Գլխավոր տեղեկություն
Համար
N 1758-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (17.09.2011-23.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.01.27/4(807).1 Հոդ.64
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.12.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 դեկտեմբերի 2010 թվականի N 1758-Ն

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՇՎԱՆՑԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԱՌՈՒՄՈՎ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ավելացված արժեքի հարկի վերադարձման հայտերի վերլուծության գործընթացում ռիսկային կառավարման մեխանիզմների կիրառումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել հարկ վճարողներին ռիսկային համարելու չափանիշները` օրենքով սահմանված չափով և կարգով որոշվող` հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցելու և (կամ) վերադարձնելու համար` համաձայն հավելվածի:

2. Չափանիշների միավորների սահմանված շեմին համապատասխանելու դեպքում ավելացված արժեքի և (կամ) ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցելու և (կամ) վերադարձնելու առումով հարկ վճարողը համարվում է ռիսկային:

(2-րդ կետը փոփ. 25.08.11 N 1236-Ն)

3. Օրենքով սահմանված չափով և կարգով որոշվող` հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի և (կամ) ակցիզային հարկի գումարները հաշվանցվում և (կամ) վերադարձվում են միայն ուսումնասիրության կամ ստուգման արդյունքներով, եթե`

1) ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցելու և (կամ) վերադարձնելու առումով հարկ վճարողը չափանիշների միավորներով համարվում է ռիսկային, կամ`

2) ավելացված արժեքի և (կամ) ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցելու և (կամ) վերադարձնելու առումով հարկ վճարողը սույն որոշմամբ սահմանված չափանիշներով չի համարում ռիսկային, սակայն հաշվետու ամսվա արդյունքներով (կամ հաշվետու եռամսյակի համար ամսական հաշվարկով) հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հանրագումարը, իսկ ակցիզային հարկ չվճարողների համար` ավելացված արժեքի հարկի գումարը 2011 թվականին գերազանցում է 5 միլիոն դրամը, իսկ 2012 թվականին` 10 միլիոն դրամը:

(3-րդ կետը փոփ. 25.08.11 N 1236-Ն)

4. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված չափանիշները կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սույն որոշման 5-րդ կետով նախատեսված կարգի ընդունումից հետո` մշակված համակարգչային ավտոմատացված ծրագրի միջոցով հարկ վճարողների ընտրության միջոցով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մինչև 2011 թվականի մայիսի 1-ը մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել համակարգչային ավտոմատացված ծրագրի միջոցով հարկ վճարողների ընտրության ֆունկցիոնալ նկարագիրը: Ֆունկցիոնալ նկարագիրը, մասնավորապես, կսահմանի ավտոմատացված վերադարձի համակարգի չափանիշների սահմանման և գնահատման, ինչպես նաև վերադարձի գործընթացի տեխնիկական առաջադրանքները:

(5-րդ կետը փոփ., լրաց. 25.08.11 N 1236-Ն)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունվարի 17
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

դեկտեմբերի 30-ի N 1758-Ն որոշման

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՌԻՍԿԱՅԻՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ՝ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓՈՎ ՈՒ ԿԱՐԳՈՎ ՈՐՈՇՎՈՂ՝ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԱՅԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ (ԿԱՄ) ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐՆ ԱՌԱՆՑ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՆՑԵԼՈՒ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1. Օրենքով սահմանված չափով և կարգով որոշվող՝ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի գումարներն առանց ուսումնասիրության հաշվանցելու և (կամ) վերադարձնելու առումով հարկ վճարողներին ռիսկային համարելու չափանիշներն են՝

1) հարկ վճարողի կողմից ավելացված արժեքի հարկի գծով ներկայացված վերադարձի պահանջների քանակը (եթե հարկ վճարողի կողմից առաջին անգամ է ավելացված արժեքի հարկի վերադարձի պահանջ ներկայացվել, ապա անմիջապես մերժվում է ավտոմատ վերադարձը, և պահանջը շարունակվում է սպասարկվել հաստատված ընդհանուր ընթացակարգով: Նույն հարկ վճարողի կողմից ներկայացվող յուրաքանչյուր հաջորդ պահանջ համարվում է ավելի պակաս ռիսկային, իսկ արդեն հինգերորդ պահանջից հետո հարկ վճարողի հաջորդող պահանջները գնահատվում են նվազագույն՝ զրոյական միավորներ).

2) վերջին 36 ամսվա ընթացքում հարկ վճարողի կողմից ներկայացված ավելացված արժեքի հարկի վերադարձի պահանջները, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից ուսումնասիրությամբ կամ ստուգմամբ բավարարվել են մասնակիորեն՝ պակասեցմամբ.

3) գումարային սահմանափակումների ստուգումը՝ հաշվանցման և (կամ) վերադարձի պահանջում արտացոլված գումարը համադրվում է արտահանման՝ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների ծավալների հանրագումարի 20 տոկոսի հետ.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գումարային սահմանափակումները՝ ավտոմատ հաշվանցման և (կամ) վերադարձի համար.

5) գումարի միայն վերադարձի դեպքում հարկ վճարողի մոտ չկատարված հարկային պարտավորությունների առկայությունը.

6) ներմուծված ապրանքների մասով հայտարարագրված ավելացված արժեքի հարկի համեմատությունը մաքսային մարմիններից ստացված տվյալների հետ.

7) արտահանման մասով հայտարարագրված արժեքների համեմատությունը մաքսային մարմիններից ստացվող արտահանման տվյալների հետ, եթե մաքսային տվյալներ չկան, ապա տվյալ չափորոշիչը չի կիրառվում (էլեկտրոնային փոստով՝ ծրագիր արտահանող և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ կետերի պահանջներին համապատասխան՝ ավելացված արժեքի հարկի զրոյական գործարքներ իրականացրած կազմակերպությունների կողմից իրականացված գործարքների մասին մաքսային տվյալներ կարող են չլինել).

8) վերջին 36 ամսվա ընթացքում հարկ վճարողների նկատմամբ կիրառված տուգանքների քանակը.

9) ավելացված արժեքի հարկի հաշվարկի 16-րդ տողի «Ա» և «Բ» սյունակների համեմատությունը, որտեղ 16-րդ տողի «Ա» սյունակում արտացոլված գումարի 20 տոկոսը պետք է մեծ լինի 16-րդ տողի «Բ» սյունակում լրացված թվից կամ հավասար լինի դրան.

10) ավելացված արժեքի հարկի վերադարձի պահանջում նշված գումարը 1,2 գործակցով գերազանցում է հարկ վճարողի կողմից տվյալ (դիմումում նշված) հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների գծով հարկային մարմին ներկայացված տեղեկություններում արտացոլված գումարը.

11) ավելացված արժեքի հարկի գումարների վերադարձի պահանջը ներկայացնելուն նախորդող 36 ամսվա ընթացքում ներկայացված ճշգրտված հաշվարկների քանակը.

12) ավելացված արժեքի հարկի վերադարձի պահանջի գումարի համադրումը դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ հարկային տեսչության հետ կնքվող փոխադարձ հաշվարկների ստուգման մասին տեղեկանքում արտացոլված ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդի հետ՝ փոխադարձ հաշվարկների ստուգման մասին տեղեկանքում արտացոլված ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդի գումարը պետք է մեծ լինի ավելացված արժեքի հարկի վերադարձի մասին դիմումով պահանջված գումարից կամ հավասար լինի դրան.

13) ավելացված արժեքի հարկի վերադարձի՝ տվյալ ժամանակաշրջանի գումարի համեմատությունը նախորդ 36 ամիսների ավելացված արժեքի հարկի վերադարձի պահանջների գումարների միջինի հետ.

14) վերջին 36 ամսվա ընթացքում հարկ վճարողի մոտ իրականացված ստուգումների ընթացքում ստուգումների արդյունքում հարկ վճարողների նկատմամբ լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջադրման դեպքերի թիվը՝ մասնավորապես, «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով.

15) ավելացված արժեքի հարկի վերադարձի պահանջը ներկայացնելու տարվան նախորդող երկու տարվա ընթացքում ընդամենը հաշվեկշռային շահույթի և հարկման ենթակա շահույթի հարաբերությունը գերազանցում է 2 գործակիցը.

16) պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով հաշվետվությունը բացակայում է (ամսական ավելացված արժեքի հարկի հաշվարկ ներկայացնող հարկ վճարողների համար համեմատվում է նախորդ եռամսյակի սոցիալական ապահովության վճարների մասով հաշվետվությունը, իսկ եռամսյակային ավելացված արժեքի հարկի հաշվարկ ներկայացնող հարկ վճարողների համար՝ համեմատվում է տվյալ հաշվետու եռամսյակի սոցիալական ապահովության վճարների մասով հաշվետվությունը).

17) հարկ վճարողը վերջին երկու տարվա ընթացքում շահույթ չի ունեցել.

18) վերջին 36 ամսվա ընթացքում ավելացված արժեքի հարկի հաշվարկները սահմանված ժամկետներից ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու հանգամանքը.

19) ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության ավտոմատացված համակարգի միջոցով հարկ վճարողի ռիսկերի գնահատման միավորի աստիճանը.

20) ավելացված արժեքի հարկի վերադարձի պահանջը ներկայացնելու տարվան նախորդող երկու տարվա ընթացքում ավելացված արժեքի հարկի հաշվարկի 8-րդ տողում արտացոլված գումարի դեպքում ավելացված արժեքի հարկի հաշվարկի 16.2-րդ տողի «Բ» սյունակում լրացվելիք գումարի բացակայությունը.

21) ավելացված արժեքի հարկի վերադարձի պահանջը ներկայացնելու տարվան նախորդող երկու տարվա ընթացքում վնասի պայմաններում փոխառության կամ վարկի առկայությունը:

2. Հարկ վճարողներին ռիսկային համարելու՝ սույն որոշմամբ սահմանված չափանիշների միավորները և ռիսկայնության շեմը (կշիռը) սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով:

3. Ավելացված արժեքի հարկի վերադարձի ավտոմատացված համակարգի թեստավորման և գործարկման արդյունքում սույն որոշմամբ սահմանված չափանիշները կարող են փոփոխվել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

(հավելվածը խմբ. 25.08.11 N 1236-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան