Basic information
Number
N 631
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.06.2002-31.10.2019)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.06.19/19(194) Հոդ.452
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.05.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.05.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
29.05.2002
Effective date
29.06.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 մայիսի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 մայիսի 2002 թվականի N 631
քաղ. Երևան

«ՍԵՎ ԼԻՃ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 12-րդ ու 13-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 12-ի «Սև լիճ» պետական արգելոցի կարգավիճակը փոփոխելու մասին» N 976 որոշման 4-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Սև լիճ» պետական արգելավայրի կանոնադրությունը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 29-ի N 631 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՍԵՎ լիճ» պետական արգելավայրի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. «Սև լիճ» պետական արգելավայրը (այսուհետև՝ արգելավայր) կազմավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 12-ի «Սև լիճ» պետական արգելոցի կարգավիճակը փոփոխելու մասին» N 976 որոշմամբ:

Արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում՝ Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում, 2670 մետր բարձրության վրա: Նրա տարածքն ընդգրկում է սառցադաշտային ծագման Սև լիճը (200 հա մակերեսով) և առափնյա մերձալպյան մարգագետնային էկոհամակարգերը (40 հա մակերեսով):

2. Արգելավայրի կազմավորման հիմնական նպատակը Սև լճի ջրային և նրա հարակից ցամաքային էկոհամակարգերի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ու կայուն օգտագործումը, Սևանա լճի իշխան և բեղլու ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ ձկնային պաշարի աճեցումն ապահովելն է:

3. Արգելավայրի հողատարածքները, ջրերը, բուսական և կենդանական աշխարհը, ընդերքը պետության բացառիկ սեփականությունն են և մասնավորեցման ենթակա չեն:

4. Արգելավայրի ռեժիմի փոփոխությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

5. Արգելավայրի վրա բացասական ներգործություն ունեցող տնտեսական գործունեությունը սահմանափակելու կամ արգելելու նպատակով Սև լճի ամբողջ ջրհավաք ավազանը սահմանվում է որպես պահպանական գոտի:

6. Արգելավայրի տարածքում բնապահպանական ու բնօգտագործման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:

 

II. Արգելավայրի հիմնական խնդիրները ԵՎ գործառույթները

 

7. Արգելավայրի հիմնական խնդիրներն են՝

ա) արգելավայրի լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության բնականոն զարգացման ապահովումն ու պահպանությունը.

բ) Սև լճի քաղցրահամ ջրային էկոհամակարգի էկոլոգիական հավասարակշռի պահպանությունը.

գ) արգելավայրի վայրի բուսատեսակների և կենդանիների էկոլոգիական միջավայրի պահպանությունը.

դ) հազվագյուտ ու անհետացման վտանգված բույսերի և կենդանիների տեսակների պահպանությունն ու վերարտադրությունը.

ե) արժեքավոր և անհետացման վտանգված տեղաբնակ ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ բնական միջավայրի ապահովումը.

զ) գիտաճանաչողական և էկոլոգիական զբոսաշրջության իրականացման համար անհրաժեշտ նախադրյալների ապահովումը:

8. Արգելավայրի տարածքում իրականացվող հիմնական գործառույթներն են՝

ա) Սև լճում Սևանա լճի իշխան և բեղլու ձկնատեսակների արհեստական վերարտադրությունը.

բ) արգելավայրի ռեժիմին համապատասխան զբոսաշրջության տարբեր ձևերի կազմակերպումը:

 

III. Արգելավայրի ռեժիմը

 

9. Արգելավայրի տարածքում արգելվում են՝

ա) ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի բնական համալիրների զարգացման բնականոն ընթացքը կամ սպառնում է բնական միջավայրի անվտանգությանը.

բ) լճի ջրաբանական ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.

գ) տնտեսական և բնակելի օբյեկտների շինարարությունն ու շահագործումը, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և այլ հաղորդակցուղիների շինարարությունը (բացառությամբ արգելավայրի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության).

դ) օգտակար հանածոների շահագործումը, հողային և բուսական ծածկույթի խախտումը.

ե) թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործումը.

զ) տարածքի հողը հերկելը:

10. Արգելավայրի տարածքում կարող են իրականացվել՝

ա) մարդածին գործունեության հետևանքով բնական էկոհամակարգերի հավասարակշռված վիճակը խախտող երևույթներն ու պրոցեսները կանխարգելող միջոցառումներ.

բ) մարդու, կենդանիների և բույսերի համար առանձնահատուկ վտանգ ներկայացնող հիվանդությունների, վնասատուների և վարակի օջախների վերացման աշխատանքներ.

գ) էկոլոգիական, գիտաճանաչողական էքսկուրսիաներ և զբոսաշրջություն.

դ) գիտահետազոտական ուսումնասիրություններ՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության թույլտվությամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Արգելավայրի պահպանական գոտու տարածքում թույլատրվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համաձայնեցված՝ արգելավայրի նպատակին և խնդիրներին չհակասող ցանկացած տնտեսական գործունեություն:

12. Արգելավայրի ռեժիմի պահպանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Արգելավայրի ռեժիմը խախտող կազմակերպություններն ու քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: