Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2011-03.03.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.07.15/17(400).1 Հոդ.283.7
Ընդունող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.06.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.12.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 հուլիսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 60611338

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 հունիսի 2011 թ.

ք. Երևան

 N 19-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 63-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Տեսողության պատճառով քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացիների (սույն կետում այսուհետ՝ ընտրող) համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով սահմանել, որ.

1) համապետական ընտրությունների, հնարավորության դեպքում՝ նաև մյուս ընտրությունների ժամանակ պատրաստվում և տեղամասային ընտրական հանձնաժողովին է հատկացվում քվեաթերթիկին համապատասխանող ստվարաթղթե կաղապար (ձևանմուշ) (այսուհետ՝ կաղապար), որում քվեաթերթիկի նշումի համար նախատեսված քառանկյուններին համապատասխանող տեղերում բացված են «V» ձևի անցքեր,

2) հանձնաժողովի քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ տրամադրող անդամը քվեաթերթիկը տեղավորում է քվեաթերթիկին համապատասխանող կաղապարում և քվեարկության ծրարի հետ միասին տրամադրում ընտրողին: Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի անդամը, իսկ ընտրողի ցանկության դեպքում՝ քվեաթերթիկը լրացնելիս ընտրողին օգնելու իրավունք ունեցող քաղաքացին, ընտրողի համար՝ ըստ հերթականության, կարդում է քվեաթերթիկում ընդգրկված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների վերաբերյալ քվեաթերթիկում նշված տվյալները և հնարավորություն տալիս ընտրողին քվեախցիկում գաղտնի լրացնելու քվեաթերթիկը:

Ընտրողն իմանալով իր նախընտրած թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի հերթական համարը քվեաթերթիկում, շոշափելով կարող է գտնել կաղապարի համապատասխան դատարկ անցքը և ինքնուրույն «V» ձևի նշում կատարել քվեաթերթիկում,

3) քվեաթերթիկում «V» ձևի նշում կատարելուց հետո ընտրողը քվեաթերթիկը հանում է կաղապարից, ծալում, ինքնուրույն կամ հանձնաժողովի անդամի կամ իրեն օգնելու իրավունք ունեցող քաղաքացու օժանդակությամբ այն տեղավորում քվեարկության ծրարում,

4) քվեարկության հետ կապված մնացած գործողություններն ընտրողն իր ցանկությամբ կատարում է ինքնուրույն կամ հանձնաժողովի անդամի կամ իրեն օգնելու իրավունք ունեցող քաղաքացու օժանդակությամբ:

2. Հաշվի առնելով, որ տեղամասային կենտրոնների տեղակայման շենքերի մեծ մասը հարմարեցված չեն շարժասայլակներով տեղաշարժվելու համար` շարժասայլակով տեղաշարժվող ընտրողների համար քվեարկությունը մատչելի դարձնելու նպատակով սահմանել, որ.

1) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տեղեկանալով, որ տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի մոտ է գտնվում շարժասայլակով տեղաշարժվող ընտրող (այսուհետ` ընտրող), տեղամասային կենտրոնում հայտարարում է այդ մասին, մոտենում է ընտրողին և նրան բացատրում սույն որոշման համապատասխան քվեարկությանը մասնակցելու կարգը,

2) ընտրողի համաձայնության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը վերցնում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ստուգում նրա ինքնությունը և ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը տեղամասային կենտրոնում հանձնում ընտրողների գրանցման համար պատասխանատու հանձնաժողովի անդամին: Վերջինս ընտրողների ցուցակում լրացնում է անձը հաստատող փաստաթղթի տվյալները: Այդ տվյալների դիմաց ընտրողի համաձայնությամբ նրա փոխարեն ստորագրում է որևէ վստահված անձ կամ դիտորդ կամ ընտրողին օգնելու իրավունք ունեցող քաղաքացի: Ընտրողի գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամն ընտրողի ստորագրության դիմաց իր անհատական կնիքը դնելուց հետո նույն տողի լրացուցիչ նշումների սյունակում լրացնում է «շարժասայլակ» բառը, որից հետո ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը վերադարձնում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին,

3) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրողի փոխարեն ստանում է քվեաթերթիկ և քվեարկության ծրար և տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի մոտ դրանք հանձնում ընտրողին` նրան հնարավորություն տալով գաղտնի քվեարկելու: Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը ծալում է քվեաթերթիկը, տեղավորում քվեարկության ծրարի մեջ և այն հանձնում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին,

4) տեղամասային կենտրոնում քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը դրոշմակնքում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, կնքում քվեարկության ծրարը և հնարավորություն է ընձեռում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու համար: Քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը անձը հաստատող փաստաթուղթը հանձնում է ընտրողին և անհապաղ վերադառնում տեղամասային կենտրոն:

3. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված գործողությունները տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն իրականացնում է առնվազն 1 վստահված անձի կամ առնվազն 1 դիտորդի, կամ վստահված անձի ու դիտորդի, կամ ընտրողին օգնելու իրավունք ունեցող քաղաքացու ներկայությամբ (մասնակցությամբ):

 

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Ազարյան