Գլխավոր տեղեկություն
Համար
N 1042-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.08.2011-25.05.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.09.30/48(714) Հոդ.1087
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.05.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2009 թվականի N 1042-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 765 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջները, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին պայմանագրով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ ճանաչել Երևանի քաղաքապետին:

2. Լիազորել Երևանի քաղաքապետին Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալ կազմակերպության հետ կնքել համապատասխան համաձայնագիր:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Համայնքային զարգացման ծրագրերի կառավարման խորհրդի կազմի փոփոխության վերաբերյալ առաջարկություններ.

2) անհրաժեշտության դեպքում Համաշխարհային բանկի և «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ քննարկումների արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

4. (կետն ուժը կորցրել է 04.08.11 N 1107-Ն)

5. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված հիմնադրի լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 18-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «պետական կառավարման» բառերը.

2) որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածում «Պետական կառավարման մարմինը» բառերը փոխարինել «Լիազորված մարմինը» բառերով, իսկ հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե» բառերը` «Երևանի քաղաքապետ» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2009 թ. սեպտեմբերի 18

Երևան