենը:

20. Կազմակերպության հիմնադրի բացառիկ իրավասության հարցերն են`

1) կազմակերպության հիմնադրումը.

2) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.

4) կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը.

5) կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

6) օրենքով նախատեսված այլ հարցերի լուծումը:

21. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`

1) կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը.

2) կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը.

3) կազմակերպության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատումը.

4) կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

5) կազմակերպության գործադիր տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.

6) կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

7) կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացումը.

8) օրենքով և հիմնադրի որոշումներով նախատեսված այլ գործառույթներ:

22. Կազմակերպության գործադիր տնօրենը գործում է սույն կանոնադրության, հիմնադրի և լիազոր մարմնի կողմից տրված հանձնարարականների համաձայն:

23. Կազմակերպության գործադիր տնօրենը ղեկավարում է կազմակերպության ընթացիկ գործունեությունը և դրա հետ կապված`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է կազմակերպության գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները) և գործարքներ կնքում կազմակերպության անունից.

2) ներկայացնում է կազմակերպությունն այլ մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

3) գործում է առանց լիազորագրի և տալիս լիազորագրեր.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

5) բանկերում բացում է կազմակերպության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

6) սահմանում է կազմակերպության կառուցվածքը.

7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և հսկում դրանց կատարումը.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի է ընդունում կազմակերպության աշխատողներին.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերի առկայության դեպքում աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին.

10) կազմակերպության աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

11) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, հիմնադրի և լիազոր մարմնի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:

 

 V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

24. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող ու կազմակերպության գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից, ինչպես նաև՝ կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման արդյունքում ստացված եկամուտներից:

25. Կազմակերպությունն իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ, տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

26. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

27. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

28. Կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:

 

 VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

29. Կազմակերպությունը, սույն կանոնադրությամբ նախատեսված խնդիրներն իրականացնելիս, ստացված շահույթն ամբողջությամբ ուղղում է իր կանոնադրական նպատակների իրականացմանը:

30. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո մնացած կազմակերպության շահույթը կազմակերպության լիազորած պետական մարմնի թույլտվությամբ ուղղվում է կազմակերպության տեխնիկական զարգացման ֆոնդին:

 

VII. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

31. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

32. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

33. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

34. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

35. Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

36. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

37. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2011 թվականի

օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Գտնվելու վայրը

Արժեքը, շենքը, շինության
մակերեսը (քառ. մետր),
հողամասի չափը (հա)

1.

Քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 70/1

29.166879 դրամ արժեքով, 6226.0 քառ. մետր մակերեսով և 0.37613 հա հողամասով (Մոլդովական 70/2 շենքի հողամասի հետ միասին)

2.

Քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգվ., Մոլդովական 70/2

56.730753 դրամ արժեքով, 2144.53 քառ. մետր մակերեսով

3.

Քաղ. Երևան, Շիրակի 2ա

7.495252 դրամ արժեքով, 2273.7 քառ. մետր մակերեսով և 0,87562 հա հողամասով

4.

Քաղ. Երևան, Վարդաշեն, 6-րդ փող., N 68

16929274 դրամ արժեքով, 669.3 քառ. մետր մակերեսով և 0,114202 հա հողամասով

5.

Քաղ. Երևան, Արցախի փող., 4-րդ նրբանցք, N 10/2

9184693 դրամ արժեքով, 2261.6 քառ. մետր մակերեսով և 0.096335 հա հողամասով

6.

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Հատիսի փող., ճարտարագիտական քոլեջի հանրակացարան

31754253 դրամ արժեքով, 4768.98 քառ. մետր մակերեսով և 0.1102 հա հողամասով

7.

ՀՀ Արարատի մարզ, գ. Դարբնիկ,
5-րդ փող., N 3

19053914 դրամ արժեքով, 2605.3 քառ. մետր մակերեսով և 1.07 հա հողամասով

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան