Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 187-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.09.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.09.01/21(404) Հոդ.329
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.07.2011
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2011

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 օգոստոսի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 05011400

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հուլիսի 2011 թ.

 թիվ 187-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱԶԱՐ ԴՐԱՄ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՈՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՂԹԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը, 41-րդ, 42-րդ, 47-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2011 թվականի սեպտեմբերի 30-ից շրջանառության մեջ դնել հազար դրամ անվանական արժեքով 2011 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:

2. Սահմանել, որ հազար դրամ անվանական արժեքով 2011 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով` փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց, առանց ժամկետային սահմանափակումների: Հազար դրամ անվանական արժեքով 1999 և 2001 թվականների թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության:

3. Հաստատել հազար դրամ անվանական արժեքով 2011 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը` համաձայն Հավելված 1-ի:

4. Հաստատել հազար դրամ անվանական արժեքով 2011 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նկարագրությունը` համաձայն Հավելված 2-ի:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությանը հրապարակել համապատասխան հաղորդագրություն մամուլում` ընդգրկելով սույն որոշման Հավելված 2-ը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2011 թ. հուլիսի 22
ք. Երևան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հուլիսի 19-ի

թիվ 187-Ն որոշմամբ

 

Հազար դրամ անվանական արժեքով 2011 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի նմուշը

 

Ներմուծեք նկարագրությունը_1422

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի հուլիսի 19-ի

թիվ 187-Ն որոշմամբ

 

Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հազար դրամ անվանական արժեքով 2011 թվականի թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամի

 

1000 դրամ անվանական արժեքով 2011 թվականի նմուշի ՀՀ թղթադրամի դիզայնը, պատկերները, գույները և չափերը հիմնականում նույնն են, ինչ որ 1000 դրամ անվանական արժեքով 2001 թվականի նմուշի ՀՀ թղթադրամինը: 1000 դրամ անվանական արժեքով 2011 թվականի նմուշի ՀՀ թղթադրամի չափսերն են՝ 136 x 72 մմ: Թուղթը սպիտակ է, որի վրա անզեն աչքով երևում են թելիկներ: Թղթադրամը պարունակում է Եղիշե Չարենցի դիմանկարը պատկերող բազմերանգ ջրանիշ, ինչպես նաև անվանական արժեքն արտահայտող հստակ ջրանիշ: Թղթադրամն ունի երկու պաշտպանական ներգիծ, որոնցից մեկն ամբողջությամբ ներդրված է թղթի մեջ և լուսընդդեմ դիտելիս երևում է հոծ գծի տեսքով: Մյուս պաշտպանական ներգիծը թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ կետագծի, իսկ լուսընդդեմ դիտելիս` հոծ գծի տեսքով, որի մեջ կարդացվում է «AMD 1000» մանրատառաշարը: Դիմերեսի հիմնական գույներն են՝ կանաչը և բաց վարդագույնը, իսկ դարձերեսինը՝ կանաչը և մոխրագույնը:

 

Դիմերես

Թղթադրամի ձախ մասում Եղիշե Չարենցի դիմանկարն է: Դիմանկարից ձախ ուղղահայաց գրված է՝ «Եղիշե Չարենց 1897-1937», իսկ ավելի ձախ փակցված է ուղղահայաց կինեգրամայով ժապավենաձև փայլաթիթեղ: Փայլաթիթեղի երկայնքով, պարբերաբար կրկնվելով, երևում է Եղիշե Չարենցի աջ կիսադեմը, դրամի խորհրդանշանը՝  «Ներմուծեք նկարագրությունը_1431», մի զարդանախշ ու «1000» գրառումը, որոնք դիտման անկյան չնչին փոփոխման ընթացքում նույն տեղում փոխարինում են միմյանց: Այս պատկերների միջև երևում է «1000» գրառումը, որը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում մեծանում և փոքրանում է (ZOOM էֆեկտ): Փայլաթիթեղի ողջ մակերեսով «AMD» և «1000» մանրատառաշարերն են, իսկ երկու եզրերի ողջ երկայնքով երևում են «AMD» ապամետաղականացված գրառումները: Փայլաթիթեղի վրա, վերևի մասում հորիզոնական տպագրված է «1000» թիվը: Փայլաթիթեղից ձախ ուղղահայաց, կարմիր գույնով տպված են թղթադրամի սերիան և համարը՝ բաղկացած «ԱԱ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը):

Դիմանկարի ներքևի ձախ անկյունում պատկերված է ձվաձև զարդանախշ, որտեղ գտնվում է «1000» թվի թաքնված պատկերը, որը հայտնվում է թղթադրամն աչքի բարձրությամբ լուսընդդեմ դիտելիս՝ դիտման անկյան փոփոխության դեպքում:

Թղթադրամի վերին մասում խորը տպագրությամբ գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ներքև մանրատառաշարով՝ «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 1000» բառերը և թվերը: Դիմանկարի աջ մասում գրված է Ե. Չարենցի բանաստեղծության «Ես իմ անուշ Հայաստանի Արևահամ բառն եմ սիրում...» բառերը՝ երկու տողով, հետին մասում երևում է Արարատ լեռը, որից ներքև ՀՀ կենտրոնական բանկի նախագահի և ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրություններն են: Թղթադրամի անվանական արժեքը տառերով գրված է ներքևի կենտրոնական մասում՝ խորը տպագրությամբ, որից աջ նշված է անվանական արժեքը թվերով՝ նույնպես խորը տպագրությամբ:

Անվանական արժեքից անմիջապես վերև գտնվում է գրչածայրի պատկերը և գրված է թողարկման տարեթիվը՝ «2011», իսկ աջ եզրին ուղղահայաց՝ «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»: Դիմանկարից աջ, վերևի կենտրոնական մասում, առկա է մի զարդանախշ, որը լուսընդդեմ դիտելիս մեծ ճշտությամբ համընկնում է դարձերեսի նույն զարդանախշին և կարդացվում են «ՀՀ» տառերը: Զարդանախշի եզրով գրված են մանրատառաշարով «1000 AMD» թվերը և տառերը: Զարդանախշից դեպի աջ սև գույնով հորիզոնական գրված են թղթադրամի սերիան և համարը՝ բաղկացած «ԱԱ» տառերից (թղթադրամի սերիան) և ութ թվերից (թղթադրամի համարը):

Տկարատեսների համար վերին աջ անկյունում կա շոշափելի մեկ թեք գիծ և մեկ կետ:

 

Դարձերես

Հիմնական մոտիվը ներկայացնում է հին Երևանից մի պատկեր՝ երկհարկանի շենքի առջևում կանգնած երկձի կառք: Պատկերի վերին մասում գրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ», իսկ դրանից ավելի վերև մանրատառաշարով՝ «ՀԱԶԱՐ ԴՐԱՄ 1000» բառերը և թվերը: Թղթադրամի աջ մասում ուղղահայաց պատկերված է զարդանախշ, որի մեջ, վերին մասում գրված է «1000» թիվը:

Թղթադրամի անվանական արժեքը տառերով գրված է ներքևի կենտրոնական մասում: Դրանից ձախ թղթադրամի անվանական արժեքը՝ «1000» թիվը տպագրված է հորիզոնական գծով` բաժանված մուգ մանուշակագույն և կանաչ գույներով: Վերջինիս ներքևի՝ կանաչ մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը կանաչից կարմիրի և հակառակը (STEP®):

Թղթադրամի վերևի աջ անկյունում ուղղահայաց գրված է «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA»:

Թղթադրամի մեջտեղում մարգարտափայլ ներկով տպագրված է հորիզոնական ժապավեն, որի վրա գրված են «1000» թիվը և դրամի խորհրդանշանը՝ «Ներմուծեք նկարագրությունը_1431»: Մարգարտափայլ ժապավենը լույսի անկման անկյան փոփոխության դեպքում երևում է մանուշակագույնից ոսկեգույնի փոփոխվող նրբերանգներով:

 

1000 դրամ անվանական արժեքով 2001 թվականի և 2011 թվականի.

նմուշների ՀՀ թղթադրամների տարբերությունները

 

2011 թվականի նմուշի վրա փոփոխության են ենթարկվել որոշ տարրեր, որոնց նկարագրությունը բերվում է ստորև:

 

Դիմերես

 

- Դիմանկարի ներքևի ձախ անկյունում պատկերված ձվաձև զարդանախշը 2001 թվականի նմուշի բազմագույնի փոխարեն 2011 թվականի նմուշում կանաչ է:

- Փոխվել է ՀՀ ֆինանսների նախարարի ստորագրությունը:

- Ավելացել է կինեգրամայով ժապավենաձև փայլաթիթեղ:

- Փոխվել է թողարկման տարեթիվը. աջ կողմում «2001» թիվը փոխարինվել է «2011» թվով:

- Դիմանկարը փոքրացվել և տեղաշարժվել է մի փոքր աջ:

- Դիմերեսի վերին ձախ անկյունում գտնվող անվանական արժեքն արտահայտող թիվը տպագրվել է հորիզոնական՝ խորը տպագրության եղանակով` 2001 թվականի նմուշում առկա հորիզոնական օֆսեթի փոխարեն:

- Դիմերեսի ներքևի աջ անկյունում գտնվող անվանական արժեքն արտահայտող թվի վերևում ավելացել է գրչածայրի պատկեր և թողարկման տարեթիվը տեղաշարժվել է դեպի աջ:

- Դիմերեսի աջ և ձախ եզրերում ավելացվել են դեղին շրջանակներ:

- Դիմերեսի չորս անկյունները սպիտակ են՝ տպագրությունը բացակայում է:

 

Դարձերես

 

- Դարձերեսին գտնվող անվանական արժեքն արտահայտող «1000» թիվը տպագրված է հորիզոնական գծով բաժանված մուգ մանուշակագույն և կանաչ գույներով, որի ներքևի՝ կանաչ մասը դիտման անկյան փոփոխության դեպքում փոխում է գույնը կանաչից կարմիրի և հակառակը (STEP®):

- «CENTRAL BANK OF THE REPUBLIC OF ARMENIA» գրառումը ձախ կողմից տեղափոխվել է վերևի աջ անկյուն:

- Պատուհանաձև պաշտպանական ներգիծը, որը թղթադրամի դարձերեսի վրա երևում է արծաթափայլ կետագծի, իսկ լուսընդդեմ դիտելիս՝ հոծ գծի տեսքով, տեղաշարժվել է դեպի ձախ: