ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
30 օգոստոսի 2011 թ. |
2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» N8055-AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2011 թվականի հունիսի 1-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագիր» N8055-AM վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 2011 թվականի հուլիսի 21-ին սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագիր» N8055-AM վարկային համաձայնագիրն (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2011 թվականի հունիսի 1-ին: Ըստ Համաձայնագրի՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ` Բանկ) Հայաստանի Հանրապետության բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ ցանցերի (այսուհետ` ԲԷՑ) հուսալիության բարձրացման ու թողունակության մեծացման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ֆինանսավորմանն օժանդակելու նպատակով Համաձայնագրում սահմանված կամ նշված պայմաններով Հայաստանի Հանրապետությանը (այսուհետ` Վարկառու) տրամադրում է 39.000.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ` 25 տարի ժամկետով, որից 10-ը` արտոնյալ: Վարկի փակման ժամկետը 2016 թվականի հունիսի 30-ն է:
2. Համաձայնագրի բաղկացուցիչ մաս են կազմում երեք ժամանակացույց և մեկ հավելված, որոնցում տրված են Ծրագրի նկարագրությունը, Ծրագրի իրականացման կարգը, վարկի մարման ժամանակացույցը և սահմանումները: Համաձայնագրի 1-ին ժամանակացույցում նկարագրված են Ծրագրի նպատակը, այն է` Հայաստանի Հանրապետության բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ ցանցերի հուսալիության բարձրացումն ու թողունակության մեծացումը, և կառուցվածքը, որը ներառում է «Էլեկտրահաղորդման ցանցի հզորացում» և «Տեխնիկական օժանդակություն» մասերը: Համաձայնագրի 2-րդ ժամանակացույցում նշված են Ծրագրի իրականացման միջոցներն ու պայմանները, իսկ 3-րդ ժամանակացույցում` Վարկի մարման ժամանակացույցը:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● վճարել սկզբնական վճար` Վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%) հավասար չափով, այն է` 97.500 ԱՄՆ դոլար,
● կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին տոկոսադրույքի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար վճարել տոկոսագումար, որի դրույքաչափը հավասար է Վարկի արժույթի համար սահմանված կողմնորոշիչ դրույքաչափին` ավելացնելով փոփոխական տարբերությունը (variable spread)` պայմանով, որ Վարկի ամբողջ մայր գումարի կամ դրա որևէ մասի փոխարկման դեպքում, Փոխարկման ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության կողմից այդպիսի գումարի վճարման ենթակա տոկոսագումարը կորոշվի Բանկի կողմից 2010 թվականի հուլիսի 31-ին ընդունված «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկերի տրամադրման ընդհանուր պայմանների» (այսուհետ` Ընդհանուր պայմաններ) Հոդված IV-ի դրույթների համաձայն: Չնայած նշվածին, եթե վարկի առհանված մնացորդի որևէ գումար ժամանակին չի վճարվում, և վճարում չի կատարվում երեսուն (30) օրվա ընթացքում, ապա Վարկառուի կողմից վճարվելիք տոկոսը պետք է հաշվարկվի համաձայն Ընդհանուր դրույթների 3.02 բաժնի «դ» կետում սահմանված կարգի,
● կիսամյակային մուծումներով, սկսած 2021 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2035 թվականի նոյեմբերի 15-ը յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին վերադարձնել Վարկի մայր գումարը 3.33%, իսկ 2036 թվականի մայիսի 15-ին` 3.43% մասնավճարով,
● իրականացնել Ծրագիրը «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ԲԷՑ) միջոցով` վերջինիս հետ կնքելով վարկային գումարի տրամադրման վերաբերյալ օժանդակ համաձայնագիր (այսուհետ` Օժանդակ համաձայնագիր)` Բանկի կողմից հաստատված դրույթներին համապատասխան,
● առանց Համաձայնագրի 3.01 բաժնի դրույթների սահմանափակման և` բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետությունը և Բանկը ձեռք կբերեն այլ համաձայնություն, ապահովել Ծրագրի իրականացումը Համաձայնագրի և Ընդհանուր պայմանների Հոդված V-ի դրույթներին համապատասխան,
● Օժանդակ համաձայնագրով սահմանված Հայաստանի Հանրապետության իրավունքներն իրականացնել այնպես, որ պաշտպանվեն Հայաստանի Հանրապետության և Բանկի շահերը և կատարվեն Վարկի նպատակները, ինչպես նաև առանց Բանկի նախնական հաստատման՝ չփոխանցել, չփոփոխել, անվավեր չճանաչել կամ չհրաժարվել Օժանդակ համաձայնագրից կամ դրա որևէ դրույթից,
● ապահովել և պահանջել ԲԷՑ-ից, որ Օժանդակ համաձայնագիրը համապատասխանի Համաձայնագրի 2-րդ ժամանակացույցի I բաժնի «Ա» կետի 3-րդ ենթակետի «ա»-ից «դ» մասերի դրույթներին,
● ապահովել և պահանջել ԲԷՑ-ից, որ իրականացվի Ծրագրի կատարման ընթացակարգերի վերաբերյալ 2011 թվականի ապրիլի 18-ին ԲԷՑ-ի կողմից կազմված և հաստատված ձեռնարկը (այսուհետ` Գործառնական ձեռնարկ), և պատշաճ կերպով կատարել դրանում սահմանված Հայաստանի Հանրապետության բոլոր պարտավորությունները և չփոխանցել, չփոփոխել, անվավեր չճանաչել կամ չհրաժարվել Գործառնական ձեռնարկից` մինչև Բանկից նախնական համաձայնություն ստանալը,
● ապահովել Ծրագրի իրականացումը «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկերի միջոցով ֆինանսավորվող ծրագրերում կեղծիքը և կոռուպցիան կանխելու և դրա դեմ պայքարելու ուղեցույցների» (այսուհետ` Հակակոռուպցիոն ուղեցույցներ) դրույթների համաձայն,
● Համաձայնագրի 2-րդ ժամանակացույցի I բաժնի «Գ» կետի պահանջներին համապատասխան` ապահովել և նաև ԲԷՑ-ից պահանջել ապահովել Ծրագրի բոլոր միջոցառումների նկատմամբ` ըստ հանգամանքների, Շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության գնահատման (ՇՄՍԱԳ), Շրջակա միջավայրի կառավարման պլանի (ՇՄԿՊ) և/կամ Վերաբնակեցման քաղաքականության շրջանակում (ՎՔՇ) սահմանված չափորոշիչների, քաղաքականության, ընթացակարգերի ու մեխանիզմների կիրարկումը,
● ապահովել, ինչպես նաև ԲԷՑ-ից պահանջել, որ ապահովի Համաձայնագրի 2-րդ ժամանակացույցի I բաժնի «Գ» կետի 2-րդ ենթակետի «ա»-ից «դ» մասերում սահմանված պահանջների կատարումը,
● ապահովել կամ ԲԷՑ-ից պահանջել ապահովել Ծրագրի առաջընթացի վերահսկումն ու գնահատումը և պատրաստել Ծրագրի հաշվետվություններ Ընդհանուր պայմանների 5.08-րդ բաժնի «բ» կետի դրույթների և Բանկի համար ընդունելի ցուցանիշների հիման վրա, ինչպես նաև ապահովել, որպեսզի Ծրագրի յուրաքանչյուր այդպիսի հաշվետվություն ընդգրկի մեկ օրացուցային կիսամյակ և ներկայացվի Բանկին այդպիսի հաշվետվության ընդգրկած ժամանակահատվածի ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում,
● Ընդհանուր պայմանների 5.08-րդ բաժնի «գ» կետով նախատեսված նպատակներով Բանկին ներկայացնել հաշվետվություն Ծրագրի կատարման և համապատասխան պլանի մասին` փակման ամսաթվից ոչ ուշ, քան վեց ամիս հետո,
● վարել կամ պահանջել ԲԷՑ-ից վարել ֆինանսական կառավարման համակարգ` Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի դրույթների պահանջներին համապատասխան,
● առանց Համաձայնագրի 2-րդ ժամանակացույցի II բաժնի «Ա» կետի դրույթների սահմանափակման՝ պատրաստել կամ պահանջել ԲԷՑ-ից պատրաստել յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ օր անց, և Բանկին ներկայացնել Բանկի պահանջները բավարարող ձևաչափով և բովանդակությամբ միջանկյալ, աուդիտ չանցած՝ Ծրագրի ֆինանսական հաշվետվություններ, որոնք ընդգրկում են տվյալ եռամսյակը,
● ապահովել կամ պահանջել ԲԷՑ-ից ապահովել Ծրագրի և սուբյեկտի ֆինանսական հաշվետվությունների աուդիտի ենթարկվելը` Ընդհանուր պայմանների 5.09-րդ բաժնի «բ» կետի դրույթների համաձայն, ինչպես նաև ապահովել, որպեսզի նման յուրաքանչյուր ժամանակահատվածի աուդիտ անցած ֆինանսական հաշվետվությունները Բանկին ներկայացվեն ոչ ուշ, քան նման ժամանակահատվածի ավարտից վեց ամիս անց և հրապարակվեն ժամանակին և Բանկի համար ընդունելի կարգով,
● ապահովել, որպեսզի Ծրագրի համար պահանջվող և Վարկի հասույթներից ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքները և ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք բերվեն Բանկի կողմից համապատասխանաբար 2010 և 2011 թվականներին հրապարակված «Ուղեցույցներ. Համաշխարհային բանկի փոխառուների կողմից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխատվությունների և Միջազգային զարգացման ընկերակցության վարկերի և դրամաշնորհների շրջանակում կատարվող` ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումների» (Գնումների ուղեցույցներ) I բաժնում և «Ուղեցույցներ. Համաշխարհային բանկի վարկառուների կողմից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի վարկերի և Միջազգային զարգացման ընկերակցության վարկերի և դրամաշնորհների միջոցով խորհրդատուների ընտրություն և ներգրավում» (Խորհրդատուների ընտրության ուղեցույց) I ու IV բաժիններում սահմանված կամ դրանցում նշված պահանջներին և Համաձայնագրի 2-րդ ժամանակացույցի III բաժնի դրույթներին համապատասխան,
● բացառությամբ Բանկի կողմից Վարկառուին տրված նախապատրաստության կանխավճարի` չկատարել Վարկի հաշվից առհանում Համաձայնագրի կնքման ամսաթվից առաջ կատարված վճարումների համար,
● ապահովել Համաձայնագրի 2-րդ ժամանակացույցի V բաժնում ներառված այլ պարտավորությունների կատարումը և այլն:
4. Համաձայնագրի V հոդվածում ամրագրված են նաև համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կամ դրա գործողությունը դադարեցնելու կարգն ու ժամկետները:
5. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործը քննության նախապատրաստելու ընթացքում քննության առարկա վարկային համաձայնագրի վերաբերյալ ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցչի կողմից 2011 թվականի օգոստոսի 12-ին ներկայացված բացատրության մեջ նշվել է, որ Ծրագրով նախատեսվում է էլեկտրահաղորդման շուրջ 230 կմ գծի փոխարինում, այն դեպքում, որ վարկի ընդհանուր գումարից` 2.0 միլիոն ԱՄՆ դոլարը նախատեսվում է հատկացնել հողի ձեռքբերման համար, իսկ 35.9 միլիոն ԱՄՆ դոլարը` ապրանքների, աշխատանքների, ոչ խորհրդատվական ու խորհրդատուների ծառայությունների ֆինանսավորման համար, ինչը միջոցների նպատակային օգտագործման երաշխավորված վերահսկման լուրջ խնդիր է առաջադրում:
6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Համաձայնագրի հայերեն պաշտոնական թարգմանության տեքստում 3 ժամանակացույցները սխալմամբ թարգմանվել են որպես հավելվածներ: Միաժամանակ, Համաձայնագրի 2-րդ ժամանակացույցի I բաժնի «Ա» կետի 1-ին ենթակետում վկայակոչվում է հայերեն բնօրինակում` «Բաժին Բ.3», իսկ անգլերեն բնօրինակում` «Section AB», այն դեպքում, որ` ոչ անգլերեն և ոչ էլ հայերեն բնօրինակներում նման բաժին գոյություն չունի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համաձայնագրի 2-րդ ժամանակացույցի I բաժնի «Ա» կետի 1-ին ենթակետում խոսք է գնում Օժանդակ համաձայնագրում ներառվող պարտադիր դրույթների մասին, իսկ այդպիսիք ամրագրված են նույն բաժնի «Ա.3» կամ «A.3» կետերում, այնուամենայնիվ, սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրի կատարման փուլում տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու համար համապատասխան սխալների ուղղում կարող է կատարվել «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2011 թվականի հունիսի 1-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագիր» N8055-AM վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող 30 օգոստոսի 2011 թ.
Գ. Հարությունյան
ՍԴՈ-987