ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0996/02/10 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0996/02/10 |
Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան | |
Դատավորներ` Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
Վ. Աբելյանի | ||
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի մայիսի 27 -ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արման Ավետիսյանի և Սաթենիկ Դալլաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2011 թվականի որոշման դեմ՝ ըստ Հովիկ Դալլաքյանի հայցի ընդդեմ Սաթենիկ Դալլաքյանի, Արման և Նորիկ Ավետիսյանների` վտարելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հովիկ Դալլաքյանը պահանջել է սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 5/1 հասցեում գտնվող տնից վտարել Սաթենիկ Դալլաքյանին, Նորիկ Ավետիսյանին, Արման Ավետիսյանին և ընտանիքի անդամներին:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.10.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.01.2011 թվականի որոշմամբ Արման Ավետիսյանի և Սաթենիկ Դալլաքյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.10.2010 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արման Ավետիսյանը և Սաթենիկ Դալլաքյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հովիկ Դալլաքյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, ինչի արդյունքում խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ, 8-րդ հոդվածները, 90-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 47-րդ, 53-րդ, 78-րդ, 116-րդ հոդվածները:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը գործը քննել է Սաթենիկ Դալլաքյանի, Արման և Նորիկ Ավետիսյանների բացակայությամբ, որոնք չնայած տեղեկացվել են 05.10.2010 թվականի ժամը 1000-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն նշված ժամին դատական նիստ տեղի չի ունեցել: Դատական նիստը սկսվել է ժամը 1019-ին, ինչի արդյունքում Սաթենիկ Դալլաքյանը, Արման և Նորիկ Ավետիսյանները զրկվել են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքից :
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 27.01.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար բերված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Դատարանի 05.10.2010 թվականի ժամը 1000-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին Սաթենիկ Դալլաքյանը, Արման և Նորիկ Ավետիսյանները ծանուցագրերով ծանուցվել են (հատոր 1-ին, գ.թ. 49-54):
2. Դատական նիստի արձանագրության համաձայն` սույն գործով դատական նիստը սկսվել է 05.10.2010 թվականի ժամը 1039-ին: Դատարանը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պատասխանողները պատշաճ ձևով տեղեկացվել են դատական նիստի ժամանակի և վայրի մասին, սակայն չեն ներկայացել, որոշել է գործը քննել նրանց բացակայությամբ: Նույն օրը դատարանը գործի քննությունը հայտարարել է ավարտված (հատոր 1-ին, գ.թ. 56):
3. Սաթենիկ Դալլաքյանը, Արման և Նորիկ Ավետիսյանները պատշաճ ձևով չեն տեղեկացվել 05.10.2010 թվականի ժամը 1039-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագիրը պետք է պարունակի դատարանի անվանումը և ստույգ հասցեն, նշում` ներկայանալու ժամանակի և վայրի մասին, գործը, որի վերաբերյալ անձը ծանուցվում է, նշում` դատարան կանչվող կամ ծանուցվող անձի մասին, նշում, թե անձը որպես ինչ է ծանուցվում կամ կանչվում, նշում` չներկայանալու հետևանքների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի համաձայն՝ գործի քննության համար նշանակված ժամին նախագահողը բացում է դատական նիստը, հայտարարում է դատարանի կազմը և այն գործը, որը քննության է առնվելու:
Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածներով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, նախագահողը դատական նիստը բացում է գործի քննության համար նշանակված ժամին: Այսինքն` դատական նիստը սահմանված ժամին սկսելը գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացված լինելու տարրերից է:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե´ս` ըստ Շենգավիթի թաղապետարանի ընդդեմ Ալվինա, Լիանա Կազկոնների, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջի մասին 21.12.2006 թվականի քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր 1-ին, էջ 473-476):
Վերը նշվածի հիման վրա` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:
Սույն գործով Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով դատական նիստը սկսվել է 05.10.2010 թվականի ժամը 1039-ին, այնինչ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Դատարանը պատասխանողներին պատշաճ տեղեկացրել է 05.10.2010 թվականի ժամը 1039-ին տեղի ունենալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Այսինքն` Դատարանը, խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 79-րդ և 116-րդ հոդվածների պահանջները, գործը քննել է Սաթենիկ Դալլաքյանի, Արման և Նորիկ Ավետիսյանների բացակայությամբ, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Է. Հայրիյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ե. Սողոմոնյան
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ