Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.07.28/45(848).1 Հոդ.1131.23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1501/02/10

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/1501/02/10
2011 թ.

Նախագահող դատավոր`   Ա. Պետրոսյան

Դատավորներ` Դ. Խաչատրյան 
                                   Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մայիսի 27 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մերուժան, Զավեն և Ելենա Մանուչարյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.02.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Մերուժան, Զավեն և Ելենա Մանուչարյանների հայցի ընդդեմ Քրիստինե Մանուչարյանի, երրորդ անձ ՀՀ Շիրակի մարզի Շիրակ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` երեխայի հետ շփվելու, դաստիարակությանն ու կրթությանը մասնակցելու կարգ սահմանելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մերուժան, Զավեն և Ելենա Մանուչարյանները պահանջել են սահմանել Մերի Մերուժանի Մանուչարյանի հետ շփման, դաստիարակությանն ու կրթությանը մասնակցելու կարգ` Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին համապատասխան:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 04.11.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Մերուժան, Զավեն և Ելենա Մանուչարյաններին «թույլատրել մանկահասակ Մերի Մերուժանի Մանուչարյանի հետ տեսակցելու և դաստիարակությանը մասնակցելու համար շաբաթական երկու անգամ, մեկական ժամով մոր բնակության վայրում, առանձին սենյակում»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.02.2011 թվականի որոշմամբ Մերուժան, Զավեն և Ելենա Մանուչարյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` մասնակիորեն բեկանվել է Դատարանի 04.11.2010 թվականի վճիռը և փոփոխվել` հայցը բավարարվել է մասնակիորեն, որոշվել է «Մերուժան Մանուչարյանին թույլատրել մասնակցել երեխայի դաստիարակությանն ու կրթությանը, տեսակցել Մերի Մանուչարյանի հետ շաբաթական երկու անգամ, մեկական ժամով երեխայի բնակության վայրում, իսկ դաստիարակությանն ու կրթությանը մասնակցություն ունենալու կարգ սահմանելու պահանջը մերժել: Զավեն և Ելենա Մանուչարյաններին թույլատրել շփվելու թոռան` Մերի Մանուչարյանի հետ, իսկ շփման կարգ սահմանելու մասին պահանջը մերժել»:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Մերուժան, Զավեն և Ելենա Մանուչարյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Քրիստինե Մանուչարյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ, 54-րդ և 56-րդ հոդվածները, խախտել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 130-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ կառավարության 13.03.2000 թվականի թիվ 111 որոշումը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները, անտեսել է այն հանգամանքը, որ Մերուժան, Զավեն և Ելենա Մանուչարյանների շփումը Մերի Մանուչարյանի հետ սահմանվածից ավելի երկար ժամանակով ելնում է երեխայի` ուշադրության արժանի շահերից: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը Զավեն և Ելենա Մանուչարյաններին թույլատրել է շփվել Մերի Մանուչարյանի հետ, սակայն չի սահմանել շփման կարգ: Ավելին, Մերուժան Մանուչարյանի համար սահմանել է` տեսակցել Մերի Մանուչարյանին շաբաթական երկու անգամ մեկական ժամով, ինչը չի բխում երեխայի շահերից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 10.02.2011 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար բերված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է վերադարձման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 28.06.2010 թվականի թիվ ԱԲ-086459 ծննդյան վկայականի համաձայն` 03.02.2009 թվականին ծնված Մերի Մանուչարյանի ծնողներն են Մերուժան և Քրիստինե Մանուչարյանները (գ.թ. 18):

2. ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 27.07.2010 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով լուծվել է Մերուժան և Քրիստինե Մանուչարյանների ամուսնությունը (գ.թ. 12-14):

3. Հանձնաժողովի 10.08.2010 թվականի թիվ 3 որոշման համաձայն` սահմանվել է Մերուժան, Զավեն և Ելենա Մանուչարյանների և Մերի Մանուչարյանի հետ շփման կարգը, այն է` «Մերի Մանուչարյանի հայրը` Մերուժան Մանուչարյանը, հնարավորություն է ստանում երեխայի հետ տեսակցել, շփվել, մասնակցել նրա դաստիարակությանը և կրթությանը շաբաթական 2 օր, օրը 3 ժամ: Երեխայի շփումը նաև տատի և պապի հետ ապահովելու համար թույլատրել Մերուժան Մանուչարյանին տեսակցելու ընթացքում երեխային տեղափոխել իր բնակության վայր» (գ.թ. 6):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երեխայի պապերը, տատերը, եղբայրները, քույրերը և այլ ազգականներն իրավունք ունեն շփվելու երեխայի հետ:

Վերոգրյալ նորմից բխում է, որ երեխայի պապերի, տատերի, եղբայրների, քույրերի և այլ ազգականների իրավունքն է շփվելու երեխայի հետ: Ընդ որում, երեխայի հետ շփումը որևէ ձևով չպետք է խոչընդոտվի ո´չ երեխայի ծնողների, ո´չ էլ երեխայի պապերի, տատերի, եղբայրների, քույրերի և այլ ազգականների կողմից:

Վերաքննիչ դատարանը որպես իր դիրքորոշման հիմնավորում նշել է, որ «Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, մասնավորապես երեխայի տարիքը, կապվածությունը մոր հետ, այն, որ երեխային որոշակի ժամանակով մորից բաժանելը կարող է բացասականորեն անդրադառնալ երեխայի վրա, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ երեխայի հետ շփվելու համար պարտադիր չէ երեխայի տեղափոխումն իրենց բնակարան»:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շփման կարգ հնարավոր էր սահմանել նաև առանց երեխային այլ տեղ տեղափոխելու կարգ սահմանելու: Ըստ էության, նման որոշում է կայացրել Վերաքննիչ դատարանը հոր` Մերուժան Մանուչարյանի մասով` նրան թույլատրելով մասնակցել երեխայի դաստիարակությանն ու կրթությանը, տեսակցել Մերի Մանուչարյանի հետ շաբաթական երկու անգամ, մեկական ժամով երեխայի բնակության վայրում:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը թույլատրել է Զավեն և Ելենա Մանուչարյաններին շփվել թոռան` Մերի Մանուչարյանի հետ, սակայն չի սահմանել շփման կարգ, այն է` տեսակցության ժամեր և հաճախականություն: Վերաքննիչ դատարանը Մերի Մանուչարյանի պապի ու տատի` երեխայի հետ տեսակցության և շփման կարգ սահմանելու պահանջը մերժելիս, ըստ էության, չի հիմնավորել իր դիրքորոշումը:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս նշելով, որ հայցը բավարարում է մասնակիորեն և փաստորեն թույլատրելով Զավեն և Ելենա Մանուչարյաններին միայն շփվել իրենց թոռան` Մերի Մանուչարյանի հետ, ըստ էության, ճանաչել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքը` առանց սահմանելու շփման կարգ, որը կարող է անհնարին դարձնել նման շփումը:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է որոշման իրավական հիմնավորմանը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումները:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշմամբ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա դատական ակտի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական ակտի օրինականությունը (տե´ս` Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման՝ Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու պահանջների մասին, և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի՝ բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0026/02/08):

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքարկվող որոշումը նշված մասով անհիմն է:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Վերաքննիչ դատարանը Մերի Մանուչարյանին տեսակցելու համար Մերուժան Մանուչարյանի նկատմամբ սահմանել է շաբաթական երկու անգամ մեկական ժամ, ինչը չի բխում երեխայի շահերից, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս առանձնակի կարևորություն է վերապահել երեխայի շահերին, որոնք կախված դրանց բնույթից` գերակայել են ծնողների շահերի նկատմամբ, հետևաբար գործը քննելիս Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել Մերի Մանուչարյանի առավելագույն շահերը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշման` Զավեն և Ելենա Մանուչարյաններին Մերի Մանուչարյանի հետ շփվելու կարգ սահմանելը մերժելու մասը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.02.2011 թվականի որոշման` Զավեն և Ելենա Մանուչարյաններին Մերի Մանուչարյանի հետ շփվելու կարգ սահմանելը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.02.2011 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. Սողոմոնյան