Գլխավոր տեղեկություն
Համար
N 670
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.08.2011-18.08.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.20/42(277) Հոդ.597
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.07.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.07.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.07.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.08.2012

040.0670.25.07.01

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
25 հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հուլիսի 2001 թվականի N 670
քաղ. Երևան

 

 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառման կարգը (կցվում է).

բ) (ենթակետն ուժը կորցրել է 17.02.11 N 117-Ն) 

(1-ին կետը փոփ. 17.02.11 N 117-Ն) 

2. Սահմանել, որ`

ա) հասարակական միավորումների, հիմնադրամների, ոչ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց միությունների` բացառությամբ արհեստակցական միությունների, և օտարերկրյա ու միջազգային ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները հաշվառում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը.

բ) բացառությամբ սույն կետի «ա» ենթակետում նշված կազմակերպությունների, մնացած բոլոր կազմակերպությունների, այդ թվում` արհեստակցական միությունների առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները, ինչպես նաև պետական, համայնքային հիմնարկները հաշվառում է պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը` ըստ դրանց գտնվելու վայրի.

գ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը իրավաբանական անձանց գրանցված առանձնացված ստորաբաժանումները, ինչպես նաև հաշվառված հիմնարկները պետական հաշվառման կամ վերահաշվառման ենթակա չեն.

դ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը իրավաբանական անձանց գրանցված առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև հաշվառված հիմնարկների վկայականները ենթակա են փոփոխման` դրանց կողմից իրենց գրանցման (պետական հաշվառման) փաստաթղթերում կատարված փոփոխությունները կամ լրացումները պետական հաշվառման դեպքում կամ հիմնադրի դիմումի հիման վրա` ցանկացած ժամանակ:

(2-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն, 17.02.11 N 117-Ն) 

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` հաստատել իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների պետական հաշվառման քարտերի ձևերը, պետական հաշվառման վկայականի և քարտերի լրացման կարգերը:

(3-րդ կետը փոփ. 17.02.11 N 117-Ն) 

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի օգոստոսի 14-ի «Բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների գրանցման (հաշվառման) և աշխատողների թվաքանակի ու աշխատավարձի ֆոնդի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու մասին» N 464 որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի օգոստոսի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 25-ի N 670 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
(վերնագիրը փոփ. 17.02.11 N 117-Ն) 

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Իրավաբանական անձանց (բացառությամբ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով նախատեսված սուբյեկտների) առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները, ինչպես նաև պետական ու համայնքային հիմնարկները (այսուհետ` առանձնացված ստորաբաժանումներ, հիմնարկներ) Հայաստանի Հանրապետությունում ենթակա են պետական հաշվառման` «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

(1-ին կետը լրաց. 27.09.07 N 1117-Ն, փոփ., լրաց. 17.02.11 N 117-Ն) 

2. Հիմնարկի առանձնացված ստորաբաժանումները ենթակա են պետական հաշվառման` սույն կարգին համապատասխան:

(2-րդ կետը փոփ. 17.02.11 N 117-Ն) 

 

II. ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

3. Առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների պետական հաշվառման համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում (ստորագրված հիմնադրի գործադիր մարմնի, առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

բ) հիմնադրի կանոնադրության և (կամ) հիմնադիր այլ փաստաթղթերի պատճենը.

գ) հիմնադրի պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող փաստաթղթի պատճենը.

դ) իրավասու մարմնի որոշումն (որոշումներն) առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին.

դ1) առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում, իսկ դրա բացակայության դեպքում տեղեկանք դրա մասին), բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները (առկայության դեպքում).

ե) առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից և (կամ) վավերացված հիմնադրի կնիքով.

զ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների, ինչպես նաև պետական ու համայնքային հիմնարկների հաշվառման համար չեն ներկայացվում սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը, իսկ սույն կետի «դ1» ենթակետում նշված փաստաթուղթը ներկայացվում է, եթե իրավասու մարմնի որոշմամբ նշանակվել է առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:

Սույն կետով պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

(3-րդ կետը փոփ., լրաց. 27.09.07 N 1117-Ն, փոփ., լրաց., խմբ. 17.02.11 N 117-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն)

4. Օտարերկրյա իրավաբանական անձինք առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պետական հաշվառման սույն կարգի 3-րդ կետի «բ» և «գ» ենթակետերում նշված փաստաթղթերը ներկայացնում են հայերեն` հյուպատոսական վավերացմամբ կամ հայերեն թարգմանված և նոտարական կարգով վավերացված: Եթե հիմնադիր օտարերկրյա իրավաբանական անձը չունի հիմնադիր փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում դրույթներ առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելու լիազորություններ ունեցող մարմինների մասին, ապա սույն կարգի 3-րդ կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերի փոխարեն ներկայացվում են իրավասու մարմնի (կամ օտարերկրյա իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի) կողմից տրված տեղեկանքները` հիմնադիր փաստաթղթերի ցանկի և առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելու վերաբերյալ որոշում ընդունած մարմնի` նման լիազորություններ ունենալու մասին:

(4-րդ կետը փոփ., լրաց. 27.09.07 N 1117-Ն, 17.02.11 N 117-Ն) 

5. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունում կատարված փոփոխություններն ու լրացումները, ինչպես նաև նոր խմբագրությամբ կանոնադրությունը կամ սույն կարգի 12-րդ կետում նշված տեղեկությունների փոփոխությունները (այսուհետև` փոփոխություններ) ենթակա են պետական հաշվառման, որի համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

բ) կատարված փոփոխությունների մասին իրավասու մարմնի որոշումը.

գ) կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը).

դ) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի փոփոխությունների պետական հաշվառումն իրականացվում է սույն կարգին համապատասխան:

 (5-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն, փոփ., խմբ. 17.02.11 N 117-Ն)

6. Առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական հաշվառումներն իրականացվում են սույն կարգին համապատասխան, որի համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) (ենթակետը հանվել է 27.09.07 N 1117-Ն)

բ)  (ենթակետը հանվել է 27.09.07 N 1117-Ն)

գ)  (ենթակետը հանվել է 27.09.07 N 1117-Ն)

դ)  (ենթակետը հանվել է 27.09.07 N 1117-Ն)

ե) (ենթակետը հանվել է 27.09.07 N 1117-Ն)

(6-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն, 17.02.11 N 117-Ն) 

6.1. միաձուլման դեպքում`

1) միաձուլվող առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը ներկայացնում են`

ա. դիմում (uտորագրված` առանձնացված uտորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից),

բ. (ենթակետն ուժը կորցրել է 17.02.11 N 117-Ն)

գ. պետական հաշվառման վկայականը,

դ. պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) միաձուլման արդյունքում ստեղծված առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են միաձուլվող առանձնացված uտորաբաժանումների, հիմնարկների իրավասու մարմնի (մարմինների) որոշումները և պետական հաշվառման վկայականների պատճենները.

(6.1-ին կետը լրաց. 27.09.07 N 1117-Ն, փոփ., լրաց.  17.02.11 N 117-Ն)

6.2. միացման դեպքում`

1) միացող առանձնացված uտորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`

ա. դիմում (uտորագրված` առանձնացված uտորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից),

բ. իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,

գ. պետական հաշվառման վկայականը,

դ. պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) միացման արդյունքում ընդլայնված առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են միացող առանձնացված uտորաբաժանումների կամ հիմնարկների իրավասու մարմնի (մարմինների) որոշումները և պետական հաշվառման վկայականների պատճենները.

(6.2-րդ կետը լրաց. 27.09.07 N 1117-Ն, փոփ., լրաց.  17.02.11 N 117-Ն)

6.3. բաժանման դեպքում`

1) բաժանվող առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը ներկայացնում են`

ա. դիմում (uտորագրված` առանձնացված uտորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից),

բ. (ենթակետն ուժը կորցրել է 17.02.11 N 117-Ն)

գ. պետական հաշվառման վկայականը,

դ. պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) բաժանման արդյունքում ստեղծված առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են բաժանվող առանձնացված uտորաբաժանման, հիմնարկի իրավասու մարմնի (մարմինների) որոշումները և պետական հաշվառման վկայականի պատճենը.

(6.3-րդ կետը լրաց. 27.09.07 N 1117-Ն, փոփ., լրաց. 17.02.11 N 117-Ն)

6.4. առանձնացման դեպքում`

1) առանձնացման միջոցով վերակազմակերպվող առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են վերակազմակերպման մասին իրավասու մարմնի (մարմինների) որոշումները.

2) առանձնացման արդյունքում ստեղծված առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են առանձնացման միջոցով վերակազմակերպվող առանձնացված uտորաբաժանման, հիմնարկի իրավասու մարմնի (մարմինների) որոշումները և պետական հաշվառման վկայականի պատճենը.

(6.4-րդ կետը լրաց. 27.09.07 N 1117-Ն, լրաց., փոփ. 17.02.11 N 117-Ն)

6.5. վերակազմավորման դեպքում`

1) վերակազմավորվող առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը ներկայացնում են`

ա. դիմում (uտորագրված` առանձնացված uտորաբաժանման հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից),

բ. (ենթակետն ուժը կորցրել է 17.02.11 N 117-Ն)

գ. պետական հաշվառման վկայականը,

դ. պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) վերակազմավորման արդյունքում ստեղծված առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում են վերակազմավորվող առանձնացված uտորաբաժանման հիմնարկի, իրավասու մարմնի (մարմինների) որոշումները և պետական հաշվառման վկայականի պատճենը:

(6.5-րդ կետը լրաց. 27.09.07 N 1117-Ն, փոփ., լրաց. 17.02.11 N 117-Ն)

7. Առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի կողմից լիազորված անձի կողմից).

բ) գործունեության դադարման մասին իրավասու մարմնի որոշումը.

գ) պետական հաշվառման վկայականը.

դ) հիմնադիր իրավաբանական անձի գրավոր հավաստումն այն մասին, որ գործունեությունը դադարող առանձնացված uտորաբաժանումը, հիմնարկը չեն ունեցել կնիք, կամ կնիքը հանձնված է սահմանված կարգով,

ե) հիմնադիր իրավաբանական անձի գրավոր հավաստումն այն մասին, որ կատարված են «Արխիվային գործի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մաuի պահանջները:

Օտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար, բացի սույն կետի առաջին մասում նշված փաստաթղթերից, անհրաժեշտ է նաև ներկայացնել հարկային մարմինների կողմից տրված տեղեկանք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովության գծով պարտավորությունների բացակայության մասին, հիմնադրի կողմից տրված տեղեկանք, որով հավաստվում է պարտատերերի` առաջացած պարտավորությունների բավարարումը կամ նման պարտավորությունների բացակայությունը: Եթե հայտի հետ, որում առկա է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովության գծով դադարող առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պարտավորությունների բացակայության մասին հավաստումը, չի ներկայացվել սույն պարբերությամբ սահմանված տեղեկանքը (տեղեկանքները), ապա պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը կամ տարածքային ստորաբաժանումը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում հարկային մարմինների համապատասխան տարածքային ստորաբաժանումներ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովության գծով առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է ստացականով: Հարցումը կարող է ուղարկվել էլեկտրոնային եղանակով: Հարկային մարմինները պատասխանում են հարցմանն այն ուղարկելու օրվանից 20 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը հարկային մարմինների կողմից սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան (բացի պարտավորությունների առկայության մասին պատասխանից) ուղարկելը դիտվում է որպես Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովության գծով դադարող առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պարտավորությունների բացակայության հավաստում և առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը համարվում է պետական հաշվառումից հանված և 1 օրվա ընթացքում դիմողին տրվում է տեղեկանք:

(7-րդ կետը փոփ., լրաց. 27.09.07 N 1117-Ն, 17.02.11 N 117-Ն)

8. Հասարակական միավորումների, հիմնադրամների, ոչ առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց միությունների` բացառությամբ արհեստակցական միությունների, և օտարերկրյա ոչ առևտրային իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների պետական հաշվառման (փոփոխությունները հաշվառելու, հաշվառումից հանելու) համար սույն կարգով սահմանված համապատասխան փաստաթղթերը ներկայացվում են պետական ռեգիստրի կենտրոնական մարմին, որի մասին փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում:

(8-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն, 17.02.11 N 117-Ն)

9. Բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված կազմակերպությունների, մնացած բոլոր կազմակերպությունների, այդ թվում` արհեստակցական միությունների, առանձնացված ստորաբաժանումները հիմնարկները, ինչպես նաև պետական, համայնքային հիմնարկները հաշվառում է պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը` ըստ դրանց գտնվելու վայրի, որի մասին փաստաթղթերի ընդունման մատյանում կատարվում է գրառում:

Առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի վերակազմակերպման դեպքում պետական հաշվառումն իրականացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետում նշված իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի վերակազմավորման պետական հաշվառման, որն իրականացնում է պետական հաշվառումն իրականացրած պետական ռեգիստրի համապատասխան տարածքային ստորաբաժանումը:

(9-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն, 17.02.11 N 117-Ն)

10. Պետական ռեգիստրը (կենտրոնական մարմինը կամ համապատասխան տարածքային ստորաբաժանումը) ստուգում է ներկայացված փաստաթղթերի լիարժեքությունը և համապատասխանությունն օրենքների պահանջներին: Պետական, համայնքային հիմնարկների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պետական հաշվառման դեպքում չի ստուգվում կանոնադրության համապատասխանությունն օրենքների պահանջներին:

(10-րդ կետը փոփ. 17.02.11 N 117-Ն)

11. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո պետական հաշվառումն մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում անհրաժեշտ տեղեկությունները լրացվում են քարտում, դրանք ստորագրվում ու կնքվում են համապատասխան պաշտոնատար անձի կողմից և անհրաժեշտ տեղեկություններ գրառվում պետական գրանցամատյանում, ծածկագրավորվում են պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի տրամադրած ծածկագրերին համապատասխան, և դիմողին տրվում է պետական հաշվառման վկայական (փոփոխությունների կատարման դեպքում` համապատասխան նշումով ներդիր, հաշվառումից հանելու դեպքում` համապատասխան տեղեկանք): Պետական հաշվառումը համարվում է կատարված` քարտում լրացված տեղեկությունները պետական գրանցամատյանում գրառելու պահից:

(11-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն, 17.02.11 N 117-Ն)

12. Պետական գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները`

ա) անվանումը.

բ) պետական գրանցամատյանում պետական հաշվառման համարը.

գ) պետական հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

դ) պետական հաշվառման վկայականի սերիան և համարը.

ե) ծածկագիրը.

ե1) հարկ վճարողի հաշվառման համարը.

զ) տեղեկություններ հիմնադրի մասին (անվանումը (ֆիրմային անվանումը), գրանցման տվյալները).

է) գտնվելու վայրը (փոստային հասցեն), այդ թվում` հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ.

ը) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, բնակության (պետական հաշվառման) վայրը): Սույն ենթակետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների պետական հաշվառման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր հաշվառվող (ստեղծվող) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադիրն ընտրել (նշանակել) է առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավար.

թ) գործունեության դադարման դեպքում` նշում դրա մասին:

Սույն ենթակետով սահմանված տեղեկությունները պարտադիր գրառման ենթակա են փոփոխությունների պետական հաշվառման ժամանակ, ինչպես նաև այն դեպքում, երբ նոր հաշվառվող (ստեղծվող) առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հիմնադիրը ընտրել (նշանակել) է առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավար:

(12-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն, լրաց. 17.02.11 N 117-Ն) 

13. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը կամ տարածքային ստորաբաժանումը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ տարածքային ստորաբաժանումը 5 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր են կատարել իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը) և տալ համապատասխան վկայական (փոփոխությունների կատարման դեպքում համապատասխան նշումով ներդիր): Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառման դեպքում կանոնադրության վրա պետական հաշվառման մասին որևէ նշում չի կատարվում, իսկ պետական հաշվառման նպատակով ներկայացված փաստաթղթերը ենթակա չեն վերադարձման: Oտարերկրյա իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը պետական հաշվառումից հանվում են իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տպագրված համապատասխան հայտարարության մեջ նշված ժամկետը լրանալուց հետո: Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար ներկայացված փաստաթղթերի ստուգումից հետո հաշվառումից հանելը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը համարվում է հաշվառումից հանված, և 1 օրվա ընթացքում դիմողին տրվում է տեղեկանք: Այս դեպքում պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը կամ տարածքային ստորաբաժանումն անհրաժեշտ տեղեկությունները լրացնում է քարտերում, ստորագրում ու կնքում է դրանք և պետական հաշվառումից հանելու մասին տեղեկությունները գրառում է պետական գրանցամատյանում:

(13-րդ կետը փոփ., լրաց. 27.09.07 N 1117-Ն, խմբ. 17.02.11 N 117-Ն) 

14. Առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պետական հաշվառման համար ներկայացված փաստաթղթերի անլիարժեքությունը և անհամապատասխանությունն օրենքների պահանջներին հիմք են պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժելու համար:

(14-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն, 17.02.11 N 117-Ն)

15. Առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժվում է գրավոր` մերժման հիմքի (հիմքերի) պարտադիր նշումով: Պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժվելու դեպքում մերժման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն վերադարձվում:

(15-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն, 17.02.11 N 117-Ն)

16. Առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի պետական հաշվառումն (փոփոխությունների պետական հաշվառումը, հաշվառումից հանումը) աննպատակահարմարության շարժառիթով մերժել չի թույլատրվում:

(16-րդ կետը փոփ. 27.09.07 N 1117-Ն, 17.02.11 N 117-Ն)

17. Պետական հաշվառումը (փոփոխությունների պետական հաշվառումը, հաշվառումից հանումը) մերժելը, ինչպես նաև դրա կատարումից խուսափելը կարող է բողոքարկվել դատական կարգով:

(17-րդ կետը փոփ. 17.02.11 N 117-Ն)

(կարգը փոփ., լրաց. 27.09.07 N 1117-Ն, փոփ., լրաց., խմբ. 17.02.11 N 117-Ն, փոփ. 28.04.11 N 636-Ն)

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ, ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 2001 թվականի
հուլիսի 25-ի N 670 որոշմամբ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

01 Ա Բ 000000

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ, ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

________________________________________________________________

(առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի անվանումը)

________________________________________________________________

________________________________________________________________

Հաշվառված է պետական ռեգիստրի _________________________________ կողմից

(ստորաբաժանման անվանումը)

Հաշվառման համարը _________________________________________________

Հաշվառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը _________________________________

Ծածկագիրը ______________________________________________________

Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ միասին:

 

Պետական ռեգիստր ______________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 ____ ___________ 200  թ.

 

Ն Ե Ր Դ Ի Ր

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ, ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

Վկայական ________________________________________________________ _________________________________________________________________

(առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի անվանումը)

_______________________________________________________________ _________________________________________________________________

Հիմնադրի անվանումը _________________________________________________ _________________________________________________________________

Գտնվելու վայրը _____________________________________________________ _________________________________________________________________

Այլ տեղեկություններ _________________________________________________ __________________________________________________________________ __________________________________________________________________

Ներդիրն ուժի մեջ է միայն վկայականի հետ միասին:

 

 

Պետական ռեգիստր ______________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

 ____ ___________ 200  թ.