Գլխավոր տեղեկություն
Համար
N 26-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.21/16.1 Հոդ.92
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.01.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 2009 թվականի N 26-Ն

 

ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 911-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 752 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Պետական գույքի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել լուծարումից հետո պետությանն անցած գույքի տնօրինման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 13-ի «Լուծարումից հետո մնացած՝ պետական բաժնեմաս համարվող շարժական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 911-Ն որոշումը և 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշման 3-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. հունվարի 14

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունվարի 8-ի N 26-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է մասնավորեցման ծրագրերի ցանկերում ընդգրկված` պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների լուծարումից հետո պետությանն անցած շարժական և անշարժ գույքի (այսուհետ` գույք) տնօրինման գործընթացը:

2. Լուծարման հանձնաժողովը վարչական ակտի հիման վրա գույքը հանձնում է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին, եթե լուծարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գույքն այլ պետական կառավարչական հիմնարկին (այսուհետ` հիմնարկ) հանձնվելու դեպքում հիմնարկի ղեկավարը գույքը հիմնարկի հաշվեկշռում հաշվառելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն (այսուհետ` վարչություն) է ներկայացնում`

1) տեղեկություններ գույքի մասին, այդ թվում` գույքի անվանումը, գտնվելու վայրը, գնահատված արժեքը, շարժական գույքի դեպքում՝ նաև գույքի քանակը և չափի միավորը, լուծարման ընթացքում գույքի վաճառքի նպատակով կազմակերպված վերջին աճուրդի մեկնարկային գինը և այլ տեղեկություններ.

2) առաջարկություններ գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:

4. Վարչությունը սույն կարգի 2-րդ կետով սահմանված գույքն ընդունելուց կամ սույն կարգի 3-րդ կետով սահմանված տեղեկություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում` գույքի (բացառությամբ անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների) մասնավորեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունիսի 25-ի «Պետական գույքի աճուրդով մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N 387 որոշմամբ սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է աճուրդ` գույքի մեկնարկային գինը սահմանելով լուծարման ընթացքում տվյալ գույքի վաճառքի նպատակով կազմակերպված վերջին աճուրդի մեկնարկային գնի 80 տոկոսի չափով (եթե լուծարման ընթացքում գույքը ներկայացվել է աճուրդի գույքային համալիրի կազմում` գույքի գնահատված արժեքի չափով), կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է առաջարկություն գույքի տնօրինման վերաբերյալ, եթե սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով առաջարկվում է գույքի տնօրինման առավել ընդունելի պայման:

(4-րդ կետը լրաց. 14.07.11 N 965-Ն)

5. Գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման նպատակով վարչությունն աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մամուլում հրապարակում է գույքը դասական աճուրդով մասնավորեցնելու մասին հայտարարություն, որն այլ տեղեկություններից բացի պետք է պարունակի տեղեկություններ գույքը չվաճառվելու դեպքում հաջորդ աճուրդի (աճուրդների) կազմակերպման օրվա մասին, որը չի կարող լինել ավելի շուտ, քան վերջին աճուրդի օրվան հաջորդող տասներորդ օրը:

6. Գույքի վաճառքի նպատակով կազմակերպված աճուրդների անցկացման տևողությունը չի կարող գերազանցել 9 ամիսը, իսկ յուրաքանչյուր հերթական աճուրդի անցկացման ժամանակ մեկնարկային գնի իջեցման չափը չի կարող լինել վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսից ավելի:

(6-րդ կետը փոփ. 14.07.11 N 965-Ն)

6.1. Լուծարումից հետո պետությանն անցած անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների մասնավորեցման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(6.1-ին կետը լրաց. 14.07.11 N 965-Ն)

7. Վարչությունը լուծարումից հետո պետությանն անցած գույքի պահպանման համար անհրաժեշտ ծախսերի վերաբերյալ յուրաքանչյուր տարի առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, որը նշված ծախսերը համապատասխան տողով ներառում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում:

8. Գույքի պահպանությունն իրականացնող կազմակերպության ընտրությունն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(հավելվածը լրաց., փոփ. 14.07.11 N 965-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան