Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.09.01/21(404) Հոդ.1131.20
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0543/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0543/02/10
2011 թ.

Նախագահող դատավոր`   Գ. Մատինյան

Դատավորներ` Լ. Գրիգորյան

                             Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2011 թվականի մայիսի 27 -ին

դռնբաց դատական նիստում, քննելով Աշոտ Սիմոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Աշոտ Սիմոնյանի դիմումի` փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Աշոտ Սիմոնյանը պահանջել է ճանաչել ժառանգատու Թորգոմ Սիմոնյանի ժառանգական գույքի` Երևանի Նոր Արեշ 24-րդ փողոցի թիվ 15 տան և հողամասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 23.06.2010 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Վճռվել է Աշոտ Թորգոմի Սիմոնյանին ճանաչել հոր` Թորգոմ Գեղամի Սիմոնյանի ժառանգությունն ընդունած ժառանգ Երևանի Նոր Արեշ 24-րդ փողոցի թիվ 15 տան և հողամասի նկատմամբ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.12.2010 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Դատարանի 23.06.2010 թվականի վճիռը, և դիմումը թողնվել է առանց քննության:

 Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Սիմոնյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 18-րդ, 19-րդ, 28-րդ, 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ, 1226-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ, 54-րդ, 205-րդ, 207-րդ հոդվածները, 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը, կիրառել է ՀՀ կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշումը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշումը, փաստել է, որ վիճելի տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Երևանի քաղաքային համայնքին, որի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողամասերն են անհատույց փոխանցվել համայնքին, իսկ որոշման հավելվածներում ըստ ծածկագրերի հստակ թվարկված են այն պետական հողամասերը, որոնք փոխանցվել են Երևանի քաղաքային համայնքին, ընդ որում վիճելի գույքը նշված հավելվածներում առկա չէ:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն փաստին, որ 07.05.1990 թվականի թիվ 3046 բնակելի տան անհատական բնակելի ֆոնդի տեխնիկական անձնագրի հիմքով Երևանի Նոր Արեշ 24-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող 62,8քմ մակերեսով բնակելի տունը և 60,8քմ մակերեսով օժանդակ կառույցները սեփականության իրավունքով, իսկ 540,0քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Թորգոմ Գեղամի Սիմոնյանին: Ընդ որում, 30.03.1990 թվականի թիվ 532 ակտով օրինականացվել են ինքնակամ կառույցները և բնակելի տան մի մասի նկատմամբ 03.05.1990 թվականին թիվ 3355 պայմանագրով կատարվել է նվիրատվություն, իսկ հետագայում 28.08.1996 թվականի թիվ 2-2120 նվիրատվության պայմանագրի հիմքով Երևանի Նոր Արեշ 24-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող 49,0քմ մակերեսով բնակելի տան և 47,6քմ մակերեսով օժանդակ կառույցների սեփականատերը, իսկ 540,0քմ մակերեսով հողամասի ընդհանուր համատեղ սեփականատերը Լենա Թորգոմի Սիմոնյանն է: Այսինքն` վիճելի հողամասը պետությանը պատկանելու դեպքում դրա նկատմամբ իրավունքը պետական գրանցում չէր ստանա և սեփականության իրավունքի գրանցման վկայական չէր տրվի: Հետևաբար, ինչպես վիճելի հողամասը, այնպես էլ դրա վրա գտնվող բնակելի և օժանդակ կառույցները պատկանել են Թորգոմ Գեղամի Սիմոնյանին:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Թորգոմ Գեղամի Սիմոնյանն օրենքով սահմանված կարգով երբեք չի հրաժարվել ինչպես վիճելի հողամասի, այնպես էլ դրա վրա գտնվող բնակելի և օժանդակ կառույցների նկատմամբ ունեցած իրավունքից:

Ի դեպ, ժառանգատու Թորգոմ Գեղամի Սիմոնյանի մահից հետո ժառանգական գույքը փաստացի տիրապետման և կառավարման ուժով ընդունել է որդին` Աշոտ Թորգոմի Սիմոնյանը:

Դատարանի վճիռը կայացվել է օրենքների պահանջների պահպանմամբ, և Երևանի քաղաքապետարանի իրավունքի վերաբերյալ վեճ առկա չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.12.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 23.06.2010 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Թորգոմ Գեղամի Սիմոնյանի և Սահականուշ Սահակի Սահակյանի ամուսնությունը ՔԿԱԳ մարմնում գրանցվել է 17.07.1938 թվականին (գ.թ.12): Աշոտ Թորգոմի Սիմոնյանը Թորգոմ Գեղամի Սիմոնյանի որդին է (գ.թ.10):

2. 07.05.1990 թվականի թիվ 3046 բնակելի տան անհատական բնակելի ֆոնդի տեխնիկական անձնագրի համաձայն` 4/7-րդ բաժնով Երևանի Նոր Արեշ 24-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող 62,8քմ մակերեսով բնակելի տունը և 60,8քմ մակերեսով օժանդակ կառույցները սեփականության իրավունքով, իսկ 540,0քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանել է Թորգոմ Գեղամի Սիմոնյանին: Ընդ որում, 30.03.1990 թվականի թիվ 532 ակտով օրինականացվել են ինքնակամ կառույցները և բնակելի տան մի մասի նկատմամբ 03.05.1990 թվականին թիվ 3355 պայմանագրով կատարվել է նվիրատվություն (գ.թ.28-30):

3. 13.09.1996 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1942 վկայականի համաձայն` Երևանի Նոր Արեշ 24-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող 49,0քմ մակերեսով բնակելի տան և 47,6քմ մակերեսով օժանդակ կառույցների սեփականատերը Լենա Թորգոմի Սիմոնյանն է (հիմք` 28.08.1996 թվականի թիվ 2-2120 նվիրատվության պայմանագիրը) (գ.թ.31):

4. Թորգոմ Գեղամի Սիմոնյանը մահացել է 15.10.1993 թվականին (գ.թ.11), Սահականուշ Սահակի Սահակյանը` 11.08.2006 թվականին (գ.թ.13):

5. Թիվ 14 տեղամասի ղեկավարի լիազոր ներկայացուցչի 12.02.2010 թվականի տեղեկանքի համաձայն` Աշոտ Սիմոնյանը մշտական հաշվառմամբ բնակվում է Երևանի Նոր Արեշ 24-րդ փողոցի թիվ 15 հասցեում գտնվող տանը, կինը հաշվառվել է 1985 թվականից, դուստրը` 1997 թվականից, որդին` 1995 թվականից, իսկ քույրը` Լենա Սիմոնյանը ` 1968 թվականից, սակայն գտնվում է ԱՄՆ-ում (գ.թ.27):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է «վեճ է ծագել իրավունքի մասին» ձևակերպման իրավական բնույթին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումը քննելիս վեճ է ծագել իրավունքի մասին:

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա:

Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ:

Դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից (տես` ըստ «Ֆիրմա ՄՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումի՝ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ 3-445 (Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանն Աշոտ Թորգոմի Սիմոնյանի դիմումը բավարարել է, նրան ճանաչել է հոր` Թորգոմ Գեղամի Սիմոնյանի ժառանգությունն ընդունած ժառանգ Երևանի Նոր Արեշ 24-րդ փողոցի թիվ 15 տան և հողամասի նկատմամբ:

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշումը, հաստատված է համարել, որ վիճելի տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Երևանի քաղաքային համայնքին, որի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշմամբ վիճելի հողամասը` որպես պետական հողամաս, Երևանի քաղաքային համայնքին փոխանցելու վերաբերյալ սույն գործում որևէ ապացույց առկա չէ և այդպիսին Երևանի քաղաքապետարանի կողմից չի ներկայացվել: Վերոնշյալը հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողամասերն են անհատույց փոխանցվել համայնքին, իսկ սույն գործի փաստերի համաձայն, վեճի առարկա հողամասի նկատմամբ գրանցված էր Թորգոմ Գեղամի Սիմոնյանի սեփականության իրավունքը:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ կառավարության 24.12.2009 թվականի թիվ 1517-Ն որոշման վկայակոչումը և դրա հիման վրա կատարված եզրահանգումն այն մասին, որ վիճելի տարածքը սեփականության իրավունքով պատկանում է Երևանի քաղաքային համանքին, և որ վերջինիս իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացվել գործի քննությանը մասնակից չդարձնելով, անհիմն է:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առերևույթ բացակայում է փոխադարձ կապ քննարկվող փաստի, այն է` Աշոտ Սիմոնյանի կողմից Թորգոմ Սիմոնյանի ժառանգությունն ընդունած ժառանգ լինելու և այլ անձի` Երևանի քաղաքապետարանի իրավունքների միջև:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև սույն գործով կայացված վճռի դեմ որևէ շահագրգիռ անձի կողմից վերաքննիչ բողոք չներկայացնելու հանգամանքը:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2010 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 23.06.2010 թվականի վճռին:

2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ Աշոտ Սիմոնյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ե. Սողոմոնյան