ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2011 թվականի N 1192-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԱԾԻՆ ԱՂՏՈՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում տեխնածին աղտոտված հողերի մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. օգոստոսի 25
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան
Հավելված |
Մ Ե Թ Ո Դ Ա Բ Ա Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԱԾԻՆ ԱՂՏՈՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն մեթոդաբանությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում տեխնածին աղտոտված հողերի մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունը (այսուհետ` մեթոդաբանություն) մշակված է տեխնածին աղտոտված հողերի հետազոտման, բացահայտման և դրանց տարածքում մոնիթորինգի իրականացման մեթոդաբանությունը սահմանելու նպատակով:
2. Հետազոտությունների նպատակը տեխնածին աղտոտված և դեգրադացված հողերի բացահայտումն ու դրանց դեգրադացիայի աստիճանի որոշումն է: Մեթոդաբանությունը կիրառելի է հողատարման ենթարկված, աղակալված, ճահճացված, անապատացված, օգտակար հանածոների արդյունահանման կամ այլ մարդածին ներգործության հետևանքով խախտված հողերի մարդու տնտեսական գործունեության արդյունքում պեստիցիդների մնացորդներով, ծանր մետաղներով, նավթամթերքներով և այլ օրգանական ու ոչ օրգանական աղտոտիչներով (Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի N 276-Ն որոշման 8-րդ կետի 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերի ցուցանիշներով բնութագրվող) աղտոտված հողերի տարածքներում:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3. Մեթոդաբանության հիմնական հասկացություններն են՝
1) տեխնածին աղտոտված հողեր` ռադիոակտիվ և թունավոր նյութերով աղտոտված, աղակալված կամ ողողման ենթարկված, խոշոր արդյունաբերական կենտրոններով զբաղեցված, ավտոմոբիլային և երկաթգծային մայրուղիների, խոշոր անասնապահական համալիրների մոտ տեղադրված հողեր, ինչպես նաև քիմիական բնույթի աղտոտվածության ենթարկված գյուղատնտեսական նշանակության հողեր.
2) հողերի դեգրադացիա` գործընթացների համախումբ, որը հանգեցնում է հողի որպես բնական միջավայրի բաղկացուցիչ տարրի, քանակական և որակական հատկանիշների վատթարացմանը, հողերի բնական-արտադրական նշանակության նվազեցմանը.
3) հողերի խախտում` հողային ծածկույթի մեխանիկական քայքայում բաց կամ ստորգետնյա եղանակով օգտակար հանածոների շահագործման, շինարարական և երկրաբանահետախուզական աշխատանքների հետևանքով: Խախտված հողերի շարքին են պատկանում տեղահանված կամ վրածածկված հումուսային շերտով հողերը և այն հողերը, որոնք պիտանի չեն օգտագործման առանց բերրիության նախնական վերականգնման, այսինքն, խախտման հետևանքով առաջնային տնտեսական արժեքը կորցրած, շրջակա միջավայրի վրա բացասական ներգործության աղբյուր հանդիսացող հողերը.
4) հողատարում` քամու և մակերեսային ջրային հոսքերի ազդեցության պատճառով բնահողային շերտի քայքայում` հողաբուսական նյութի հետագա տեղափոխմամբ և վերանստեցմամբ.
5) հողերի աղակալում` ջրում լուծվող աղերի (ներառյալ նատրիումի և մագնեզիումի իոնների) ավելցուկային կուտակման գործընթաց, որը հանգեցնում է միջավայրի կատիոն-անիոնային կազմի փոփոխությանը.
6) ճահճացում` բնահողերի ջրաբանական ռեժիմի փոփոխություն, որն արտահայտվում է գերխոնավեցմամբ` հեղեղման և ջրհեղեղումների ժամանակահատվածների տևողության երկարացմամբ.
7) ֆոնային պարունակություն` մարդածին ներգործության չենթարկված (օրինակ, արգելոցների, արգելավայրերի տարածքներ) տարբեր հողաբանական-կլիմայական գոտիների բնահողերում քիմիական միացությունների և տարրերի բնական պարունակություններ.
8) հողերի քիմիական աղտոտվածության սխեմատիկ քարտեզ քարտոգամ` քարտեզագրական հենքի վրա արտացոլված իզոգծերի համախումբ, որոնք միավորում են բնահողում քիմիական բաղադրիչի նույն պարունակությամբ կետեր: Որպես քարտեզագրական հենք կարող են դիտարկվել հողային հատակագծերը, կոնտուրային, տոպոգրաֆիական և թեմատիկ (հողագիտական, երկրաձևաբանական, ագրոքիմիական և այլն) քարտեզներ.
9) հենակետային հարթակ` հարթակ, որից կատարվում է հողերի աղտոտվածության մակարդակը բնորոշող համախառն հողային նմուշի վերցնում.
10) սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (ՍԹԿ)` քիմիական նյութի առավելագույն թույլատրելի կոնցենտրացիան հողի վերնաշերտի օդաչոր նմուշում (մգ/կգ): Այս կոնցենտրացիան չպետք է ունենա ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցություն տվյալ տարածքի հողին հարող շրջակա միջավայրի և մարդու առողջության, ինչպես նաև հողի ինքնամաքրման ունակության վրա:
III. ՏԵԽՆԱԾԻՆ ԱՂՏՈՏՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
4. Տեխնածին աղտոտված հողերի մոնիթորինգն իրականացվում է 2 փուլով` նախապատրաստական շրջան և բուն դաշտային հետազոտություններ (հենակետային հարթակների ընտրություն, քարտեզագրում, նմուշառում):
5. Տեխնածին աղտոտված հողատարածքների բացահայտման նպատակով նախապատրաստական շրջանում ուսումնասիրվում են առկա գիտահետազոտական, նախագծային-հետազոտական և հողագիտական հետազոտությունների արդյունքները հետևյալ հիմնահարցերի վերաբերյալ՝
1) տարածքի տնտեսագիտական-աշխարհագրական առանձնահատկություններ` արդյունաբերական օբյեկտների հնարավոր աղտոտիչ ազդեցության, դրա սահմանների (տեխնածին լանդշաֆտների սահմանների) բացահայտման նպատակով.
2) տարածքի ֆիզիկաաշխարհագրական պայմաններ` հողերի որոշակի տիպի դեգրադացիայի հակվածության բացահայտման տեսակետից, կլիմայի (ջերմային ռեժիմ, տեղումների քանակություն, քամիների իշխող ուղղություններ), ռելիեֆի, երկրաբանական և հիդրոերկրաբանական պայմանների, հողաբուսական շերտը կազմող և ներքնատակող ապարների ու բուսականության վերաբերյալ.
3) աղտոտվածության հնարավոր աղբյուրների կադաստրի կազմում (արդյունաբերական ձեռնարկություններ, էներգետիկայի օբյեկտներ, օդանավակայաններ, նավթամթերքների արդյունահանման, վերամշակման, պահպանման ձեռնարկություններ, լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկություններ, արդյունաբերական և կոմունալ-կենցաղային թափոնների թաղման վայրեր, անասնապահական և գյուղատնտեսական խոշոր համալիրներ, ճանապարհատրանսպորտային ցանց և այլն), որտեղ պետք է նշվեն ձեռնարկությունների տեղադիրքը և մակերեսը, արտադրության տեխնոլոգիան, մթնոլորտային արտանետումների, արտահոսքերի և թափոնների պահեստավորման մասին տվյալները, խողովակների բարձրությունը և տեղադիրքը:
6. Նախապատրաստական շրջանում ուսումնասիրվող տարածքի հողագիտական քարտեզի հենքի վրա կազմվում է տեխնածին բեռնվածության քարտեզ: Որպես քարտեզագրական հիմք կարող են ծառայել 1:2000-ից մինչև 1:200 000 (1:500 000) մասշտաբների տոպոգրաֆիական և թեմատիկ հողագիտական քարտեզներ:
7. Հողերի տեխնածին աղտոտվածության կամ դեգրադացման վերաբերյալ տեղեկատվության աղբյուր են՝
1) երկրաբանական հանույթի տվյալները.
2) դիստանցիոն զոնդավորման նյութերը (տիեզերական և օդային լուսանկարները).
3) հողային-մելիորատիվ քարտեզները և դրանց բացատրական հավելվածները.
4) հողային հանույթի տվյալները.
5) հողերի ագրոֆիզիկական և ջրաֆիզիկական հատկությունների ուսումնասիրության արդյունքները.
6) ագրոքիմիական հետազոտությունների արդյունքները և դրանց վերաբերյալ բացատրական հավելվածները.
7) աղակալված և քարքարոտ հողերի հանութային տվյալները.
8) երկրաբուսական և բուսաբանական ուսումնասիրությունների արդյունքները, բնական կերհանդակների ուսումնասիրության արդյունքները.
9) ծանր մետաղների, օրգանական աղտոտիչների, պաթոգեն միկրոօրգանիզմների, ռադիոնուկլիդների պարունակությունների մասին տեղեկատվությունը.
10) կենսաբազմազանության քանակական բնութագրերը:
IV. ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
8. Մոնիթորինգը ներառում է աշխատանքների հետևյալ տեսակները՝
1) հողերի դաշտային հետազոտություն.
2) հողերի քարտեզագրում.
3) լաբորատոր անալիզ.
4) ստացված նյութերի ամփոփում, քարտեզագրական նյութերի և տեքստային հավելվածների կազմում:
9. Նմուշառման ցանցի խտության, հենակետային հարթակների և նմուշների չափերի վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված է տեխնածին աղտոտման յուրաքանչյուր տեսակի համար՝ համաձայն աղյուսակի:
10. Աղտոտիչ քիմիական նյութերի պարունակությունների և դեգրադացիայի ցուցանիշների վերաբերյալ տվյալները գրանցվում են հատուկ շտեմարանում:
V. ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
11. Տեխնածին աղտոտման ենթարկված տարածքներում մոնիթորինգի բովանդակությունը ներառում է՝
1) արդյունաբերական կենտրոնների (քաղաքների), առանձին տեղադրված մետաղագործական ձեռնարկությունների տարածքում` հողերի մոնիթորինգն իրականացվում է պարբերական նմուշառման և քիմիական բաղադրության վերլուծության միջոցով` ծանր մետաղների պարունակությունների որոշման համար: Վերլուծության ենթակա մետաղների թվին են պատկանում Zn, Cս, Ni, Cr, Pb, Cd, Mn, V, Sb և այլն: Նմուշառումը պետք է իրականացվի գարուն-ամառ ժամանակահատվածում: Ընտրված դիտարկման հարթակից` ցուպային հորատիչով վերցվում է խառը նմուշ, որը կազմվում է հորատիչի` 20-25 առանձին հարվածներից: Աղտոտող նյութերի բարձր պարունակությունների հայտնաբերման դեպքում կատարվում է աղտոտված հողերի քարտեզագրում, քարտեզների կազմում և այդ տարածքներում տեղադրվում են 1-2 առանձին դիտարկման հարթակներ` մինչև 3 տարին մեկ անգամ պարբերականությամբ դիտարկումներ իրականացնելու համար.
2) կալիումական պարարտանյութերի արտադրության տարածքներում փոշեգազային արտանետումների ազդեցությունը հողերի աղակալման վրա որոշելու նպատակով գարնան-ամռան ամիսներին չորային շրջաններում վերցվում են նմուշներ դիտարկման հարթակների 0-2(3), 2(3)-20(25) և 20(25)-50սմ խորություններից: Վերցված նմուշներից պատրաստվում է ջրային հանուկ, որում որոշվում են Cl, Na, K և չոր մնացորդի պարունակությունները: Քլորով տեխնածին աղտոտում կարող են ձևավորվել նաև կալիումական պարարտանյութերով գարնանը վարելահողերի պարարտացման ժամանակ: Այդ պատճառով տեխնածին աղտոտումն արձանագրելու համար նմուշառումն առավել նպատակահարմար է կատարել ամռանը և վերլուծել Cl-ի պարունակությունը հողի տարբեր հորիզոններում: Չոր եղանակին տեխնածին աղտոտման ժամանակ Cl-ի պարունակությունը հողի վերին հորիզոնում (0-2(3) սմ) միշտ ավելի բարձր է, քան ստորադիր շերտերում: Հողերի աղակալման պատճառ կարող են դառնալ նաև պարարտանյութերի արտադրության թափոնակուտակիչները: Դրանց ազդեցությունը շրջակա հողային ծածկույթի վրա որոշելու նպատակով նմուշառումը կատարվում է մինչև 2 մ խորությունը կամ մինչև գրունտային ջրերի հորիզոնը: Նմուշառումը կատարվում է հորատիչով դիտարկման հարթակների 0-2(3), 2(3)-20(25) և 20(25)-50, 50-75, 75-100, 100-125, 125-150 և 150-200 սմ խորություններից: Այն դեպքում, երբ անհրաժեշտ է ուսումնասիրել աղային լուծույթների միգրացիան, նմուշառումը նպատակահարմար է իրականացնել տարին 3 անգամ` գարնանը, ամռանը և աշնանը: Վերցված նմուշներից պատրաստվում է ջրային հանուկ, որում որոշվում են Cl և չոր մնացորդի պարունակությունները.
3) ազոտային պարարտանյութերի արտադրությունն ուղեկցվում է մթնոլորտ ազոտի օքսիդների և ամոնիակի, ազոտ պարունակող փոշու, բենզոլի, ցիկլոհեքսանի արտանետումներով: Ազոտային պարարտանյութերի արտադրության վայրերում հողերի աղտոտման արդյունքում դիտվում են հողային ծածկույթի քիմիական և կենսաբանական զգալի փոփոխություններ` մեծանում է pH-ը` (նվազում է հողի թթվայնությունը), մեծանում են ազոտային միացությունների պարունակությունները, դիտվում է հողային միկրոօրգանիզմների քանակության փոփոխություն: Մոնիթորինգի ընթացքում նմուշառումը կատարվում է դիտարկման հարթակների 0-5, 5-20(25) և 20(25)-50 սմ խորություններից: Որոշվում է նմուշների թթվայնությունը, նիտրատային և ամոնիակային ազոտի պարունակությունը: Հողային ծածկույթի վերին հորիզոններից վերցվում են առանձին նմուշներ միկրոօրգանիզմների` հատկապես ազոտմանրէների և բորբոսային սնկերի քանակության որոշման համար: Անոմալ բարձր պարունակությունների հայտնաբերման դեպքում իրականացվում է հողի համախառն նմուշառում (1 նմուշ յուրաքանչյուր 10 հա համար): Նմուշառման պարբերությունը` 3 տարին մեկ անգամ.
4) ֆոսֆորային պարարտանյութերի արտադրության ընթացքում ֆոսֆորի ստացման դեպքում առաջանում և մթնոլորտ են արտանետվում ծծմբային անհիդրիդ, ֆտորային միացություններ, միներալային փոշի: Փոշու հետ շրջակա միջավայր են անցնում նաև ծանր մետաղներ, այդ թվում չափազանց տոկսիկ էլեմենտ` մկնդեղ: Մոնիթորինգի ընթացքում նմուշարկումը կատարվում է դիտարկման հարթակների 0-5, 5-20(25) և 20(25)-50 սմ խորություններից: Որոշվում են նմուշների թթվայնությունը, ջրում լուծվող օրգանական նյութերի, համախառն և լուծվող ֆտորի, ինչպես նաև մկնդեղի պարունակությունները: Անոմալ բարձր պարունակությունների հայտնաբերման դեպքում իրականացվում է հողի համախառն նմուշառում (1 նմուշ յուրաքանչյուր 10 հա համար): Նմուշառման պարբերությունը` 3 տարին մեկ անգամ.
5) սինթետիկ մանրաթելի արտադրությունն ուղեկցվում է օրգանական միացությունների (մեթանոլ, էթիլենգլիկոլ, տերեֆտալային թթվի դիմեթիլային եթեր, ացետալդեհիդ, պարաքսիլոլ և այլն) զգալի արտանետումներով: Ըստ կենդանի օրգանիզմների վրա թունաբանական ազդեցության աստիճանի՝ դիմեթիլային եթերը պատկանում է վտանգավորության առաջին դասին (օժտված է մուտացիոն ազդեցությամբ), իսկ մեթանոլը, էթիլենգլիկոլը և պարաքսիլոլը` երրորդ դասին (չափավոր վտանգավոր նյութեր): Այս միացությունների ազդեցության ներքո նկատվում է հողային ծածկույթի թթվայնության նվազում, աճում է ածխածնի պարունակությունը, նվազում է կենսաբանական ակտիվությունը: Տվյալ օբյեկտների շրջակայքում աղտոտվածությունը որոշելու համար նմուշառումը կատարվում է 4 հիմնական ուղղություններով` հողային ծածկույթի 0-5 և 5-20 սմ խորություններից: Բացի դրանից գործարանի անմիջական հարևանությամբ տեղադրված դիտարկման հարթակից նմուշները վերցվում են հողային շերտի 0-5, 5-20, 40-50, 90-100, 140-150 սմ խորություններից: Վերցված նմուշներում որոշվում են մեթանոլի, պարաքսիլոլի և տերեֆտալային թթվի դիմեթիլային եթերի պարունակությունները: Նմուշարկումն իրականացվում է 3 տարին մեկ անգամ պարբերականությամբ` ամռան ամիսներին.
6) ցեմենտի-հերձաքարի արտադրության ժամանակ մթնոլորտ արտանետվող ցեմենտը հանգեցնում է մերձակա հողերի ալկալիացմանը, կալցիումի օքսիդի պարունակության աճին, ծանր մետաղներով` Mg, Zn, Cս, Sr, Hg, Tl հողերի աղտոտմանը: Նմուշառումն իրականացվում է դիտարկման հարթակների 0-5, 5-20, 40-50, 90-100, 140-150 սմ խորություններից, ամռան ամիսներին, մինչև 3 տարին մեկ անգամ պարբերականությամբ: Վերցված նմուշներում որոշվում են թթվայնությունը, փոխանակելի կալիումի պարունակությունները և մետաղները` Hg, Mn, Zn և Cս.
7) նավթաքիմիական ձեռնարկությունների գործունեության ընթացքում մթնոլորտ են արտանետվում հագեցած, չհագեցած և արոմատիկ ածխաջրածիններ, ծծմբային անհիդրիդ, շմոլաօդ/շմոլ գազ, ազոտի օքսիդներ: Նմուշարկումն իրականացվում է դիտարկման հարթակների 0-5, 5-20, 40-50, 90-100, 140-150 սմ խորություններից, մինչև 3 տարին մեկ անգամ պարբերականությամբ: Վերցված նմուշներում որոշվում են բենզապիրենի, ծծումբի, ծանր մետաղների` Pb, V, Cd, Zn, Cս պարունակությունները: Նշված տարրերի և միացությունների անոմալ բարձր պարունակությունների հայտնաբերման դեպքում իրականացվում է հողի համախառն նմուշառում (1 նմուշ յուրաքանչյուր 10 հա համար).
8) ՋԷԿ-ի աշխատանքի արդյունքում շրջակա միջավայրն աղտոտվում է ծծմբային անհիդրիդով, ազոտի օքսիդներով, ածխածնի օքսիդներով, վանադիումով, բենզապիրենով, մրով և փոշով: Նմուշարկումն իրականացվում է դիտարկման հարթակների 0-5, 5-20, 40-50, 90-100, 140-150 սմ խորություններից, 3 տարին մեկ անգամ: Նշված տարրերի և միացությունների անոմալ բարձր պարունակությունների հայտնաբերման դեպքում իրականացվում է հողի համախառն նմուշառում (1 նմուշ յուրաքանչյուր 10 հա համար): ՋԷԿ-ի ազդեցության գոտիներում մոնիթորինգն իրականացվում է իշխող քամիների ուղղությամբ` կայանների խողովակների բարձրության 15-20-ապատիկին հավասար տարածության վրա.
9) անասնապահական համալիրների տարածքում ուսումնասիրվում է հողային ծածկույթրունտային և դրենաժային ջրերբուսական ծածկույթ համակարգը: Բուսականության ուսումնասիրությունը պետք է կատարվի ոչ միայն բուն անասնապահական համալիրի մոտ (ոչ պակաս, քան 2 հարթակ յուրաքանչյուր համալիրի համար), այլ նաև մոնիթորինգային երթուղիներում (ոչ պակաս, քան 1 երթուղի յուրաքանչյուր հարթակի համար), որոնք պետք է համընկնեն գոմաղբի հնարավոր արտահոսքերի ուղղությունների հետ: Շարժուն բաղադրիչների (ֆոսֆոր, կալիում, կալցիում, մագնիում, նատրիում, ցինկ, պղինձ, բոր, մոլիբդեն, կապար, կադմիում, մանգան, ինչպես նաև ամոնիակի, նիտրատների, նիտրիտների, սուլֆատների, հիդրոկարբոնատների և քլորի իոններ) ուսումնասիրությունն իրականացվում է տարվա յուրաքանչյուր սեզոնին մեկ անգամ: Կենսածին տարրերի (ֆոսֆոր, կալիում, ամոնիակային և նիտրատային ազոտ) պարունակությունները որոշվում են հերկելի և վարատակի շերտերում՝ մինչև 40 սմ խորություններում, մնացած տարրերի պարունակությունները` միայն վարատակի շերտում.
10) հողերի աղտոտվածությունը թունաքիմիկատներով և մնացորդային պեստիցիդներով որոշելու համար դիտարկումներն իրականացվում են տարին 2 անգամ` գարնանացանին և բերքահավաքին, կամ բերքահավաքից հետո.
11) խոշոր ավտոմոբիլային մայրուղիների (ավելի քան 1000 մեքենա օրական) մոտ գտնվող հողերն աղտոտող հիմնական տարրերի և միացությունների թվին են պատկանում կապարը, կադմիումը և բենզապիրենը, իսկ երկաթգծի մոտակայքում գտնվող հողերի դեպքում` ծծումբը, ազոտը, ածխածինը և բենզապիրենը: Մայրուղիների, երկաթգծի և նմուշարկման հարթակների միջև առավելագույն հեռավորությունը պետք է կազմի 0.3 կմ: Ճանապարհների այն հատվածներում, որտեղ կիրառվում են սառցակալման դեմ միջոցները, հողերում անհրաժեշտ է որոշել նաև քլորի և նատրիումի պարունակությունները.
12) ռադիոակտիվ նյութերով աղտոտվածության մոնիթորինգ անհրաժեշտ է իրականացնել այն հողերում, որտեղ ցեզիումով կամ ստրոնցիումով աղտոտվածությունը գերազանցում է 1Կի/կմ2: Դիտարկման հարթակներում 10x10 մ ցանցով կատարվում են գամմա-ֆոնի չափագրումներն անմիջապես հողի մակերևույթին և 1 մ բարձրության վրա: Այնուհետև ծրարի եղանակով վերցվում է 5 նմուշ (4 նմուշ հարթակի ծայրերում, մեկը` կենտրոնում): Նմուշառումը կատարվում է 160 մմ տրամագծի մետաղական խողովակով: Շերտ առ շերտ վերցվում է 10 նմուշ` յուրաքանչյուրը 50 մմ բարձրությամբ: Հողի նմուշների վերցման վայրերում անհրաժեշտ է իրականացնել նաև բուսականության նմուշարկում: 1 բուսական նմուշի քաշը պետք է կազմի մոտ 0.5 կգ: Ուսումնասիրվում է վերցված նմուշների գամմա, բեթա և ալֆա-ակտիվությունը, ցեզիումի և ստրոնցիումի ռադիոիզոտոպների պարունակությունները:
VI. ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ, ԴԵԳՐԱԴԱՑՄԱՆ ԵՎ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
12. Հողերն աղտոտող միացությունների ցանկը և աղտոտվածության մակարդակի գնահատումը, ինչպես նաև հողերի դեգրադացիան բնութագրող դիագնոստիկ ցուցանիշները և դեգրադացիայի աստիճանը բնութագրող դիագնոստիկ ցուցանիշների արժեքայնությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հողերն աղտոտումից պահպանելու ընդհանուր պահանջների, հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկի և հողերի աղտոտվածության աստիճանի գնահատման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1277-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» N 92-Ն որոշումներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Աղյուսակ
Աղտոտման տարբեր տիպի աղբյուրների մոտ հողերի մոնիթորինգի ընթացքում վերցվող նմուշների միջԵՎ հեռավորությունը
NN |
Աղտոտման աղբյուրը |
Նմուշների վերցման հեռավորությունը, կմ | |||||||
1. |
Արդյունաբերական կենտրոններ, առանձին տեղադրված արդյունաբերական օբյեկտներ |
0.25-0.5 |
1 |
2 |
3 |
5 |
10 | ||
2. |
Կալիումական պարարտանյութերի արտադրություն |
0.25 |
0.5 |
1.0 |
1.5 |
2.0 |
2.5 |
3.0 |
5.0 |
3. |
Ազոտային պարարտանյութերի արտադրություն |
0.25 |
0.5 |
1.0 |
1.5 |
2.0 |
2.5 |
3.0 |
5.0 |
4. |
Ֆոսֆորային պարարտանյութերի արտադրություն |
0.25 |
0.5 |
1.0 |
1.5 |
2.0 |
2.5 |
3.0 |
5.0 |
5. |
Սինթետիկ մանրաթելի արտադրություն |
0.25-0.5 |
1.0 |
2.0 |
3.0 |
4.0 |
5.0 |
10.0 |
15.0 |
6. |
Ցեմենտի-հերձաքարի արտադրություն |
0.25-0.5 |
1.0 |
1.5 |
2.0 |
3.0 |
5.0 |
10.0 |
15.0 |
7. |
Նավթաքիմիական ձեռնարկություններ |
0.25-0.5 |
1.0 |
2.0 |
3.0 |
5.0 |
10.0 |
15.0 |
20.0 |
8. |
ՋԷԿ |
0.25 |
0.5 |
1.0 |
1.5 |
2.0 |
2.5 |
3.0 |
5.0 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|