Գլխավոր տեղեկություն
Համար
N 1610-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (14.07.2011-30.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.01.07/1(236) Հոդ.1090
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.09.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.10.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հոկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1610-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգի բարեփոխումների ու մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» N 203 որոշման 4-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հոկտեմբերի 14
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1610-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ լեզվական քաղաքականության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

(1-ին կետը խմբ. 30.06.11 N 890-Ն)

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, նախարարի հրամաններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող։

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ։

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակներն ու խնդիրներն են՝

ա) Հայաստանի Հանրապետությունում լեզվի բնագավառում միասնական քաղաքականության իրականացումը.

բ) «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագրի պահանջների կատարման ապահովումը.

գ) Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզվի՝ գրական հայերենի կանոնարկումը և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրա լիակատար գործածության ապահովումը.

դ) Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների ապահովումը.

ե) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող հայերի շրջանում հայերենի տարածումն ապահովելը:

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունն իր նպատակների ու խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`

ա) վերահսկում է՝

պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետական լեզվական քաղաքականության իրականացումը.

պաշտոնատար անձանց և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից հայերենի տիրապետման պահանջի կատարումը.

կրթական համակարգում դասավանդման և դաստիարակության լեզվի` գրական հայերենի գործածության պահանջի կատարումը.

միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում հայոց լեզվի ընդունելության քննության և հայոց լեզվի ուսուցման պարտադիր պահանջի կատարումը.

գործավարությունը հայերեն կատարելու պահանջի կատարումը.

ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշերը, նամականիշերը, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդները հայերեն ձևավորելու, իսկ անհրաժեշտության դեպքում դրանք այլ լեզուներով զուգակցելու պահանջի կատարումը.

օտարերկրյա պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների` պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով զուգակցելու պահանջի կատարումը.

ազգային փոքրամասնությունների համայնքներում հայերենի պարտադիր ուսուցման, նրանց կազմակերպությունների փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները հայերեն լեզվով ձևավորելու և դրանք իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ ապահովելու պահանջի կատարումը.

գրական հայերենի կանոնարկմանը վերաբերող գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջների կատարումը.

բ) իրականացնում է՝

վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի համաձայն պատասխանատվության միջոցներ կիրառելու համար լեզվական օրենսդրության խախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստումը և դատարան ներկայացնելը.

քաղաքացիների ընդունելություն, ինչպես նաև նրանց դիմումների, բողոքների և առաջարկությունների քննարկում.

Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների համանման կազմակերպությունների հետ համագործակցություն, փոխադարձ այցելություններ և փորձի փոխանակում.

լեզվական քաղաքականությանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցությունների, գիտաժողովների ու այլ միջոցառումների կազմակերպում:

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Տեսչությունը կառավարում է նախարարը։ Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ։

Իր գործունեության ընթացքում տեսչության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։

10. Տեսչության պետը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության պետական լեզվական քաղաքականության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար։

11. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախարարին, իսկ քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին։

12. Տեսչության պետը՝

ա) ղեկավարում է տեսչության գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) նախարարության աշխատակազմի ղեկավարին իր իրավասության սահմաններում ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցներ կիրառելու վերաբերյալ.

ե) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

13. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը։

15. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ։ Իր խնդիրների և գործառույթների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ։

16. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են։

 

VI. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով։

(հավելվածը խմբ. 30.06.11 N 890-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1610-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

Լեզվական վերահսկողության բաժին

 

Վարչական իրավախախտումների բաժին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.06.2018, N 705-Ն 30.06.2018, N 1610-Ն
30.06.2011, N 890-Ն 14.07.2011, N 1610-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան