Գլխավոր տեղեկություն
Համար
N 1180-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2011-28.12.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԹՀՏ 2004.04.30/2(10) Հոդ.1263
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.08.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.08.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 օգոստոսի 2011 թվականի N 1180-Ն

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԱԾՔԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Տարահանման միջոցառումների մեթոդական ղեկավարումը և տարահանման նախապատրաստման նկատմամբ վերահսկողության իրականացումը վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 13-ի «Վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման կարգը հաստատելու մասին» N 746 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. օգոստոսի 22
Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՏԱՐԱԾՔԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության ժամանակ տարահանման միջոցառումների հիմնական խնդիրները, կազմակերպումը և իրականացումը:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) տարահանման հանձնաժողով` նշանակված կազմ, որը կազմակերպում ու ղեկավարում է տվյալ տարածքի բնակչության և կազմակերպությունների տարահանման միջոցառումները.

2) տարահանման հավաքակայան՝ տարահանվող բնակչության ընդունման և հաշվառման հավաքատեղ.

3) ընդունման հավաքակայան՝ հավաքատեղի, որտեղ կատարվում են տարահանված բնակչության ընդունումը, հաշվառումը և բաշխումը՝ ըստ ժամանակավոր կացարանների.

4) ընդհանուր տարահանում՝ տվյալ տարածքի (բնակավայրի) ամբողջ բնակչության տարահանում.

5) մասնակի տարահանում՝ մինչև 16 տարեկան երեխաների, հղի և մինչև 8 տարեկան երեխա ունեցող կանանց, 8-16 տարեկան երեխա ունեցող այն կանանց, որոնց ընտանիքների կազմում չկան տարահանման ենթակա՝ անաշխատունակ անդամներ, հաշմանդամների և կենսաթոշակառուների տարահանում, կամ տվյալ տարածքի բնակչության մի մասի տարահանում.

6) տարահանման երթուղի՝ տարահանվող բնակչության բնակավայրը տեղաբաշխման բնակավայրին միացնող ճանապարհ (ճանապարհահատված).

7) տարահանման ավտոշարասյուն՝ տարահանման հավաքակայանից (բնակավայրերից) ընդունման հավաքակայան (բնակավայր) մեկնող երկու կամ ավելի ավտոմեքենայից բաղկացած շարասյուն.

8) տարահանման հետիոտն շարասյուն՝ տարահանման հավաքակայանից (բնակավայրից) ընդունման հավաքակայան (բնակավայր) հետիոտն կազմակերպված խումբ.

9) տարահանման երկաթուղային շարասյուն՝ չվացուցակային կամ չվացուցակից դուրս երկաթուղային շարժակազմ, որը նախատեսվում է տարահանվող բնակչությանը տեղափոխելու համար.

10) տարահանման պլան՝ նախապես մշակված փաստաթուղթ, որով կանոնակարգվում են մեկ տարածքից (բնակավայրից, օբյեկտից) մեկ այլ տարածք բնակչության տարահանման, տեղաբաշխման և բազմակողմանի կենսաապահովման միջոցառումները.

11) վտանգավոր տարածք՝ տեղանք կամ առանձին բնակավայր, օբյեկտ, որտեղ արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության հետևանքով առաջացել կամ կարող են առաջանալ մարդկանց կյանքի, առողջության և բնականոն կենսագործունեության վրա բացասաբար ազդող գործոններ.

12) անվտանգ տարածք` վտանգավոր տարածքից դուրս գտնվող, տեղի և տարահանվող բնակչության կենսաապահովման, ինչպես նաև կենդանիների և նյութական արժեքների տեղաբաշխման համար նախապատրաստված տարածք.

13) բնակչության տարահանում` արտակարգ իրավիճակներում կամ ռազմական դրության ժամանակ վտանգավոր տարածքներից բնակչության կազմակերպված դուրսբերում և ժամանակավոր տեղաբաշխում՝ կենսաապահովման համար նախապես պատրաստված անվտանգ տարածքներում.

14) ժամանակավոր տեղակայման կետ` տարահանված բնակչության կարճաժամկետ տեղակայման համար նախատեսված օբյեկտ (տարածք).

15) երկարատև բնակության կետ` տարահանված բնակչության կենսաապահովման, երկարատև տեղակայման համար նախատեսված օբյեկտ։

3. Տարահանումը բնակչության պաշտպանության հիմնական ձևերից մեկն է: Այն իրականացվում է վտանգավոր տարածքներից անվտանգ տարածքներ մարդկանց ժամանակավոր տեղափոխման և տեղաբաշխման միջոցով:

4. Տարահանումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու, ինչպես նաև այնպիսի արտակարգ իրավիճակների առաջացման կամ անմիջական սպառնալիքի դեպքում, որի հետևանքով որոշակի տարածքներում (բնակավայրերում, օբյեկտներում) կարող են առաջանալ մարդկանց կյանքի և կենսագործունեության բնականոն պայմանների վրա բացասաբար ազդող գործոններ։

5. Տարահանումը կարող է իրականացվել 2 փուլով: Առաջին փուլում բնակչության տարահանում՝ արտակարգ իրավիճակների գոտիներից անվտանգ տարածքներ` ժամանակավոր տեղակայման կետեր: Ժամանակավոր տեղակայման կետերի համար կարող են օգտագործվել կինոթատրոնները, ակումբները, ուսումնական հաստատությունները, հյուրանոցները, հանրակացարանները, վրանային ավանները և այլն: Երկրորդ փուլում տևական բնույթի արտակարգ իրավիճակների կամ մշտական բնակության վայր վերադառնալու անհնարինության դեպքում իրականացվում է բնակչության տեղափոխում ժամանակավոր տեղակայման կետերից երկարատև բնակության կետեր, որտեղ հնարավոր է բնակության երկարատև և համակողմանի կենսագործունեության ապահովումը: Երկարատև բնակության կետերի համար կարող են օգտագործվել առողջարանները, նախաբուժարանները, հանգստյան տները, պանսիոնատները, տուրիստական բազաները, հյուրանոցները և այլ շինություններ (անկախ սեփականության ձևից), որոնք համապատասխանում են երկարատև բնակության պայմաններին: Ժամանակավոր տեղակայման կետերը և երկարատև բնակության կետերն ընտրվում են նախօրոք` ելնելով արտակարգ իրավիճակների ժամանակ առաջացող հնարավոր իրավիճակներից:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված ժամանակավոր տեղակայման կետերը (կինոթատրոնները, ակումբները, ուսումնական հաստատությունները, հյուրանոցները, հանրակացարանները, վրանային ավանները) տրամադրվում են պայմանագրերի համաձայն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Բնակչության տարահանում նախատեսվում է՝

1) ջրամբարների պատվարների փլուզման կամ գետերի ջրերի հորդացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներից.

2) սողանքների և ձնահյուսերի հետևանքով առաջացած վտանգավոր տարածքներից.

3) երկրաշարժի հետևանքով ավերված և բնակվելու համար վտանգավոր բնակավայրերից.

4) ատոմային էլեկտրակայանի (այսուհետ՝ ԱԷԿ) ընդհանուր վթարի կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում տարահանման սահմանված միջամտման չափաքանակների գերազանցմամբ ճառագայթային ազդեցության և (կամ) ճառագայթային աղտոտման ենթակա տարածքներից.

5) վտանգավոր թունավոր նյութեր կամ արտադրական պրոցեսում դրանք օգտագործող արդյունաբերական օբյեկտներին հարակից վարակավտանգ գոտուց.

6) ռադիոակտիվ կամ թունավոր նյութերի տրանսպորտային փոխադրումների ժամանակ տեղի ունեցած վթարի հետևանքով առաջացած վտանգավոր տարածքից.

7) սահմանամերձ բնակավայրերից և տարածքներից մասնակի տարահանում կարող է կատարվել ռազմական դրության ժամանակ հակառակորդի հանկարծակի հարձակման, հակառակորդի հարձակման սպառնալիքի, ինչպես նաև մարտական գործողությունների վարման և զենքի տեսակների անմիջական կիրառման կամ դրա սպառնալիքի դեպքերում:

 

II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

8. Բնակչությունը կարող է տարահանվել հետիոտն շարասյուներով կամ տրանսպորտային միջոցներով՝ ավտոշարասյուներով, երկաթուղային շարժակազմերով և ջրային տրանսպորտով:

9. Առանձին դեպքերում տարահանման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են տրամադրվել նաև օդային տրանսպորտային միջոցներ:

10. Տարահանման համար տրամադրվող տրանսպորտային միջոցների հատկացումն ու վառելիքաքսուքային նյութերով ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

III. ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

11. Տարերային, տեխնածին կամ էկոլոգիական աղետների և այլ բնույթի վթարների դեպքում ընդհանուր կամ մասնակի տարահանման մասին որոշում ընդունում են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները` իրենց համակարգի աշխատողների համար, Հայաստանի Հանրապետության մարզպետները` մարզի բնակչության համար, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները` համայնքի բնակչության համար և կազմակերպությունների ղեկավարները` իրենց աշխատողների համար: Նրանց բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց փոխարինող անձինք:

12. Տարահանման մասին որոշում ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է ընդունված որոշման մասին տեղեկացնել լիազորված մարմնին՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն (ճգնաժամային կառավարման կենտրոնին):

13. Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների վերացման աշխատանքների ղեկավարն իրավունք ունի ինքնուրույն որոշում ընդունելու վտանգավոր տարածքից բնակչությանն անվտանգ վայր տեղափոխելու վերաբերյալ:

14. ԱԷԿ-ի ընդհանուր վթարի կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքում ԱԷԿ-ին հարակից 5 կմ շառավղով նախահարձակ պաշտպանական գործողությունների իրականացման գոտու բնակավայրերի բնակչության տարահանումը կազմակերպվում է ԱԷԿ-ից ստացած ահազանգի հիման վրա՝ համապատասխան համայնքի ղեկավարի կողմից, իսկ 5 կմ շառավղով գոտուց դուրս՝ սույն կարգի 11-րդ կետով սահմանված կարգով:

15. Պատերազմական գործողությունների ժամանակ օգտագործվող զենքի տեսակների կիրառման կամ դրա սպառնալիքի դեպքում տարահանման մասին որոշում ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում՝ պետական կառավարման տարածքային, տեղական ինքնակառավարման մարմինները և տվյալ տարածքի կայազորի պետը՝ իր իրավասության սահմաններում:

 

IV. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

16. Բնակչության տարահանման պլանավորումը և կազմակերպումը, տարահանված բնակչության տեղաբաշխումը ու բազմակողմանի կենսաապահովումը և արտակարգ իրավիճակների վերացումից հետո նրա վերադարձը մշտական բնակության վայրերն իրականացնում են պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները` տարահանման հանձնաժողովների միջոցով:

17. Տարահանման հանձնաժողովները նախապես որոշում և տարահանման միջոցառումներին մասնակցող կազմակերպություններին տեղեկացնում են տարահանումն իրականացնող մարմինների, տարահանման և ընդունման հավաքակայանների, կարճաժամկետ տեղակայման կետերի, երկարատև բնակության կետերի գտնվելու վայրի մասին:

18. Տարահանման միջոցառումները կանոնակարգվում են նախապես մշակված տարահանման պլաններով, որոնք ներառում են`

1) բնակչության տարահանման անցկացման կարգն ու ժամկետները, տարահանման համար տրամադրվող ուժերն ու միջոցները, տարահանման երթուղին.

2) տարահանման և ընդունման հավաքակայաններում աշխատանքների կազմակերպումը.

3) տարահանման հաշվարկը՝ ըստ տրանսպորտային տեսակների ու տարահանման երթուղիների.

4) ընդունող բնակավայրերում տարահանվողների տեղաբաշխման կազմակերպման և սնունդով ապահովման կանոնակարգը.

5) նյութական և մշակութային արժեքների դուրսբերման կարգը:

19. Բնակչության տարահանման պլանները մշակում են տարահանման համապատասխան հանձնաժողովները՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ:

20. Տարահանման հանձնաժողովները ստեղծվում են`

1) հանրապետական տարահանման հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ.

2) հանրապետական գործադիր մարմնի հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով.

3) մարզային տարահանման հանձնաժողովները` Հայաստանի Հանրապետության մարզպետի որոշմամբ.

4) համայնքային տարահանման հանձնաժողովը` համայնքի ղեկավարի որոշմամբ.

5) կազմակերպության տարահանման հանձնաժողովը` կազմակերպության ղեկավարի հրամանով:

21. Տարահանման հանձնաժողովի նախագահ է նշանակվում հանձնաժողովն ստեղծող մարմնի ղեկավարի տեղակալը (այդպիսին չլինելու դեպքում՝ տվյալ ղեկավարի կողմից նշանակված անձը):

22. Տարահանման հանձնաժողովները գործում են իրենց կանոնադրությունների համաձայն, որոնք հաստատվում են հանձնաժողովներն ստեղծող մարմինների ղեկավարների կողմից: Կանոնադրությունների օրինակելի ձևերը մշակում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը:

23. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը սահմանում է տարահանման պլանների կառուցվածքն ու համապատասխան փաստաթղթերի ձևերը:

24. Բնակավայրերում կարող է ստեղծվել մեկ կամ ավելի տարահանման հավաքակայան՝ մեկ հավաքակայանում 10000 տարահանվողից ոչ ավելի՝ սպասարկման սկզբունքներով:

25. Տարահանման հավաքակայաններն ստեղծվում են հանրակրթական և հասարակական կազմակերպությունների տարածքներում, ապահովվում կապի միջոցներով, բուժսպասարկման կետով, մոր ու մանկան և հանգստի սենյակներով: Տարահանման երթուղիները ճշգրտվում են տարահանման հավաքակայաններում:

26. Բնակչության տարահանումն իրականացվում է տարահանման հավաքակայաններից, որտեղ տարահանման ազդանշան (հրահանգ) ստանալու դեպքում ժամանում են տարահանվողները:

27. Յուրաքանչյուր տարահանվողի առաջարկվում է`

1) ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, երեք օրվա սննդամթերք և այլ անհրաժեշտ պարագաներ.

2) հոսանքազրկել բնակարանը և անվտանգ տեղեր տեղափոխել հրդեհավտանգ ու պայթյունավտանգ նյութերը և առարկաները.

3) տարահանման և ընդունման հավաքակայաններում ու երթի ընթացքում կատարել հավաքակայանների ու շարասյան պետերի հրահանգներն ու հանձնարարականները:

 

V. ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

28. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուժերն իրականացնում են տարահանման երթուղիների անցողունակության և տարահանված բնակավայրերում (տարածքներում) ու օբյեկտներում մնացած գույքի պահպանության միջոցառումները:

29. Տարահանման միջոցառումների ապահովումն իրականացվում է հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության ծառայությունների միջոցով՝ համաձայն իրենց կանոնադրությունների:

30. Տարահանված բնակչության կենսաապահովումը տեղաբաշխման տեղամասերում իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

31. Հայաստանի Հանրապետության զինված ուժերին ամրագրված տրանսպորտային միջոցները չեն օգտագործվում բնակչությանը տարահանելու համար, եթե հայտարարված է զորահավաք:

32. Տարահանման և բնակչության ընդունման հավաքակայաններում, ժամանակավոր կացարաններում, տարահանման երթուղիներում տարահանվողների բուժօգնությունն իրականացվում է բժշկական հաստատությունների կողմից՝ անկախ սեփականության ձևից, սեփական միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հետագա համարժեք փոխհատուցմամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Տարահանված բժշկական հիմնարկները տեղաբաշխվում են համապատասխան պլանների համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
25.12.2014, N 1496-Ն 28.12.2014, N 1180-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան