ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2011 թվականի N 929-Ն
ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ`
1) անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների պաշտոնների համար մրցույթներն անցկացվում են 2011 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին` առանց լուծելու նրանց հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերը.
2) մրցույթում չհաղթած` անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների լիազորությունները դադարեցվում են։
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) սահմանված կարգով լուծել մինչև 2011 թվականի օգոստոսի 1-ը ուսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագիր չստացած` անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 319-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան ապահովել իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների` անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենների պաշտոնների համար մրցույթների անցկացումը` սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2011 թ. հուլիսի 12
Երևան