Գլխավոր տեղեկություն
Համար
N 533-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.07.2011-31.05.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.17/27(482) Հոդ.532
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2006 թվականի N 533-Ն

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 10.06.11 N 818-Ն)

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 12, 13, 14, 18-րդ կետերի, 19-րդ հոդվածի 2-րդ մասի ու 4-րդ մասի 1-ին կետի և 20-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել գործազուրկների, հաշմանդամների, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց և երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող` աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հաստատել մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտի, մասնագիտական ուսուցման ուղեգրի, ավարտված և իրականացման ընթացքում գտնվող մասնագիտական ուսուցման դասընթացների մասին ամփոփ հաշվետվությունների ձևերը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 222 որոշման 3-րդ կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. ապրիլի 28
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
մարտի 30-ի N 533-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ, ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՎ ՄԱՍՆԱԿԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ ՉԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
(Վերնագիրը փոփ. 10.06.11 N 818-Ն)

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) մարզային և տարածքային կենտրոններում (այսուհետ` տարածքային կենտրոն) հաշվառված և մասնագիտական պատրաստման, վերամասնագիտացման ու մասնագիտական որակավորման բարձրացման (այսուհետ` մասնագիտական ուսուցում) դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած գործազուրկների, հաշմանդամների, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց, երկարամյա ծառայության, արտոնյալ պայմաններով և մասնակի կենսաթոշակ ստացող` աշխատանք փնտրող չզբաղված անձանց (այսուհետ` ունկնդիր) մասնագիտական ուսուցման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 27.03.08 N 282-Ն, փոփ. 10.06.11 N 818-Ն)

2. Մասնագիտական ուսուցման նպատակն է ունկնդրին աջակցելը` աշխատաշուկայի պահանջներին համապատասխան նոր կարողություններ ու հմտություններ ձեռք բերելու միջոցով հարմար աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հարցերում։

3. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերին համապատասխան:

4. Մասնագիտական ուսուցումը կազմակերպվում է, երբ`

ա) աշխատաշուկայում բացակայում է ունկնդրի մասնագիտական կրթությանը համապատասխան հարմար աշխատանքը. այս դեպքում կազմակերպվում է վերամասնագիտացման դասընթաց,

բ) ունկնդրի մասնագիտական որակավորումը չի համապատասխանում աշխատաշուկայի պահանջներին. այս դեպքում կազմակերպվում է մասնագիտական որակավորման բարձրացման դասընթաց,

գ) ունկնդիրը չունի մասնագիտական կրթություն և որակավորում. այս դեպքում կազմակերպվում է նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դասընթաց:

5. Մասնագիտական ուսուցումը ֆինանսավորվում է`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին,

բ) միջազգային և այլ կազմակերպությունների միջոցների հաշվին:

(5-րդ կետը խմբ. 27.03.08 N 282-Ն)

6. Մասնագիտական ուսուցումն իրականացվում է`

ա) սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքում` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված կազմակերպության կողմից,

բ) սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքում` այլ միջոցների հաշվին ուսուցումն իրականացնող կազմակերպության կողմից:

(6-րդ կետը փոփ. 27.03.08 N 282-Ն)

7. Հաշմանդամների մասնագիտական ուսուցումը և աշխատանքային ունակությունների վերականգնումն իրականացվում են` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինների կողմից կազմված հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը:

8. Մասնագիտական ուսուցման դասընթացների տևողությունը չի կարող գերազանցել 3 ամիսը, իսկ սույն կարգի 4-րդ կետի «գ» ենթակետում նշված նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման դեպքում` 6 ամիսը:

9. Սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված կազմակերպությունը գործազուրկ, հաշմանդամ և գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող ունկնդրին սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված միջոցներից վճարում է կրթաթոշակ` ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում:

(9-րդ կետը փոփ. 27.03.08 N 282-Ն, 10.06.11 N 818-Ն)

10. Ունկնդրին` իր բնակության վայրի համայնքից դուրս այլ համայնք (բացառությամբ Երևան քաղաքի թաղային համայնքների) մասնագիտական ուսուցման ուղեգրելու դեպքում փոխհատուցվում են տրանսպորտային ծախսերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված կարգով նախատեսված չափերով:

11. Մասնագիտական ուսուցման դասընթացներում ընդգրկված մեկ ունկնդրի հաշվով կատարվող ծախսը չպետք է գերազանցի զբաղվածության ամենամյա պետական ծրագրերում մեկ անձի համար նախատեսված ֆինանսական միջոցների չափը:

12. Ունկնդիրը կարող է մեկ տարվա ընթացքում մասնակցել մասնագիտական ուսուցման մեկ դասընթացի: Նույն անձը կարող է ընդգրկվել մասնագիտական ուսուցման մեկից ավելի դասընթացներում, եթե տվյալ դասընթացում առաջին անգամ ընդգրկվելու ցանկություն հայտնող չի եղել:

Եթե ունկնդիրների թիվը գերազանցում է տարածքային կենտրոնի համար տվյալ տարվա զբաղվածության ամենամյա պետական ծրագրերով նախատեսված անձանց թիվը, ապա դասընթացում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատաշուկայում անմրցունակ խմբերին:

12.1. Գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող` աշխատանք փնտրող անձանց համար մասնագիտական ուսուցում կազմակերպելիս` նախապատվությունը տրվում է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված ընտանիքների` աշխատանք փնտրող երիտասարդ անձանց:

(12.1 կետը լրաց. 10.06.11 N 818-Ն)

13. Մասնագիտական ուսուցման ծրագրերի, ուսումնական պլանի, մասնագիտական ուսուցման ձևի ընտրության (խմբային կամ անհատական), դասընթացների իրականացման, ավարտական քննությունների կազմակերպման և վկայականների հանձնման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպության հետ կնքված պայմանագրով:

 

II. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

(Վերնագիրը խմբ. 27.03.08 N 282-Ն)

 

14. Գործակալությունը յուրաքանչյուր տարվա սկզբում և պարբերաբար` զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է տեղեկատվություն տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք մասնագիտական ուսուցման դասընթացների մասին։

(14-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)

15. Մասնագիտական ուսուցման դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած անձանց տարածքային կենտրոնի կողմից մատուցվում են հետևյալ ծառայությունները`

ա) մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ խորհրդատվություն.

բ) աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների և տարածքային կենտրոնի կողմից կազմակերպվող մասնագիտական ուսուցման դասընթացների մասին տեղեկությունների տրամադրում:

16. Տարածքային կենտրոնը, հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը և ունկնդրի ցանկությունը, կազմում և գործակալություն է ներկայացնում մասնագիտական ուսուցման կազմակերպման մասին հայտ:

17. Գործակալությունն իր իրավասության սահմաններում, տարածքային կենտրոններից ստացված հայտերի հիման վրա, ապահովում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մասնագիտական ուսուցման ծառայությունների գնման գործընթացի իրականացումը, որի արդյունքում սույն կարգի 6-րդ կետի «ա» ենթակետում նշված կազմակերպության հետ կնքվում է համապատասխան պայմանագիր:

18. Գործակալությունը սույն կարգի 17-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ուսուցման ծառայության տեխնիկական բնութագրի պատճենը տրամադրում է տարածքային կենտրոնին:

 (18-րդ կետը խմբ. 10.06.11 N 818-Ն)

19. Տարածքային կենտրոնը պայմանագրի պատճենն ստանալուց հետո ունկնդրին ծանոթացնում է մասնագիտական ուսուցման դասընթացի պայմանների, ուսուցում իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հետ և տալիս մասնագիտական ուսուցման ուղեգիր:

Տարածքային կենտրոնի կողմից մասնագիտական ուսուցման դասընթացին ունկնդրի մասնակցելու վերաբերյալ առաջարկի, այն ընդունելու կամ հրաժարվելու, ինչպես նաև դրանցից բխող գործազուրկի կարգավիճակի և գործազրկության նպաստի կասեցման և վերականգնման վերաբերյալ նշում է կատարվում աշխատանք փնտրող անձի հաշվառման քարտում:

20. Ուսուցումն իրականացնող կազմակերպությունը սույն կարգի 17-րդ կետում նշված պայմանագրով սահմանված ժամկետներում գործակալություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական ուսուցման դասընթացի համար ծառայությունների մատուցման հանձնման-ընդունման արձանագրությունը (այսուհետ` վճարումները հիմնավորող փաստաթղթեր):

(20-րդ կետը խմբ. 10.06.11 N 818-Ն)

21. Գործակալությունը սույն կարգի 20-րդ կետում նշված վճարումները հիմնավորող փաստաթղթերի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագիր:

(21-րդ կետը փոփ. 27.03.08 N 282-Ն, խմբ. 10.06.11 N 818-Ն)

22. Նախարարությունը մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անվանմամբ բացված գանձապետական հաշիվներին է փոխանցում մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարվող գումարը:

Մասնագիտական ուսուցման ծառայության ձեռքբերման դիմաց վճարման ենթակա բանկային հաշվին փոխանցված գումարը պայմանագրով նախատեսված ժամկետներում փոխանցվում է մասնագիտական ուսուցում իրականացրած կազմակերպության բանկային հաշվին:

(22-րդ կետը փոփ. 27.03.08 N 282-Ն, 10.06.11 N 818-Ն) 

 

III. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

 

23. Սույն կարգի 6-րդ կետի «բ» ենթակետում նշված կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) գրավոր դիմում է գործակալություն` ներկայացնելով ուսումնական ծրագիրը, դրա իրականացման պայմանները և դասընթացներում ընդգրկվողների թիվը:

24. Գործակալությունը կազմակերպության հետ նախնական քննարկում է մասնագիտական ուսուցման կազմակերպման հետ կապված հարցերը և նախարարություն է ներկայացնում առաջարկություն քննարկում կազմակերպելու և պայմանագիր կնքելու վերաբերյալ:

Նախարարությունը կազմակերպության հետ քննարկում է մասնագիտական ուսուցման կազմակերպման հետ կապված հարցերը և նրա հետ կնքում պայմանագիր, որի տեխնիկական բնութագրի պատճենը գործակալությունը տրամադրում է տարածքային կենտրոնին:

(24-րդ կետը խմբ. 10.06.11 N 818-Ն)

25. Տարածքային կենտրոնը կազմակերպության կողմից իրականացվող դասընթացին մասնակցելու ցանկություն հայտնած ունկնդրին ծանոթացնում է մասնագիտական ուսուցման դասընթացի պայմանների, ուսուցում իրականացնող կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հետ և տալիս մասնագիտական ուսուցման` սույն կարգի 19-րդ կետում նշված ուղեգիրը:

26. Դասընթացն սկսվելուց հետո մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 5-ը կազմակերպությունը տարածքային կենտրոն է ներկայացնում տեղեկանք նախորդ ամսվա ընթացքում դասընթացին ունկնդիրների մասնակցության մասին:

 

IV. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Գործակալությունը յուրաքանչյուր ամիս նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված մասնագիտական ուսուցման ծրագրերի ֆինանսավորման համար կատարված բյուջետային ծախսերի և բյուջետային պարտքերի մասին հաշվետվություն:

(27-րդ կետը փոփ. 27.03.08 N 282-Ն, խմբ. 10.06.11 N 818-Ն)  

28. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր եռամսյակ գործակալություն է ներկայացնում հաշվետվություն ուսուցումն ավարտած անձանց աշխատանքի տեղավորման մասին:

(28-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)  

29. Գործակալությունը յուրաքանչյուր եռամսյակ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին է ներկայացնում ավարտված և իրականացման ընթացքում
գտնվող մասնագիտական ուսուցման դասընթացների, ծախսված ֆինանսական միջոցների, ինչպես նաև ուսուցումն ավարտած անձանց աշխատանքի տեղավորման մասին ամփոփ հաշվետվություն:

   (29-րդ կետը խմբ. 10.06.11 N 818-Ն)  

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան