Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.23/38(841).1 Հոդ.914.4
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.02.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում 

գործ թիվ ԱՎԴ/0002/11/10

ԱՎԴ/0002/11/10

Նախագահող դատավոր՝  Ս. Համբարձումյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ղուկասյանի

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

     
մասնակցությամբ դատախազ

Ս. Մալխասյանի

 

 2011 թվականի փետրվարի 24-ին

ք. Երևանում

 

Դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի նոյեմբերի 18-ի որոշման դեմ դատախազի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը և փաստական հանգամանքները.

 

1. 2010 թվականի հուլիսի 20-ին Վայոց ձորի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 37104210 քրեական գործը:

2010 թվականի հուլիսի 20-ին Կարեն Սահակյանը ձերբակալվել է:

2010 թվականի հուլիսի 23-ին Կ.Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2010 թվականի սեպտեմբերի 24-ին Կ.Սահակյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով նոր մեղադրանք է առաջադրվել:

2. 2010 թվականի հոկտեմբերի 1-ին մեղադրյալ Կ.Սահակյանի պաշտպանը մեղադրյալ Կ.Սահակյանի 2010 թվականի հուլիսի 20-ի խոստովանական բացատրությունը, 2010 թվականի հուլիսի 20-ի և հուլիսի 23-ի ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու, ինչպես նաև անհիմն լինելու պատճառաբանությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել քննիչին: Պաշտպանը միջնորդել է նաև վերացնել Կ.Սահակյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, իսկ նշված միջնորդությունները չբավարարելու դեպքում նախաքննությունը վերսկսել և կատարել որոշակի քննչական գործողություններ:

2010 թվականի հոկտեմբերի 5-ին Արարատի մարզային քննչական բաժնի ավագ քննիչի որոշմամբ Կ.Սահակյանի պաշտպանի միջնորդությունը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:

2010 թվականի հոկտեմբերի 11-ին Արարատի մարզի դատախազության կողմից մերժվել է քննիչի որոշման դեմ մեղադրյալ Կ.Սահակյանի պաշտպանի բողոքը անհիմն լինելու պատճառաբանությամբ:

3. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան) 2010 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ մերժվել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժնի ավագ քննիչի 2010 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումը վերացնելու, նախաքննությունը վերսկսելու և լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու մասին պաշտպանի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի բողոքը:

4. Մեղադրյալ Կ.Սահակյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը` Վերաքննիչ դատարանը 2010 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, այն է` բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 22-ի որոշումը, բողոքը մասնակիորեն ճանաչել է հիմնավորված և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել մեղադրյալ Կ.Սահակյանի իրավունքների և ազատությունների` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված խախտումները:

5. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատախազը:

Վճռաբեկ դատարանը 2011 թվականի հունվարի 20-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել:

6. Մեղադրյալ Կ.Սահակյանի պաշտպանը վճռաբեկ բողոքի պատասխան է ուղարկել` խնդրելով դատախազի կողմից ներկայացված բողոքը թողնել առանց քննության, վերը նշված խնդրանքը չբավարարելու դեպքում բողոքը մերժել անհիմն լինելու պատճառաբանությամբ և Վերաքննիչ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

7. Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 22-ի որոշման համաձայն` «Դատարանը գտնում է, որ Արարատի մարզային քննիչ Կ.Մելքոնյանի 05.10.2010թ. որոշման դեմ բերված բողոքը անհիմն է և ենթակա է մերժման (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջ 63):

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «Առաջին ատյանի դատարանի որոշման դատական ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ պաշտպանի վերաքննիչ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն և բեկանելով դատարանի որոշումը` պաշտպան Լ.Մարտիրոսյանի բողոքը ճանաչել հիմնավորված` վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնելու մեղադրյալ Կ.Սահակյանի իրավունքների և ազատությունների վերոնշյալ խախտումները» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, էջ 150):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձի պնդմամբ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ, որն արտահայտվել է դատավարական իրավունքի խախտումների ձևով և կարող է ազդել գործի ելքի վրա:

Մասնավորապես, բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանը, չուսումնասիրելով քրեական գործի նյութերը, մեղադրյալ Կ.Սահակյանի նկատմամբ դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն նշանակելու պաշտպանի միջնորդությունը համարել է հիմնավորված, մինչդեռ պաշտպանի կողմից առաջ քաշված հարցերն արդեն իսկ առաջադրված են եղել դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին 2010 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ:

Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Կ.Սահակյանի նկատմամբ դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն նշանակելու պաշտպանի միջնորդության մերժումը համարել է չհիմնավորված, քանի որ Կ.Սահակյանը շարունակում է բողոքել իր առողջական վիճակից, մինչդեռ բողոքաբերը նշել է, որ դատաբժիշկ-փորձագետի կողմից եզրակացություն է տրվել, որի համաձայն` կենտրոնական նյարդային համակարգի տրավմատիկ փոփոխությունները կլինիկորեն և պարակլինիկորեն հիմնավորված չեն, հետևաբար Կ.Սահակյանի գանգատներն անհիմն են:

10. Բողոք բերած անձի պնդմամբ Վերաքննիչ դատարանը, առերես հարցաքննությունները պարտադիր համարելով, անտեսել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Բողոքաբերը մասնավորապես փաստարկել է, որ առերես հարցաքննություններ կատարելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժելու քննիչի որոշումն Առաջին ատյանի դատարանի կողմից հիմնավոր է համարվել և մանրամասն պատճառաբանվել է, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը և 216-րդ հոդվածի 1-ին մասը, համարել է, որ այդ դրվագով միջնորդության մերժումն անհիմն է, քանի որ քննիչը ղեկավարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներով, որպիսի հանգամանքները տվյալ դեպքում առկա չեն եղել:

Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունն անհիմն է, քանի որ եթե տուժողը ֆիզիկապես ի վիճակի չէ մասնակցել այդ գործողությանը, ինչպես պետք է այն կատարվեր: Բացի այդ, տվյալ դեպքում կխախտվեր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջը: Բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանը, առերես հարցաքննությունները պարտադիր համարելով, անտեսել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ և 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

11. Բողոքաբերի պնդմամբ Վերաքննիչ դատարանը քննչական փորձարարություն կատարելու պաշտպանի միջնորդությունը մերժելն անհիմն է համարել` առանց գործի նյութերին ծանոթանալու և ստուգելու` պարզապես վկայակոչելով պաշտպանի մատնանշած անձանց ցուցմունքները: Նույն կերպ Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ մեղադրյալի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու միջնորդության մերժումն անհիմն է:

12. Բողոքաբերը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն է համարել մեղադրյալ Կ.Սահակյանին ճանաչման համար տուժող Ռ.Եդիգարյանին ներկայացնելու պաշտպանի միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը, այն դեպքում, երբ և՛ տուժողը, և´ մեղադրյալ Կ.Սահակյանը ցուցմունքներ են տվել, որ իրար մինչև դեպքը ճանաչել են, ավելին` տուժողն աշխատում է Կ.Սահակյանի հոր տան հարևանությամբ գտնվող խանութում:

13. Հիմք ընդունելով վերոշարադրյալ փաստարկները և նկատի ունենալով, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, կայացնել նոր դատական ակտ` ամբողջությամբ մերժելով Կ.Սահակյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

14. Բողոքաբերի կողմից Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումը հետագա դատական վերահսկողության հնարավորության մասով համապատասխանում է արդյոք Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներով սահմանված այն չափանիշին, որ հետագա դատական վերահսկողության ենթակա չեն այն որոշումները, որոնցում ենթադրաբար առկա խախտումները դատաքննության ընթացում հնարավոր է վերացնել:

15. Մինչդատական վարույթում անձի խախտված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության խնդրին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է «Նարեկ» ՍՊԸ-ի, Վ.Գրիգորյանի, Վ.Մանուկյանի և Ա.Ղավալյանի վերաբերյալ գործերով կայացված որոշումներում:

«Նարեկ» ՍՊԸ-ի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով դատական կարգով բողոքարկման ենթակա են մինչդատական վարույթն իրականացնող մարմինների գործողությունները և որոշումները, որոնք կայացվել են մինչև գործն ըստ էության լուծելու համար դատարան ուղարկելը: Սահմանելով հետագա դատական վերահսկողություն մինչդատական վարույթի նկատմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը հետաքննության և նախաքննության մարմինների որոշումների և գործողությունների դատական կարգով բողոքարկման որևէ սահմանափակում չի նախատեսում` կապված գործի քննության դատավարական փուլի հետ: Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով նախաքննության ավարտված լինելը չի կարող խոչընդոտ հանդիսանալ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` ՀՀ քրեադատավարական օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների դատական բողոքարկման համար: (…)» (տե´ս «Նարեկ» ՍՊԸ-ի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0050/11/08 որոշման 22-րդ կետը):

Վ.Գրիգորյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ դատական վերահսկողության առարկա կարող են լինել հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների բոլոր այն որոշումները և գործողությունները, որոնք խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը: Անձի իրավունքները և օրինական շահերը խախտելու դեպքում հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումները և գործողությունները դատական բողոքարկման առարկա լինելու հանգամանքն ուղղակիորեն բխում է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` դատական պաշտպանության իրավունքից, (…):

(…) Եթե քրեական դատավարության օրենսգրքում հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների դատական կարգով բողոքարկման ուղղակի դեպք և կարգ սահմանված չէ, սակայն այդ որոշումները և գործողությունները խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը, ապա ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` դատական պաշտպանության իրավունքի ուժով դրանք ենթակա են դատական կարգով բողոքարկման» (տե´ս Վալերի Գրիգորյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի հուլիսի 25-ի թիվ ԵԿԴ/0031/11/08 որոշման 12-րդ կետը):

Վ.Գրիգորյանի վերաբերյալ գործով ձևավորված դիրքորոշումը Վճռաբեկ դատարանը զարգացրել է Վ.Մանուկյանի վերաբերյալ գործով որոշման մեջ, որտեղ դիրքորոշում է ձևավորել այն մասին,
որ «(…) մինչդատական վարույթի նկատմամբ հետագա դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա են նախնական քննության մարմինների այն որոշումները և գործողությունները (անգործությունը), որոնք խախտում են անձի իրավունքներն ու օրինական շահերը, ինչը, սակայն, չի նշանակում, որ քրեական դատավարության այս փուլում դատական կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակն անսահմանափակ է: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շրջանակի հստակեցման նպատակով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սահմանել հետևյալ իրավական դիրքորոշումը. գործի նախնական քննության փուլում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից զատ, դատարան կարող են բողոքարկվել քրեական հետապնդման մարմինների այն բոլոր որոշումներն ու գործողությունները (անգործությունը), որոնց բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլում՝ դատարանում գործն ըստ էության քննելիս անհնար է, կամ այն կհանգեցնի անձի իրավունքների և օրինական շահերի անհամարժեք սահմանափակման» (տե´ս Վարուժան Մանուկյանի վերաբերյալ գործով վճռաբեկ դատարանի 2010 թվականի նոյեմբերի 5-ի որոշման 16-րդ կետը):

16. Մեջբերված որոշումներում արտահայտված դիրքորոշումների վերլուծությունից երևում է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով կարող են բողոքարկվել հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բերված այն բողոքները, որոնք շոշափում են անձի իրավունքներն ու օրինական շահերը: Ընդ որում, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով քննության ենթակա են այն բողոքները, որոնցում վկայակոչված որոշումների և գործողությունների (անգործության) հետևանքով թույլ տրված խախտումները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան, չեն կարող վերացվել քրեական գործը դատարանում քննելիս` գործի դատական քննության փուլում, այդ թվում` վերաքննության կամ վճռաբեկության կարգով: Նշված կանոնից բացառություն են կազմում, թերևս, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները, որոնց բողոքարկման իրավունքը չի կարող սահմանափակվել նախաքննության ավարտման պատճառաբանությամբ (տե´ս Անուշ Ղավալյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշման 20-րդ կետը):

17. Սույն գործի նյութերից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը մերժել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային քննչական բաժնի ավագ քննիչի 2010 թվականի հոկտեմբերի 5-ի որոշումը վերացնելու, նախաքննությունը վերսկսելու և լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու մասին պաշտպանի բողոքը:

Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, մասնակիորեն բավարարել է պաշտպան Լ.Մարտիրոսյանի բողոքը` այն ճանաչելով հիմնավորված և վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնելու մեղադրյալ Կ.Սահակյանի իրավունքների և ազատությունների խախտումները (տե´ս սույն որոշման 8-րդ կետը):

18. Սույն որոշման 15-16-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն որոշման 17-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով տուժողի նկատմամբ դատաբժշկական հանձնաժողովային լրացուցիչ փորձաքննություն նշանակելու, մեղադրյալի նկատմամբ դատաբժշկական լրացուցիչ փորձաքննություն նշանակելու, վկաների և տուժողի հետ առերես հարցաքննություններ կատարելու, Կ.Սահակյանի նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու, քննչական փորձարարություն կատարելու, մեղադրյալ Կ.Սահակյանին ճանաչման համար տուժող Ռ.Եդիգարյանին ներկայացնելու միջնորդությունների մերժման արդյունքում նախաքննության մարմնի կողմից թույլ չեն տրվել մեղադրյալի իրավունքների և ազատությունների այնպիսի խախտումներ, որոնք հնարավոր չէ վերացնել դատաքննության ընթացում:

Ավելին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից հետևում է, որ եթե նախաքննության ժամանակ փորձաքննություն չի նշանակվել, դատական քննության ժամանակ կողմերն իրավունք ունեն միջնորդել այն նշանակելու: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 351-րդ հոդվածից բխում է, որ ճանաչման ներկայացնելը և քննչական փորձարարությունը կարող են կատարվել դատական քննության ժամանակ:

19. Հիմք ընդունելով նախորդ կետում շարադրված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով կայացված որոշումը հիմնավորված չէ:

Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա անհրաժեշտ է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը և օրինական ուժ տալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմանը:

20. Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի պատասխանում շարադրված այն փաստարկմանը, որ դատախազի վճռաբեկ բողոքը պետք է առանց քննության թողնվի, քանի որ դատախազը վճռաբեկ բողոքարկման իրավասություն չունի:

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նախատեսելով դատավարության մասնակիցների վճռաբեկ բողոքարկման իրավունքը, միաժամանակ բացառում է քրեական հետապնդման մարմինների կողմից վճռաբեկ բողոքարկումը: Իսկ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 22-րդ կետի` դատախազը (մեղադրողը) քրեական հետապնդման մարմին է:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի`

«1. Քրեական դատավարությունն իրականացվում է մրցակցության սկզբունքի հիման վրա

(…)

5. Քրեական դատավարությանը մասնակցող կողմերը քրեական դատավարական օրենսդրությամբ օժտված են իրենց դիրքորոշումը պաշտպանելու հավասար հնարավորություններով: (…) »:

22. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածի կարգավորումից բխում է, որ կողմերի մրցակցային իրավունքների, իրենց դիրքորոշումը պաշտպանելու հնարավորությունների սահմանափակումները կարող են հիմնավորվել բացառապես ողջամիտ իրավական շահերով: Մինչդեռ մրցակցային դատավարությունում մեղադրանքի կողմը ներկայացնող հիմնական սուբյեկտին, դատախազին վճռաբեկ բողոքարկման իրավունքով չօժտելը պաշտպանության կողմի բոլոր սուբյեկտներին այդ իրավունքով օժտելու պայմաններում որևէ ողջամիտ իրավական շահով չի հիմնավորվում: Ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը դատախազին վճռաբեկ բողոքարկման իրավունք չտրամադրելու մասով հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածին:

23. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` « (…) Նույն իրավական ակտի ընդհանուր և հատուկ մասերի միջև հակասության դեպքում գործում են ընդհանուր մասի դրույթները»:

Քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածը ամրագրված է օրենսգրքի ընդհանուր մասում, իսկ 404-րդ հոդվածը` հատուկ մասում, ուստի «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա` գործում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածում ամրագրված դրույթը:

Հետևաբար` դատախազի կողմից վճռաբեկ բողոքարկումն իրավաչափ է, և սույն բողոքը այդ հիմքով չի կարող առանց քննության թողնվել:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի նոյեմբերի 18-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2010 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

Հ. ԱՍԱՏՐՅԱՆ

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

Ս. ՕՀԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան