Գլխավոր տեղեկություն
Համար
N 772-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.07.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.29/40(843) Հոդ.884
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մայիսի 2011 թվականի N 772-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը և հողամասերի նպատակային նշանակության փոփոխման կարգում մեկ պատուհանի սկզբունքը կիրառելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին» N 30 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձանց, իսկ հողամասերի օգտագործման (վարձակալության) կամ կառուցապատման պայմանագրով նախատեսված լինելու դեպքում հողամասերի նկատմամբ համապատասխան իրավունքներ ունեցող սուբյեկտների նախաձեռնությամբ հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու համար կազմվում են հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ:».

2) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մարզպետներին տրամադրել տվյալ մարզի բոլոր համայնքների կադաստրային քարտեզների էլեկտրոնային տարբերակները (VGS համակարգ):».

3) որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգում`

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հողերի օգտագործման ժամանակավոր սխեման (այսուհետ` ժամանակավոր սխեմա) կազմվում է հողամասերի նկատմամբ սույն որոշման 2-րդ կետում նշված իրավունքներ ունեցող սուբյեկտների նախաձեռնությամբ հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով:»,

բ. 2-րդ կետում «, համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերի համար` 1:500, 1:1000, 1:2000, 1:5000 և 1:10000 մասշտաբներով, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի համար` 1:10000, 1:25000, 1:50000 մասշտաբներով:» բառերը փոխարինել «A4 ֆորմատ թղթի վրա` 1:500, 1:1000, 1:2000, 1:5000 1:10000 կամ 1:25000 մասշտաբներով` հողամասի (հողամասերի) շրջադարձային կետերի կոորդինատներով (VGS համակարգ):»,

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Համայնքի ղեկավարը պատրաստում է հողաշինարարական գործ ժամանակավոր սխեմայի վերաբերյալ և ներկայացնում մարզպետին` կցելով համապատասխան տեքստային և գրաֆիկական նյութերը, այդ թվում`

1) քաղաքացու կամ իրավաբանական անձի (համասեփականության, օգտագործման (վարձակալության) կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների առկայության դեպքում բոլոր համասեփականատերերի, օգտագործողների (վարձակալների) կամ կառուցապատողների ստորագրությամբ) դիմումը` հողամասի (հողամասերի) նպատակային նշանակության փոփոխման մասին, որում անհրաժեշտ է նշել`

ա) հողամասի ծածկագիրը,

բ) ամբողջ հողամասի և փոփոխման ենթակա հողամասի մակերեսը,

գ) հողամասի առկա նպատակային և գործառնական նշանակությունը,

դ) փոփոխվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը.

2) հողամասի սեփականության (օգտագործման (վարձակալության), կառուցապատման) իրավունքի վկայականի պատճենը.

3) համայնքի ավագանու որոշումը.

4) համայնքի ղեկավարի կարծիքը հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ.

5) հողամասի` սույն կարգի 2-րդ կետով նախատեսված մասշտաբի հատակագիծը` հողամասի շրջադարձային կետերի կոորդինատներով, VGS համակարգում.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթեր:»,

դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «5. Մարզպետը ժամանակավոր սխեման ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ և իր եզրակացության հետ միասին այն ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն` դրա մասին գրավոր տեղյակ պահելով համայնքի ղեկավարին:»,

ե. կարգը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին, 5.2-րդ, 5.3-րդ և 5.4-րդ կետերով.

«5.1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը` կից նյութերով, ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` համապատասխան կարծիքի: Նշված պետական մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն են ներկայացնում կարծիքներ` որոշման նախագծի վերաբերյալ:

5.2. Եթե սույն կարգի 5.1-ին կետում նշված ժամկետում «Հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ չի ներկայացվում կարծիք, ապա այն համարվում է դրական:

5.3. «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ բացասական կարծիք ներկայացնելիս` կարծիքին կցվում է համապատասխան հիմնավորում` հղում կատարելով այն իրավական ակտերին, որոնք հիմք են հանդիսացել բացասական կարծիքի ձևավորման համար:

5.4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը կարծիքներն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է ստացված կարծիքներն ու առաջարկությունները, անհրաժեշտության դեպքում «Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծում կատարում համապատասխան փոփոխություններ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:»,

զ. 7-րդ կետից հանել «Երևանի քաղաքապետը և մարզպետը» բառերը,

է. 8-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Համայնքի ղեկավարը տարվա ընթացքում` սահմանված կարգով օտարված, օգտագործման տրամադրված հողերի, կատարված հողահատկացումների, հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա հողային հաշվեկշռում կատարում է համապատասխան փոփոխություններ:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հունիսի 14
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան