ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
28 հունիսի 2011 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 06.05.2011թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով քննության առարկա արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Արձանագրությունն ստորագրվել է 2010թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում համագործակցության զարգացման նպատակով:
2. Արձանագրությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հոդվածներում, խմբագրվում են որոշ դրույթներ:
3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● փոփոխել Պայմանագրի որոշ հոդվածներ,
● ՀԱՊԿ մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի դեպքում անհապաղ գործի դնել համատեղ խորհրդակցության մեխանիզմը` իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, ինչպես նաև մշակել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար` սպառնալիքի վտանգի վերացման նպատակով,
● ՀԱՊԿ անդամ պետություններից որևէ մեկի ագրեսիայի ենթարկվելու պարագայում դա համարել որպես ագրեսիա Հայաստանի Հանրապետության դեմ,
● ՀԱՊԿ անդամ ցանկացած պետության դեմ ագրեսիա իրականացվելու դեպքում, տվյալ պետության խնդրանքով, տրամադրել անհապաղ անհրաժեշտ օգնություն, ներառյալ` ռազմական, ինչպես նաև իր տրամադրության ներքո գտնվող բոլոր միջոցներով աջակցել հավաքական անվտանգության իրավունքի իրականացմանը` ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան, և ձեռնարկված միջոցների մասին անհապաղ տեղյակ պահել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին,
● հավաքական անվտանգության համակարգի ուժի և միջոցների կիրառումն անդամ պետությունների տարածքից դուրս իրականացնել ելնելով բացառապես միջազգային անվտանգության շահերից` ՄԱԿ-ի Կանոնադրության և Պայմանագրի անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
4. Արձանագրությամբ սահմանված են նաև դրա ուժի մեջ մտնելու կարգն ու պայմանները:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Վ. Հովհաննիսյան |
28 հունիսի 2011 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|