Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-970
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.22/38(841) Հոդ.877
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.06.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2011

 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

 9 հունիսի 2011 թ.

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄՇԱԿՄԱՆ, ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ, ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ «ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` Ռազմական նշանակության արտադրանքի մշակման, արտադրության, շահագործման, վերանորոգման, արդիականացման, շահագործման ժամկետների երկարաձգման և օգտահանության բնագավառում «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2011 թվականի մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Ռազմական նշանակության արտադրանքի մշակման, արտադրության, շահագործման, վերանորոգման, արդիականացման, շահագործման ժամկետների երկարաձգման և օգտահանության բնագավառում «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրն (Համաձայնագիր) ստորագրվել է 2010 թվականի դեկտեմբերի 10-ին` Մոսկվայում:

2. Համաձայնագրի նպատակն է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների (Կողմեր) սպառազինության համակարգերի հետագա կատարելագործումը և նրանց զինված ուժերը, այլ զորքերը կամ զորային կազմավորումները սպառազինության և ռազմական տեխնիկայի հեռանկարային նմուշներով համալրելը:

Համաձայնագիրը սահմանում է ռազմական նշանակության արտադրանքի մշակման, արտադրության, շահագործման, վերանորոգման, արդիականացման, շահագործման ժամկետների երկարաձգման և օգտահանության բնագավառում Կողմերի փոխներգործության ուղղությունները, կարգն ու պայմանները:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) Համաձայնագրի շրջանակներում համագործակցել հետևյալ ուղղություններով.

- ռազմական նշանակության արտադրանքի մշակում, փորձարկում և արտադրություն.

- սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործում.

- սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման և վերանորոգման մասնագետների ուսուցում.

- սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգում և արդիականացում.

- սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման ժամկետների երկարացում.

- իրենց ծառայության ժամկետը (ռեսուրսը) սպառած սպառազինության և ռազմական տեխնիկայի օգտահանում (լիկվիդացում).

բ) Համաձայնագրի շրջանակներում ստացված ռազմական նշանակության արտադրանքը չփոխանցել (չվաճառել) երրորդ պետություններին, միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց` առանց այդ արտադրանքը մատակարարող Կողմի նախնական գրավոր համաձայնության.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան տեղեկատվություն փոխանակել Համաձայնագրի իրականացմանը վերաբերող համագործակցության կոնկրետ հարցերով.

դ) Համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունը չօգտագործել ի վնաս Կողմերից որևէ մեկի շահերի.

ե) ընդունել, որ ռազմական նշանակության արտադրանքը կարող է պարունակել մտավոր գործունեության արդյունքներ, որոնց նկատմամբ իրավունքները պատկանում են Կողմերին և/կամ ռազմատնտեսական համագործակցության մասնակիցներին: Նշված ռազմական նշանակության արտադրանք ստանալու դեպքում պատասխանատվություն կրել դրա չարտոնված օգտագործման և/կամ Կողմերի չլիազորված` իրավաբանական ու ֆիզիկական անձանց համար մտավոր գործունեության արդյունքները, այդ թվում` մտավոր սեփականություն հանդիսացող, որոնց նկատմամբ իրավունքները պատկանում են Կողմին (Կողմերին) և/կամ ռազմատնտեսական համագործակցության մասնակիցներին, մատչելիության համար, և 2007 թվականի հոկտեմբերի 6-ի` «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում ստացված մտավոր գործունեության արդյունքների նկատմամբ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի շրջանակներում ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` դրանց իրավական պահպանությունը, պաշտպանությունն ու ոչ իրավաչափ օգտագործումը չթույլատրելու նպատակով:

4. Համաձայնագրով սահմանվում են նաև Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Համաձայնագրի մեկնաբանությանը և կիրառմանը վերաբերող վեճերը և տարաձայնությունները լուծելու, Համաձայնագրի ուժի մեջ մտնելու հետ կապված հարաբերությունները:

Ուզբեկստանի Հանրապետությունը Համաձայնագիրն ստորագրել է վերապահումով:

5. Համաձայնագրի և գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի դրույթներին, քանի որ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան պետությունների միջև ապահովում են բարիդրացիական և փոխշահավետ համագործակցություն:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Համաձայնագիրն էապես լրացնում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ռազմատնտեսական և ռազմատեխնիկական բնագավառում գոյություն ունեցող պայմանագրաիրավական բազան, անհրաժեշտ հիմքեր է ստեղծում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության, պաշտպանունակության, ազգային անվտանգության ապահովման և արդյունաբերական ներուժի զարգացման համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված` Ռազմական նշանակության արտադրանքի մշակման, արտադրության, շահագործման, վերանորոգման, արդիականացման, շահագործման ժամկետների երկարաձգման և օգտահանության բնագավառում «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


9 հունիսի 2011 թ.

 ՍԴՈ-970

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան