Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.08.02/19(402) Հոդ.1131.24
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0303/02/10

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0303/02/10
2011 թ.

Նախագահող դատավոր`   Ա. Մկրտչյան

Դատավորներ` Ն. Հովսեփյան
                                   Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մայիսի 27 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Կարատ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Կարատ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ «Էգնա Շին» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 32.579.239 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 12.05.2010 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 09.08.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի 09.08.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետը, 408-րդ հոդվածը, 411-րդ հոդվածի 1-ին կետը, 447-րդ հոդվածի 1-ին կետը, 470-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետը և 49-րդ հոդվածի 1-ին կետը, 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի պարզել, թե երբ է ծագել կամ պետք է ծագեր Կազմակերպության՝ Ընկերությանը գումար վճարելու պարտավորությունը, Կազմակերպության հետ 20.02.2009 թվականին կնքված թիվ 01/02-10 մատակարարման պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) 1.1 և 4.3 կետերում նշված «Ապրանք» բառեզրը չի մեկնաբանել Պայմանագրի այլ պայմանների և Պայմանագրի ամբողջ իմաստի հետ համադրելով, հաշվի չի առել, թե Պայմանագրի կողմերն ինչ են նկատի ունեցել այդ բառեզրը սահմանելով, որի արդյունքում արձանագրել է, որ Կազմակերպության վճարային պարտավորությունը ծագում է 16.000 մ3 գրանիտե խիճը (այսուհետ`Ապրանք) ստանալուց հետո: Մինչդեռ, մատակարարված յուրաքանչյուր խմբաքանակի ապրանքի դիմաց Կազմակերպությունը վճարումը պետք է կատարեր այդ խմբաքանակի հանձնման-ընդունման վերաբերյալ համապատասխան հաշիվ-ապրանքագիրը ձևակերպելուց հետո 20 բանկային օրվա ընթացքում, այլ ոչ թե 16.000 մ3 Ապրանքն ամբողջությամբ մատակարարելուց հետո:

Վերաքննիչ դատարանը չի հետազոտել և գնահատել Պայմանագիրն ու դրա հիման վրա տրված հաշիվ-ապրանքագրերը, վճարման հանձնարարագրերը՝ անտեսելով, որ Կազմակերպությունը Պայմանագրում նշված ժամկետներում վճարումներ է կատարել իրենց միջև ստորագրված բազալտե խճի որոշակի խմբաքանակի հանձնման-ընդունման վերաբերյալ հաշիվ-ապրանքագրերի համաձայն, այլ ոչ թե Ապրանքի ամբողջ ծավալը ստանալուց հետո, ինչը նշանակում է, որ Կազմակերպությունը գիտակցել է, որ յուրաքանչյուր խմբաքանակի ապրանքի դիմաց վճարումը պետք է կատարի համապատասխան հաշիվ-ապրանքագիրը ձևակերպելուց հետո:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունն իր պայմանագրային պարտավորությունները կատարել է պատշաճ, իսկ Կազմակերպությունն անհիմն խուսափել է ստացված Ապրանքի դիմաց վճարելուց:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.11.2010 թվականի որոշումը և փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ընկերության կողմից պահանջված 32.579.239 ՀՀ դրամ գումարը, հանած հարկային պարտավորությունների (ԱԱՀ և շահութահարկ) և այլ ծախսերի գումարը, կազմում է 14.000.000 ՀՀ դրամ, որից 4.200.000 ՀՀ դրամը Կազմակերպությունը համաձայն է վճարել՝ հանդիսանալով բարի համբավ վայելող ընկերություն՝ չնայած սույն գործով կայացված դատական ակտերը որևէ կերպ չեն խախտում Ընկերության օրինական շահերը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության և Կազմակերպության միջև 20.02.2009 թվականին կնքվել է թիվ 01/02-10 մատակարարման պայմանագիրը, որի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է Պայմանագրով նախատեսված ժամկետներում Կազմակերպությանը հանձնել 16.000 մ3 գրանիտե խիճ (հետագայում` «Ապրանք»), իսկ Ընկերությունը պարտավորվել է ընդունել այդ «Ապրանքը» և վճարել դրա համար` Պայմանագրի 4-րդ գլխում նշված պայմանների համաձայն (հատոր 1-ին, գ.թ. 10-13).

2) ի կատարումն Պայմանագրի՝ Ընկերությունը Կազմակերպությանն է հանձնել 5.469,57 մ3 Ապրանք, որի վերաբերյալ Ընկերության և Կազմակերպության միջև կազմվել են համապատասխան փաստաթղթեր (հատոր 1-ին, գ.թ. 14-26).

3) Պայմանագրի 4.3 կետի համաձայն՝ Կազմակերպությունն իրեն մատակարարված «Ապրանքի» դիմաց պարտավորվել է վճարել անկանխիկ՝ դրամական միջոցները Ընկերության հաշվարկային հաշվին փոխանցելու միջոցով: Դրամական միջոցների փոխանցումը կատարվում է «Ապրանքը» Կազմակերպությանը հանձնելու պահից 20 բանկային օրվա ժամկետում (հատոր 1-ին, գ.թ. 10-13).

4) Կազմակերպությունը 5.469,57 մ3 Ապրանքի դիմաց Ընկերությանը վճարել է մասնակի (հատոր 1-ին, գ.թ. 113-115, 122, 124):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մատակարարման պայմանագրով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մատակարար-վաճառողը պարտավորվում է իր արտադրած կամ գնած ապրանքները պայմանավորված ժամկետում (ժամկետներում) հանձնել գնորդին` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կամ անձնական, ընտանեկան, տնային կամ այլ նմանօրինակ օգտագործման հետ չկապված նպատակներով օգտագործելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 531-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մատակարարված ապրանքների համար գնորդը վճարում է` պահպանելով պայմանագրով նախատեսված հաշվարկների կարգը և ձևը, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե պայմանագրով նախատեսված է, որ ապրանքների համար վճարում է ստացողը (վճարողը), իսկ վերջինս անհիմն հրաժարվում է վճարելուց կամ պայմանագրով նախատեսված ժամկետում չի վճարում ապրանքների համար, մատակարարն իրավունք ունի գնորդից պահանջել վճարելու մատակարարված ապրանքների համար:

 Վերոգրյալ նորմերից հետևում է, որ մատակարարման պայմանագրով գնորդը պարտավոր է իրեն հանձնված ապրանքի դիմաց վաճառողի օգտին վճարումը կատարել պայմանագրով նախատեսված հաշվարկների կարգի և ձևի պահպանմամբ, իսկ վաճառողն իրավունք ունի գնորդի կողմից պարտականությունը կատարելուց անհիմն հրաժարվելու դեպքում պահանջել կատարել այն:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության վերաքննիչ բողոքը, որոշման մեջ նշելով, որ «կողմերը հաստատակամ պայմանավորվել են 16.000 մ3 գրանիտե խիճը հետագայում նույն պայմանագրում անվանել «Ապրանք»», «ապրանք բառը չակերտներում, սկզբնատառը մեծատառով նշելով՝ կողմերն ի նկատի են ունեցել16.000 մ3 գրանիտե խիճը», եկել է այն եզրահանգման, որ «միայն 16.000 մ3 գրանիտե խիճը «Գնորդին» հանձնելու պահից է ծագում Հայցվորի` «Մատակարարի» պահանջի իրավունքը «Գնորդի»` պատասխանողի նկատմամբ, հետևաբար այդ պահից սկսած ծագում է պատասխանողի՝ «Գնորդի» վճարային պարտավորությունը»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս` դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով: Եթե նույն հոդվածի 1-ին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունը, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, գործարար շրջանառության սովորույթները, կողմերի հետագա վարքը:

Վերոնշյալ հոդվածն ամրագրում է պայմանագրի մեկնաբանության երեք կանոն` պայմանագրի մեկնաբանումը` ելնելով դրա բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, պայմանագրի մեկնաբանումը` համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, և պայմանագրի մեկնաբանումը կողմերի իրական ընդհանուր կամքը պարզելու միջոցով: Ընդ որում, այդ կանոնները կիրառվում են հաջորդաբար:

Սույն գործով բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել հետևյալ հարցադրումները`

1. Արդյոք Պայմանագրի 1.1 կետում նշված «Ապրանք» եզրույթը պետք է մեկնաբանվի որպես 16.000 մ3 գրանիտե խիճ: 2. Արդյոք Կազմակերպության` գումար վճարելու պարտավորությունը ծագում է 16.000 մ3 գրանիտե խիճը մատակարարելուց հետո:

Վճռաբեկ դատարանը վերոնշյալ հարցադրումներին պատասխանելու համար անհրաժեշտ է համարում կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի կանոնները:

Պայմանագրի 1.1 կետի համաձայն` Ընկերությունը պարտավորվել է Պայմանագրով նախատեսված ժամկետներում Կազմակերպությանը հանձնել 16.000 մ3 գրանիտե խիճ (հետագայում` «Ապրանք»), իսկ Ընկերությունը պարտավորվել է ընդունել այդ «Ապրանքը» և վճարել դրա համար Պայմանագրի 4-րդ գլխում նշված պայմանների համաձայն:

Նշված պայմանի` պայմանագրի առարկայի սահմանման վերաբերյալ կետի տառացի մեկնաբանության արդյունքում «Ապրանք» եզրույթն իր մեջ ներառում է 16.000 մ3 գրանիտե խիճը: Սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբողջ պայմանագրում պայմանագրի առարկայի տառացի մեկնաբանումը չի հիմնավորում «Ապրանք» եզրույթի նման նշանակությունը:

Մասնավորապես, Պայմանագրի 2.1 կետի համաձայն` «Մատակարարն» «Ապրանքը» մատակարարում է «Գնորդի» կողմից պատվերն ստանալու պահից 5 օրվա ընթացքում, պատվերում նշված ծավալներով: «Մատակարարը» պարտավորվում է մատակարարել «Ապրանքի» առաջին խմբաքանակը 2010 թվականի փետրվար ամսից: Հաջորդ խմբաքանակներով մատակարարվող «Ապրանքի» հանձնման ժամկետները որոշվում են ըստ «Գնորդի» պատվերի: Թե´ առաջին, թե´ մյուս բոլոր մատակարարվող խմբաքանակների ծավալները որոշվում են «Գնորդի» պատվերով: Պայմանագրի 4.3 կետի համաձայն` դրամական միջոցների փոխանցումը կատարվում է «Ապրանքը» «Գնորդին» հանձնելու պահից 20 բանկային օրվա ժամկետում:

Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կողմերը Պայմանագրով նախատեսել են առանձին խմբաքանակներով ապրանքների մատակարարում` ըստ «Գնորդի» պատվերի և դրանում նշված ծավալների: Այդ տրամաբանությամբ պայմանագրում օգտագործվում են «Ապրանքի» խմբաքանակ, հաջորդ խմբաքանակ, պատվերում նշված ծավալներ ձևակերպումները: Միաժամանակ Պայմանագրի 4.3 կետով նախատեսվում է մատակարարված «Ապրանքի» վճարման կարգը: Վերլուծելով պայմանագրի դրույթները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրա մեկնաբանումը, համադրելով այն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ, չի բացահայտում 4.3 կետով նախատեսված վճարումների կատարման կարգը (վճարումը պետք է կատարվի պայմանագրով նախատեսված ամբողջ ապրանքը մատակարարելուց, թե յուրաքանչյուր խմբաքանակ մատակարարելուց հետո): Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել պայմանագրի մեկնաբանման երրորդ կանոնը, այն է` պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը, նկատի առնելով նաև կողմերի հետագա վարքը «Ապրանք» եզրույթը սահմանելիս:

Մասնավորապես, սույն գործի փաստերի համաձայն` Կազմակերպությունը մատակարարված որոշ խմբաքանակի ապրանքի դիմաց կատարել է վճարումներ: Այսինքն` Կազմակերպության հետագա վարքը դրսևորվել է մատակարարված ապրանքի խմբաքանակի դիմաց վճարելով: Հակառակ դեպքում Ընկերության կողմից մատակարարված ապրանքների դիմաց Կազմակերպության կողմից վճարումները կկատարվեին 16.000 մ3 գրանիտե խիճը մատակարարելուց հետո:

Նշվածից հետևում է, որ կողմերի իրական ընդհանուր կամքն ուղղված չէր 16.000 մ3 գրանիտե խիճը մատակարարելուց հետո գումարը վճարելու պայման սահմանելուն:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե´ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Ուստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 19.11.2010 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.11.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

2. Վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. Սողոմոնյան