Գլխավոր տեղեկություն
Համար
N 983-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.07.2011-31.05.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.02/41(496) Հոդ.898
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2006 թվականի N 983-Ն

ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 222 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը փոփ. 10.06.11 N 818-Ն)

Համաձայն «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի նյութական ծախսերի հատուցման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 10.06.11 N 818-Ն)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային (մարզային) կենտրոնի, գործազուրկի և գործատուի միջև կնքվող թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագրի օրինակելի և այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրի ձևերը:

(2-րդ կետը լրաց. 20.03.08 N 260-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնակչության զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 222 որոշման 1-ին կետը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 15
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
հունիսի 16-ի N 983-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ

(Վերնագիրը խմբ. 10.06.11 N 818-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության (այսուհետ` գործակալություն) զբաղվածության մարզային կամ տարածքային կենտրոնի (այսուհետ` տարածքային կենտրոն) առաջարկությամբ այլ վայր (Հայաստանի Հանրապետության տարածքում) աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը լրաց. 20.03.08 N 260-Ն, 10.06.11 N 818-Ն)

2. Սույն կարգի իմաստով այլ վայր աշխատանքի գործուղումը տարածքային կենտրոնի առաջարկությամբ գործազուրկի բնակության վայրից (համայնքից) դուրս աշխատանքի ընդունվելն է:

Սույն կարգի դրույթները չեն տարածվում Երևան քաղաքի տարածքային կենտրոնի առաջարկությամբ մեկ թաղային համայնքից մեկ այլ թաղային համայնք, ինչպես նաև այլ տարածքային կենտրոնի առաջարկությամբ Երևան քաղաք աշխատանքի գործուղված գործազուրկի վրա:

(2-րդ կետը լրաց. 20.03.08 N 260-Ն, փոփ. 10.06.11 N 818-Ն)

3. Գործազուրկը տարածքային կենտրոնի առաջարկությամբ կարող է գործուղվել այլ վայր աշխատանքի 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ բնակավայրում (համայնքում)` ժամանակավոր (ոչ պակաս մեկ տարի ժամկետով) կամ մշտական բնակության պայմանով:

4. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերը հատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(4-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն)

5. Գործազուրկին այլ վայր աշխատանքի գործուղման համար նյութական ծախսերի հատուցում տրվում է մեկ անգամ:

6. Թափուր աշխատատեղը կարող է առաջարկվել այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին միայն այն դեպքում, եթե տարածքային կենտրոնում տվյալ աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվությունն ստացվելուց հետո այն առնվազն 1 ամիս չի համալրվել:

(6-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն)

II. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
(Վերնագիրը փոփ. 10.06.11 N 818-Ն)

 

7. Այլ վայր ժամանակավոր կամ մշտական բնակության մեկնող գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին և նրա հետ մեկնող ընտանիքի անդամներին հատուցվում են`

ա) իր և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսերը` միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով.

բ) իր և իր ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսերը` 30-50 կմ ճանապարհի համար` 10000 դրամ, 50 կմ-ից ավելի յուրաքանչյուր 50 կմ-ի համար` 8000 դրամ, բայց ոչ ավելի, քան 50000 դրամ.

գ) 30 կիլոմետրից ավելի հեռավորությամբ այլ վայր աշխատանքի մեկնելու դեպքում` իր և իր ընտանիքի անդամների օրապահիկը` յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված չափով:

(7-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)

8. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին տրվում է`

1) միանվագ ֆինանսական աջակցություն` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի եռապատիկի չափով.

2) մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախս միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով, իսկ միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափով.

3) ամսական գումար` բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված ամսական աշխատավարձի չափով:

(8-րդ կետը խմբ. 20.03.08 N 260-Ն, փոփ. 10.06.11 N 818-Ն)

 

III. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
(Վերնագիրը փոփ. 10.06.11 N 818-Ն)

 

9. Գործակալությունը յուրաքանչյուր ամիս տարածքային կենտրոններից ստացված տեղեկատվության համաձայն ամփոփում է առնվազն 1 ամիս թափուր մնացած աշխատատեղերի մասին տեղեկատվությունը և տրամադրում տարածքային կենտրոններին:

Տարածքային կենտրոնը, յուրաքանչյուր ամիս, տարածքային կենտրոնի վարչական շենքի տեսանելի վայրում, տեղադրում է առնվազն 1 ամիս թափուր մնացած աշխատատեղերի մասին տեղեկատվությունը` նշելով գործատուի հասցեն, աշխատանքի բնույթը, պահանջվող մասնագիտական որակավորումը, աշխատանքի պայմանները, աշխատաժամանակը և աշխատավարձի չափը:

(9-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն)

10. Այլ վայր աշխատանքի գործուղվելու համաձայնություն հայտնած գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին տարածքային կենտրոնի կողմից տրամադրվում է խորհրդատվություն այլ վայրում առկա թափուր աշխատատեղերի և այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի նյութական ծախսերի հատուցման ծրագրի վերաբերյալ:

(10-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)

11. Այլ վայր աշխատանքի գործուղվելու ցանկություն ունեցող գործազուրկը և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամը գրավոր դիմում է տարածքային կենտրոն` նշելով համայնքի, գործատուի և թափուր աշխատատեղի անվանումները:

(11-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)

12. Եթե գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին առաջարկվող աշխատանքը գտնվում է այն տարածքային կենտրոնի սպասարկման համայնքում, որտեղ հաշվառված է գործազուրկը և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամը, ապա տվյալ տարածքային կենտրոնի տնօրենը գործատուի հետ քննարկում է թափուր աշխատատեղը գործազուրկով և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամով համալրելու, գործատուի, գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի և տարածքային կենտրոնի հետ եռակողմ պայմանագիր կնքելու հետ կապված հարաբերությունները:

(12-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)

13. Եթե գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի դիմումում նշված գործատուն գործունեություն է իրականացնում տվյալ տարածքային կենտրոնի սպասարկման համայնքից դուրս գտնվող համայնքում, ապա տարածքային կենտրոնը գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի դիմումի պատճենը և գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի հաշվառման քարտի քաղվածքը` կից գրությամբ, ուղարկում է տվյալ գործատուին սպասարկող տարածքային կենտրոն: Վերջինս գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղն այլ համայնքի գործազուրկով և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամով համալրելու, գործատուի, գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի և տարածքային կենտրոնի հետ եռակողմ պայմանագիր կնքելու հետ կապված հարցերը քննարկում է գործատուի հետ: Տարածքային կենտրոնը քննարկման արդյունքների մասին եռօրյա ժամկետում տեղեկատվություն է տրամադրում իրեն դիմած տարածքային կենտրոնին:

(13-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)

14. Թափուր աշխատատեղը գործազուրկով և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամով համալրելու և առնվազն մեկ տարի անընդմեջ տվյալ գործատուի մոտ աշխատելու հարցում տարածքային կենտրոնի և գործատուի միջև համաձայնություն ձեռք բերվելու դեպքում` գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի, գործատուին և գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին հաշվառած տարածքային կենտրոնի միջև կնքվում է թափուր աշխատատեղը համալրելու մասին եռակողմ պայմանագիր:

(14-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)

15. Սույն կարգի 14-րդ կետում նշված պայմանագիրը կնքելուց հետո գործատուն գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(15-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)

 

IV. ԱՅԼ ՎԱՅՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԳՈՐԾԱԶՈՒՐԿԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐՈՂ` ՉԶԲԱՂՎԱԾ ՀԱՇՄԱՆԴԱՄԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
(Վերնագիրը փոփ. 10.06.11 N 818-Ն)

 

16. Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկը և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամը սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերում նշված պայմանագրերը կնքելուց հետո առևտրային բանկում բացում է բանկային հաշիվ և իրեն հաշվառած տարածքային կենտրոն է ներկայացնում հետևյալ տեղեկանքները`

ա) նոր բնակության վայրում մշտական կամ ժամանակավոր բնակության մասին.

բ) իր անվամբ բացված բանկային հաշվի համարի և բանկի ռեկվիզիտների մասին:

(16-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)

17. Տարածքային կենտրոնը սույն կարգի 16-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո կազմում և 3 աշխատանքային օրվա ընթացքում` կից գրությամբ, գործակալություն է ներկայացնում ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիր: Կից գրության մեջ նշվում են տվյալ գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին ֆինանսական միջոցներ տրամադրելու հիմնավորումը, ինչպես նաև գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի բանկային հաշվի համարը:

(17-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)

18. Գործակալությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն) է ներկայացնում ըստ տարածքային կենտրոնների կազմված ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրը:

(18-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն, 10.06.11 N 818-Ն)

19. Նախարարությունը գործակալությունից ֆինանսավորման մասին հայտ-պահանջագիրն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում զբաղվածության պետական նպատակային ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական բաժիններում նախարարության աշխատակազմի անվամբ բացված գանձապետական հաշիվներին է փոխանցում ֆինանսավորման մասին հայտ-պահանջագրով նախատեսված միջոցները:

(19-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն, խմբ. 10.06.11 N 818-Ն)

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 10.06.11 N 818-Ն)

21. Սույն կարգի 19-րդ կետում նշված գումարն ստացվելուց հետո տարածքային կենտրոնը 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում է այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամի բանկային հաշվի համարին

(21-րդ կետը փոփ., լրաց. 10.06.11 N 818-Ն)

22. Տարածքային կենտրոնը յուրաքանչյուր ամիս գործակալություն է ներկայացնում հաշվետվություն ֆինանսական միջոցներ ստացած գործազուրկների և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամների և ստացված միջոցների մասին:

(22-րդ կետը փոփ. 10.06.11 N 818-Ն)

23. Գործակալությունն ամփոփում է տարածքային կենտրոններից ստացված հաշվետվությունները և այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկին և աշխատանք փնտրող` չզբաղված հաշմանդամին վճարված գումարների մասին հաշվետվությունը յուրաքանչյուր ամիս ներկայացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:

(23-րդ կետը փոփ. 20.03.08 N 260-Ն, 10.06.11 N 818-Ն)

24. Այլ վայր աշխատանքի գործուղվելու կապակցությամբ գործազուրկին և գործատուին հատուցված նյութական ծախսերը ենթակա են վերադարձման` սույն կարգի 14-րդ կետում նշված պայմանագրով սահմանված դեպքերում:

(24-րդ կետը խմբ. 10.06.11 N 818-Ն)

25. Սույն կարգի պահանջների խախտմամբ տրամադրված ֆինանսական միջոցները ենթակա են վերադարձման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան