ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ |
Վարչական գործ թիվ ՎԴ/0393/05/10 |
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան | |
Դատավորներ` Ա. Առաքելյան Ա. Աբովյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՀայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Տ. Պետրոսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ալինա Չոբանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.03.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Մանուկ Ղազանչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի ալիմենտի բռնագանձման բաժնի հարկադիր կատարողի (այսուհետ՝ Հարկադիր կատարող), երրորդ անձ Ալինա Չոբանյանի` գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ որոշումը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մանուկ Ղազանչյանը պահանջել է անվավեր ճանաչել Հարկադիր կատարողի` «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» 16.02.2009 թվականի որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 20.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Հարկադիր կատարողի 16.02.2009 թվականի որոշումն անվավեր է ճանաչվել Մանուկ Ղազանչյանին պատկանող Երևանի Մոլդովական փողոցի 25/4-րդ շենքի թիվ 13 բնակարանի նկատմամբ կիրառված արգելանքի մասով:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.03.2011 թվականի որոշմամբ Ալինա Չոբանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.10.2010 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալինա Չոբանյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մանուկ Ղազանչյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Ոչ բողոք բերած անձը, ոչ էլ նրա ներկայացուցիչը պատշաճ կերպով չեն ծանուցվել Վերաքննիչ դատարանի 18.02.2011 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, որով խախտվել են բողոք բերած անձի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված իրավունքները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանը սույն գործով կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշում, իսկ վճռաբեկ բողոքում շարադրված հիմքերն ու փաստարկները կրում են խիստ ձևական բնույթ և նպատակ են հետապնդում խոչընդոտել հայցվորի իրավունքների իրականացմանը: Մինչդեռ, ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Գործում առկա 18.10.1999 թվականի թիվ 0103536 անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի համաձայն` Երևանի Մոլդովական փողոցի 25/4-րդ շենքի թիվ 13 բնակարանն ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում է Անահիտ Մելքոնյանին, Մանուկ Ղազանչյանին և Ջեմմա Մելքոնյանին (հատոր 1-ին, գ.թ. 27-28):
2) Հարկադիր կատարողի 16.02.2009 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշման համաձայն` Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 20.01.2009 թվականին տրված թիվ ԵԱՆԴ/2317/02/08 կատարողական թերթում նշված բռնագանձման ենթակա գումարի չափով արգելանք է դրվել Մանուկ Ղազանչյանին պատկանող գույքի վրա: Պարտապանին արգելվել է գույքի տնօրինումը (հատոր 1-ին, գ.թ. 61):
3) Սույն գործում առկա չէ որևէ ապացույց Վերաքննիչ դատարանի 18.02.2011 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Ալինա Չոբանյանին պատշաճ կերպով ծանուցելու վերաբերյալ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում՝ յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանում գործի դատաքննությունն իրականացվում է վարչական դատարանում դատաքննության իրականացման կանոններին համապատասխան` նույն հոդվածի առանձնահատկությունների հաշվառմամբ, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բողոք բերած անձը, ինչպես նաև դատավարության մասնակիցները պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի համաձայն` նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված Հայաստանի հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածներով սահմանված հիմքերով և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է վարչական դատավարությունում պատշաճ ծանուցման իրավական խնդրին:
Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն: Դա ենթադրում է վարչական դատավարության մասնակիցներին դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ ՀՀ վարչական դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն օրենքով սահմանված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը (տե'ս ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Մկրտիչ Մանգասարյանի` գումար բռնագանձելու և մաքսային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ՎԴ/6418/05/08 որոշումը):
Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև դատավարության մասնակիցների պատշաճ ծանուցման դեպքերին, մասնավորապես այն դեպքին, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ:
Այսպես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (տե՛ս ըստ հայցի «Արմենմոտոր» ՓԲԸ-ի ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության` «Արմենմոտոր» ՓԲԸ-ի՝ Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող 2,430 հա հողատարածքի՝ ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն և 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշումներով սեփականաշնորհման համար սահմանված գներով վճարման իրավունքը (վճարումը վերոհիշյալ որոշումներով սահմանված գներով իրականացնելու պայմանով) ճանաչելու պահանջի մասին վարչական գործով Վճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի թիվ ՎԴ/1043/05/09 որոշումը):
Սույն գործում առկա չէ Վերաքննիչ դատարանի 18.02.2011 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին վերաքննիչ բողոք ներկայացրած անձ Ալինա Չոբանյանին պատշաճ կերպով ծանուցելու վերաբերյալ որևէ ապացույց:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ դատական նիստի ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված՝ գործի քննության ընթացքում կողմերին քննվող գործի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորությունների ընձեռման անհրաժեշտության սկզբունքի հետ:
Նշված սկզբունքն ամբողջ ծավալով կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ վարչական դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրի համար ապահովված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին վարչական դատավարության մասնակիցների իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի իմաստով դատավարական իրավունքի նորմի էական խախտում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Ալինա Չոբանյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ չծանուցելով, վերջինիս զրկել է գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից, ինչի հետևանքով խախտվել է նրա` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության հիմնարար իրավունքը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Տ. Պետրոսյան | |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|