Գլխավոր տեղեկություն
Համար
N 1417-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.07.2011-22.03.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.01.13/2(736) Հոդ.1421
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.12.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 դեկտեմբերի 2009 թվականի N 1417-Ն

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ ՏՐՎՈՂ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասին և 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` մինչև 2012 թվականի հունվարի 24-ը ապահովել Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ կամ ժամանակավոր ապաստան ստացած անձանց համապատասխանաբար փախստականի և ժամանակավոր ապաստանի վկայականների փոխարինումը փախստականին տրվող կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով:

(2-րդ կետը փոփ. 07.07.11 N 939-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի նոյեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում փախստականի վկայական և ճամփորդական փաստաթուղթ տալու կարգերը և դրանց նկարագրերը հաստատելու մասին» N 695 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. դեկտեմբերի 11

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1417-Ն որոշման

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ ՏՐՎՈՂ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ

 

1. Հայաստանի Հանրապետությունում փախստականին տրվող ճամփորդական փաստաթուղթը (այսուհետ` փաստաթուղթ) 88 x 125 մմ չափսի, 32 էջից բաղկացած` փախստականի անձը հաստատող փաստաթուղթ է:

2. Փաստաթղթի բովանդակությունը կազմող բոլոր կետերը տպագրվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն:

3. Փաստաթղթի շապիկը կապույտ գույնի է: Շապիկի երեսի վերևի ձախ անկյունը 45 աստիճան թեքությամբ երիզվում է միմյանցից 10 մմ հեռավորությամբ և 3 մմ հաստությամբ երկու գծով: Շապիկի երեսի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Շապիկի կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը: Շապիկի ներքևի մասում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (1951 Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱ)» բառերը:

4. Փաստաթղթի շապիկի հաջորդ էջում գրվում է`

«ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՏՐՎԱԾ Է ՆՐԱ ՏԻՐՈՋԸ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ԾԱՌԱՅԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԻ ՓՈԽԱՐԵՆ».

«ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿՐՈՂԻՆ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ` ՄԻՆՉԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԸ».

«ԵԹԵ ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ` ԱՅԼ ԵՐԿՐՈՒՄ, ԵՎ ՑԱՆԿԱՆԱ ԱՅԴ ԵՐԿՐԻՑ ԿՐԿԻՆ ՃԱՄՓՈՐԴԵԼ, ԱՊԱ ՆԱ ՆՈՐ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԴԻՄԻ ՆՈՐ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ: ՆՈՐ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՇՆՈՐՀՈՂ ԵՐԿՐԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԵՏ ՎԵՐՑՆԵՆ ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»:

5. Փաստաթղթի 1-ին էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Կենտրոնում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ ներքևում տպագրվում են «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ (1951 Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱ)» բառերը:

6. Փաստաթղթի 2-րդ էջի ներքևի մասում տպագրվում են «ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԻՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» բառերը:

7. Փաստաթղթի 3-րդ էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, իսկ էջի ձախ մասից, ըստ հերթականության` «ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ», «ՏԻՊ», «ԿՈԴ», «ՓԱՍՏԱԹՈՒՂԹ N», «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ԵՐԿԻՐԸ», «ԾՆՎԵԼ Է», «ՍԵՌԸ», «ԾՆՆԴԱՎԱՅՐԸ», «ՏՐՎԵԼ Է», «ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ» և «ՈՒՄ ԿՈՂՄԻՑ» բառերը: Էջի ներքևի ձախ մասում տեղ է հատկացվում փաստաթուղթ ստացող փախստականի` 35 x 45 մմ չափսի գունավոր լուսանկարի համար:

8. Փաստաթղթի 4-րդ էջում տպագրվում են «ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳՎԱԾ Է» բառերը:

9. Փաստաթղթի 5-րդ էջում տպագրվում են «ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ԲՈԼՈՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ» բառերը, և դրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք:

10. Փաստաթղթի 6-րդ և 7-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ԵՐԵԽԱՆԵՐԸ» բառը: Նշված էջերից յուրաքանչյուրի վրա տեղ է հատկացվում երկու երեխայի` 35 x 45 մմ չափսի գունավոր լուսանկարները փակցնելու և նրանց տվյալները լրացնելու համար, իսկ յուրաքանչյուր լուսանկարի համար հատկացված տեղից ներքև տպագրվում են «ԱԶԳԱՆՈՒՆԸ», «ԱՆՈՒՆԸ», «ԾՆՎԵԼ Է» և «ՍԵՌԸ» բառերը:

11. Փաստաթղթի 8-րդ և 9-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ՆՇՈՒՄՆԵՐ» բառը:

12. Փաստաթղթի 10-32-րդ էջերի վերևի մասում տպագրվում է «ՎԻԶԱ» բառը:

13. Փաստաթղթի 8-32-րդ էջերի ներքևի մասում տպագրվում են «1951 Թ. ՀՈՒԼԻՍԻ 28-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱ» բառերը:

14. Փաստաթղթի 1-ին, 5-րդ, 9-րդ և այնուհետև կենտ թվերով համարակալված էջերի ներքևի մասում տպագրվում են փաստաթղթի սերիան և համարը:

(14-րդ կետը խմբ. 18.03.10 N 317-Ն)

15. Փաստաթղթի շապիկի վերջին էջի ներսի կողմում տպագրվում են «ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑԵԼ Է ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԵՎ ԱՊԱՍՏԱՆ», «ՍՈՒՅՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է» և «ՍՈՒՅՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ԿԱԶՄՎԱԾ Է 32 ԷՋԻՑ` ՉՀԱՇՎԱԾ ՇԱՊԻԿԸ» բառերը:

16. Փաստաթղթի բոլոր էջերը, բացի 1-ին և 3-րդ էջերից, համարակալված են:

(16-րդ կետը լրաց. 18.03.10 N 317-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

դեկտեմբերի 3-ի N 1417-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻՆ ՏՐՎՈՂ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՏԱԼՈՒ

 

1. Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը (այսուհետ` փաստաթուղթ) փախստականին տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից (այսուհետ` ոստիկանություն)` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության (այսուհետ` ծառայություն) պետի` փախստական ճանաչելու և ապաստան տրամադրելու վերաբերյալ որոշման հիման վրա:

(1-ին կետը փոփ. 18.03.10 N 317-Ն, խմբ. 07.07.11 N 939-Ն)

2. Հայաստանի Հանրապետությունում ապաստանի տրամադրման և փախստական ճանաչելու վերաբերյալ որոշումը ծառայության պետն ընդունում է` հիմք ընդունելով ծառայության կողմից ապաստան հայցողի վերաբերյալ նախապատրաստված փաստաթղթերը:

(2-րդ կետը փոփ. 18.03.10 N 317-Ն)

3. Փաստաթուղթը տրվում է Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին: Մինչև 16 տարեկան փախստականի տվյալներն ընդգրկվում են իր ծնողների փաստաթղթերում:

4. Մինչև 16 տարեկան` առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված անչափահաս փախստականներին տրամադրվում է փաստաթուղթ, որը չի կարող օգտագործվել առանց խնամակալի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու դեպքում:

5. Փաստաթուղթը վավերական է երկու տարի, որից հետո ոստիկանությունը փախստականի դիմումի հիման վրա յուրաքանչյուր անգամ փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգում է ևս երկու տարով:

Փաստաթղթի վավերականության ժամկետն օտարերկրյա պետություններում երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից: Փաստաթղթի վավերականության ժամկետը կարող է երկարաձգվել նաև, եթե դրա վավերականության ժամկետը լրանալուն մնացել է ոչ ավելի, քան 7 ամիս:

(5-րդ կետը փոփ. 18.03.10 N 317-Ն, փոփ., լրաց. 07.07.11 N 939-Ն)

6. Ապաստանի տրամադրման կամ փախստականի ճանաչման մասին որոշումը ծառայության պետի կողմից սահմանված կարգով չեղյալ հայտարարելու կամ դադարեցնելու մասին վերջնական որոշում ընդունվելու դեպքում դրա մասին տեղեկացվում է ոստիկանությանը` փաստաթուղթն անվավեր ճանաչելու համար:

(6-րդ կետը փոփ. 18.03.10 N 317-Ն, խմբ. 07.07.11 N 939-Ն)

7. Փաստաթուղթը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն, ռուսերեն և անգլերեն:

8. Փաստաթղթում փախստականի անձի մասին նշվում են հետևյալ տեղեկությունները`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) սեռը.

3) ծննդյան վայրը, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

4) քաղաքացիությունը (կամ դրա բացակայությունը):

9. Փաստաթղթում կարող են կատարվել հետևյալ նշումները`

1) փաստաթղթի վավերականության ժամկետը երկարաձգելու մասին` ոստիկանության, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից.

2) օտարերկրյա պետություններ ժամանակավորապես մեկնելու և վերադառնալու մասին` սահմանային ծառայությունների կողմից.

3) Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի մասին` ոստիկանության կողմից.

4) ընտանեկան դրության մասին` քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինների կողմից:

(9-րդ կետը փոփ., լրաց. 18.03.10 N 317-Ն, փոփ., լրաց. 07.07.11 N 939-Ն)

10. Արգելվում է փախստականի փաստաթղթում այլ նշումներ կատարելը:

11. Փախստականը փաստաթուղթ ստանալու համար ոստիկանություն է ներկայացնում`

1) դիմում փաստաթուղթ ստանալու մասին.

2) ոստիկանության պետի որոշումն իրեն փախստական ճանաչելու մասին.

3) 35 x 45 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր):

(11-րդ կետը փոփ. 18.03.10 N 317-Ն, 07.07.11 N 939-Ն)

12. Փախստականի հետ ճամփորդող յուրաքանչյուր երեխայի համար անհրաժեշտ է ներկայացնել`

1) ծննդյան վկայականը.

2) 35 x 45 մմ չափսի 2 լուսանկար (գունավոր):

13. Փաստաթուղթը տրվում է դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

(13-րդ կետը փոփ. 07.07.11 N 939-Ն)

14. Փաստաթուղթը փոխանակվում է ոստիկանության կողմից:

(14-րդ կետը փոփ. 18.03.10 N 317-Ն, 07.07.11 N 939-Ն)

15. Փաստաթուղթը կարող է փոխանակվել դրանում պարունակվող տեղեկությունները փոխվելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու, օգտագործվելու համար ոչ պիտանի լինելու դեպքում:

16. Փախստականը փաստաթղթի փոխանակման համար ներկայացնում է փոխանակման ենթակա փաստաթուղթը, սահմանված ձևի դիմում և երկու` 35 x 45 մմ չափսի լուսանկար (գունավոր):

17. Փախստականը, փաստաթղթում որևէ տեղեկություն փոխելու կամ գրառումներում անճշտություններ հայտնաբերելու պատճառով այն փոխանակելիս, ներկայացնում է նաև փոփոխությունները կամ առկա անճշտությունները հավաստող փաստաթուղթ:

18. Փախստականը փաստաթուղթը կորցնելու դեպքում 10-օրյա ժամկետում դրա մասին հայտնում է ոստիկանությանը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

(18-րդ կետը փոփ. 18.03.10 N 317-Ն, 07.07.11 N 939-Ն)

19. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու կամ այլ պատճառով փախստականի ճանաչումը և ապաստանի տրամադրումը դադարեցվելու դեպքում անձը փաստաթուղթը հանձնում է ոստիկանությանը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

(19-րդ կետը փոփ. 18.03.10 N 317-Ն, 07.07.11 N 939-Ն)

20. Օտարերկրյա պետությունում մշտական բնակություն հաստատելու դեպքում անձը փաստաթուղթը հանձնում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

21. Մահացած փախստականի փաստաթուղթը հանձնվում է մահվան գրանցումը կատարող մարմնին: Մահվան գրանցման կատարումից հետո փաստաթուղթն ուղարկվում է ոստիկանություն:

(21-րդ կետը փոփ. 18.03.10 N 317-Ն, 07.07.11 N 939-Ն)

22. Օտարերկրյա պետությունում մահացած փախստականի փաստաթուղթը հանձնվում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին, որն այն հանձնում է ոստիկանությանը:

(22-րդ կետը փոփ. 18.03.10 N 317-Ն, 07.07.11 N 939-Ն)

23. Գտնված փաստաթղթերը հանձնվում են ոստիկանությանը:

(23-րդ կետը փոփ. 18.03.10 N 317-Ն, 07.07.11 N 939-Ն)

24. Փաստաթղթի կորստի, փչացման կամ գողանալու դեպքում ոստիկանությունը, գործը մանրամասն ուսումնասիրելուց հետո, անհրաժեշտության դեպքում, համագործակցելով ծառայության հետ, փախստականին տրամադրում է նոր փաստաթուղթ` նախորդ փաստաթղթի վավերականության ժամկետով: Նոր փաստաթուղթ ստանալու համար փախստականը ոստիկանություն է ներկայացնում նոր փաստաթուղթ ստանալու մասին դիմում և 2 գունավոր լուսանկար:

(24-րդ կետը փոփ. 18.03.10 N 317-Ն, 07.07.11 N 939-Ն)

25. Կասկածյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, և մեղադրյալների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, ինչպես նաև ազատազրկման դատապարտված փախստականների փաստաթղթերը վերցվում են հետաքննության, նախաքննության մարմինների կամ դատարանի կողմից:

26. Խափանման միջոցի վերացման դեպքում` կասկածյալների և մեղադրյալների փաստաթղթերը վերադարձվում են տերերին:

27. Պատիժը կրելուց հետո փախստականին կարող է տրվել նոր փաստաթուղթ` սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով:

28. Փաստաթուղթը վերցնելը (բացառությամբ սույն կարգի 25-րդ կետում նշված դեպքերի), այլ անձանց հանձնելը և գրավ դնելն արգելվում են:

29. Ոստիկանությունը փախստականին փաստաթուղթ տալու մասին տեղեկությունները հայտնում է ծառայությանը:

(29-րդ կետը փոփ. 18.03.10 N 317-Ն, 07.07.11 N 939-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան