Գլխավոր տեղեկություն
Համար
N 110-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.08.2011-15.05.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.09.20/24.1 Հոդ.281
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.09.2004
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.10.2017

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

17 սեպտեմբերի 2004 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60004238

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 սեպտեմբերի 2004 թ.
ք. Երևան 

N 110-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը (հավելված):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 24-ի «Հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման պայմանագրի օրինակելի ձևը և էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 92-Ն որոշման 2-րդ և 3-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հոկտեմբերի 1-ից:

(3-րդ կետը փոփ. 30.11.04 N 156-Ն)

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան

 

 

Հավելված

 

 

Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2004 թվականի սեպտեմբերի 16-ի
N 110-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ (ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Սույն կարգով կանոնակարգվում են էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում (այսուհետև` ԷՄՇ) էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման գործառույթները:

 

1. Կարգում օգտագործված հիմնական հասկացությունները

 

Արտադրող`

էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

Արտահանող`

Հայաստանի Հանրապետությունից էլեկտրաէներգիայի (հզորության) արտահանման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

Արտահանման կետ`

Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի կետ, որտեղ իրականացվում է էլեկտրաէներգիայի արտահանումը,

Առևտրային հաշվառում`

վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառում,

Բաշխող`

էլեկտրաէներգիայի (հզորության) բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

Լիցենզավորված անձ`

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական անձ,

Հաշվարկային կենտրոն`

ԷՄՇ-ին հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

Հաշվարկային ժամանակահատված`

Պայմանագրով ամրագրված հաշվարկային ամիս,

Հաշվառում`

առևտրային հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով կամ հաշվարկային եղանակով էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառում,

Հաշվառքի կետ`

Պայմանագրում ամրագրված չափիչ համալիրով կահավորված կետ,

Հաղորդող`

էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

Հոսանքահաղորդման կետ`

Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի կետ, որտեղ իրականացվում է էլեկտրաէներգիայի արտահոսքը և ներհոսքը,

Միջհամակարգային

էլեկտրահաղորդման գիծ`

Հայաստանի Հանրապետության էներգահամակարգը արտերկրի էներգահամակարգին միացնող էլեկտրահաղորդման գիծ,

Ներկրող`

Հայաստանի Հանրապետություն էլեկտրաէներգիայի (հզորության) ներկրման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

Ներկրման կետ`

Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի կետ, որտեղ իրականացվում է էլեկտրաէներգիայի ներկրումը,

Չափիչ համալիր`

էլեկտրաէներգիայի հաշվիչի, հոսանքի և լարման տրանսֆորմատորների համախումբ,

Պայմանագիր`

Լիցենզավորված անձանց միջև կնքված պայմանագիր, որով սահմանվում են էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի կամ ծառայությունների մատուցման պայմանները,

Սահմանազատման կետ`

Լիցենզավորված անձանց էլեկտրակայանքների հաշվեկշռային պատկանելության սահման,

Փոխհոսքերը իրականացնող`

«Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ` Արտադրող, որին վերապահված է փոխհոսքերի իրականացման գործառույթը:
                                    

2. Ընդհանուր դրույթներ

 

2.1 ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի (հզորության) Առևտրային հաշվառումը, Հաղորդման ցանցում փաստացի ռեժիմներով պայմանավորված էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկումը և Հաղորդման ցանցում էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների Հաշվառումը իրականացնում է Հաշվարկային կենտրոնը:

2.2 ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի Հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառման ավտոմատացված համակարգի միջոցով (այսուհետև` հաշվառման համակարգ):

2.3 ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի Առևտրային հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է Լիցենզավորված անձանց Սահմանազատման կետերի համար` այդ կետերում կամ դրանց էլեկտրական ցանցով մոտակա կետերում տեղադրված Հաշվառքի կետերից ստացված հաշվառման տվյալների հիման վրա: Ընդ որում, առևտրային հաշվառքի սարքերի խափանման դեպքում էլեկտրաէներգիայի Առևտրային հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է Պայմանագրում ամրագրված վերստուգիչ հաշվառքի սարքերից ստացված տվյալների հիման վրա:

2.4 ԷՄՇ-ում Արտադրողի հզորության Առևտրային հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է Պայմանագրով սահմանված կարգով:

2.5 Փոխհոսքերը իրականացնողի հզորության Առևտրային հաշվառումը Հաշվարկային կենտրոնը կատարում է Պայմանագրով սահմանված ամբողջ հզորության համար, անկախ փոխհոսքերի մեծությունից և ուղղությունից:

2.6 Հաշվարկային կենտրոնի կողմից տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Հաշվառված էլեկտրաէներգիան (հզորությունը) հիմք է հանդիսանում Լիցենզավորված անձանց միջև վճարման ենթակա էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտերի կազմման համար:

2.7 Հաշվարկային կենտրոնը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր ներկայացրած տվյալների հավաստիության համար:

2.8 ԷՄՇ-ում առուվաճառք իրականացնող Լիցենզավորված անձանց փոխհարաբերությունները Հաշվարկային կենտրոնի հետ կանոնակարգվում են վերջինիս հետ կնքված Հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման պայմանագրով, սույն կարգով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:

 

3. Հաշվառման տվյալների հավաքագրումը  պարբերականությունը

 

3.1 Հաշվառքի կետերից տվյալների հավաքագրումն իրականացնում է Հաշվարկային կենտրոնը` հաշվառման համակարգի միջոցով:

3.2 Հաշվառման տվյալների հավաքագրման նպատակով`

3.2.1 Հաշվարկային կենտրոնը ապահովում է.

ա) համակարգային, գլխավոր, հանգուցային և տարածաշրջանային սերվերների ծրագրային ապահովման փաթեթների աշխատունակ վիճակը,

բ) տվյալների հավաքագրումը հանգուցային ու տարածաշրջանային սերվերներից դեպի համակարգային սերվեր:

3.2.2 Լիցենզավորված անձինք (բացառությամբ Արտադրողների, որոնց էլեկտրակայանները միացած են բաշխիչ ցանցի մինչև 110կՎ լարման էլեկտրատեղակայանքներին) ապահովում են.

ա) հաշվառման համակարգում գրանցված Հաշվառքի կետերից տվյալների հավաքագրումը հանգուցային և տարածաշրջանային սերվերներում,

բ) հանգուցային և տարածաշրջանային սերվերների, ինչպես նաև հաշվառման տվյալների հեռահաղորդակցության համար ծառայող սարքերի աշխատունակ վիճակը:

(3.2.2 կետը փոփ. 01.10.08 N 534-Ն)

3.2.3 Համակարգի օպերատորը տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում իր կողմից Արտադրողների մոտ անցկացված պատրաստականության ստուգման և հզորության հայտավորված նվազումների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է Հաշվարկային կենտրոն մինչև Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 3-ը: Հաշվարկային կենտրոնը այդ տեղեկատվության հիման վրա Հաշվառում է Արտադրողի հզորությունը: Եթե Համակարգի օպերատորը չի ներկայացնում վերը նշված տեղեկատվությունը, ապա Հաշվարկային կենտրոնը որպես Արտադրողի վճարման ենթակա հզորություն հաշվառում է տվյալ հաշվարկային ժամանակահատվածի համար Պայմանագրում ամրագրված հզորությունը:

3.3 Հաշվառման տվյալները հաշվառման համակարգում ամրագրվում են Հաշվարկային ժամանակահատվածի կեսին և ավարտին` ժամը 24:00-ի դրությամբ և լրացվում են դրան հաջորդող երեք օրացուցային օրերի ընթացքում:

3.4 Հաշվարկային կենտրոնը, Պայմանագրով սահմանված ժամկետներում և կարգով, կազմում, ստորագրում և կնքում է Լիցենզավորված անձանց վճարման ենթակա էլեկտրաէներգիայի և հզորության վերաբերյալ ակտերը և ներկայացնում նրանց ստորագրելու համար:

 

4. Արտադրողի առաքած էլեկտրաէներգիայի հաշվառումը

 

4.1 Արտադրողի վճարման ենթակա էլեկտրաէներգիան (հզորությունը) հաշվառվում է յուրաքանչյուր կայանի համար առանձին:

4.2 Հաշվարկային կենտրոնը պարտավոր է հաշվառել.

ա) Արտադրող-Հաղորդող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում Բաշխողին և Արտահանողին առաքված էլեկտրաէներգիան,

բ) Արտադրող-Սպառող Սահմանազատման կետում Բաշխողին առաքված էլեկտրաէներգիան,

գ) Հոսանքահաղորդման կետում էլեկտրաէներգիայի ներհոսքն ու արտահոսքը:

4.3 Տվյալ հաշվարկային ժամանակահատվածի համար, Արտադրողի (բացառությամբ «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի) կողմից Բաշխողին առաքած էլեկտրաէներգիայի քանակությունը (WԲ) որոշվում է հետևյալ բանաձևով`

 

WԲ  = WԱՌ - WԱԱ

 

որտեղ`

WԱՌ - Արտադրող-Հաղորդող, Արտադրող-Բաշխող և Արտադրող-Սպառող Սահմանազատման կետերում Արտադրողի կողմից առաքված էլեկտրաէներգիայի գումարային քանակությունն է,

WԱԱ - Արտադրողի կողմից Արտադրող-Հաղորդող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում Արտահանողին առաքված էլեկտրաէներգիան է, որը որոշվում է սույն կարգի 4.5 կետում բերված բանաձևով:

(4.3 կետը փոփ. 01.10.08 N 534-Ն)

4.4 Փոխհոսքերը իրականացնողի կողմից Բաշխողին առաքած էլեկտրաէներգիայի քանակությունը (WԲ) որոշվում է հետևյալ բանաձևով:

 

WԲ = WԱՌ ± WՀՀ

 

որտեղ`

WՀՀ - Հոսանքահաղորդման կետում հաշվառված էլեկտրաէներգիան է, որը բանաձևում կիրառվում է դրական նշանով էլեկտրաէներգիայի ներհոսքի դեպքում և բացասական նշանով` արտահոսքի դեպքում:

4.5 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, Արտադրողի կողմից Արտահանողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունը (WԱԱ) որոշվում է հետևյալ բանաձևով.

 

WԱԱ = WՀԱ  + WՀ  + WԲԱ

 

որտեղ` WՀԱ - Արտահանման կետում Հաղորդողի կողմից Արտահանողին հանձնված էլեկտրաէներգիայի քանակությունն է,

WՀԱ - Հաղորդման ցանցում, արտահանված էլեկտրաէներգիայի հաղորդմամբ պայմանավորված, էլեկտրաէներգիայի կորուստների մեծությունն է, որը սահմանվում է էլեկտրաէներգիայի արտահանման պայմանագրով,

WԲԱ - Բաշխման ցանցում, արտահանված էլեկտրաէներգիայի տարանցմամբ պայմանավորված, էլեկտրաէներգիայի կորուստների մեծությունն է, որը սահմանվում է էլեկտրաէներգիայի արտահանման պայմանագրով:

 

5. Հաղորդողի հաղորդած էլեկտրաէներգիայի հաշվառումը

 

5.1 Հաղորդողի հաղորդած էլեկտրաէներգիայի հաշվառումը կատարվում է ինչպես Արտադրող-Հաղորդող և Արտադրող-Բաշխող Սահմանազատման կետերում, այնպես էլ Ներկրման կետերում:

5.2 Հաշվարկային կենտրոնը Հաղորդողի մոտ պարտավոր է հաշվառել.

ա) Ներկրման կետում Ներկրողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիան,

բ) Արտահանման կետում Հաղորդողի կողմից Արտահանողին հանձնված էլեկտրաէներգիան,

գ) Հաղորդող-Բաշխող Սահմանազատման կետում Բաշխողին հանձնված էլեկտրաէներգիան:

5.3. Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Հաղորդողի կողմից հաղորդված Բաշխողի էլեկտրաէներգիան (WՀԲ) որոշվում է հետևյալ բանաձևով`

WՀԲ =∑WԲ +WՆ,

որտեղ`

∑WԲ-ն Արտադրողների (բացառությամբ այն Արտադրողների, որոնց էլեկտրակայանները միացված են բաշխիչ ցանցի մինչև 110 կՎ լարման էլեկտրատեղակայանքներին) կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունն է,

WՆ-ն Ներկրողի կողմից Հաղորդողին հանձնված էլեկտրաէներգիան է:

(5.3 կետը փոփ. 01.10.08 N 534-Ն, խմբ. 13.07.11 N 335-Ն)

5.4 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Հաղորդողի կողմից Արտահանողի համար հաղորդված էլեկտրաէներգիան (WՀԱ) ընդունվում է Արտադրող-Հաղորդող Սահմանազատման կետում Արտադրողի կողմից Արտահանողին առաքված էլեկտրաէներգիային հավասար:

 

6. Էլեկտրաէներգիայի հաշվառման հատուկ դեպքեր

 

6.1 Հաշվարկային կենտրոնը, Հաշվառքի կետերից ստացված տվյալների հավաստիության ստուգման նպատակով, Հաշվարկային ժամանակահատվածի ավարտից հետո տասնօրյա ժամկետում պարտավոր է կազմել ԷՄՇ-ում էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը:

6.2 Եթե կազմված հաշվեկշիռը ցույց է տալիս անհաշվեկշռության թույլատրելի սահմանի գերազանցում, ապա Հաշվարկային կենտրոնը պարտավոր է.

ա) կազմել ակտ` չափիչ համալիրի խափանման վերաբերյալ,

բ) կատարել վերահաշվարկ` տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար կազմված վճարման ենթակա էլեկտրաէներգիայի, հզորության և ծառայության վերաբերյալ ակտերում ստացված արդյունքները հաշվի առնելու նպատակով:

6.3 Անհաշվեկշռության թույլատրելի սահմանը որոշվում է Հաշվարկային կենտրոնի կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետև` Հանձնաժողով) հետ համաձայնեցված մեթոդիկայի կիրառմամբ:

 

7. Հաղորդման ցանցում կորուստների հաշվարկումը

 

7.1 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար, Հաշվարկային կենտրոնը մինչև հաջորդ ամսվա 15-ը, Հանձնաժողովի կողմից հաստատված «110 կՎ և բարձր լարման ցանցերում տեխնոլոգիական անխուսափելի կորուստների հաշվարկման մեթոդիկայի» համաձայն, պարտավոր է հաշվարկել Հաղորդման ցանցում փաստացի ռեժիմներով պայմանավորված էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծությունը և ներկայացնել Բաշխողին և Հաղորդողին:

7.2 Հաշվարկային կենտրոնը, մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը, պարտավոր է Բաշխողին և Հաղորդողին գրավոր տեղեկատվություն ներկայացնել Հաղորդման ցանցում նախորդ ամսվա համար Հաշվառված էլեկտրաէներգիայի փաստացի կորուստների վերաբերյալ:

 

8. Արտակարգ իրավիճակ

 

8.1 Այն դեպքերում, երբ բնական գազի ներկրման դադարեցման կամ էական սահմանափակման հետևանքով համակարգում ստեղծվում է անկանխելի և անկանխատեսելի արտակարգ իրավիճակ, որի հետևանքով առաջանում է էլեկտրաէներգիայի խիստ դեֆիցիտ ներքին շուկայում, Փոխհոսքերը իրականացնողը ներդնում է ջանքեր փոխհոսքերի հաշվին դեֆիցիտը ծածկելու համար:

8.2 8.1 կետում նշված դեպքում հանձնաժողովը հրավիրում է արտահերթ նիստ, ուր, հայտարարելով արտակարգ իրավիճակ, ընդունում է համապատասխան որոշում ֆինանսական հոսքերը կանոնակարգելու և վիճակը շտկելու համար: Ընդունվող որոշումը պետք է հաշվի առնի նաև էլեկտրաէներգիայի բաշխման գործունեության լիցենզիայի պայմաններով սահմանված պարտավորությունները: